Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ԴԵԿՏԵՄԲԵՐ 2012

Անհամբերությունը կարող է վնասակար լինել

Անհամբերությունը կարող է վնասակար լինել

ՊԱՏԿԵՐԱՑՐՈՒ՝ մի տղամարդ մեքենա է վարում երկկողմանի ճանապարհով։ Քանի որ եզրային հոծ գիծ կա, արգելվում է հատել այն։ Առջևից մի կին վարում է առավելագույն արագության սահմանափակմամբ։ Անհամբեր տղամարդուն թվում է, թե այդ կինը շատ դանդաղ է վարում։ Մի քանի րոպե մեքենան մոտ պահելով կնոջ մեքենային՝ տղամարդը ի վերջո կորցնում է համբերությունը և մեծ արագությամբ քշում-անցնում առաջ։ Այդ պահին նա խախտում է օրենքը և մեծ ռիսկի դիմում։

Իսկ ի՞նչ կարելի է ասել այն կնոջ մասին, որը չի կարողանում համբերատարությամբ աշխատել նրանց հետ, ովքեր այնքան արագաշարժ ու խելացի չեն, որքան ինքը։ Կամ պատկերացնենք այն տղամարդուն, որը սպասում է վերելակին, սակայն համբերություն չունենալու պատճառով անընդհատ սեղմում է կոճակը։ Ի՞նչ կարելի է ասել քո մասին։ Համբերատա՞ր ես տարեց ծնողներիդ հանդեպ։ Իսկ եթե ծնող ես, համբերատա՞ր ես երեխաներիդ նկատմամբ։ Կամ արա՞գ ես հունից դուրս գալիս ուրիշների սխալները տեսնելիս։

Ինչ խոսք, ժամանակ առ ժամանակ բոլորն էլ կորցնում են իրենց համբերությունը։ Սակայն պետք է նկատի ունենալ, որ լուրջ հետևանքներ կլինեն, եթե ամեն օր անհամբերության պոռթկումներ ունենանք։

 Այս հոդվածում ընդամենը մի քանի վնասակար հետևանքների մասին է խոսվում, որոնց կարող է հանգեցնել անհամբերությունը։ Իսկ հաջորդ հոդվածում կխոսվի այն մասին, թե ինչպես կարող ես զարգացնել համբերություն ու պահպանել այն։

Առողջական խնդիրներ

Նախևառաջ անհամբերությունը կապ ունի հիասթափության, նյարդայնանալու և նույնիսկ բարկության հետ։ Նման էմոցիաները կարող են սթրեսի մակարդակը բարձրացնել, ինչն էլ իր հերթին վնաս է հասցնում մեր առողջությանը։ Վերջերս կատարված մի ուսումնասիրություն, որ հրատարակվել է Ամերիկյան բժշկական ընկերության կողմից, կոնկրետ նշում է, որ անհամբերությունը բարձրացնում է հիպերտոնիայի ռիսկի գործոնը անգամ երիտասարդների շրջանում։

Անհամբերության հետ կապված առողջական այլ խնդիրներ էլ կարող են առաջանալ։ Վերջին տարիներին անցկացված մի հետազոտություն բացահայտեց, որ անհամբերությունը կարող է ճարպակալման պատճառ դառնալ։ «Հետազոտողները պարզել են, որ անհամբեր մարդկանց պարագայում հավանականությունը ավելի մեծ է, որ կգիրանան, քան նրանց պարագայում, ովքեր կարողանում են սպասել»,— նշում է «Վաշինգտոն փոստ» ամերիկյան պարբերագիրը։ Որոշ երկրներում էժան ֆաստ ֆուդը հասանելի է օրվա բոլոր ժամերին, և բազմաթիվ անհամբեր մարդիկ չեն կարողանում դիմանալ այդ գայթակղությանը։

Հետաձգում

Լոնդոնում գտնվող մի ընկերության կողմից կատարված ուսումնասիրությունը պարզեց, որ անհամբեր մարդիկ հիմնականում գործերը հետաձգելու քրոնիկ հակում ունեն (Centre for Economic Policy Research)։ Գուցե պատճառն այն է, որ նրանք ստիպված են հետաձգել ժամանակատար հանձնարարությունները, քանի որ համբերություն չունեն տվյալ գործը ավարտին հասցնելու համար։ Ամեն դեպքում գործերը հետաձգելու հակումը կարող է լուրջ հետևանքներ թողնել տվյալ անձնավորության, ինչպես նաև տնտեսության վրա։ Բրիտանական «Թելեգրաֆ» թերթի տեղեկության համաձայն՝ հետազոտող Էռնեստո Ռուբենը նշում է, որ «գործերը հետաձգելը լուրջ ազդեցություն է թողնում մեր արդյունավետության վրա և որ մարդիկ կարող են մեծ փողեր կորցնել, քանի որ [անհամբեր մարդիկ] անընդհատ հետաձգում են թղթաբանությունը»։

