Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՍԵՊՏԵՄԲԵՐ 2012

 Երիտասարդները հարցնում են

Ի՞նչ կարող եմ սպասել ամուսնությունից. մաս 1

Ի՞նչ կարող եմ սպասել ամուսնությունից. մաս 1

«Երբ միասին ենք, ինձ յոթերորդ երկնքում եմ զգում։ Չեմ համբերում, թե երբ ենք ամուսնանալու»։

«Մենք ընդհանուր ոչինչ չունենք։ Ավելի շուտ սենյակակիցներ ենք, քան կողակիցներ։ Այնքա՜ն միայնակ եմ»։

ՀԱՎԱՆԱԲԱՐ ենթադրեցիր, որ առաջին մեջբերումն արել է մի ամուրի աղջիկ, իսկ երկրորդը՝ ամուսնացած կին։ Բայց գուցե գլխի չես ընկնում, որ թե՛ մեկը, թե՛ մյուսը միևնույն անհատն է ասել։

Ի՞նչ փոխվեց հանկարծ։ Իսկ դու ի՞նչ կարող ես անել, որ ամուսնությունից հետո ռոմանտիկ երազդ մղձավանջի չվերածվի։

Պարզ ճշմարտություն։ Կլինես երջանիկ, թե ոչ, մեծ մասամբ կախված է նրանից, թե ինչ ես ակնկալում ամուսնությունից։

Այս և հաջորդ ամսվա «Արթնացե՛ք»-ի՝ «Երիտասարդները հարցնում են» խորագրի հոդվածները կօգնեն քեզ իրատեսական ակնկալիքներ ունենալու։

 Ի՞նչ իրատեսական սպասումներ կարող ես ունենալ ամուսնությունից։ Կարճ ասած՝ հետևյալը.

  1. սպասիր լավ բաների
  2. սպասիր դժվարությունների
  3. սպասիր անսպասելիին

Հիմա ավելի մանրամասնորեն քննենք յուրաքանչյուրը։

ՍՊԱՍԻՐ ԼԱՎ ԲԱՆԵՐԻ

Աստվածաշունչը հորդորում է դրական տեսակետ ունենալ ամուսնության հանդեպ (Առակներ 18։22)։ Ահա մի քանի լավ բաներ, որ կարող ես ակնկալել։

Ընկերակցություն։ Աստվածաշունչն ասում է, որ առաջին մարդ Ադամին արարելուց որոշ ժամանակ անց Աստված ասաց. «Լավ չէ, որ մարդը մենակ մնա»։ Դրանից հետո նա Ադամի համար որպես ընկեր ստեղծեց Եվային (Ծննդոց 2։18)։ Աստված յուրաքանչյուրին առանձնահատուկ հատկություններով օժտեց, ինչի շնորհիվ նրանք, լինելով տարբեր, կլրացնեին իրար։ Ուստի ամուսինն ու կինը կարող են հրաշալի ընկերներ լինել (Առակներ 5։18

Համագործակցություն։ Աստվածաշունչն ասում է. «Երկուսով ավելի լավ է, քան մենակ.... Եթե մեկն ընկնի, մյուսն իր ընկերոջը կբարձրացնի» (Ժողովող 4։9, 10)։ Ինչ խոսք, դա այդպես է ամուսնության պարագայում։ «Գաղտնիքը նրանում է, որ աշխատեք որպես մեկ թիմ, լինեք խոնարհ ու պատրաստակամորեն զիջեք»,— ասում է Բռենդա * անունով մի աղջիկ, որը վերջերս է ամուսնացել։

Սեռական կյանք։ Աստվածաշունչն ասում է. «Թող ամուսինը բավարարի իր կնոջ սեռական կարիքները, և նույնը կինն անի» (1 Կորնթացիներ 7։3, Common English Bible)։ Երբ ամուսնանաս, կկարողանաս սեռական հարաբերություններ ունենալ՝ առանց ցավալի հետևանքների մասին մտահոգվելու կամ զղջալու, զգացումներ, որ հաճախ ունենում են արտամուսնական սեքսով զբաղվողները (Առակներ 7։22, 23; 1 Կորնթացիներ 7։8, 9

