Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան  |  № 6 2017

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | Ո՞ՐՆ Է ԵՐԲԵՎԷ ՏՐՎԱԾ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆՎԵՐԸ

Լավագույն նվերի որոնումներով

Լավագույն նվերի որոնումներով

Հեշտ չէ որոշել, թե ինչը կարող է իդեալական նվեր լինել մարդու համար։ Ի վերջո, նվերը ստացողը ինքն է որոշում՝ որքանով է արժեքավոր տվյալ նվերը իր համար։ Եվ այն, ինչ արժեքավոր է մեկի համար, գուցե բնավ էլ այդպիսին չլինի մեկ ուրիշի համար։

Օրինակ՝ դեռահասի համար գուցե լավագույն նվեր համարվի որևէ նորագույն էլեկտրոնային սարքավորում։ Բայց չափահաս անհատը թերևս թանկ համարի այն նվերը, որը ջերմ զգացմունքներ կամ հուշեր է արթնացնում, օրինակ՝ ընտանեկան ժառանգություն հանդիսացող ինչ-որ իր։ Որոշ մշակույթներում թե՛ երիտասարդների, թե՛ տարեցների համար ցանկալի նվեր է փողը, քանի որ դրանով անհատը կարող է գնել այն, ինչ ինքն է ցանկանում։

Ինչքան էլ դժվար լինի նվեր ընտրելը, բազում հոգատար մարդիկ շարունակում են ջանքեր թափել, որ իրենց համար թանկ մարդուն լավագույն նվերը տան։ Թեև գուցե ոչ միշտ հաջողվի գտնել լավագույն նվերը, բայց մի քանի գործոններ հաշվի առնելով՝ ավելի կմեծացնեք ճիշտ ընտրություն կատարելու հավանականությունը։ Այս հոդվածում կքննենք չորս գործոններ, որոնք կարող են նպաստել, որ մեր ընտրած նվերը ուրախություն ու բավականություն պատճառի նրան, ում կնվիրենք։

Նվերը ստացողի ցանկությունները։ Բելֆաստում (Հյուսիսային Իռլանդիա) ապրող մի մարդ հիշում է, որ երբ մոտ տասը-տասնմեկ տարեկան էր, իրեն հեծանիվ նվիրեցին, և դա իր ստացած լավագույն նվերն էր։ Իսկ ինչո՞ւ էր դա լավագույն նվերը նրա համար։ Նա ասում է. «Որովհետև շատ էի ուզում հեծանիվ ունենալ»։ Այս մարդու խոսքերից երևում է, որ անհատի ցանկությունները մեծ դեր ունեն այն հարցում, թե արդյոք նա կհավանի իրեն տրված նվերը, թե ոչ։ Ուստի նախքան նվեր ընտրելը մտածիր այն մարդու մասին, ում ցանկանում ես նվիրել այն։ Փորձիր պարզել, թե ինչն է նա արժեքավոր համարում, որովհետև մարդու արժեքները հաճախ ազդում են նրա ցանկությունների վրա։ Օրինակ՝ տարեցները սովորաբար շատ թանկ են համարում իրենց ընտանիքի անդամների հետ ժամանակ անցկացնելը։ Նրանք գուցե ցանկանան որքան հնարավոր է հաճախ տեսնել իրենց երեխաներին ու թոռներին։ Ուստի, ըստ ամենայնի, նրանց համար լավագույն նվերը ընտանիքի հետ հանգստանալու գնալը կլինի։

Անհատի ցանկություններն իմանալու համար հարկավոր է ուշադրությամբ լսել նրան։ Աստվածաշունչը հորդորում է մեզ «արագ լինել լսելու մեջ, դանդաղ՝ խոսելու մեջ» (Հակ. 1։19)։ Առօրյայում ձեր ընկերների  և հարազատների հետ զրուցելիս ուշադիր եղեք, որ նրանց արտահայտած մտքերից հասկանաք, թե ինչ են նրանք սիրում և ինչ չեն սիրում։ Այդպիսով ավելի հեշտ կլինի ընտրել այնպիսի նվեր, որը նրանց դուր կգա։

