Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան  |  № 6 2017

Աստծու տված փրկանքը, որի շնորհիվ հավիտենական կյանքի հույս ունենք, երբևէ տրված լավագույն նվերն է

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | Ո՞ՐՆ Է ԵՐԲԵՎԷ ՏՐՎԱԾ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆՎԵՐԸ

Ո՞րն է լավագույն նվերը

Ո՞րն է լավագույն նվերը

«Ամեն բարի պարգև և ամեն կատարյալ նվեր վերևից է, քանի որ այն իջնում է երկնային լույսերի Հորից» (Հակոբոս 1։17)։ Այս համարը ցույց է տալիս, թե որքան առատաձեռն է մեր երկնային Հայրը՝ Եհովա Աստված։ Նա բազմաթիվ նվերներ է տվել մարդկանց, բայց կա մի նվեր, որը մնացած բոլոր նվերներից մեծագույնն է։ Ի՞նչ նվեր է դա։ Այդ մասին իմանում ենք Հիսուսի խոսքերից, որոնք գրված են Հովհաննես 3։16-ում. «Աստված այնքան շատ սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ամեն ոք, ով հավատ է դրսևորում նրա հանդեպ, չկործանվի, այլ հավիտենական կյանք ունենա»։

Իր միածին Որդու կյանքը, որ Աստված տվել է մեզ համար, անկասկած, մեծագույն նվերն է, որ կարող էինք ստանալ, քանի որ դրա շնորհիվ կարող ենք ազատվել մեղքի, ծերության և մահվան ստրկությունից (Սաղմոս 51։5; Հովհաննես 8։34)։ Որքան էլ փորձենք ազատվել այդ գերությունից, միևնույնն է, մեր ուժերով չենք կարող դա անել։ Սակայն քանի որ Աստված շատ է սիրում մեզ, տվել է այն, ինչ անհրաժեշտ էր մեզ ազատելու համար։ Իր միածին Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, որպես փրկանք տալով՝ Եհովա Աստված հնազանդ մարդկանց առաջ հավիտենական կյանքի հեռանկար է բացել։ Բայց ի՞նչ է փրկանքը։ Ինչո՞ւ էր այն անհրաժեշտ։ Ի՞նչ կարող ենք անել, որ օգուտ քաղենք դրանից։

Փրկանքը այն գինն է, որը վճարվում է որևէ բան հետ գնելու կամ որևէ մեկին գերությունից ազատելու համար։ Աստվածաշնչում ասվում է, որ մեր նախածնողները՝ Ադամն ու Եվան, ստեղծվել էին կատարյալ։ Նրանք և իրենց հետագա ժառանգները ունեին դրախտ-երկրում հավիտյան ապրելու հնարավորություն (Ծննդոց 1։26–28)։ Ցավոք, չհնազանդվելով Աստծուն՝ նրանք դարձան անկատար և կորցրեցին այդ ամենը։ Ի՞նչ եղավ արդյունքը։ Աստվածաշնչում գրված է. «Մեկ մարդու միջոցով մեղքը մտավ աշխարհ, և մեղքով էլ մահը, և այդպիսով մահը տարածվեց բոլոր մարդկանց վրա, որովհետև բոլորն էլ մեղք գործեցին» (Հռոմեացիներ 5։12)։ Իր ժառանգներին կատարյալ կյանք փոխանցելու փոխարեն՝ Ադամը նրանց փոխանցեց մեղք և դրա հետևանքը՝ մահ։

Փրկանքի գինը պետք է համահավասար լիներ կորցված կյանքի գնին։ Գիտակցաբար չհնազանդվելով Աստծուն՝ Ադամը մեղք գործեց և դրա հետևանքով կորցրեց կատարյալ մարդկային կյանքը։ Աստվածաշնչում կարդում ենք, որ դրա պատճառով նրա բոլոր ժառանգները ընկան մեղքի ու մահվան գերության մեջ։ Այդ գերությունից մարդկանց ազատելու համար պահանջվեց մեկ այլ կատարյալ մարդու կյանք՝ Հիսուսի կյանքը (Հռոմեացիներ 5։19; Եփեսացիներ 1։7)։ Միայն Աստծու տված փրկանքի շնորհիվ է, որ մարդկությունը հնարավորություն ունի ձեռք բերելու այն, ինչ կորցրեցին Ադամն ու Եվան՝ հավիտենական կյանք դրախտ-երկրում (Հայտնություն 21։3–5