Ալկոհոլի չարաշահում և բռնություն

«Սաութ Ուելս Իքո» բրիտանական թերթի տեղեկության համաձայն՝ «անհամբեր մարդիկ ավելի շատ են ալկոհոլ օգտագործում և ներքաշվում գիշերային բռնությունների մեջ»։ Քարդիֆ համալսարանի հետազոտողները եկել են այս եզրահանգման հարյուրավոր տղամարդկանց և կանանց վարքագիծը ուսումնասիրելուց հետո։ Ինչպես նշում է «Իքո»-ն, ուսումնասիրությունը ցույց է տվել, որ «անհամբեր մարդիկ ավելի շատ են ալկոհոլային խմիչքներ օգտագործում և ավելի շատ են հակված բռնություն գործադրելու»։

Անխոհեմ որոշումներ

Վաշինգտոն նահանգի Փյու հետազոտական կենտրոնի մի խումբ վերլուծաբաններ պարզել են, որ անհամբեր մարդիկ «հաճախ են արագ, չմտածված որոշումներ կայացնում»։ Պրոֆեսոր Իլանգո Պոնուսվամին՝ Բարատիդազան համալսարանի (Հնդկաստան) սոցիալական աշխատանքի բաժնի ղեկավարը, նման եզրահանգման է եկել։ Նա բացատրում է. «Անհամբերությունը թանկ է նստելու քեզ վրա։ Այն կարող է փող, ընկերներ խլել քեզնից, ցավ ու տառապանք պատճառել և այլ հետևանքներ ունենալ զուտ այն պատճառով, որ անհամբերությունը հաճախ վատ որոշումների է տանում»։

Ֆինանսական աղետ

Անհամբերությունը կապ ունի «մեծ պարտքերի» հետ, ինչպես նշում է մի ուսումնասիրություն՝ հրատարակված Բոստոնի ֆեդերալ ռեզերվային բանկի (ԱՄՆ) կողմից (Research Review)։ Օրինակ՝ անհամբեր նորապսակները անմիջապես հարսանիքից հետո ցանկանում են ունենալ բոլոր հարմարությունները՝ չնայած սահմանափակ ֆինանսական միջոցներին։ Հետևաբար, սկսում են գնել տուն, կահույք, մեքենա և այլ բաներ, բայց վարկով։ Այս ամենը կարող է մեծ վնաս հասցնել ամուսնությանը։ Արկանզասի համալսարանի (ԱՄՆ) հետազոտողները ասում են, որ «նորապսակ զույգերը, ովքեր պարտքեր են «բերում» իրենց տուն, այնքան երջանիկ չեն, որքան այն զույգերը, որոնք քիչ պարտքեր ունեն կամ պարտքերով չեն սկսում իրենց համատեղ կյանքը»։

Ոմանք Միացյալ Նահանգներում վերջին տարիների տնտեսական ճգնաժամը վերագրում են անհամբերությանը։ Ֆինանսական ամսագիր «Ֆորբս»-ը նշում է, որ «ներկայիս համաշխարհային շուկայի վիճակը անտեղի անհամբերության և մեծ ագահության հետևանք է։ Անհամբերությունը հազարավոր հասարակ մարդկանց դրդել է ձգտելու շատ ավելի բարձր գներով տներ ձեռք բերելու, ինչի դիմաց իրականում նրանք ի վիճակի չեն վճարելու։ Հետևաբար, նրանք պարտքով ահռելի գումար են վերցրել, ինչը երկար տարիներ, որոշ դեպքերում նույնիսկ երբեք հույս չկա, որ կվերադարձվի»։

Ընկերների կորուստ

Անհամբերությունը կարող է վնասել մարդկանց հետ հաղորդակցվելու մեր ունակությունը։ Երբ անհատը համբերություն չունի բովանդակալից զրույցի մասնակցելու, սկսում է առանց մտածելու խոսել։ Նա նաև կարող է նյարդայնանալ, երբ ուրիշներն են խոսում։ Նման անձնավորությունը չի կարողանում սպասել, մինչև որ ուրիշները ավարտեն իրենց ասելիքը։ Անհամբեր լսողը կարող է շտապեցնել ուրիշներին ավարտելու նախադասությունը՝ նրանց բերանը խոսքեր դնելով, կամ կարող է այլ կերպերով փորձել արագացնել զրույցը։

Անհամբերություն դրսևորելու արդյունքում անհատը կորցնում է իր ընկերներին։ Դոկտոր Ջենիֆեր Հարթսթեյնը, որի մասին նշվեց նախորդ հոդվածում, բացատրում է. «Ո՞վ է ուզում շփվել մեկի հետ, որը անընդհատ ոտքով թխկթխկացնում է [կամ] անընդհատ ժամին նայում»։ Այո՛, անհամբերությունը գրավիչ հատկություն չէ։ Այն քեզնից կհեռացնի ընկերներիդ։