Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ № 6 2016

արագիլ

Ի՞նչ ենք սովորում երկնքի թռչուններից

Ի՞նչ ենք սովորում երկնքի թռչուններից

«Հարցրու, խնդրեմ.... երկնքի թևավոր արարածներին, և նրանք կպատմեն քեզ։ Այս բոլորից ո՞ր մեկը չգիտի, որ Եհովայի ձեռքն է արել սա» (Հոբ 12։7, 9

ԱՎԵԼԻ քան 3 000 տարի առաջ ապրած Հոբ նահապետը հասկանում էր, որ երկնքի թռչուններին նայելով՝ կարելի է շատ բան սովորել այն մասին, թե որքան հրաշալի են Աստծու ձեռքի գործերը։ Նրանք յուրօրինակ վարքագիծ ունեն, ինչի շնորհիվ նրանց մասին հաճախ է հիշատակվում առակների և փոխաբերությունների մեջ։ Երկնքի թռչուններին վերաբերող աստվածաշնչյան հիշատակումներից շատերը մեզ կարևոր բաներ են սովորեցնում կյանքի, ինչպես նաև Աստծու հետ ունեցած մեր փոխհարաբերությունների մասին։ Նկատի առնենք մի քանի օրինակ։

ՈՐՏԵՂ ԾԻԾԵՌՆԱԿՆԵՐԸ ԲՈՒՅՆ ԵՆ ՇԻՆՈՒՄ

ծիծեռնակ

Հին Երուսաղեմում տարածված էին ծիծեռնակները, որոնք սովորաբար իրենց բույնը շինում են տանիքների քիվերի տակ։ Այդ թռչունները ամեն տարի բույն էին դնում նաև Սողոմոնի տաճարի տարածքում։ Տաճարում բնադրող ծիծեռնակների համար այդ վայրը, հավանաբար, ապահով էր, և այնտեղ նրանք կարող էին անվտանգ մեծացնել իրենց ձագերին։

84-րդ սաղմոսը շարադրողը՝ Կորխի որդիներից մեկը, որը վեց ամիսը մեկ մի շաբաթով ծառայում էր տաճարում, նկատել էր ծիծեռնակների բները։ Սաղմոսերգուն ինքն էլ շատ էր ուզում նրանց նման մշտապես բնակվել այդտեղ՝ Եհովայի տանը։ Նա գրում է. «Որքա՜ն եմ սիրում քո վեհապանծ բնակավայրը, ո՛վ Զորքերի Տեր Եհովա։ Հոգիս Եհովայի գավիթներին է փափագում և մաշվում է դրանց համար.... Նույնիսկ թռչունն է տուն գտնում, և ծիծեռնակը՝ բույն իր համար, որտեղ իր ձագերին է դնում՝ քո վեհաշուք զոհասեղանի մոտ, ո՛վ Զորքերի Տեր Եհովա, իմ թագավո՛ր և իմ Աստվա՛ծ» (Սաղմոս 84։1–3)։ Արդյոք մենք և մեր երեխաները, սաղմոսերգուի պես, փափագո՞ւմ ենք կանոնավորաբար հավաքվել Աստծու տանը նրա ժողովրդի հետ և գնահատո՞ւմ ենք այդ հնարավորությունը (Սաղմոս 26։8, 12

ԱՐԱԳԻԼԸ ԳԻՏԻ ԻՐ ՀԱՄԱՐ ՆՇԱՆԱԿՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԸ

Երեմիա մարգարեն գրեց. «Արագիլը երկնքում գիտի իր համար նշանակված ժամանակը»։ Երեմիան անկասկած գիտեր, որ արագիլները, անցնելով Ավետյաց երկրով, չվում են տաք երկրներ։ Պատահել է, որ գարնանը Հորդանանի հովտով Աֆրիկայից դեպի Եվրոպայի հյուսիսային շրջաններ չվող ավելի քան 300 000 սպիտակ արագիլ է հաշվվել։ Արագիլների կենսաբանական ժամացույցը մղում է նրանց վերադառնալու իրենց բնադրման վայրերը։ Այլ չվող թռչունների նման՝ նրանք «պահում են իրենց հետդարձի ժամանակը» (Երեմիա 8։7

Թռչունների մասին մի գրքում ասվում է. «Թռչունների միգրացիայի մեջ ամենազարմանալին այն է, որ նրանք դա անում են բնազդաբար» (Collins Atlas of Bird Migration)։ Եհովա Աստված չվող թռչուններին տվել է բնազդային իմաստություն, որ տարբերեն սեզոնային փոփոխությունները, իսկ մարդուն նա տվել է ժամանակներն ու ժամանակահատվածները քննելու և հետևություններ անելու ունակություն (Ղուկաս 12։54–56)։ Ի տարբերություն արագիլների, որոնք առաջնորդվում են բնազդային իմաստությամբ՝ մարդը Աստծու տված գիտելիքների կարիքն ունի, որպեսզի կարողանա հասկանալ իր ժամանակներում կատարվող իրադարձությունների նշանակությունը։ Բայց Երեմիայի օրերում ապրող իսրայելացիները ուշադրություն  չէին դարձնում իրենց ժամանակներում կատարվող նշանակալից իրադարձություններին։ Աստված ցույց տվեց, թե ինչն էր նրանց խնդիրը՝ ասելով. «Նրանք մերժել են Եհովայի խոսքը, էլ ո՞րն է նրանց իմաստությունը» (Երեմիա 8։9

Այսօր բազմաթիվ ապացույցներ ցույց են տալիս, որ ապրում ենք Աստվածաշնչում հիշատակված «վերջին օրերում» (2 Տիմոթեոս 3։1–5)։ Արագիլների օրինակին հետևելով՝ ուշադրություն կդարձնե՞ք «ժամանակներին»։

