Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՆՈՅԵՄԲԵՐ 2012

Նրանք երբեք իրենց հույսը չէին կտրում ինձնից

Նրանք երբեք իրենց հույսը չէին կտրում ինձնից

Ես սիրում էի ալկոհոլ ու բռնություն։ Մի օր ողբերգական լուր լսեցի, ինչը պատճառ եղավ, որ վերանայեմ կյանքս։ Թույլ տվեք պատմել։

ԾՆՎԵԼ եմ 1943-ին Ռուբաթոմում (Օկլահոմա, ԱՄՆ)։ Մանկությանս տարիներին բռնի բաներ շատ եմ արել։ Երբ սովորում էի միջնակարգ դպրոցում, սկսեցի ալկոհոլ օգտագործել։ Քանի որ հայրս հարբեցող ու բռնի մարդ էր ու ես էլ էի խմող, մեր միջև տարօրինակ ընկերություն սկսվեց։ Միասին գնում էինք պարերի և խնջույքների, պարզապես որ խմենք ու կռվենք։

1966-ին ամուսնացա Շիռլիի հետ, և մենք երկու երեխա ունեցանք՝ Անժելա և Շոն։ Ես շարունակում էի չարաշահել ալկոհոլը։ Ավելի շատ եկամուտ ստանալու համար սկսեցի մարիխուանա աճեցնել ու վաճառել։ Նաև բառերում թիկնապահ էի և վռնդում էի ոչ ցանկալի մարդկանց։ Այնտեղ աշխատելով՝ հնարավորություն ունեի հագուրդ տալու ալկոհոլի ու բռնության հանդեպ իմ ծարավին։ Կյանքիս այդ շրջանում ոչ մեկից ու ոչ մի բանից չէի վախենում, և ուրիշների զգացմունքները ինձ չէին հետաքրքրում։

«Ոչ մեկին չբերես, որ ինձ հետ խոսի»

Շիռլիի հորեղբոր որդին տեղափոխվեց Կալիֆորնիա, որտեղ Աստվածաշունչ ուսումնասիրեց ու Եհովայի վկա դարձավ։ Վերադառնալով Օկլահոմա՝ իր իմացածը նա պատմեց Շիռլիին, որն անմիջապես հասկացավ, որ դա ճշմարտությունն է։ Նա խորությամբ ուսումնասիրեց Աստվածաշունչը և նույնպես որոշեց Վկա դառնալ։ 1976թ.-ին մկրտվեց։ Ես ոչ մի գործ չէի ուզում ունենալ նրա կրոնի հետ, ուստի ասացի. «Ոչ մեկին չբերես, որ ինձ հետ խոսի։ Մեկ է, ոչինչ չի փոխվի»։

Շիռլին երբեք փոխզիջումների չէր գնում աստվածաշնչյան սկզբունքների հարցում ու շարունակում էր սիրել ինձ։ Երեխաների հետ Թագավորության սրահ գնալիս բարյացակամորեն առաջարկում էր ինձ գնալ իր հետ։ Իսկ Անժելան ասում էր. «Պա՛պ, շատ ենք ուզում, որ մեզ հետ գաս»։

Քանի որ անօրեն գործեր էի անում, հաճախ ատրճանակ էի կրում։ Երբեմն մի քանի օրով անհետանում էի, ինչի պատճառով մեր մեջ լարվածություն էր առաջանում։ Երբ վերադառնում էի, փորձում էի Շիռլիի հետ հարաբերությունները հարթել՝ հաճախելով հանդիպումներին։ Վկաները միշտ լավ էին վերաբերվում ինձ, և այն, ինչ նրանք սովորեցնում էին, տրամաբանական էր թվում։

Ժամանակի ընթացքում ժողովի երեցներից մեկը ինձ Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկեց։ Ես համաձայնեցի։ Սակայն իմ սովորածը քիչ ազդեցություն էր թողնում վրաս  գլխավորապես այն պատճառով, որ շարունակում էի շփվել հին ընկերներիս հետ։ Ինձ հետ ուսումնասիրող եղբայրը տեղյակ էր այդ մասին և աստվածաշնչյան մի քանի սկզբունքներ ասաց վատ ընկերակցության վտանգների վերաբերյալ (1 Կորնթացիներ 15։33)։ Թեև նրա խորհուրդը հիմնված էր Աստվածաշնչի վրա, ես վիրավորվեցի, դադարեցրի ուսումնասիրությունը ու ավելի շատ ներգրավվեցի իմ նախկին գործերի մեջ։ Որքա՜ն մեծ ցավ պատճառեց Շիռլիին ու երեխաներիս իմ անմիտ հպարտությունը։

«Մենք սիրում ենք քեզ»

1983թ.-ին ողբերգական լուր լսեցի։ Շիռլիի քրոջ որդին, որին շատ էի սիրում, մահացել էր։ Ես շատ էի ազդվել, և այդ ողբերգությունը մղեց ինձ խորհրդածելու կյանքիս մասին։ Գիտակցեցի, որ վնաս եմ հասցնում թե՛ իմ ամուսնությանը, թե՛ ընտանիքիս, իսկ այդ ամենը ինձ համար շատ թանկ էր։ Դա շրջադարձային եղավ ինձ համար։ Թաղման ժամանակ Ջոն անունով մի տարեց Վկա բարյացակամորեն ձեռքը դրեց ուսիս ու ասաց. «Ուզում եմ իմանաս, որ մենք սիրում ենք քեզ»։ Ես հենց այդպիսի քաջալերանքի կարիք ունեի։ Հաջորդ օրը զանգահարեցի Ջոնին ու ասացի, որ ուզում եմ վերսկսել ուսումնասիրությունը՝ հույս ունենալով, որ այս անգամ կանեմ այն փոփոխությունները, որոնք շուտվանից պետք է արած լինեի։

