Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՀՈԿՏԵՄԲԵՐ 2012

Հաղթել դեռահասների գիրության դեմ պայքարում

Հաղթել դեռահասների գիրության դեմ պայքարում

ԸՍՏ ԱՄՆ-ի առողջապահության և սոցիալական ծառայությունների դեպարտամենտի՝ «1980թ.-ից 2002 թ. ավելորդ քաշ ունեցող դեռահասների թիվը եռապատկվել է, իսկ ավելի փոքր երեխաների թիվը, որոնք նույն խնդիրն ունեն, կրկնապատկվել է»։ Մանկական գիրության հետևանքները հետագայում կարող են լինել արյան բարձր ճնշումը, շաքարախտը, սիրտ-անոթային հիվանդությունները և քաղցկեղի որոշ տեսակներ *։

Մի քանի գործոններ կարող են նպաստել մանկական գիրությանը, այդ թվում նստակյաց կյանքը, երեխաների համար նախատեսված գովազդային արշավները, անառողջ սննդի հասանելիությունն ու մատչելիությունը։ Ըստ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման կենտրոնների՝ մանկական գիրության պատճառը չափից շատ կալորիաներ ընդունելն ու ֆիզիկապես բավականաչափ ակտիվ չլինելն է։

Երեխաները, դեռահասները և չափահասները լավ կանեն, եթե քննեն, թե սնվելու ինչ սովորություններ ունեն։ Առանց ծայրահեղությունների մեջ ընկնելու՝ կարելի է ձեռնարկել մի քանի պարզ քայլեր։ Նկատի առնենք Մարկ անունով մի երիտասարդի օրինակը, որը փոխել է իր սնվելու սովորությունները, ինչը մեծապես նպաստել է նրա առողջության բարելավմանն ու լավ ինքնազգացողությանը։ «Մի ժամանակ ես բարձր կալորիականությամբ սննդի սիրահար էի»,— ասում է նա։ «Արթնացե՛ք»-ը հարցազրույց է անցկացրել Մարկի հետ՝ իմանալու համար, թե ինչ փոփոխություններ է նա արել։

— Ուտելիքի հետ կապված խնդիրներդ ե՞րբ սկսվեցին։

— Երբ ավարտեցի միջնակարգ դպրոցը։ Մոտավորապես այդ ժամանակ էր, որ սկսեցի շատ հաճախ դրսում ուտել։ Իմ աշխատավայրի մոտ ֆաստֆուդի երկու ռեստորան կար, ու ես համարյա ամեն օր ճաշում էի դրանցից մեկում։ Ինձ համար ավելի հեշտ էր ֆաստֆուդի ռեստորան գնալ, քան ճաշ պատրաստել։

— Իսկ ի՞նչ եղավ, երբ սկսեցիր մենակ ապրել։

— Սնվելու իմ սովորությունները ավելի վատացան։ Ես ո՛չ ճաշ պատրաստել գիտեի, ո՛չ էլ շատ փող ունեի, իսկ ֆաստֆուդի իմ սիրած ռեստորանը երկու թաղամաս այն կողմ էր գտնվում։ Այնտեղ սնվելը ամենահեշտ ու ամենաէժան տարբերակն էր։ Բացի նրանից, որ սխալ էի սնվում, չափից շատ էի ուտում։ Ինձ չէր բավարարում ստանդարտ չափաբաժինը։  Պատվիրում էի ավելի շատ ֆրի, ավելի մեծ բաժակով զովացուցիչ հյութ և էլի մի համբուրգեր. ինչ էլ պատվիրեի, ամենամեծ չափով էի պատվիրում։

— Ի՞նչը շրջադարձային եղավ քեզ համար։

— Երբ մոտ 20 տարեկան էի, սկսեցի ավելի լրջորեն մտածել առողջությանս մասին։ Քաշս չափից ավել էր։ Ես շատ դանդաղաշարժ էի և ինքնավստահության պակաս ունեի։ Հասկացա, որ պետք է փոփոխություններ անեմ։