Նվերը ստացողի կարիքները։ Անհատը, ըստ ամենայնի, մեծապես կգնահատի իրեն տրված անգամ ամենահասարակ նվերը, եթե այն բավարարի իր կարիքներից որևէ մեկը։ Բայց ինչպե՞ս կարելի է իմանալ, թե մարդ ինչի կարիք ունի։

Թերևս մտածեք, որ ամենահեշտ տարբերակն այն է, որ հարցնեք, թե ինչի կարիք ունի մարդը, կամ էլ, ինչո՞ւ ոչ, հարցնեք՝ ինչ է նա ուզում։ Սակայն նվեր տալու այդ տարբերակը շատերին այդքան էլ մեծ ուրախություն չի պարգևում, որովհետև իրենք կգերադասեին անակնկալ մատուցել անհատին ու զարմացնել իրենց կատարած ճիշտ ընտրությամբ։ Բացի այդ՝ թեև ոմանք առանց կաշկանդվելու խոսում են իրենց սիրած ու չսիրած բաների մասին, բայց շատ հաճախ նախընտրում են չխոսել իրենց կարիքների մասին։

Այդ պատճառով ձգտեք դիտունակ լինել ու հաշվի առեք տվյալ մարդու հանգամանքները։ Արդյոք նա երիտասա՞րդ է, թե՞ տարեց, ամուրի՞ է, թե՞ ամուսնացած, գուցե այրի՞ է, աշխատո՞ւմ է, թե՞ թոշակի է անցել։ Այնուհետև մտածեք, թե ինչ նվեր կարելի է ընտրել, որ այն համապատասխանի անհատի կարիքներին։

Որպեսզի հասկանաք, թե ինչի կարիք ունի տվյալ անհատը, ում ցանկանում եք նվեր տալ, խորհրդակցեք նրանց հետ, ովքեր ունեցել են նույն հանգամանքները, ինչ նա։ Գուցե նրանք պատմեն, թե ինչ հատուկ կարիքներ կան, որոնց մասին ուրիշները թերևս այդքան էլ տեղյակ չլինեն։ Նման տեղեկություններ ունենալով՝ կկարողանաք ընտրել անհատի որևէ առանձնահատուկ կարիքը լրացնող մի նվեր, որը, հավանաբար, ուրիշների մտքով չի անցել։

Նվերը տալու ճիշտ ժամանակը։ Աստվածաշունչն ասում է. «Ճիշտ ժամանակին ասված խոսքը որքա՜ն լավ է» (Առակներ 15։23)։ Այս համարը ցույց է տալիս, որ շատ կարևոր է խոսելու համար ճիշտ ժամանակ ընտրել։ Նույնն է պարագան նաև որևէ բան անելու հետ կապված։ Ինչպես որ ճիշտ ժամանակին ասված խոսքերը կարող են շատ հաճելի լինել լսողին, այնպես էլ ճիշտ ժամանակին և համապատասխան առիթի դեպքում տրված նվերը կարող է մեծ ուրախություն պատճառել այն ստացողին։

Գուցե ձեր ընկերը ամուսնանում է, կամ ձեզ ծանոթ մի պատանի դպրոցն է ավարտում, հնարավոր է՝ ձեզ մտերիմ ամուսնական մի զույգ երեխայի է սպասում։ Սրանք ընդամենը մի քանիսն են այն բազմաթիվ առիթներից, որոնց ժամանակ սովորաբար մարդիկ նվերներ են տալիս։ Ոմանք ունեն հատուկ մի ցուցակ, որում նշում են այն բոլոր հատուկ առիթները, որոնք լինելու են գալիք տարում։ Այսպիսով նրանք կարողանում են նախապես լավագույն նվերը ընտրել տվյալ առիթի համար։ *

