Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՀՈԿՏԵՄԲԵՐ 2012

Անհանգստացնող նորություններ ու ձեր երեխաները

Անհանգստացնող նորություններ ու ձեր երեխաները

«11-ամյա աղջիկս չի սիրում նորություններ դիտել։ Դրանից հետո հաճախ վատ երազներ է տեսնում։ Մի անգամ նորություններով մի մարդու էին ցույց տալիս, որը գլխատել էր իր ընտանիքի անդամներից մեկին։ Այդ գիշեր աղջիկս երազում տեսավ, որ իրեն էլ էին գլխատել» (Քվին)։

«Տեգրոջս վեց տարեկան աղջիկը նորություններով տեսավ, որ մեր երկրի մի տեղանքում տոռնադոներ էին եղել։ Դրանից հետո շաբաթներ շարունակ նա սարսափի մեջ էր։ Փոքրիկը զանգահարում էր ինձ ու ասում, որ դեպի իրեն տոռնադո է գալիս և շուտով մահանալու է» (Փեյջ)։

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ վախեցնո՞ւմ են երեխայիդ։ Ըստ մի ուսումնասիրության՝ ծնողների մոտ 40 տոկոսն ասել է, որ իրենց երեխաները վախեցել են նորություններով տեսած ինչ-որ բանից և հետո մտածել են, թե նմանատիպ մի բան կպատահի կա՛մ իրենց, կա՛մ իրենց սիրելիներին։

Ինչո՞ւ։ Գործոններից մեկն այն է, որ երեխաները հաճախ այլ կերպ են ընկալում նորությունները, քան մեծերը։ Օրինակ՝ փոքրիկները կարող են հավատալ, որ հեռարձակվող աղետն իրականում անընդհատ տեղի է ունենում։

Երկրորդ գործոնն այն է, որ ամեն օր անհանգստացնող իրադարձությունների մասին լսելը աղավաղում է աշխարհի վերաբերյալ երեխայի պատկերացումը։ Ինչ խոսք, մենք ապրում ենք «չափազանց դժվար ժամանակներում» (2 Տիմոթեոս 3։1)։ Բայց եթե երեխաներն անընդհատ անհանգստացնող նորություններ դիտեն, կարող են այնքան համակվել վախով, որ չկարողանան այլ բաներով զբաղվել։ «Այն երեխաները, որոնք հեռուստացույցով շատ են նորություններ դիտում, հակված են գերագնահատելու հանցագործության մասշտաբները և աշխարհն ավելի վտանգավոր համարելու, քան իրականում այն կա»,— նշում է Կայզեր ընտանեկան հիմնադրամը։

 Ի՞նչ կարող եք անել, եթե անհանգստացնող նորությունները ազդում են ձեր երեխաների վրա։ Ահա մի քանի առաջարկ։

Պաշտպանեք նրանց։

Հաշվի առնելով երեխաների տարիքը, հասունությունն ու էմոցիոնալ վիճակը՝ սահմաններ դրեք, թե որքան նորություններ նրանք կարող են դիտել։ Ինչ խոսք, տեղեկատվական այս դարաշրջանում երեխաներն անտեղյակ չեն ընթացիկ իրադարձություններին։ Նույնիսկ փոքր երեխաները կարող են տեսնել կամ լսել ավելին, քան կարծում եք։ Ուստի ուշադիր եղեք, որ նկատեք վախի կամ անհանգստության ցանկացած նշան, որ ձեր երեխաները ցույց կտան։

Կրթեք նրանց։

Միասին դիտեք նորությունները։ Դա առիթ կհանդիսանա, որ սովորեցնեք նրանց։ Փորձեք ընդգծել նորության ցանկացած դրական կողմ, օրինակ՝ եթե օգնություն է ցույց տրվել աղետից տուժածներին։

