Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Արթնացե՛ք  |  Նոյեմբեր 2012

Եղիր լավ զրուցակից

Եղիր լավ զրուցակից

Եղիր մատչելի, երբ երեխադ ցանկանում է զրուցել քեզ հետ

«Ես սովորել եմ լսել, լսել ու լսել։ Կապ չունի, թե ինչքան եմ հոգնած» (ՄԻՐԱՆԴԱ, ՀԱՐԱՎԱՖՐԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ)։

Խնդիրներ։

Քրիստինան ասում է. «Իմ խնդիրը ոչ թե պարզապես աղջկաս կողքին լինելն է, այլ մտավոր և էմոցիոնալ առումով ներկա գտնվելը, չնայած որ հոգնած եմ ու ուրիշ շատ գործեր ունեմ»։

Առաջարկներ։

Բաց հաղորդակցություն պահիր։ Էլիզաբեթը, որը հինգ երեխա ունի, ասում է. «Փորձում եմ օրինակ թողնել երեխաներիս համար, ու նրանք ուզում են ինձ հետ շփվել։ Նաև քաջալերում եմ նրանց իրար հետ շփվել ու երբեք չգնալ քնելու իրարից նեղացած կամ բարկացած։ Ամենակարևորը, նրանք գիտեն, որ ես ընտանիքում «լռություն» չեմ հանդուրժում, այսինքն՝ որ իրար հետ չուզենան խոսել»։

Անտարբեր մի՛ եղիր։ Լիանը ասում է. «Երբ տղաս փոքր էր, անդադար խոսում էր, ու ես հաճախ էի ուղեղս անջատում և ուշադրություն չէի դարձնում նրան։ Իսկ երբ դարձավ պատանի, դադարեց ինձ հետ հաղորդակցվելուց, ու ես հասկացա, թե ինչ մեծ սխալ եմ արել։ Ես շատ ջանքեր թափեցի, չափազանց շատ ջանքեր, որ այդ պատը քանդեմ։ Այս մասին զրուցեցի մեր ժողովի երեցներից մեկի հետ։ Նա ինձ խորհուրդ տվեց շատ չանհանգստանալ և աստիճանաբար զրույցներ ունենալ տղայիս հետ։ Ես հետևեցի նրա խորհրդին, և ամեն բան կամաց-կամաց դեպի լավը փոխվեց»։

Եղիր համբերատար։ Ժողովող 3։7-ում գրված է, որ կա «լռելու ժամանակ և խոսելու ժամանակ»։ «Երբ երեխաներս այդքան էլ տրամադրված չէին խոսելու, վստահեցնում էի նրանց, որ հենց ուզեն ինձ հետ խոսել, ես պատրաստ եմ նրանց լսելու»,— ասում է Դոլսե անունով մի մայր, որը երեք երեխա ունի։ Այո՛, ոչ թե ստիպեք երեխաներին հաղորդակցվել ձեզ հետ, այլ ջերմորեն ու համբերատարությամբ հորդորեք նրանց այդպես անել։ Հենց սա է խորհուրդ տալիս Աստվածաշունչը։ Առակներ 20։5 համարում գրված է. «Մարդու սրտի մտադրությունները խոր ջրերի պես են, բայց խորաթափանց մարդը դուրս կհանի դրանք»։

«Արագ եղիր լսելու մեջ, դանդաղ՝ խոսելու մեջ» (Հակոբոս 1։19)։ Լիզանը, որի մասին նշվեց նախորդ հոդվածում, ասում է. «Ես սովորեցի կծել լեզուս, երբ երեխաներս իրենց խնդիրներն էին պատմում։ Նաև սովորեցի անմիջապես խորհուրդներ չտալ, այլ հանգիստ զրուցել, երբ խնդրահարույց թեմաների մասին էին խոսում»։ Երկու տղաների մայր Լիզան ասում է. «Միշտ չէ, որ լավ լսող եմ եղել։ Երբեմն տղայիս խնդիրները ինձ համար շատ փոքր էին թվում, դրա համար պետք է սովորեի լինել ավելի հասկացող»։