Իհարկե, պարտադիր չէ միայն հատուկ առիթների դեպքում նվերներ տալ։ Տալու բերկրանքը կարելի է վայելել ցանկացած ժամանակ։ Այնուամենայնիվ, այս հարցում գուցե հարկ լինի փոքր-ինչ զգուշություն դրսևորել։ Օրինակ՝ եթե տղամարդը առանց որևէ ակնհայտ պատճառի ինչ-որ կնոջ մի բան է նվիրում, վերջինս գուցե եզրակացնի, թե նա անտարբեր չէ իր հանդեպ և ցանկանում է իրեն ավելի մոտիկից ճանաչել։ Եթե տղամարդը իրականում նման մտադրություն չունի և նման քայլ է անում, դա կարող է թյուրիմացություններ առաջացնել։ Ահա թե ինչու է կարևոր քննել նաև չորրորդ գործոնը՝ տվողի մղումները։

Նվերը տվողի մղումները։ Ինչպես տեսանք վերոհիշյալ օրինակից, լավ կլինի՝ նվեր տվողը մտածի, թե արդյոք դիմացինը սխալ չի հասկանա իր մղումները։ Մյուս կողմից, սակայն, ճիշտ կլինի, որ նվեր տվողը քննի իր մղումները։ Թեև մեծ մասամբ մարդիկ կարծում են, որ իրենք վեհ մղումներից ելնելով են նվերներ տալիս, սակայն տարվա մեջ որոշակի օրերի շատերը ստիպված են նվերներ տալիս։ Ոմանք էլ նվերներ են տալիս հատուկ վերաբերմունքի արժանանալու կամ փոխադարձ որևէ բան ստանալու ակնկալիքով։

Իսկ ինչպե՞ս կարող եք հավաստիանալ՝ ճիշտ մղումներով եք նվերներ տալիս, թե ոչ։ Աստվածաշունչն ասում է. «Ձեր բոլոր գործերը թող սիրով լինեն» (1 Կորնթացիներ 16։14)։ Եթե դիմացինի հանդեպ անկեղծ սերն ու հոգատարությունն են ձեզ մղում նվեր տալու, ապա, ըստ ամենայնի, այն ուրախություն կպատճառի նրան, և դուք էլ ավելի մեծ բերկրանք կապրեք, բերկրանք, որ բերում է ի սրտե առատաձեռնություն դրսևորելը։ Երբ սրտանց ենք նվերներ տալիս, դա ուրախացնում է նաև մեր երկնային Հորը։ Պողոս առաքյալը գովեց հին Կորնթոսի քրիստոնյաներին, երբ վերջիններս առատաձեռնորեն և ուրախությամբ աջակցեցին Հրեաստանի իրենց հավատակիցներին,  ովքեր կարիքի մեջ էին։ Պողոսը նրանց գրեց. «Աստված ուրախությամբ տվողին է սիրում» (2 Կորնթացիներ 9։7

Վերոհիշյալ գործոնները հաշվի առնելը մեծապես կօգնի, որ կարողանաք տալ այնպիսի նվերներ, որոնք ուրախություն կպատճառեն մարդկանց։ Այս և ուրիշ գործոններ մեծ դեր են ունեցել այն հարցում, թե ինչպես է Աստված մարդկանց տվել մի նվեր, որը երբևէ տրված նվերներից մեծագույնն է։ Իսկ թե դա ինչ նվեր է, կիմանանք հաջորդ հոդվածում։

^ պարբ. 13 Շատ մարդիկ նվերներ են տալիս նաև ծննդյան տարեդարձների և տոների կապակցությամբ։ Բայց այս առիթներից շատերը կապ ունեն այնպիսի սովորույթների հետ, որոնք հակասում են Աստվածաշնչին (տես «Դիտարանի» այս համարի «Մեր ընթերցողները հարցնում են» խորագրի «Քրիստոնյաները պե՞տք է նշեն Սուրբ Ծնունդը» հոդվածը)։