Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ № 1 2016

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԻՆՉՈ՞Ւ ԱՐԺԵ ԱԶՆԻՎ ԼԻՆԵԼ

Ի՞նչ հետևանքներ է բերում անազնվությունը

Ի՞նչ հետևանքներ է բերում անազնվությունը

«Շատ հաճախ դժվարին իրավիճակներից կարելի է հեշտությամբ դուրս գալ՝ ընդամենը մեկ անազնիվ քայլ անելով» (Սամանտա, Հարավաֆրիկյան Հանրապետություն)։

Դո՞ւք էլ եք Սամանտայի պես մտածում։ Ինչ խոսք, բոլորս էլ ժամանակ առ ժամանակ հայտնվում ենք դժվարին իրավիճակներում։ Սակայն այն, թե ինչպես ենք վարվում, երբ այդ իրավիճակներում անազնիվ քայլ անելու գայթակղություն է առաջանում, ցույց է տալիս, թե ինչն է մեզ համար թանկ։ Օրինակ՝ եթե մեզ համար ամենակարևորը մեր համբավը պահելն է, ապա ամենայն հավանականությամբ անազնվությամբ վարվելը կդիտենք պարզապես որպես այդ նպատակին հասնելու միջոց։ Սակայն հաճախ անազնվությունը շատ բացասական հետևանքներ է բերում, հատկապես երբ ճշմարտությունը ջրի երես է դուրս գալիս։ Նկատի առնենք դրանցից մի քանիսը։

ԱՆԱԶՆՎՈՒԹՅՈՒՆԸ ԽԱՐԽԼՈՒՄ Է ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ

Փոխհարաբերությունները կառուցվում են վստահության վրա։ Երբ երկու անհատ վստահում են իրար, դա նրանց ապահովության և անվտանգության զգացում է տալիս։ Բայց վստահությունը մեկ օրում չի առաջանում։ Այն ձևավորվում է աստիճանաբար, երբ մարդիկ ժամանակ են անցկացնում միմյանց հետ, անկեղծորեն հաղորդակցվում են և անեսասիրություն են դրսևորում։ Սակայն ընդամենը մեկ անազնիվ արարքը կարող է խարխլել վստահությունը։ Իսկ խարխլված վստահությունը շատ դժվար է վերականգնել։

Պատահե՞լ է, որ ձեզ խաբի մեկը, ում դուք համարել եք լավ ընկեր։ Եթե այո, ապա ի՞նչ եք զգացել այդ ժամանակ։ Հավանաբար խոր ցավ եք ապրել ու մտածել եք, որ ձեզ դավաճանել են։ Այդպիսի զգացումները միանգամայն բնական են։ Հետևաբար, կասկած լինել չի կարող, որ անազնվությունը խարխլում է այն հիմքը, որի վրա կառուցվում են թանկ փոխհարաբերությունները։

ԱՆԱԶՆՎՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԱԶՆՎՈՒԹՅՈՒՆ Է ԾՆՈՒՄ

Ինչպես ցույց է տալիս Կալիֆորնիայի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Ռոբերտ Ինեսի կատարած մի ուսումնասիրություն, «անազնվությունը վարակիչ է»։ Այն կարելի է նմանեցնել վիրուսի։ Որքան շատ եք շփվում խաբեբա, անազնիվ մարդու հետ, այնքան մեծ է վտանգը, որ դուք էլ «կվարակվեք» անազնվությամբ։

Ինչպե՞ս կարող եք խուսափել անազնվության «վարակից»։ Այդ հարցում կարող է օգնել Աստվածաշունչը։ Նկատի առնենք աստվածաշնչյան մի քանի սկզբունքներ։