Առաջին ուսումնասիրության ժամանակ խոսեցինք աղոթքի մասին, ու ես Ջոնին ասացի, որ կփորձեմ աղոթել։ Հաջորդ օրը սկսեցի աշխատանք փնտրել, բայց ապարդյուն։ Մեքենայով գնալիս բարձրաձայն աղոթեցի. «Եհո՛վա, եթե ուզում ես, որ մնամ այստեղ, լավ կլինի, որ ինձ համար աշխատանք գտնես»։ Հետո մտածեցի. «Անմիտ բան է՝ մեքենա քշել ու ինքս ինձ խոսել»։ Այո՛, դեռ երկար ժամանակ էր հարկավոր, որ կերտեի Աստծու՝ «աղոթքներ Լսողի» հանդեպ իմ հավատը և բարելավեի աղոթքներիս որակը (Սաղմոս 65։2)։ Այդուհանդերձ, հենց հաջորդ օրը աշխատանք գտա։

Հասկանալով, թե որքան մեծ է աղոթքի ուժը՝ Եհովայի հանդեպ իմ սերը աճեց, ու ավելի շատ սկսեցի վստահել նրա առաջնորդությանը

Դրանից հետո սկսեցի ավելի հաճախ ու ավելի եռանդագին աղոթել։ Նորից ու նորից տեսնում էի Եհովայի օրհնությունները։ Միշտ հավատացել եմ Աստծուն, բայց այդ դեպքերն օգնեցին ինձ տեսնելու, թե որքա՜ն ճշմարիտ են 1 Հովհաննես 5։14-ի խոսքերը. «Ինչ էլ որ մենք խնդրում ենք նրա կամքի համաձայն, լսում է մեզ»։ Հասկանալով, թե որքան մեծ է աղոթքի ուժը՝ Եհովայի հանդեպ իմ սերը աճեց, ու ավելի շատ սկսեցի վստահել նրա առաջնորդությանը (Առակներ 3։5, 6

Երբ կրկին սկսեցի հաճախել քրիստոնեական հանդիպումներին, Վկաները գրկաբաց ընդունեցին ինձ։ Ես գիտակցեցի, որ նրանք իսկապես «սրտանց և ջերմորեն սիրում են իրար», և դա մեծ ազդեցություն թողեց ինձ վրա (1 Պետրոս  1։22)։ Նաև հասկացա Առակներ 13։20-ի ճշմարտացիությունը. «Իմաստունների հետ քայլողը իմաստուն կդառնա, բայց հիմարների հետ գործ ունեցողը կտուժի»։

Տարիներ շարունակ դժվարություններ եմ ստեղծել ու ցավ պատճառել ընտանիքիս, բայց հիմա փորձում էի խաղաղարար լինել ու դառնալ ավելի լավ ամուսին, հայր ու զրուցակից։ Սկսեցի կիրառել աստվածաշնչյան խորհուրդը, որ «ամուսինները պետք է սիրեն իրենց կանանց, ինչպես իրենց սեփական մարմինները» և որ հայրերը չպետք է «զայրացնեն իրենց երեխաներին, որ [նրանք] չվհատվեն» (Եփեսացիներ 5։28; Կողոսացիներ 3։21

Ինչ խոսք, իմ կատարած փոփոխությունները հրաշալի ազդեցություն ունեցան ընտանիքիս վրա։ Համոզվեցի, թե որքան ճիշտ են Մատթեոս 5։3-ում արձանագրված Հիսուսի խոսքերը. «Երջանիկ են նրանք, ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները»։ Ի վերջո, իսկական երջանկություն գտա։

1984թ. հունիսին աղջկաս՝ Անժելայի հետ հարցազրույց անցկացրին Եհովայի վկաների համաժողովին։ Նա պատմեց, թե ինչպիսին էի նախկինում ես և թե ինչ փոփոխություններ եմ արել։ Վերջում ասաց, որ շատ երջանիկ է, որ տեսնում է ինձ նստած առաջին շարքում՝ այն մարդկանց մեջ, ովքեր այդ օրը մկրտվելու էին։

Կնոջս՝ Շիռլիի հետ

Որքա՜ն երախտապարտ եմ, որ Եհովան երբեք իր հույսը չի կտրում ինձ նման մարդկանցից։ Նաև շատ շնորհակալ եմ Շիռլիից ու մեր երեխաներից, որ նրանք էլ իրենց հույսը չկտրեցին ինձնից։ Լինելով իսկական քրիստոնյա՝ Շիռլին հավատարմորեն կիրառում էր 1 Պետրոս 3։1-ում արձանագրված հորդորը. «Կանա՛յք, հպատակվեք ձեր ամուսիններին, որպեսզի եթե ոմանք չեն հնազանդվում խոսքին, առանց խոսքի շահվեն իրենց կանանց վարքով»։ Նրա նվիրվածությունը, համբերատարությունն ու հիանալի վարքը, որ դրսևորել է այն տարիների ընթացքում, երբ ես իմ քմահաճույքով էի ապրում, նպաստեցին, որ ի վերջո խելքս գլուխս հավաքեմ։

Մկրտությունից հետո հաճախ նրա օրինակն եմ բերել անհավատ կողակից ունեցողներին, որ քաջալերեմ նրանց հույսը չկտրել։ «Ճիշտ ժամանակին,— ասում եմ նրանց,— Եհովան կարող է օգտագործել իր Խոսքի զորությունն ու ձեր լավ վարքը, որ օգնի ձեր կողակցին փոխվելու, նույնիսկ եթե առաջին հայացքից դա անհավանական է»։