Հաշվի առնելով այն, ինչ հնարավոր է դարձել փրկանքի շնորհիվ՝ կասկած չկա, որ փրկանքը Աստծու տված մեծագույն նվերն է։ Այո՛, դրա շնորհիվ մենք հավիտենական կյանքի հույս ունենք։ Որպեսզի հասկանանք, թե ինչու է դա «կատարյալ նվեր», տեսնենք թե նախորդ հոդվածում քննարկված չորս գործոններն ինչպես են անգերազանցելի կերպով կիրառվել այս նվերը տալու պարագայում։

Հնարավոր է դարձրել մեր ցանկությունների իրագործումը։ Մենք ի ծնե հավիտյան ապրելու մեծ ցանկություն ունենք (Ժողովող 3։11)։ Մենք ի վիճակի չենք մեր սեփական ուժերով իրագործելու մեր այդ ցանկությունը, սակայն փրկանքը դա հնարավոր է դարձրել  մեզ համար։ Աստվածաշունչն ասում է. «Մեղքի տված վարձը մահն է, բայց Աստծու տված պարգևը՝ հավիտենական կյանք մեր Տեր Քրիստոս Հիսուսի միջոցով» (Հռոմեացիներ 6։23

Բավարարել է անհրաժեշտ կարիք։ Մարդիկ չէին կարող տալ փրկանքը։ Աստվածաշնչում ասվում է. «Այնքան բարձր է նրանց հոգու փրկագինը, որ դարերով մնում է չվճարված» (Սաղմոս 49։8)։ Այդ պատճառով մենք անչափ շատ ունեինք Աստծու օգնության կարիքը մեղքի ու մահվան գերությունից ազատվելու համար։ Բայց «Քրիստոս Հիսուսի վճարած փրկանքով» Աստված տվեց հենց այն, ինչ անհրաժեշտ էր դրա համար (Հռոմեացիներ 3։23, 24

Տրվել է ճիշտ ժամանակին։ Աստվածաշնչում ասվում է. «Քրիստոսը մահացավ մեզ համար, երբ մենք դեռ մեղավորներ էինք» (Հռոմեացիներ 5։8)։ Փաստորեն, Աստված փրկանքը տվեց այն ժամանակ, «երբ մենք դեռ մեղավորներ էինք», ինչը փաստում է, որ Աստված խորապես սիրում է մեզ՝ չնայած մեր մեղավոր վիճակին։ Ու թեպետ մենք դեռևս կրում ենք մեղքի հետևանքները, բայց փրկանքի շնորհիվ մեր առջև հիանալի հեռանկար է բացվել։

Տրվել է վեհ ու անեսասեր մղումով։ Աստվածաշունչը ցույց է տալիս, թե ինչն է մղել Աստծուն իր Որդուն որպես փրկանք տալու. «Աստված իր սերը նրանով դրսևորեց մեր հանդեպ, որ իր միածին Որդուն աշխարհ ուղարկեց, որպեսզի նրա միջոցով կյանք ստանանք։ Ահա սրանում է սերը. ոչ թե մենք սիրեցինք Աստծուն, այլ նա սիրեց մեզ» (1 Հովհաննես 4։9, 10

Ինչպե՞ս կարող եք ցույց տալ, որ գնահատում եք երբևէ տրված մեծագույն նվերը։ Մտածեք Հիսուսի խոսքերի շուրջ, որ գրված են Հովհաննես 3։16-ում։ Այնտեղ ասվում է, որ կփրկվեն միայն նրանք, ովքեր «հավատ կդրսևորեն» Հիսուսի հանդեպ։ Ինչպես նշվում է Աստվածաշնչում, հավատը «լիակատար համոզվածությունն է այն բանում, որ հույսերը կիրականանան» (Եբրայեցիներ 11։1)։ Նման համոզվածություն ունենալու համար ճշգրիտ գիտելիքներ են անհրաժեշտ։ Ուստի հորդորում ենք ձեզ, որ ժամանակ տրամադրեք ու սովորեք Եհովա Աստծու՝ այդ «կատարյալ նվերը» Տվողի մասին և այն մասին, թե ինչպես կարող եք հասնել հավիտենական կյանքին, որը հնարավոր է դարձել Հիսուսի քավիչ զոհի շնորհիվ։

Դուք կարող եք ավելին իմանալ այս ամենի մասին՝ ուսումնասիրելով www.jw.org/hy կայքում առկա տեղեկությունները, որոնք հիմնված են Աստվածաշնչի վրա։ Եհովայի վկաները սիրով կօգնեն ձեզ այդ հարցում։ Համոզված ենք, որ երբ ավելի շատ բան իմանաք Աստծու տված մեծագույն նվերի մասին և օգուտներ քաղեք դրանից, կմղվեք ասելու. «Շնորհակալ եմ Աստծուն մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով» (Հռոմեացիներ 7։25