ԱՐԾԻՎԸ ՀԵՌՈՒՆԵՐՆ Է ՏԵՍՆՈՒՄ

արծիվ

Աստվածաշնչում շատ անգամ է հիշատակվում արծիվների մասին։ Այս հիասքանչ արարածներին հաճախ կարելի է տեսնել Ավետյաց երկրի տարածքում։ Արծիվը իր բույնը շինում է բարձր ժայռերի ծերպերում և «այնտեղից նա ուտելիք է փնտրում. նրա աչքերը հեռուներն են նայում» (Հոբ 39։27–29)։ Արծվի տեսողությունն այնքան սուր է, որ ըստ որոշ տեղեկությունների՝ նա կարող է 1 կիլոմետր հեռավորությունից նկատել ճագարին։

Ինչպես որ արծիվն է «հեռուները նայում», այնպես էլ Եհովան է տեսնում հեռավոր ապագան։ Նա իր Խոսքում ասում է. «Ես ամենասկզբից ասում եմ այն, ինչ լինելու է վերջում, ու վաղեմի ժամանակներից այն, ինչը դեռ չի եղել» (Եսայիա 46։10)։ Ականջ դնելով Եհովայի խորհուրդներին՝ օգուտներ կքաղենք նրա անզուգական իմաստությունից և հեռատեսությունից (Եսայիա 48։17, 18

Աստվածաշունչը արծիվների հետ է համեմատում նաև նրանց, ովքեր վստահում են Աստծուն։ Այնտեղ ասվում է. «Եհովային հուսացողները կվերագտնեն իրենց ուժերը։ Նրանք կբարձրանան դեպի վեր, ասես արծվի թևերով» (Եսայիա 40։31)։ Արծիվը վեր է բարձրանում՝ օգտվելով տաք օդի վերընթաց հոսանքներից։ Երբ նա վերընթաց հոսանք է գտնում, տարածում է իր թևերը և պտույտներ գործելով այդ հոսանքի մեջ՝ ավելի ու ավելի է բարձրանում դեպի վեր։ Նմանապես նրանք, ովքեր ապավինում են Եհովային, կարող են վստահ լինել, որ նա, իր խոստման համաձայն, կտա «սովորականին գերազանցող ուժը» (2 Կորնթացիներ 4։7, 8

«ԻՆՉՊԵՍ ՀԱՎՆ Է ՃՏԵՐԻՆ ԻՐ ԹԵՎԵՐԻ ՏԱԿ ՀԱՎԱՔՈՒՄ»

հավն իր ճտերի հետ

Իր մահից կարճ ժամանակ առաջ Հիսուսը, նայելով հրեաների մայրաքաղաքին, հառաչանքով ասաց. «Երուսաղե՜մ, Երուսաղե՜մ, մարգարեներին սպանող և քեզ մոտ ուղարկվածներին քարկոծող... Քանի՜ անգամ ցանկացա հավաքել քո երեխաներին, ինչպես հավն է ճտերին իր թևերի տակ հավաքում։ Բայց դուք չուզեցիք» (Մատթեոս 23։37

Իրենց ձագերին պաշտպանելը թռչունների ամենաուժեղ բնազդներից մեկն է։ Հատկապես աչալուրջ են գետնի վրա բնադրող թռչունները, ինչպիսիք ընտանի հավերն են։ Երբ հավը վերևում պտտվող գիշատիչ թռչուն է նկատում, բարձր ձայն է արձակում, և ճտերը իսկույն վազում-մտնում են նրա թևերի տակ, որտեղ ավելի ապահով են լինում։ Նորափետուր ճտերը, մտնելով մոր թևերի տակ, նաև պաշտպանվում են կիզիչ արևից և հորդառատ անձրևից։ Վերոհիշյալ խոսքերով Հիսուսը ցույց տվեց, որ ցանկանում էր Երուսաղեմի բնակիչներին հոգևոր ապաստան և պաշտպանություն տալ։ Այսօր էլ Հիսուսը հրավիրում է մեզ իր մոտ՝ առօրյա կյանքի հոգսերից ու բեռներից թեթևացում և հոգևոր պաշտպանություն ստանալու համար (Մատթեոս 11։28, 29

Իսկապես, շատ բան կարող ենք սովորել այս զարմանահրաշ թևավոր արարածներից։ Այնպես որ թռչուններով հիանալիս կարող ենք հիշել նրանց հետ կապված աստվածաշնչյան փոխաբերությունները։ Թող ծիծեռնակները մեզ հիշեցնեն, որ կարևոր է գնահատել Աստծու տանը հավաքվելու և նրան երկրպագելու առանձնաշնորհումը։ Արծիվներին նայելով՝ միշտ հիշենք, որ ապավինելով Աստծուն՝ կարող ենք, նրանց պես, վեր սլանալ։ Նաև չմոռանանք, որ Հիսուսի մոտ կարող ենք գտնել Աստծու մասին ճշմարտությունը, որը կպաշտպանի մեզ, ինչպես մայր հավն է պաշտպանում իր ճտերին։ Իսկ արագիլները թող մեզ միշտ հիշեցնեն, որ հարկավոր է զգոն լինել ու հասկանալ, թե ինչ կարևոր նշանակություն ունեն մեր ժամանակներում կատարվող համաշխարհային իրադարձությունները։

Իմացիր ավելին

Ինչպե՞ս կարող ես մոտենալ Աստծուն

Աստված բոլո՞ր աղոթքներն է լսում, ինչպե՞ս պետք է աղոթենք, ի՞նչ կարող ենք անել Աստծուն մոտենալու համար։