Վստահեցրեք նրանց։

Երբ հեռարձակվում է ինչ-որ անհանգստացնող իրադարձություն, մղեք երեխաներին արտահայտվելու, թե ինչ են նրանք զգում կատարվածի վերաբերյալ։ «Ես ու կինս ժամանակ ենք հատկացնում, որ մեր որդուն՝ Նաթանայելին, բացատրենք այն, ինչ նա դիտում է նորություններով, ինչպես նաև թե ինչ քայլեր ենք մենք ձեռնարկել, որ խուսափենք նման ողբերգությունից,— ասում է Մայքլ անունով մի հայր։— Մի անգամ Նաթանայելը նորություններով տեսավ, թե ինչպես մի տուն հիմնահատակ այրվեց, և սկսեց վախենալ, որ մեր տունը հաջորդն է լինելու։ Նրան հանգստացնելու համար ցույց տվեցինք մեր տանը տեղադրված հրդեհի բոլոր ազդանշանիչները։ Նա գիտի դրանց տեղը և թե ինչու են դրանք այնտեղ։ Այդ ամենն օգնեց որդուս իրեն ապահով զգալու»։

Ողջամտություն պահպանիր։

Ուսումնասիրողները հայտնաբերել են, որ մարդիկ  հակված են մտածելու, որ եթե ինչ-որ դեպք կամ պատահար գալիս է իրենց միտքը, ապա հավանական է, որ դա տեղի կունենա իրենց հետ։ Օրինակ՝ եթե վերջերս լսել եք, որ երեխա են առևանգել, հավանաբար կսկսեք մտածել, որ ձեր երեխային ավելի մեծ վտանգ է սպառնում, քան իրականում կա։ Ինչ խոսք, լավ կլինի զգոն լինել պոտենցիալ վտանգների հանդեպ, բայց մասնագետներն ասում են, որ մեդիան կարող է ստիպել մեզ վախենալու այնպիսի իրադարձություններից, որոնք հավանաբար երբեք տեղի չեն ունենա (Առակներ 22։3, 13

Եթե ծնողները հավասարակշռված ու ողջամիտ տեսակետ չունեն նորությունների վերաբերյալ, թե՛ իրենց, թե՛ երեխաների վախերը կարող են ծայրահեղության հասնել։ 2005թ.-ին 11 տարեկան մի տղա կորել էր Յուտայի լեռներում (ԱՄՆ)։ Նա այնքան էր վախենում առևանգողներից, որ չորս օր թաքնվել էր փրկարարներից։ Երբ վերջապես գտան երեխային, նա շատ թույլ էր ու ջրազրկված։ Թեև տղային առևանգելու հավանականությունը հավասար էր 1/350000-ի, նա այնքան վախեցած էր, որ նախընտրել էր ենթարկվել սովամահ լինելու վտանգին, քան օգնություն ընդունել։

«3–7 տարեկան երեխաները ավելի շատ վախով են համակվում բնական աղետների ու դժբախտ պատահարների մասին պատմություններից, մինչդեռ ավելի մեծ երեխաները՝ 8–12 տարեկան, ավելի շատ վախենում են հանցագործությունների ու բռնությունների մասին պատմություններից» (Կայզեր ընտանեկան հիմնադրամ)։

Ի՞նչ եզրահանգման ենք գալիս։ Համոզվեք, որ դուք և ձեր երեխան հավասարակշռված տեսակետ ունեք նորությունների վերաբերյալ։ Փաստն այն է, որ շատ աղետներ հեռարձակվում են այն պատճառով, որ դրանք հազվադեպ են տեղի ունենում և ոչ թե սովորական բան են։

Հանցագործությունը, բռնությունն ու բնական աղետները մեր ժամանակների աղետալի իրականությունն են։ Սակայն, ինչպես տեսանք, ձեր երեխաներին պաշտպանելը, կրթելը, հավաստիացնելը և հավասարակշռված ու ողջամիտ տեսակետ ունենալը կօգնեն, որ նրանք ճիշտ ընկալեն անհանգստացնող նորությունները։