Ամփոփում։ Ամուսնությունը պարգև է Աստծուց (Հակոբոս 1։17)։ Եթե առաջնորդվես նրա չափանիշներով, կարող ես ակնկալել, որ ամուսնությունդ առատապես կօրհնվի։

Մտածիր։ Ամուսնության հանդեպ քո տեսակետի վրա բացասական ազդեցություն թողե՞լ են վատ օրինակները, թերևս հենց քո ընտանիքը։ Եթե այո, ի՞նչ դրական օրինակներ կարող ես հիշել, որոնք ընդօրինակման են արժանի։

 ՍՊԱՍԻՐ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Աստվածաշունչը իրատես է ամուսնության հարցում (1 Կորնթացիներ 7։28)։ Ահա որոշ դժվարություններ, որ կարող ես ակնկալել։

Տարաձայնություններ։ Աշխարհում երկու իրար նման մարդ չկա, եթե նման են, ապա միայն նրանով, որ անկատար են (Հռոմեացիներ 3։23)։ Այդ պատճառով ամուսինն ու կինը ժամանակ առ ժամանակ տարաձայնություններ կունենան, ինչքան էլ որ լրացնեն իրար։ Երբեմն գուցե նույնիսկ ոչ հաճելի բաներ ասեն, որոնց համար հետո զղջան։ «Եթե մեկը խոսքի մեջ չի սայթաքում, նա կատարյալ մարդ է»,— ասում է Աստվածաշունչը (Հակոբոս 3։2)։ Փոխանակ փորձելու խուսափել բոլոր անհամաձայնություններից՝ երջանիկ զույգերը սովորում են քննարկել ու հարթել դրանք։

Հիասթափություն։ «Ֆիլմերում և հեռուստաշոուներում միշտ ներկայացվում է, որ աղջիկը գտնում է իր «կատարյալ» կողակցին ու երկար տարիներ ապրում է երջանիկ ու բախտավոր»,— ասում է Քերըն անունով մի աղջիկ։ Երբ ամուսնությունը իդեալական չի լինում, թե՛ ամուսինը, թե՛ կինը հիասթափություն են ապրում։ Ինչ խոսք, ամուսնությունից հետո կողակիցները ավելի շատ թերություններ և տարօրինակություններ են նկատում իրար մեջ։ Բայց կարևոր է հիշել, որ իսկական սերը «ամեն ինչի տոկում է», նույնիսկ հիասթափությանը (1 Կորնթացիներ 13։4, 7

Մտահոգություններ։ Աստվածաշունչն ասում է, որ ամուսնացածները «մտահոգվում են աշխարհի բաների համար» (1 Կորնթացիներ 7։33, 34)։ Այդպիսի մտահոգությունները նորմալ են ու հաճախ նույնիսկ տեղին։ Գուցե հազիվ ես ծայրը ծայրին հասցնում, և երկուսդ էլ ստիպված եք աշխատել, որ կարողանաք վճարել սննդի, հագուստի ու կացարանի համար։ Սակայն դուք կկարողանաք հաջողության հասնել, եթե աշխատեք որպես մեկ թիմ, որ հոգաք ձեր ընտանիքի կարիքները (1 Տիմոթեոս 5։8

Ամփոփում։ Եթե ժամադրվելը նման է օդապարուկ թռցնելուն, ապա ամուսնությունը՝ ինքնաթիռ վարելուն։ Դու շատ ավելի մեծ հմտություններ պետք է ունենաս ու ջանքեր ներդնես, որ հաղթահարես փոթորկալից դժվարությունները։ Սակայն կարո՛ղ ես հաջողությունների հասնել։

Մտածիր։ Ինչպե՞ս ես այժմ հաղթահարում ծնողներիդ ու քույրերիդ/եղբայրներիդ հետ ունեցած տարաձայնությունները։ Երբ հիասթափություն ես ապրում, կարողանո՞ւմ ես իրատեսորեն նայել իրավիճակին։ Ինչպե՞ս ես լուծում այդպիսի խնդիրները։

«ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ» ԽՈՐԱԳՐԻ ՀԱՋՈՐԴ ՀՈԴՎԱԾՈՒՄ կտեսնես, թե ինչպես աստվածաշնչյան սկզբունքները կարող են օգնել քեզ սպասելու անսպասելիին։

^ պարբ. 17 Որոշ անուններ այս հոդվածում փոխված են։