— Ինչպե՞ս սկսեցիր քիչ ուտել։

— Աստիճանաբար քչացրի ուտելիքի քանակը։ Ասում էի ինձ. «Սա իմ վերջին ճաշը չէ։ Ես երբ ուզեմ, կարող եմ նորից ուտել»։ Երբեմն ինձ ստիպում էի վեր կենալ սեղանից և գնալ։ Ու դրանից հետո ինձ լավ էի զգում, քանի որ հաղթել էի։

— Իսկ կտրուկ փոփոխություններ արեցի՞ր։

— Որոշ բաներից լրիվ հրաժարվեցի։ Օրինակ՝ հրաժարվեցի զովացուցիչ ըմպելիքներից և սկսեցի միայն ջուր խմել։ Դա դժվար էր։ Ես սիրում էի այդպիսի խմիչքները և ատում էի ջուրը։ Մի բաժակ ջուր խմելուց հետո մի քանի կում հյութ էի խմում, ինչը հաճելի համ էր տալիս քիմքիս։ Իսկ որոշ ժամանակ անց ջուրն արդեն ինձ դուր էր գալիս։

— Անառողջ կերակուրից հրաժարվելուց բացի, է՞լ ինչ արեցիր։

— Դրանք փոխարինեցի ավելի լավ բաներով։ Սկսեցի մրգերից. ուտում էի խնձոր, բանան, ելակ, հապալաս, մորի և սեխ։ Նաև սննդակարգիս մեջ ավելացրի անյուղ մսամթերք, օրինակ՝ հավ և թյունոս։ Ժամանակի ընթացքում դրանք իմ սիրելի ուտելիքներից դարձան։ Աշխատում էի ուտել ավելի շատ բանջարեղեն և քիչ էի օգտվում հիմնական կերակրատեսակից։ Նկատեցի, որ ճաշի ժամերին շատ չեմ ուտում, եթե դրանց արանքում թեթև մի բան եմ ուտում։ Որոշ ժամանակ անց անառողջ կերակուր ուտելու ուժեղ ցանկությունն անցավ։

— Դու լրիվ հրաժարվեցի՞ր դրսում սնվելուց։

— Չէ, հիմա էլ ժամանակ առ ժամանակ դրսում եմ սնվում։ Բայց այդ դեպքում շատ չեմ ուտում։ Եթե պատվիրածս չափաբաժինը շատ է լինում, նախքան ուտելը կիսում եմ այն, կեսն ուտում եմ, կեսն էլ տուն եմ տանում։ Նախկինում ափսոսս գալիս էր, որ ափսեի մեջ ուտելիք էր մնում, դրա համար էլ մինչև վերջ ուտում էի, իսկ հիմա բավարարվում եմ նորմալ չափաբաժնով։

— Ի՞նչ օգուտներ ես ստացել այդ փոփոխություններն անելուց հետո։

— Քաշ եմ գցել և ավելի աշխույժ եմ դարձել։ Ինձ ավելի լավ եմ զգում։ Բայց ավելի շատ ինձ ուրախացնում է այն, որ առողջությանս մասին մտածելով՝ փառք եմ բերում Աստծուն, որն ինձ կյանք է պարգևել (Սաղմոս 36։9)։ Ես միշտ մտածել եմ, թե առողջ ապրելակերպը ձանձրալի է։ Բայց հիմա, երբ արդեն ճիշտ եմ սնվում, ինձ այնքան լավ եմ զգում, որ ոչ մի բանի հետ դա չեմ փոխի *։

^ պարբ. 2 Մասնագետներն ասում են, որ 70 տոկոսով ավելի մեծ է հավանականությունը, որ ավել քաշ ունեցող երեխաները չափահաս տարիքում գեր կլինեն։

^ պարբ. 20 «Արթնացե՛ք»-ը ոչ մի սննդակարգ չի սահմանում։ Յուրաքանչյուրն ինքը պետք է լրջորեն ծանրութեթև անի տարբերակները և խորհրդակցի բժշկի հետ՝ որոշելու համար, թե ինչպես պետք է սնվի։ Խուսափիր տարածված վնասակար դիետաներ պահելուց։