Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան  |  № 1 2016

 ՀՆՈՒՑ ԵԿԱԾ ԻՄԱՍՏՈՒՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ

Մի՛ մտահոգվեք

Մի՛ մտահոգվեք

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ։ «Մի՛ մտահոգվեք ձեր հոգիների համար» (Մատթեոս 6:25

Ի՞նչ է դա նշանակում։ Հիսուսն այս խոսքերն ասել է իր հայտնի Լեռան քարոզում։ Համաձայն աստվածաշնչյան մի բառարանի՝ հունարեն բայը, որը թարգմանվել է «մտահոգվել», կարող է վերաբերել նրան, թե ինչպես է մարդը «արձագանքում, երբ առօրյա կյանքում բախվում է տարբեր խնդիրների՝աղքատության, սովի և այլ դժվարությունների»։ «Մտահոգություն» բառը կարող է նշանակել անհանգստություն այն բաների մասին, որոնք գուցե տեղի ունենան ապագայում։ Իրականում, բնական է և տեղին, որ անհանգստանանք մեր նյութական կարիքների, ինչպես նաև մեր սիրելիների բարօրության մասին (Փիլիպպեցիներ 2:20)։ Բայց ասելով՝ «երբեք մի՛ մտահոգվեք»՝ Հիսուսը նկատի ուներ, որ իր հետևորդները պետք է խուսափեին վաղվա օրվա մասին չափից դուրս անհանգստանալուց, քանի որ դա կարող էր խլել նրանց ուրախությունը (Մատթեոս 6:31, 34

Գործնակա՞ն է այսօր։ Հիսուսի վերոհիշյալ խորհրդին հետևելը շատ խելամիտ է։ Ինչո՞ւ։ Որոշ տեղեկատու աշխատություններում նշվում է, որ երբ մարդիկ շատ են մտահոգվում, նրանց սիմպաթիկ նյարդային համակարգը շարունակ ակտիվ վիճակում է գտնվում, ինչն էլ կարող է «հանգեցնել շատ առողջական խնդիրների՝ խոց, սրտի հիվանդություններ և ասթմա»։

Հիսուսը նշել է, թե ինչ հիմնավոր պատճառ կա չափից շատ չմտահոգվելու համար. մտահոգվելը պարզապես անիմաստ է։ Հիսուսը հետևյալ հարցը տվեց իր ունկնդիրներին. «Ձեզանից ո՞ր մեկը մտահոգվելով կարող է իր կյանքը մեկ կանգունով երկարացնել» (Մատթեոս 6:27)։ Կենտրոնանալով մեր մտահոգությունների վրա՝ մենք կես վայրկյանով էլ չենք կարող երկարացնել մեր կյանքը, էլ ուր մնաց, թե փոխենք կամ ավելի լավը դարձնենք այն։ Բացի այդ, հաճախ այն, ինչից վախենում էինք, ամենևին էլ չի լինում։ Մի մասնագետ բացատրում է. «Ապագայի մասին մտահոգվելը ապարդյուն մի բան է, և ապագան հաճախ այնքան վատ չի լինում, որքան պատկերացնում էինք»։

Ինչպե՞ս կարող ենք խուսափել մտահոգվելուց։ Առաջին՝ անհրաժեշտ է վստահել Աստծուն։ Եթե Աստված տալիս է կերակուր թռչուններին և գեղեցիկ «հագուստ» ծաղիկներին, արդյոք նա ամեն անհրաժեշտ բան չի՞ տա այն մարդկանց, ովքեր իրեն մատուցվող երկրպագությունը կյանքում առաջին տեղում են դնում (Մատթեոս 6:25, 26, 28–30)։ Երկրորդ՝ անհրաժեշտ է հոգալ միայն օրվա հոգսը։ Հիսուսն ասել է. «Երբեք մի՛ մտահոգվեք վաղվա օրվա մասին, որովհետև վաղվա օրը կունենա իր մտահոգությունները»։ Թերևս կհամաձայնեք, որ «ամեն օրվա համար բավական է ի՛ր նեղությունը» (Մատթեոս 6:34

Հետևելով Հիսուսի իմաստուն խորհրդին՝ մենք չենք վնասի մեր առողջությունը։ Ավելին, մենք ձեռք կբերենք ներքին հանգստություն, որը Աստվածաշունչը անվանում է «Աստծու խաղաղություն» (Փիլիպպեցիներ 4:6, 7