Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՍԵՊՏԵՄԲԵՐ 2012

Միջնադարի բժշկագետները

Միջնադարի բժշկագետները

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ բժշկության շատ ոլորտներ այդքան էլ նոր չեն, ինչպես կարծում են ոմանք։ Իրականում, այսօր տարածված մի շարք բժշկական մեթոդներ դարեր առաջ արդեն օգտագործվում էին որոշ երկրներում։ Քննենք, թե միջնադարում ինչպիսին էր բժշկությունը Միջին Արևելքում։

Մ.թ. 805-ին ԽԱԼԻՖ ՀԱՐՈՒՆ ԱԼ-ՌԱՇԻԴԸ մայրաքաղաք Բաղդադում հիվանդանոց հիմնեց։ 9–13-րդ դարերում ողջ մուսուլմանական աշխարհում՝ Իսպանիայից մինչև Հնդկաստան, այլ ղեկավարներ նույնպես կառուցեցին հիվանդանոցներ և օժանդակեցին դրանց։

Այս հիվանդանոցներում բուժվում էին տարբեր կրոնների պատկանող թե՛ հարուստ, թե՛ աղքատ մարդիկ։ Փորձառու բժիշկները ոչ միայն բուժում էին հիվանդներին, այլև ուսումնասիրություններ էին անում ու մարզում նորերին։ Տարբեր ճյուղերի՝ ներքին օրգանների ախտորոշման ու բուժման, ակնաբանության, օրթոպեդիայի, վիրաբուժության, վարակիչ և մտային հիվանդությունների բուժման համար առանձին հիվանդասենյակներ կային։ Բժիշկները սովորողների ուղեկցությամբ ամեն առավոտ հետազոտում էին հիվանդներին, սննդակարգ ու դեղեր էին նշանակում։ Այնտեղ կային նաև դեղագործներ, ովքեր պատրաստում էին դեղեր ու նշանակում հիվանդներին։ Տնօրինությունը գրանցում էր ամեն բան, վերահսկում էր ծախսերն ու կերակուր պատրաստելը, ինչպես նաև կատարում էր ադմինիստրատիվ այլ առաջադրանքներ, ինչպես որ այսօր է։

Պատմաբանները այս հիվանդանոցները համարում են «միջին դարերի մուսուլմանական հասարակության մեծ նվաճումներից մեկը»։ Ողջ մուսուլմանական աշխարհում «հիվանդանոցը մի հաստատություն էր, որը շրջադարձային նշանակություն ունեցավ և առ այսօր ազդում է բժշկության և առողջությանը հետևելու մոտեցման վրա», ինչպես ասում է հեղինակ և պատմաբան Հովարդ Ռ. Թըրները։

ՌԱԶԵՍԸ, որը իններորդ դարի կեսերին ծնվել է Ռեյում՝ ժամանակակից Թեհրանի արվարձաններից մեկում, կոչվում է «մուսուլմանական աշխարհի և միջին դարերի մեծագույն բժիշկ ու կլինիցիստ»։ Հօգուտ այլ բժիշկների այս գիտնականը գրի է առել իր փորձագիտական մեթոդների, հիվանդների առողջական վիճակի, գործիքների ու արդյունքների մասին։ Բոլոր բժիշկներին նա խորհուրդ է տվել այդ ոլորտի վերջին նվաճումներին համընթաց քայլել։

Ռազեսը բազում նվաճումներ է ունեցել։ Նրա բժշկական գրառումները ամփոփված են 23 հատորից բաղկացած «Էլ-Հեվի»-ում (Բժշկագիտության համապարփակ գիրք), որը դասվում է հայտնի բժշկական տեքստերի շարքում։ Այս գրքում են տեղ գտել մանկաբարձության, գինեկոլոգիայի և ակնավիրաբուժության մասին վաղ տեղեկությունները։ Բժշկական թեմաների վերաբերյալ նրա 56 աշխատությունների մեջ է ծաղիկ և կարմրուկ հիվանդությունների ամենահին ու վստահելի նկարագրությունը։ Ռազեսը հայտնաբերել է նաև, որ բարձր ջերմությունը մարմնի պաշտպանողական ռեակցիան է։

Ռեյում և Բաղդադում նա հիվանդանոցներ է ղեկավարել, որտեղ աշխատել է մտային հիվանդների հետ, այդ պատճառով հոգեբանության և հոգեբուժության հայր է հռչակվել։ Բժշկությամբ զբաղվելուց բացի, Ռազեսը նաև ժամանակ է հատկացրել քիմիայի, աստղագիտության, մաթեմատիկայի, փիլիսոփայության ու աստվածաբանության վերաբերյալ գրքեր գրելուն։

