Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՍԵՊՏԵՄԲԵՐ 2012

Մոտիկից ծանոթանանք գազանանոցներին

Մոտիկից ծանոթանանք գազանանոցներին

ԵՐԵՔ հազար տարի առաջ մի չինացի կայսր այգի տնկեց ու այն կոչեց «Իմացության այգի»։ Այն զբաղեցնում էր 607 հեկտար տարածք։ Այգում կարելի էր տեսնել շատ կենդանիներ։ Այդ ժամանակներում նման այգիները շատ հազվադեպ էին։

Սակայն այսօր կենդանաբանական այգիներ կարող են այցելել միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում։ «Գազանանոցները 21-րդ դարում» գրքում նշվում է. «Այս աշխարհում, որտեղ բնական տեսարժան վայրերը վերանում են, իսկ բնակչությունը գնալով ուրբանիզացվում է, շատերի համար գազանանոցները դարձել են կենդանական աշխարհի հետ առնչվելու միակ հասանելի միջոցը» (Zoos in the 21st Century)։

Ինչ կարելի է տեսնել կենդանաբանական այգում

Կենդանաբանական այգիներում հնարավորինս բնական պայմաններում այցելուները կարող են տեսնել աշխարհի ամենագրավիչ ու ամենատպավորիչ կենդանիներից մի քանիսին։ Կարող ես տեսնել վառվռուն թիթեռների, որոնք ճախրում են տրոպիկական պարտեզում, կամ պինգվինների, որոնք սառը լոգանք են ընդունում այնպիսի միջավայրում, որը նման է Անտարկտիկայի սառած ամայի տարածքներին։

Փոքր հասարակածային անտառի միջով քայլելիս կարող ես տեսնել որոշ կենդանիներ ու թռչուններ, որոնք ապրում են բնական միջավայրում։ Կամ կարող ես մտնել մութ սենյակ, որ տեսնես կենդանիների, որոնք ակտիվ են գիշերը։ Որոշ գազանանոցներում նույնիսկ կարող ես տեսնել գիշատիչ թռչուններ կամ դիտել դելֆինների ներկայացումներ։ Այն վանդակների փոխարեն, որոնցում նախկինում վտանգավոր կենդանիներ էին պահվում, այժմ բացօթյա ցանկապատված տարածքներ են ջրափոսերով, որոնք վայրի կենդանիներին հեռու են պահում այցելուներից։

 Վիճաբանության երկու կողմերում

Կենդանիների իրավունքների որոշ պաշտպաններ կասկածի են ենթարկում այն, թե արդյոք ճիշտ է կենդանիներին վերցնել վայրի միջավայրից ու սահմանափակել նրանց ազատությունը՝ բնակեցնելով անբնական պայմաններում։ Նրանք պնդում են, թե գազանանոցները թույլ չեն տալիս կենդանիներին ազատ շարժվել ու վատ են անդրադառնում բնազդային վարքի վրա։

Ի պատասխան այս քննադատության՝ կենդանաբանական այգիներ պահողներն ասում են, որ նրանք շատ կարևոր դեր են կատարում կենդանիների պահպանման, ինչպես նաև մարդկանց կրթելու հարցում։ «Մեր նպատակը կենդանիների հանդեպ հարգանք առաջացնելն է,— բացատրում է Հայմեյ Ռուլը՝ Մադրիդի «Ֆաունիա» կենդանաբանական այգու աշխատողը։— Մենք ուզում ենք մեր այցելուների մեջ ցանկություն առաջացնել պահպանելու կենդանիների բնական միջավայրը՝ առանց որի նրանք կոչնչանան»։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գազանանոցներն իսկապես նպաստում են, որ մարդիկ գիտակցեն վտանգի տակ գտնվող տեսակներին պաշտպանելու անհրաժեշտությունը։

Որոշ հազվադեպ տեսակներ, օրինակ՝ մեծ պանդան, հատկապես սիրելի են մարդկանց։ «Բոլոր այցելուները ուզում են տեսնել մեր երկու պանդաներին,— ասում է Նոելիա Բենիտոն, որը աշխատում է  Մադրիդի գազանանոցում։— Այս հայտնի տեսակները դարձել են մեր պայքարի խորհրդանիշը՝ փրկելու վտանգի տակ եղող տեսակներին։ Հուսով ենք, որ պանդաները կբազմանան, չնայած այս կենդանիները շատ բծախնդիր են կողակից ընտրելու հարցում»։

Ի տարբերություն պանդաների՝ շատ կենդանիներ գազանանոցում ազատորեն բազմանում են բարեփոխված պայմանների և անասնաբույժների հոգատարության շնորհիվ։ Բազմացման հաջող ծրագրերը ասես պատասխանում են քննադատներին, ովքեր վիճում են, թե գազանանոցները չպետք է ներգրավված լինեն վտանգի տակ եղող տեսակների առևտրի մեջ։ Բացի նրանից, որ գազանանոցները կենդանիներին պահում են մարդկանց ցույց տալու համար, դրանցից շատերը նաև փորձում են բազմացնել վտանգի տակ եղող կենդանիներին՝ հուսալով, որ դրանք ի վերջո կվերադարձվեն բնությանը։

Տեսակների ոչնչացման գլխավոր պատճառներից մեկը բնական միջավայրի վերացումն է։ Իսկ գազանանոցները ակտիվորեն ֆինանսավորում են շրջակա միջավայրի պաշտպանության ծրագրերը՝ անմիջականորեն համագործակցելով տրոպիկական երկրների արգելանոցների հետ *։

Բնության հետ կապ

Քանի որ երեխաներից շատերը զմայլվում են կենդանիներով, շաբաթ-կիրակի օրերին կամ արձակուրդին կենդանաբանական այգի գնալը ծնողներին հիանալի հնարավորություն է տալիս երեխաներին սովորեցնելու Աստծու ստեղծագործության մասին։ Միասին նրանք կարող են զմայլվել կենդանական աշխարհով։

Հենց սկզբից մարդիկ մեծապես հետաքրքրված են եղել կենդանական աշխարհով։ Արժե նման հետաքրքրություն զարգացնել երեխաների մեջ, քանի որ բնաշխարհն օգնում է մեզ հասկանալու, թե ինչպիսին է մեր Արարիչը։ Գազանանոց այցելելը նաև կօգնի մեզ ավելի մեծ հարգանք դրսևորելու մեր փխրուն մոլորակի հրաշալի ստեղծագործությունների հանդեպ ու գնահատելու դրանք։

Ժամացույցի ուղղությամբ. տրոպիկական թիթեռ, բենգալյան վագր, մեծ պանդա, սպիտակագլուխ արծիվ, կալիֆորնիական ծովառյուծ

^ պարբ. 12 Ասիայում բենգալյան վագրի, Մադագասկարում լեմուրի և Աֆրիկայում պրիմատների պաշտպանության համար գազանանոցների ներդրած ջանքերը հաջողությամբ են պսակվել։