Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՍԵՊՏԵՄԲԵՐ 2012

Ունիվերսալ լիմոն

Ունիվերսալ լիմոն

ՊԱՏԿԵՐԱՑՐՈՒ մի բան, որը կարող ես օգտագործել որպես դեղամիջոց, մաքրող միջոց, ախտահանիչ միջոց և կոսմետիկական միջոց։ Դու կարող ես ուտել այն, խմել դրա հյութը, յուղ ստանալ դրանից։ Եվ այս ամենը փաթեթավորված է գեղեցիկ, դեղին կեղևով, հասանելի է ողջ աշխարհին և թանկ չէ։ Շատ հնարավոր է՝ այն հենց հիմա քո խոհանոցում է։ Ի՞նչ է դա. լիմոն։

Լիմոնի հայրենիքը համարվում է Հարավարևելյան Ասիան։ Այդտեղից այն տեղափոխվեց արևմուտք՝ դեպի միջերկրածովյան շրջաններ։ Լիմոնի ծառերը աճում են խոնավ մերձարևադարձային գոտիներում, այդ պատճառով էլ լավ աճում են Արգենտինայում, Իտալիայում, Մեքսիկայում և Իսպանիայում, նույնիսկ Աֆրիկայի և Ասիայի որոշ տարածքներում։ Մեծ ծառերը, կախված այն բանից, թե ինչ տեսակի են և որտեղ են աճում, կարող են տարեկան տալ 200-ից, զարմանալի է, մինչև 1500 լիմոն։ Մշակվող տեսակները ծաղկում են տարբեր սեզոններին, և դրա շնորհիվ լիմոն կարելի է հավաքել կլոր տարին։

Լիմոնը արմատ է գցում Իտալիայում

Հին հռոմեացիները աճեցրել են լիմոն, թե ոչ, վիճելի հարց է։ Գրավոր ապացույց կա, որ հռոմեացիները իմացել են կիտրոնի մասին, որը նույնպես պատկանում է ցիտրուսային ընտանիքին և շատ նման է մեծ լիմոնի։ Հռոմեացի պատմաբան Պլինիոս Ավագը իր աշխատության մեջ հատուկ նշում է կիտրոնի ծառի և նրա պտուղների մասին։ Սակայն առաջատար փորձագետները կարծում են, որ հռոմեացիները իմացել են նաև լիմոնի մասին։ Ինչո՞ւ։ Քանի որ բազմաթիվ որմնանկարներում և խճանկարներում պատկերված է այս միրգը և ոչ թե կիտրոնը։ Դրանցից մեկը Պոմպեյում պեղած ամառանոցն է, որը կոչել են «Մրգաստան», քանի որ այն զարդարված է որմնանկարներով, որոնց վրա պատկերված են տարբեր բույսեր, այդ թվում լիմոնի ծառ։ Այդ ժամանակ այն համարվում էր էկզոտիկ ծառ և օգտագործվում էր միայն որպես դեղաբույս։ Հնարավոր չէ ասել՝ արդյոք հեշտությամբ էին լիմոններ աճեցնում և որքան տարածված էին դրանք (Natural History)։

Սիցիլիա կղզին, որտեղ ամառները երկար ու տաք են, իսկ ձմեռները՝ մեղմ, դարձել է ցիտրուսային մրգերի, նաև լիմոնների առաջատար արտադրող։ Բայց կան բարձրորակ լիմոններ, որոնք մշակում են նաև այլ տարածաշրջաններում, հիմնականում ափամերձ շրջաններում։

Նեապոլի հարավում կա գեղեցիկ մի քաղաք Սորենտո անունով, իսկ դրանից հարավ Ամալֆի ափն է, որը ձգվում է  ավելի քան 40 կիլոմետր։ Իսկ ավելի հեռու ծոցերում սփռված են Ամալֆի, Պոզիտանո և Վիետրի սուլ Մարե հրաշագեղ քաղաքները։ Սորենտոն և Ամալֆին արտադրում են լիմոններ, որոնք իրենց վրա ունեն պետական պիտակ, ինչը ցույց է տալիս, որ արտադրված են հենց այդ տարածքներում։ Տեղացիները յուրահատուկ խնամք են տանում իրենց լիմոնի ծառերին։ Դրանք աճում են լեռների լանջերին այնպիսի տեղերում, որ կլանում են արևի ջերմությունը և տալիս են բուրավետ ու հյութալի լիմոններ։

Իրականում, լիմոնի ծառ աճեցնելու համար շատ մեծ տարածք պետք չէ։ Բավական է ունենալ արևոտ պատշգամբ, քանի որ լիմոնի գաճաճ ծառերը կարող են աճել ծաղկամանների մեջ և միևնույն ժամանակ լինել զարդարանք։ Նրանց դուր է գալիս արևոտ և ոչ քամոտ տեղերը, որտեղ կարող են ջերմություն կլանել, հետևաբար նախընտրելի է դնել պատի տակ։ Սակայն եթե ձմռանը ջերմաստիճանը կտրուկ իջնում է, հարկավոր է ծածկել կամ ներս բերել այն։

Միայն միրգ չէ

Հաճա՞խ ես լիմոն օգտագործում։ Ոմանք սիրում են լիմոնի դիլիմ գցել թեյի մեջ, ուրիշներն էլ մանր կտրտած կեղևը կամ նրա հյութից մի քանի կաթիլ օգտագործում են թխվածքների մեջ։ Գուցե դու էլ ճզմում ես այն ու լիմոնադ պատրաստում։ Ողջ աշխարհում հայտնի խոհարարները միշտ իրենց ձեռքի տակ լիմոն ունեն։ Իսկ երբևէ լիմոնի հյութը օգտագործե՞լ ես որպես ախտահանիչ միջոց կամ լաքա անցկացնելու համար։

Որոշ կանայք մաքրում կամ ախտահանում են իրենց խոհանոցի տախտակները՝ դրանց վրա կես լիմոն քսելով։ Լաքաները կամ լվացարանները մաքրելու համար սպիտակեցնող նյութեր օգտագործելու փոխարեն՝ ոմանք օգտագործում են լիմոնի հյութի և կերակրի սոդայի խառնուրդ։ Ասում են, որ կես լիմոն սառնարանում կամ ամանեղեն լվացող մեքենայում պահելը վերացնում է վատ հոտերը և նպաստում է, որ թարմ հոտ գա միջից։

Լիմոնը պարունակում է մեծ քանակությամբ կիտրոնաթթու, որը բնական պահպանիչ է և սննդին ու խմիչքին թթու համ է տալիս։ Այն պարունակում է պեկտին, որը սննդի արդյունաբերության մեջ օգտագործվում է որպես թանձրացուցիչ նյութ, էմուլգատոր և ժելեացնող ագենտ։ Բացի այդ, կեղևից ստացած յուղը օգտագործվում է սննդի, դեղագործության և կոսմետոլոգիայի մեջ։ Մի խոսքով՝ անվերջ կարելի է խոսել լիմոնի գործածության մասին։ Իսկապես, լիմոնը վառ դեղին, յուրահատուկ հոտ ունեցող ունիվերսալ միրգ է։