 «Թող ձեր խոսքը միշտ վայելուչ լինի» (Կողոսացիներ 4։6)։ Լիանը ասում է. «Որպեսզի մեր զրույցը չընդհատվեր, ես մտային ջանքեր էի թափում, որ հնարավորինս հանգիստ ու հանդարտ պահեմ ինձ, նույնիսկ եթե խոսքը լուրջ բաների մասին էր»։

Եթե մտային ջանքեր չթափես հանդարտ մնալու համար, կարող ես կորցնել քեզ ու գոռալ, ինչի հետևանքով իրավիճակը միայն ավելի կբարդանա (Եփեսացիներ 4։31)։ Օրինակ՝ երեխայի վրա գոռալու պատճառով հաղորդակցության կապը կարող է կտրվել, և ավելի շատ խնդիրներ առաջ կգան։ Հայդին, որ դեռահաս աղջիկ ունի, պատմում է. «Երեխան խխունջի պես է։ Եթե մեղմ ու սիրալիր խոսես, նա պատյանից դուրս կգա։ Բայց եթե գոռաս և չկարևորես նրա խոսքերը, կմտնի պատյանի մեջ, և հաղորդակցություն այլևս չի լինի։ Որպեսզի սա միշտ հիշեմ, մեր սառնարանի վրա խխունջի նկար եմ փակցրել»։

Ճանաչիր երեխաներիդ։ Յասմինը ասում է. «Երկու տղաներս իրարից շատ տարբեր են։ Մեկը խոսող է, մյուսը՝ ոչ։ Չխոսկան տղայիս դեպքում սովորել եմ միանգամից դեմ առ դեմ դուրս չգալ նրան։ Դրա փոխարեն՝ նրա հետ խոսում եմ այն ժամանակ, երբ զբաղված ենք ինչ-որ բանով, օրինակ՝ խաղի կամ իր սիրած թեմաներով զրույցների ժամանակ։ Այդ պահին նրբանկատորեն հարցնում եմ նրան, թե ինչ կարծիք ունի այս կամ այն հարցի վերաբերյալ»։

Իսկ ի՞նչ անել, եթե տղան ամաչում է մոր հետ խիստ անձնական բաների մասին խոսելուց, ինչպես որ Միսաոյի պատանի տղայի պարագայում էր։ «Դու ինձ չես հասկանում»,— ասել էր տղան։ Ուստի մայրը որոշել էր օգնություն խնդրել ժողովի հասուն ու վստահելի մի եղբորից։ «Նա դարձավ տղայիս դաստիարակը, և այսօր որդուս հետ ամեն բան լավ է»,— պատմում է Միսաոն։

Ծնողի դերը մի՛ շփոթիր ընկերոջ դերի հետ։ Իվոնան, որը երկու երեխաների մայր է, պատմում է. «Աղջկաս իմ ընկերուհին էի դարձրել։ Թեև գիտեի, որ դա ճիշտ չէ, բայց արեցի այդ սխալը ու հետո ստիպված եղա ուղղել այն»։ Գուցե ուզում ես մտերիմ փոխհարաբերություններ ունենալ երեխայիդ հետ, բայց հիշիր, որ դու ես ծնողը, իշխանություն ունեցողը։ Երբ քո արժանապատվությունը պահում ես, հասունություն ու կայունություն ես դրսևորում, երեխան հեշտությամբ է հարգում քեզ ու հետևում աստվածաշնչային հետևյալ պատվերին. «Երեխանե՛ր, հնազանդ եղեք ձեր ծնողներին» (Եփեսացիներ 6։1, 2

«Սիրեք [ձեր] երեխաներին» (Տիտոս 2։4)։ Երեխաները ինչպես սննդի և ջրի, այնպես էլ սիրո կարիք ունեն։ Ուստի կանոնավորաբար թե՛ խոսքով, թե՛ գործով հավաստիացրու քո սիրո մեջ։ Եվ նրանք ոչ միայն իրենց ապահով կզգան, այլև կցանկանան խոսել քեզ հետ և հնազանդվել քեզ։