ԱՎԻՑԵՆՆԱՆ՝ բժշկության ոլորտի մեկ ուրիշ առաջատար, ծագումով Բուխարայից էր, որն այժմյան Ուզբեկստանում է։ Նա դարձավ 11-րդ դարի մեծ բժիշկներից, փիլիսոփաներից, աստղագետներից և մաթեմատիկոսներից մեկը։ Ավիցեննան գրել է «Կանոն բժշկագիտության» հանրագիտարանը, որում խոսվում է բժշկագիտությանը առնչվող ցանկացած բանի մասին։

Ավիցեննան «Կանոնում» նշել է, որ տուբերկուլյոզը վարակիչ հիվանդություն է, որը կարող է տարածվել ջրի և հողի միջոցով, որ էմոցիաները ազդում են ֆիզիկական առողջության վրա և որ մկանները կծկվում են, քանի որ նյարդերը ցավ ու  իմպուլսներ են փոխանցում դրանց։ Նույն աշխատության մեջ նա նկարագրում է մոտ 760 դեղագործական պատրաստուկներ՝ դրանց հատկանիշները, ազդեցությունն ու ցուցումները, և սկզբունքներ է առաջարկում նոր դեղեր փորձարկելու համար։ Այս տեքստը թարգմանվել է լատիներեն և հարյուրավոր տարիներ գործածվել է Եվրոպայի բժշկական դպրոցներում։

Արաբական ձեռագիր, որում պատկերված են Աբուլկասիսի վիրաբուժական գործիքները

ԱԲՈՒԼԿԱՍԻՍԸ նույնպես մեծ դեր է ունեցել բժշկության պատմության մեջ։ 10-րդ դարի այս նորարարը Անդալուզիայից էր, որը ժամանակակից Իսպանիայում է։ Նա 30 հատորից բաղկացած համառոտ ձեռնարկ է գրել, այդ թվում 300 էջանոց գիտական շարադրանք վիրաբուժության մասին։ Դրանում նա նկարագրում է այնպիսի առաջատար պրոցեդուրաներ, ինչպիսիք են աղելարի օգտագործումը ներքին կարերի համար, միզապարկի քարերի հեռացումը՝ գործիքը միզուղու միջով անցկացնելով, վահանագեղձի արտահատումը և կատարակտի հեռացումը։

Աբուլկասիսն օգտագործել է այն, ինչ կոչվում է «համեմատաբար ժամանակակից կլինիկական մեթոդ»՝ դժվար ծննդաբերությունը հեշտացնելու և դուրս ընկած ուսերը տեղը գցելու համար։ Նա գործածության մեջ է մտցրել բամբակե վիրակապ դնելը և օգտագործել գիպսե վիրակապեր՝ ոսկորները տեղը գցելու և կպցնելու համար։ Աբուլկասիսը նաև նկարագրել է մեթոդներ դուրս ընկած ատամները կրկին տեղը դնելու, ատամների պրոթեզներ պատրաստելու, ատամների ձևախախտումները բուժելու և ատամնաքարերը հանելու վերաբերյալ։

 Վիրաբուժության մասին այս բժշկի գիտական շարադրանքում առաջին անգամ ներկայացված են վիրահատական գործիքներ։ Այնտեղ կան մոտ 200 վիրահատական գործիքների նկարներ և տրվում են ցուցումներ, թե ինչպես և երբ օգտագործել դրանք։ Նրա էսքիզներից մի քանիսը շատ քիչ փոփոխությունների են ենթարկվել հազարամյակի ընթացքում։

Ավիցեննան վերահսկում է ծաղիկի դեմ դեղամիջոցի պատրաստումը

Գիտելիքները տարածվում են դեպի արևմուտք

11-րդ և 12-րդ դարերում գիտնականները սկսեցին լատիներեն թարգմանել արաբական բժշկական տեքստերը, հատկապես Տոլեդոյում (Իսպանիա), Մոնտե-Կասսինոյում և Սալերնոյում (Իտալիա)։ Բժիշկները հետագայում ուսումնասիրեցին այդ թարգմանությունները լատինախոս Եվրոպայի համալսարաններում։ Այդպիսով Միջին Արևելքի բժշկագիտությունը «մուսուլմանական մյուս գիտություններից ավելի շատ թափանցեց Եվրոպա հաջորդող դարերում»,— ասում է գիտնական Ըսեն Մասուդը։

Փաստորեն, միջնադարյան բժշկագետների՝ Ռազեսի, Ավիցեննայի, Աբուլկասիսի և նրանց ժամանակակիցների հայտնագործություններն ու նորարարությունները կարող են իրավամբ համարվել ժամանակակից բժշկության հիմքը։