Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան  |  № 5 2017

Կնոջս՝ Տաբիթայի հետ մասնակցում եմ քարոզչական ծառայությանը

 ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽՈՒՄ Է ԿՅԱՆՔԵՐԸ

Ինձ համար Աստված գոյություն չուներ

Ինձ համար Աստված գոյություն չուներ
  • ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԹԻՎԸ՝ 1974

  • ԵՐԿԻՐԸ՝ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

  • ՆԱԽԿԻՆՈՒՄ՝ ԱԹԵԻՍՏ

ԻՄ ԱՆՑՅԱԼԸ

Ծնվել եմ նախկին Գերմանական Դեմոկրատական Հանրապետությունում (ԳԴՀ)՝ Սաքսոնիայի գյուղերից մեկում։ Մեր տանը սիրով լի ջերմ մթնոլորտ էր տիրում։ Ծնողներս բարոյական բարձր արժեքներ էին սերմանում իմ մեջ։ ԳԴՀ-ն կոմունիստական պետություն էր, այդ պատճառով Սաքսոնիայի բնակիչների մեծ մասի համար կրոնը անկարևոր մի բան էր։ Ինձ համար Աստված գոյություն չուներ։ Կյանքիս առաջին 18 տարիներին իմ աշխարհայացքները ձևավորել էին երկու գաղափարախոսություններ՝ աթեիզմն ու կոմունիզմը։

Կոմունիզմի գաղափարախոսությունը մոտ էր իմ սրտին, քանի որ ինձ դուր էր գալիս այն միտքը, որ բոլոր մարդիկ հավասար են։ Բացի այդ, ես կարծում էի, որ հանրային ունեցվածքը պետք է արդար կերպով բաշխվեր, քանի որ դա վերջ կդներ երկու ծայրահեղություններին՝ հարստությանն ու աղքատությանը։ Ուստի ներգրավվեցի կոմունիստական երիտասարդական միության մեջ։ Երբ 14 տարեկան էի, շատ ժամանակ էի տրամադրում թղթի թափոնի վերամշակման բնապահպանական մի ծրագրի իրականացմանը։ Էու փոքր քաղաքի պաշտոնյաները, իրենց երախտագիտությունն արտահայտելով իմ ջանքերի համար, ինձ շնորհեցին այդ քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում։ Մտածում էի, որ ճիշտ նպատակներ եմ հետապնդում, և որ ինձ պայծառ ապագա է սպասում։

Սակայն իմ աշխարհը անսպասելիորեն քանդվեց։ 1989 թ.-ին Բեռլինի պատը ընկավ, և դրա հետ փլուզվեց նաև Արևելյան Եվրոպայի կոմունիստական բլոկը։ Մի ցնցմանը հաջորդեց մյուսը։ Շուտով հայտնաբերեցի, որ անարդարությունը սովորական բան էր ԳԴՀ-ում։ Օրինակ՝ կոմունիզմին չսատարող մարդկանց վերաբերվում էին որպես երկրորդ կարգի քաղաքացիների։ Չէի հասկանում, թե ինչպես էր դա հնարավոր։ Չէ՞ որ մենք՝ կոմունիստներս, համարում էինք, որ բոլոր մարդիկ հավասար են։ Մի՞թե կոմունիզմը միայն պատրանք էր։ Շատ մտահոգված էի։

Ուստի փոխեցի առաջնահերթություններս և կենտրոնացա երաժշտության ու նկարչության վրա։ Ընդունվեցի երաժշտական ակադեմիա, և հնարավորություն կար ուսումս շարունակելու համալսարանում։ Երազում էի երաժշտի ու նկարչի կարիերայի մասին։ Այլևս չէի ապրում փոքր տարիքում սովորած իմ բարոյական արժեքներով։ Այժմ ինձ համար ամենակարևորը լավ ժամանակ անցկացնելն էր։ Ես միաժամանակ մի քանի աղջիկների հետ էի հանդիպում։ Սակայն երաժշտությունը, արվեստը և ազատ ապրելակերպը չփարատեցին իմ մտահոգությունները։ Նույնիսկ իմ նկարած նկարներում հիվանդագին վախ էր արտացոլված. ինչպիսի՞ն կլինի ապագան, ո՞րն է կյանքի իմաստը։

 Երբ ի վերջո գտա իմ հարցերի պատասխանները, ապշած մնացի։ Մի երեկո ակադեմիայում մի խումբ ուսանողների հետ նստած՝ խոսում էինք ապագայի մասին։ Մենդին *, որը ուսանողուհի էր ու Եհովայի վկա, ճիշտ ուղղություն ցույց տվեց ինձ։ Նա ասաց. «Անդրեա՛ս, եթե ուզում ես գտնել կյանքի ու ապագայի վերաբերյալ քո հարցերի պատասխանները, փնտրիր դրանք Աստվածաշնչում»։

Նրա ասածները կասկած և միևնույն ժամանակ հետաքրքրություն առաջացրին իմ մեջ։ Ի վերջո, հետաքրքրությունը հաղթեց։ Մենդին խնդրեց ինձ, որ կարդամ «Դանիել» գրքի 2-րդ գլուխը, և այն, ինչ կարդացի այնտեղ, ցնցեց ինձ։ Այդ մարգարեության մեջ խոսվում է մի քանի աշխարհակալ ուժերի՝ կառավարությունների մասին, որ մեծ ազդեցություն էին ունենալու մինչև մեր օրերը։ Մենդին ինձ նաև աստվածաշնչյան այլ մարգարեություններ ցույց տվեց, որոնք վերաբերում են ապագային։ Վերջապես ես գտա իմ հարցերի պատասխանները։ Բայց ո՞վ էր գրել այդ մարգարեությունները, և ո՞վ կարող էր այդքան ճշգրտորեն կանխագուշակել ապագան։ Մի՞թե Աստված իրականում գոյություն ունի։

ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ

Մենդին ինձ ծանոթացրեց Վկա մի ամուսնական զույգի՝ Հորստի և Անգելիկայի հետ, որոնք օգնեցին ինձ ըմբռնելու Աստծու Խոսքը։ Ես շատ արագ հասկացա, որ միայն Եհովայի վկաներն են, որ հետևողականորեն գործածում են Աստծու անունը՝ Եհովա, և մարդկանց ուշադրությունը հրավիրում են այդ անվան վրա (Սաղմոս 83։18; Մատթեոս 6։9)։ Իմացա, որ Եհովա Աստված մարդկանց դրախտային երկրի վրա հավիտյան ապրելու հեռանկար է տալիս։ Սաղմոս 37։9-ում ասվում է. «Եհովային վստահողները երկիրը կժառանգեն»։ Ինձ անչափ դուր էր գալիս այն, որ այդ հեռանկարը տրվում է բոլոր նրանց, ովքեր ձգտում են ապրել վարքի վերաբերյալ Աստծու սահմանած չափանիշներով, որոնք գրված են Աստվածաշնչում։

Սակայն Աստվածաշնչին ներդաշնակ ապրելու և կյանքս փոխելու համար ինձնից մեծ ջանքեր պահանջվեցին։ Որպես երաժիշտ և նկարիչ՝ ես հաջողությունների էի հասել, այդ պատճառով հպարտ էի դարձել։ Ուստի նախ պետք է խոնարհություն զարգացնեի։ Բացի այդ, ինձ համար հեշտ չէր թողնել անբարո ապրելակերպը։ Որքա՜ն երախտապարտ եմ Եհովային, որ նա համբերություն, ողորմություն և հասկացողություն է դրսևորում նրանց հանդեպ, ովքեր ամեն ջանք թափում են աստվածաշնչյան խորհուրդները կիրառելու համար։

Կոմունիզմն ու աթեիզմը ձևավորեցին ինձ կյանքիս առաջին 18 տարիների ընթացքում։ Դրանից հետո Աստվածաշունչը սկսեց վերափոխել ինձ։ Այն, ինչ իմացա Սուրբ Գրքից, վերացրեց ապագայի վերաբերյալ իմ մտահոգությունները և իմաստ հաղորդեց կյանքիս։ 1993 թ.-ին ես մկրտվեցի՝ դառնալով Եհովայի վկա, իսկ 2000 թ.-ին ամուսնացա Տաբիթա անունով մի նախանձախնդիր Վկայի հետ։ Մենք հնարավորինս շատ ժամանակ ենք տրամադրում, որ օգնենք ուրիշներին իմանալու Աստվածաշունչը։ Մեզ հանդիպած շատ մարդկանց աշխարհայացքները նույնպես ձևավորվել են կոմունիզմի և աթեիզմի գաղափարախոսություններով։ Ես բավարարվածության մեծ զգացում եմ ունենում, երբ ցույց եմ տալիս նրանց, թե ինչպես կարող են ճանաչել Եհովային։

ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ

Երբ նոր էի սկսել շփվել Եհովայի վկաների հետ, ծնողներս ահ ու սարսափի մեջ էին։ Սակայն հետո նրանք տեսան, թե այդ շփումը ինչ դրական ազդեցություն է թողնում ինձ վրա։ Ուրախ եմ, որ այժմ նրանք կարդում են Աստվածաշունչը և հաճախում են Եհովայի վկաների քրիստոնեական հանդիպումներին։

Ես ու Տաբիթան երջանիկ ամուսիններ ենք, քանի որ ձգտում ենք սերտորեն հետևել ամուսիններին տրված աստվածաշնչյան խորհուրդներին։ Օրինակ՝ ամուսնական հավատարմությանը վերաբերող խորհրդին հետևելը շարունակում է ամրացնել մեր ամուսնությունը (Եբրայեցիներ 13։4

Ես այլևս վախով համակված չեմ, և ապագան ինձ անհանգստություն չի պատճառում։ Իսկապես զգում եմ, որ համաշխարհային ընտանիքի մաս եմ կազմում, ընտանիք, որը վայելում է իրական խաղաղություն և միասնություն։ Այստեղ հավասարություն է տիրում, մի բան, ինչին ես հավատացել ու ձգտել եմ իմ ողջ կյանքի ընթացքում։

^ պարբ. 12 Անունը փոխված է։

Իմացիր ավելին

ԱՐԹՆԱՑԵ՛Ք

Գոյություն ունի՞ Աստված. ինչո՞ւ է կարևոր իմանալ պատասխանը

Կարևո՞ր է արդյոք իմանալ այն հարցի պատասխանը, որը շատերը անտեղի են համարում, կամ որը, շատերի կարծիքով, չունի պատասխան։

ԱՐԹՆԱՑԵ՛Ք

Ինչպե՞ս է առաջացել կյանքը

Ի՞նչն է պատճառը, որ գիտությամբ հետաքրքրված շատ մարդիկ դժվարանում են ընդունել, որ կյանքն առաջացել է էվոլյուցիայի միջոցով։

ԱՐԹՆԱՑԵ՛Ք

«Համոզված եմ, որ գոյություն ունի Ստեղծիչ»

Ֆրեդերիկ Դյումուլենը հիասթափվեց կրոնից և աթեիստ դարձավ։ Ինչպե՞ս Աստվածաշնչի և կենդանի օրգանիզմների ուսումնասիրությունը համոզեցին նրան, որ գոյություն ունի Ստեղծիչ։