Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՆՈՅԵՄԲԵՐ 2012

Սովորական սուզահավ. թռչուն, որին կլսես անգամ հեռվից

Սովորական սուզահավ. թռչուն, որին կլսես անգամ հեռվից

ՍՈՒԶԱՀԱՎԻ ահարկու կռնչյունը երբեք չես մոռանա *։ Բնաշխարհի անդորրի մեջ այդ ճիչը կարող է լսվել Կանադայի, Եվրոպայի և Միացյալ Նահանգների հյուսիսային տարածքների հեռավոր քաղցրահամ լճերում և գետերում։

Այս գեղեցիկ ջրային թռչունը Մինեսոտա նահանգի (ԱՄՆ) խորհրդանիշն է։ Նրա պատկերը կա նաև կանադական մեկ դոլարանոց մետաղադրամի վրա։ Ձմռանը սուզահավը չվում է, ցուրտ ամիսները հիմնականում անցկացնում է հեռավոր հարավի ափամերձ շրջաններում։ Իսկ ինչի՞ շնորհիվ է, որ այս թռչունին կարող ես լսել անգամ հեռվից։

Ոռնոց, ճիչ, տրեմոլո, յոդլ

Սովորական սուզահավը հնչյուններ արտաբերելիս

Սուզահավը շատ տպավորիչ վոկալիզացիաներ ունի։ Նրա ոռնոցը կարելի է լսել գիշերները անգամ մի քանի կիլոմետր հեռավորությունից։ Իսկ նրա ճիչը բարձր և խոր ձայն է, որով կապ է պահում զուգընկերների, ձագերի և նույն լճում ապրող այլ սուզահավերի հետ։ Նրա ձայնի համաչափ և արագ կրկնությունը, որը երաժշտական տերմինով կոչվում է տրեմոլո, ազդանշան է։ Այդ ձայնն ասես «խենթ քրքիջ» լինի՝ տրեմոլո, որը միակ հնչյունն է, որ սուզահավերը արձակում են թռիչքի ժամանակ։

Յոդլ հնչյունը արտաբերում են միայն արու սուզահավերը և, ինչպես նշում է կանադական մի ամսագիր, «այդ ձայնը թվում է՝ կապ ունի տարածքի պաշտպանության հետ»։ «Յուրաքանչյուր արու ունի իրեն բնորոշ յոդլի հնչյուն, և որքան ծանրաքաշ է թռչունը, այնքան ցածր է ձայնի տոնը»։ Բացի այդ, երբ արուն «փոխում է տարածքը, նա փոխում է նաև իր յոդլը, և ուրիշ տարածքում նրա յոդլը տարբերվում է նախկին տարածքում արձակած յոդլից» (BirdWatch Canada)։

Գրավիչ, ճարպիկ և ծանրաշարժ

Սուզահավը շատ մուգ, գրեթե սև, փայլփլուն կանաչ գլուխ ունի, կարմիր աչքեր, ուղիղ, սուր սև կտուց։ Փետրածածկը փոխվում է ըստ եղանակի։

Քանի որ մատները միացած են լողաթաղանթով, սուզահավերը համարվում են լավ լողորդներ, ճարպիկ սուզորդներ և հմուտ գիշատիչներ։ Իրականում, նրանք կարող են մինչև 60 մետր խորությամբ սուզվել՝ երբեմն մի քանի րոպե մնալով ջրի տակ։

Սակայն նրա թռիչքն ու վայրէջքը միակ առավելությունը չեն։ Քանի որ այս թռչունը ծանրաքաշ  է, պետք է «թռիչքուղու» վրայով անցնի, որպեսզի նախքան թռիչքը կարողանա արագություն հավաքել։ Ի դեպ, սուզահավը մինչև թռիչք կատարելը կարող է թևերը թափահարելով հարյուրավոր մետրեր վազել ջրի վրայով։ Այդ պատճառով թռչունը նախընտրում է ընդարձակ տարածքով ջուր։ Իսկ վայրէջք կատարելիս սուզահավը մեծ արագությամբ է իջնում՝ ոտքերը դեպի հետև ձգած, ասես «շասսի» չունի։ Այնուհետև փորով խփվում է ջրին և սահում է ջրի վրայով այնքան, մինչև որ կանգ է առնում։

Թեև սուզահավը լավ լողորդ է, բայց թաղանթավոր մեծ ոտքերը և դրանց դիրքը մարմնի հետևամասում թույլ չեն տալիս, որ նա ազատ քայլի և նույնիսկ կանգնի։ Այդ պատճառով սուզահավերը իրենց բույնը դնում են այնտեղ, որտեղից կարող են հեշտությամբ սահելով ջուրը մտնել։

Սուզահավի ձագը հանգստանում է՝ ծնողի մեջքին նստած

Թխսում են և՛ էգը, և՛ արուն։ Սովորաբար դնում են երկու ձու, որոնք դեղնականաչ գույնի են և ծածկված են մուգ բծերով։ Ձագերը ձվից դուրս են գալիս մոտ 29 օր հետո։ Ընդամենը երկու օրից ձագուկները արդեն կարողանում են լողալ և նույնիսկ կարճատև սուզվել։ Իսկ երբ հանգստի կարիք են զգում, պարզապես հանգրվան են գտնում ծնողի մեջքին։ Երկու կամ երեք ամիս հետո, երբ ձագերն արդեն բավականին մեծացած են լինում և կարողանում են թռչել, հեռանում են ծնողներից։

Սուզահավերի թշնամիներն են արծիվները, ճայերը, ջրարջերը և, ինչը տխուր փաստ է, մարդիկ։ Նավթային շերտերը և ձկնորսական կարթերը, որոնք պատրաստված են արճիճից, ջրի մեջ հայտնվելիս թունավորում են թռչուններին։ Թթվային անձրևների հետևանքով ոչնչանում են ձկները, որոնցից կախված է սուզահավերի կյանքը։ Իսկ նավարկության հետևանքով առաջ եկած ջրի ալիքները քանդում-տանում են նրանց բները։ Բացի այդ, լճերի ափերին կառուցվող տները, զվարճության կենտրոնները և հանգստավայրերը էլ ավելի են հեռացնում այս միայնակ թռչուններին իրենց բնակավայրից։

Սակայն չնայած վերոնշյալ վտանգներին՝ սուզահավերի պոպուլյացիան դեռ առողջ է։ Այո՛, այս գեղեցիկ թռչունը իր աննման ձայներով և առանձնահատկություններով դեռ երկար ժամանակ կգրավի իր «երկրպագուների» սրտերը։

^ պարբ. 2 Նաև կոչվում է հյուսիսային մեծ սուզորդ և հյուսիսային մեծ սուզահավ։