Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան  |  № 6 2017

Ճիշտ տեսակետ սխալների վերաբերյալ

Ճիշտ տեսակետ սխալների վերաբերյալ

Դոնին ու Մարգրետին * այցելության էր եկել նրանց աղջիկը՝ իր ընտանիքով։ Երբ նրանք արդեն պետք է տուն վերադառնային, Մարգրետը, որը թոշակի անցած հմուտ խոհարար էր, որոշեց հրաժեշտի ընթրիքին պատրաստել իր երկու թոռների սիրած ուտեստը՝ պանրով մակարոն։

Երբ արդեն բոլորը նստած էին, Մարգրետը բերեց գլխավոր ուտեստը և դրեց սեղանի կենտրոնում։ Բայց երբ բարձրացրեց կափարիչը ի զարմանս իրեն՝ տեսավ, որ տարայի մեջ միայն հալված պանրի սոուսն էր։ Նա մոռացել էր գլխավոր բաղադրիչը՝ մակարոնը։

Անկախ մեր տարիքից ու կյանքի փորձից՝ բոլորս էլ սխալներ անում ենք։ Երբեմն գուցե անմտածված խոսք ասենք, ոչ ճիշտ ժամանակ ընտրենք ինչ-որ բան անելու համար, կամ պարզապես մի բան աչքաթող անենք, մոռանանք։ Բայց առհասարակ ինչո՞ւ են սխալներ լինում։ Ինչպե՞ս պետք է վերաբերվենք դրանց։ Եվ կարո՞ղ ենք արդյոք խուսափել դրանցից։ Այս հարցերի պատասխանները գտնելու համար նախ տեսնենք, թե որն է սխալների մասին ճիշտ տեսակետը։

ՍԽԱԼՆԵՐ. ՄԵՐ ՏԵՍԱԿԵՏԸ ԵՎ ԱՍՏԾՈՒ ՏԵՍԱԿԵՏԸ

Երբ մի բան լավ ենք անում, ուրախությամբ ընդունում ենք դրա համար ասվող գովասանքի ու երախտագիտության խոսքերը, քանի որ թերևս զգում ենք, որ արժանացել ենք դրան։ Իսկ երբ սխալ ենք անում, չպե՞տք է արդյոք նույն պատրաստակամությամբ ընդունենք մեր մեղքը, անգամ եթե դա արել ենք ոչ դիտավորյալ, կամ ուրիշները չեն նկատել դա։ Այդպես վարվելու համար խոնարհություն է անհրաժեշտ։

Եթե ինքներս մեր մասին չափազանց մեծ կարծիք ունենք, թերևս կփորձենք մեղմացնել մեր սխալը, մեղքը կգցենք ուրիշի վրա կամ նույնիսկ կժխտենք, որ նման բան ենք արել։ Սակայն այդպիսի վարվելակերպը սովորաբար բացասական արդյունք է բերում. խնդիրը մնում է չլուծված, և ուրիշ մարդիկ են անարդարացիորեն մեղադրվում։ Պետք է հիշենք, որ նույնիսկ եթե հիմա մեզ հաջողվի խուսափել մեր գործած սխալի համար պատասխանատվություն կրելուց, միևնույնն է, վերջիվերջո «մեզանից յուրաքանչյուրը իր անձի համար պիտի հաշիվ տա Աստծուն» (Հռոմեացիներ 14։12

Աստծու տեսակետը սխալների վերաբերյալ միանգամայն իրատեսական է։ «Սաղմոսներ» գրքում Աստծու մասին ասվում է, որ նա «բարեգութ է և ողորմած», «իր մտքում ընդմիշտ չի պահում մեր սխալները, և ոչ էլ հավիտենապես ոխ է պահում»։ Նա հասկանում է, որ մենք՝ մարդիկս, անկատար ենք և ի ծնե բազում թուլություններ ու թերություններ ունենք. նա «հիշում է, որ հող ենք մենք» (Սաղմոս 103։8, 9, 14

