Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՀՈԿՏԵՄԲԵՐ 2012

Դեմ առ դեմ անտառաբնակ գորիլային

Դեմ առ դեմ անտառաբնակ գորիլային

ԿԵՆՏՐՈՆԱԱՖՐԻԿՅԱՆ Հանրապետության խոնավ հասարակածային անտառների խորքերում մի բնական գանձարան է փռված, որը շատ քչերն են առիթ ունեցել տեսնելու։ Մենք դիմացանք մեքենայի 12-ժամյա խորդուբորդ ճանապարհին, որպեսզի հասնենք Դզանգա-Նդոկի ազգային պարկ՝ կենդանական աշխարհի մի գեղեցիկ արգելանոց, որը գտնվում է երկրի հարավարևմտյան անկյունում՝ Կամերունի և Կոնգոյի Հանրապետության միջև։ Մենք ուզում էինք հանդիպել Մակումբային և նրա ընտանիքին։

Մեր էքսկուրսավարը ասաց, որ կարևոր է խմբով շրջել, և զգուշացրեց, որ հնարավոր է՝ փղեր տեսնենք, քանի որ քայլելու էինք այն ճանապարհով, որտեղ նրանք ամեն օր կեր են փնտրում։ Բայց փղերը միակ վտանգավոր կենդանիները չէին։ «Եթե գորիլան գա դեպի մեզ,— զգուշացրեց էքսկուրսավարը,— անշարժ կանգնեք և նայեք ցած։ Նա ձեզ չի վնասի, պարզապես մի քիչ աղմուկ կբարձրացնի։ Տեսողական կապ մի՛ պահեք նրան հետ։ Իմ կարծիքով՝ ավելի լավ է փակել աչքերը»։

Մեզ առաջնորդում էր մի որսորդ բաակա ցեղից. մարդիկ, որոնք աֆրիկյան գաճաճների ցեղին պատկանող  սևամորթներ են։ Փորձառու բնիկ որսորդը անգամ հեռվից կարող է արագ նշմարել անորսալի կենդանիների ներկայությունը նրանց հոտից և ձայներից։ Հանկարծ մեզ շրջապատեց մեղուների զայրացնող պարսը։ Մենք դժվարությամբ էինք հետևում որսորդին, մինչ նա հեշտությամբ անցնում էր թավ կանաչի միջով։

Շատ չանցած՝ հասանք կուսական անտառ, որտեղ Արևմուտքի բնակիչներից շատ քչերն են ոտք դրել։ Որսորդն անսպասելի կանգ առավ և ձեռքով թափահարեց՝ ցույց տալով ճանապարհի կողքին ընկած մեծ տարածքը։ Այնտեղ երիտասարդ գորիլաները խաղում էին իրար հետ։ Մենք տեսանք նաև ջարդված թփուտներ, ցրված խոտեր և կոտրված ճյուղեր՝ առավոտյան նախաճաշի մնացորդները։ Մեր ակնկալիքները ավելի էին մեծանում, մինչ շարունակում էինք մեր էքսկուրսիան։

Գորիլայի հասակը մինչև 1,8 մետր է, իսկ քաշը՝ ավելի քան 200 կիլոգրամ

Մոտ 3 կիլոմետրից որսորդը դանդաղեցրեց իր քայլերը։ Որպեսզի չվախեցնենք գորիլաներին, նա կլկլացրեց։ Երբ ավելի մոտեցանք, ծանր հևոցներ լսեցինք և ծառի ճյուղերի ջարդվելու ձայներ։ Էքսկուրսավարը ձեռքով դանդաղ շարժում արեց, որ առաջ գնանք։ Մատը շուրթերին դրած՝ նա նշան արեց, որ քար լռություն պահպանենք։ Նա ասաց, որ մի փոքր կռանանք և նայենք ծառերի միջից. մոտ 8 մետր հեռավորության վրա տեսանք այդ յուրահատուկ գորիլային՝ Մակումբային։

Աղմկոտ անտառը այժմ թաղվել էր լռության մեջ, և մենք կարող էինք լսել անգամ մեր սրտերի բաբախյունը։ Բայց մեզ մի բան էր անհանգստացնում. «Արդյոք Մակումբան կհարձակվի՞ մեզ վրա»։ Մակումբան դեպի մեզ շրջեց դեմքը և հորանջելով ողջունեց։ Օ՜, ի՜նչ թեթևացում ապրեցինք։

Թեև ակա լեզվով «մակումբա» նշանակում է «արագաշարժ», բայց երբ մենք այնտեղ էինք, նա հանգիստ վայելում էր իր նախաճաշը։ Կողքին երկու փոքրիկ գորիլաներ խաղում էին իրար հետ։ Սոպոն՝ տասը ամսական մեծ աչքերով գորիլան, խաղում էր մոր՝ Մոփամբիի կողքին, որը հոգատարությամբ հետ էր քաշում մանկիկին, երբ նա անսահման հետաքրքրությունից այրվելով՝ հեռանում էր նրա կողքից։ Ընտանիքի մյուս անդամները կա՛մ տերևներ էին պոկում և կլպում ճյուղերը, կա՛մ խմբերով խաղում էին՝ մի պահ դեպի մեզ նայելով, հետո հետաքրքրությունը կորցնում էին և նորից խաղով ընկնում։

Մեկ ժամ հետո մեր ժամանակը սպառվեց։ Մակումբան նույնպես կարծես հոգնեց մեր ընկերակցությունից և հևալով՝ իր հսկա ձեռքերով բարձրացրեց իրեն և մտավ անտառի խորքը։ Մի քանի վայրկյանում ողջ ընտանիքը անհետացավ։ Թեև շատ քիչ ժամանակ անցկացրինք այս զարմանահրաշ արարածների կողքին, սակայն այդ հիշողությունները կմնան մեզ հետ երկար տարիներ։