Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՆՈՅԵՄԲԵՐ 2012

Միջնադարի մեխանիկայի վարպետները

Միջնադարի մեխանիկայի վարպետները

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ մեջ ավտոմատացումը վերելք է ապրում, հատկապես միօրինակ և կրկնվող գործողություններ կատարելը։ Բայց ե՞րբ են ավտոմատ, ծրագրավորվող սարքերը առաջին անգամ ի հայտ եկել։ Արդյոք դա մեկ-երկու դար առա՞ջ էր, երբ Եվրոպայում արդյունաբերական հեղաշրջում տեղի ունեցավ։ Գուցե զարմանաս, երբ իմանաս, որ ավտոմատ մեխանիզմները շատ ավելի առաջ են հնարվել։

Ալ-Ջեզերիի՝ երկու մխոց ունեցող ներծծող պոմպը

Իսլամական գիտության ոսկե դարաշրջանի վաղ ժամանակահատվածում՝ 8-րդ դարից մինչև 13-րդ դարը և ավելի ուշ, Մերձավոր Արևելքի գիտնականները արաբերեն լեզվով թարգմանեցին գիտական և փիլիսոփայական այնպիսի տեքստեր, որոնցում պահպանվել էին հայտնի հույների՝ Արքիմեդի, Արիստոտելի, Թեսիբիուսի, Հերոն Ալեքսանդրիացու և Փիլոն Բյուզանդացու աշխատությունները *։ Իսպանիայից Հյուսիսային Աֆրիկայով և Մերձավոր Արևելքից մինչև Աֆղանստան ձգվող իսլամական կայսրությունը այս և այլ աղբյուրների ու հարուստ գիտելիքների շնորհիվ կարող էր ավտոմատ սարքավորումներ ստեղծել։

Ալ-Ջեզերիի՝ 13-րդ դարի ձեռագիրը, որի վրա պատկերված է նրա փիղ-ժամացույցը

Տեխնոլոգիաների պատմությունն ուսումնասիրող Դոնալդ Հիլն ասում է, որ այդ սարքավորումները կարող էին «առանց մարդու միջամտության՝ շարունակ աշխատել երկար ժամանակ՝ ժամեր, օրեր և նույնիսկ ավելի երկար»։ Ինչո՞ւ։ Ինժեներները ստեղծել էին արդյունավետ վերահսկման մեխանիզմներ, որոնք հնարավոր էին դարձնում ավտոմատ աշխատանքը։ Սարքավորումները օգտագործում էին բարձր դիրքում դրված բաքերից եկող ջուրը, որ կանոնավոր էներգիա մատակարարեն։ Ավտոմատ միացումը բացում ու փակում էր փականները կամ փոխում ջրի հոսքի ուղղությունը։ Այդ սարքավորումները նաև ունեին հետադարձ կապի համակարգ, ինչպես նաև այն, ինչ Հիլը կոչում է «ապահովիչ սարքերի նախակարապետներ»։  Նկատի առ շրջանակում բերված օրինակները։

Մարդու հնարամտությունն իսկապես ապշեցուցիչ է։ Բայց այն հետաքրքիր պատմությունից ավելին է, քանի որ օգնում է մեզ ողջամիտ լինելու։ Մինչ շատերը պարծենում են ժամանակակից տեխնոլոգիաներով, մեզ հիշեցում է տրվում, որ պարտական ենք մեզնից առաջ եղած հնարագետ վարպետներին։