Ավելին, Աստված, լինելով մեր գթառատ հայրը, ցանկանում է, որ մենք՝ նրա զավակներս, սխալների մասին ունենանք նույն տեսակետը, ինչ ինքն ունի (Սաղմոս 130։3)։ Իր Խոսքի մեջ նա բազմաթիվ խորհուրդներ ու սկզբունքներ է տվել մեզ, որ սովորենք ճիշտ վերաբերվել թե՛ մեր, թե՛ ուրիշ մարդկանց սխալներին։

ԻՆՉՊԵ՞Ս ՎԵՐԱԲԵՐՎԵԼ ՍԽԱԼՆԵՐԻՆ

Հաճախ, երբ մարդ սխալ է գործում, շատ ժամանակ ու զգացական ուժեր է ծախսում՝ փորձելով պարզել, թե ով մեղքի ինչ բաժին ունի դրա մեջ և արդարացնել իր ասածը կամ արածը։ Այդպես վարվելու  փոխարեն՝ ավելի լավ չի՞ լինի պարզապես ներողություն խնդրել, շտկել սխալը և պահպանել լավ փոխհարաբերությունները։ Եթե ինչ որ սխալ բան եք արել և որոշ անհարմարություններ, գուցե նույնիսկ ավելի մեծ վնաս եք պատճառել ինքներդ ձեզ կամ մեկ ուրիշին, ապա ինքնախարազանմամբ զբաղվելու կամ ուրիշներին մեղադրելու փոխարեն՝ ավելի լավ կլինի՝ ամեն բան անեք իրավիճակը շտկելու համար։ Եթե պնդեք, որ ուրիշներն են մեղավոր, ըստ ամենայնի, լարված իրավիճակը անհարկի կձգձգվի, և խնդիրն ավելի կխորանա։ Ուստի դասեր քաղեք, շտկեք սխալը և առաջ գնացեք։

Իսկ երբ մեկ ուրիշն է սխալ անում, սովորաբար անմիջապես քննադատական վերաբերմունք ենք դրսևորում։ Բայց մի՞թե ավելի լավ չի լինի հետևել Հիսուս Քրիստոսի հետևյալ խորհրդին. «Ուրեմն այն, ինչ ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, նույնը դուք արեք նրանց» (Մատթեոս 7։12)։ Երբ սխալ եք անում, անգամ փոքր սխալ, անկասկած ուզում եք, որ ուրիշները ըմբռնումով վերաբերվեն ձեզ կամ նույնիսկ ընդհանրապես անտեսեն ձեր սխալը։ Ուրեմն մի՞թե չպետք է մենք էլ նույն կերպ վերաբերվենք ուրիշներին (Եփեսացիներ 4։32

ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ, ՈՐՈՆՔ ՕԳՆՈՒՄ ԵՆ ԱՎԵԼԻ ՔԻՉ ՍԽԱԼՆԵՐ ԱՆԵԼ

Ինչպես բացատրվում է մի բառարանում, սխալները լինում են «ոչ ճիշտ դատողության, ոչ բավարար տեղեկության կամ անուշադրության արդյունքում»։ Եվ պետք է ընդունենք, որ ժամանակ առ ժամանակ մեզանից յուրաքանչյուրի կյանքում էլ գուցե ի հայտ գան նշված գործոններից մեկնումեկը կամ մի քանիսը։ Այդուհանդերձ, սխալներն ավելի քիչ կլինեն, եթե կիրառենք որոշ հիմնական աստվածաշնչյան սկզբունքներ։

Այդպիսի մի սկզբունք գտնում ենք Առակներ 18։13 համարում։ Այնտեղ կարդում ենք. «Եթե ինչ-որ մեկը բանը չլսած պատասխան է տալիս, ապա դա հիմարություն է նրա կողմից և նվաստացուցիչ է»։ Եթե մի քանի րոպե տրամադրեք, որ մինչև վերջ լսեք և մտածեք, թե ինչ պատասխանեք, դա կօգնի, որ հապճեպ պատասխան չտաք և սուր չարձագանքեք։ Անչափ կարևոր է ուշադիր լսել և ճիշտ տեղեկություն ձեռք բերել, քանի որ դա կօգնի խուսափել սխալ դատողություններից և սխալ վարվելուց։

Մեկ այլ աստվածաշնչյան սկզբունք գրված է Հռոմեացիներ 12։18 համարում, որտեղ ասվում է. «Եթե հնարավոր է, որքանով որ ձեզանից է կախված, խաղաղություն ունեցեք բոլոր մարդկանց հետ»։ Ամեն բան արեք խաղաղության ու համագործակցության մթնոլորտ ստեղծելու և պահպանելու համար։ Ուրիշների հետ աշխատելիս եղեք նրբանկատ ու հարգալից և ձգտեք գովել ու քաջալերել նրանց։ Նման մթնոլորտում շատ ավելի հեշտ է ներել կամ անտեսել անմտածված խոսքերն ու արարքները և բարեկամական ոգով հարթել ավելի լուրջ տարաձայնությունները։

Հիշեք, որ սխալից էլ կարելի է դրական բան սովորել։ Փոխանակ ձեր արածի կամ ասածի համար արդարացում փնտրելու՝ համարեք դա ձեր մեջ դրական հատկություններ զարգացնելու հնարավորություն։ Գուցե կարիք կա ավելի շատ համբերատարություն, բարություն, ինքնատիրապետում դրսևորելու։ Կամ գուցե ավելի շատ մեղմության, խաղաղության և սիրո կարիք կա (Գաղատացիներ 5։22, 23)։ Համենայն դեպս, սխալից կարող եք սովորել, թե ինչ չպետք է անեք հաջորդ անգամ։ Թեև անհրաժեշտ է ընդունել սխալները, սակայն մյուս կողմից՝ պետք չէ չափազանց ցավագին վերաբերվել դրանց։

ՃԻՇՏ ՏԵՍԱԿԵՏ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՕԳՈՒՏՆԵՐԸ

Սխալների վերաբերյալ ճիշտ տեսակետ ունենալը կօգնի, որ դրանց բախվելիս խելամիտ մոտեցում ցուցաբերենք և բարելավումներ անենք։ Այդպիսով խաղաղություն կունենանք և՛ ինքներս մեզ հետ, և՛ ուրիշների։ Եթե ձգտենք դաս քաղել մեր սխալներից, ավելի իմաստուն ու հաճելի անձնավորություն կդառնանք։ Նաև չափից շատ չենք վհատվի ու թերարժեքության զգացումով չենք լցվի։ Հասկանալով, որ ուրիշները նույնպես պայքարում են իրենց սխալների դեմ, ավելի կմտերմանանք նրանց հետ։ Իսկ ամենակարևորն այն է, որ մեծ օգուտներ կքաղենք, եթե սեր դրսևորելու ու ներողամիտ լինելու հարցում ընդօրինակենք Աստծուն (Կողոսացիներ 3։13

Արդյոք Մարգրետի սխալը, որի մասին նշվեց հոդվածի սկզբում, փչացրե՞ց ընտանեկան հավաքույթի ուրախ մթնոլորտը։ Ամենևի՛ն։ Բոլորը, այդ թվում Մարգրետը, այդ իրավիճակի զվարճալի կողմն էին տեսնում։ Այնպես որ հաճույքով վայելեցին իրենց ընթրիքը՝ առանց մակարոնի։ Հետագայում Մարգրետի երկու թոռները իրենց երեխաներին պատմում էին այդ անմոռանալի ընթրիքի և իրենց տատիկ-պապիկի հետ կապված ջերմ հիշողությունների մասին։ Վերջիվերջո, Մարգրետի արածը ընդամենը սխալ էր։

^ պարբ. 2 Անունները փոխված են։

Իմացիր ավելին

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՐՑԵՐ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ

Աստված կների՞ ինձ

Նկատի առեք, թե ինչ է ասում Աստվածաշունչը այն մասին, թե ինչպես արժանանալ Աստծու ներողամտությանը։