Հնարագետ Բանու Մուսան

Մուսայի երեք որդիները (արաբերեն նշանակում է Բանու Մուսա) ապրել են իններորդ դարում Բաղդադում։ Հիմնվելով իրենց հելլենական նախնիներ Փիլոնի ու Հերոնի, ինչպես նաև չինացի, հնդիկ ու պարսիկ ինժեներների աշխատությունների վրա՝ նրանք ստեղծեցին ավելի քան 100 սարքեր։ Ըստ գիտական գրող Էքսեն Մասուդի՝ դրանց թվում էին շատրվանները, որոնք ժամանակ առ ժամանակ փոխում էին ջրի ցայտը, հնարամիտ ֆունկցիաներով ժամացույցները, անոթները, որոնք ավտոմատ կերպով խմիչք էին մատուցում ու հետո լողանների, փականների ու սիֆոնների միջոցով ավտոմատ կերպով նորից լցվում էին։ Մուսայի որդիները նաև ստեղծեցին բնական մեծությամբ պարզ ռոբոտներ՝ թեյ մատուցող աղջիկներ, և ֆլեյտա նվագող՝ «հավանաբար, ծրագրավորվող մեքենաների ամենաառաջին օրինակը», ինչպես որ գրել է գիտության պատմությունն ուսումնասիրող Ջիմ ալ-Քալիլին։

Այս ավտոմատ համակարգերը ընդհանուր շատ բան ունեին ժամանակակից մեքենաների հետ։ Սակայն «դրանք հիմնականում գործածում էին ճնշման տակ պահված ջուր և ոչ թե էլեկտրական սարքավորում, բայց այսօր գործող շատ սկզբունքներ նույնն են»,— գրում է Էքսեն Մասուդը։

Ալ-Ջեզերի՝ «ռոբոտագիտության հայրը»

1206թ.-ին Իբն ալ-Ռեզեզ ալ-Ջեզերին ավարտեց իր աշխատանքը, որը թարգմանվում է «Համառոտ ձեռնարկ մեխանիկայի արվեստի տեսության ու պրակտիկայի վերաբերյալ»։ Այն կոչվել է «համակարգված մեխանիզմների նախագծերի ուսումնասիրություն»։ Ալ-Ջեզերիի տեխնոլոգիաներից մի քանիսը շատ ավելի զարգացած էին, քան Մուսայի որդիների աշխատությունները, և նրա նկարագրություններն ու գծագրերը այնքան մանրամասն են, որ ժամանակակից ինժեներները կարող են վերստեղծել նրա սարքերը (Compendium on the Theory and Practice of the Mechanical Arts)։

Ալ-Ջեզերիի գրքում նկարված են ջուրը վեր հանող սարքեր, ջրային ժամացույցներ, մոմային ժամացույցներ, երաժշտական ռոբոտներ ու մի պոմպ, որը ջրանիվի շրջապտույտի գործողությունը վերափոխում էր մխոցի՝ հետ ու առաջ շարժվելու գործողության, ինչի շնորհիվ ջուրը մեծ ուժով էր դուրս գալիս։ Պատմաբանները ալ-Ջեզերիին են վերագրում հիդրավլիկ պոմպի ստեղծումը, որը Արևմուտքում հայտնվեց երեք դար հետո։

Ալ-Ջեզերին նաև ստեղծել է ծիծաղելի, բայցև ֆունկցիոնալ ժամացույցներ։ Այստեղ պատկերված ժամացույցը, որը վերանորոգվել է, գտնվում է Դուբայի առևտրի կենտրոններից մեկում։ Ժամանակը ցույց տվող այդ մեխանիզմը ծակծկված թաս է՝ դրված ջրային ռեզերվուարում՝ փղի որովայնի մեջ։ Թասը լցվում է 30 րոպեում և սուզվում՝ զարկ տալով մի քանի գործողությունների պարանների ու գնդակների միջոցով, որոնք դուրս են գալիս փղի մեջքի վրա գտնվող «դղյակից»։ Երբ կես ժամվա փուլն ավարտվում է, ջրի թասը ավտոմատ կերպով նորից լողում է մակերեսի վրա, և այդ պրոցեսը վերսկսվում է։ Շնորհիվ այս սարքի, ինչպես նաև ալ-Ջեզերիին վերագրված այլ ավտոմատ մեխանիզմների վերջինս կոչվել է «ռոբոտագիտության հայր»։

^ պարբ. 3 Արաբ գիտնականների արած թարգմանությունների մասին տե՛ս 2012թ. փետրվարի «Արթնացե՛ք»-ի՝ «Ինչպես արաբերենը դարձավ գիտակ մարդկանց լեզուն» հոդվածը։