Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ № 5 2016

Էլայի հովիտ

Դավթի և Գողիաթի մենամարտը իրակա՞ն պատմություն է

Դավթի և Գողիաթի մենամարտը իրակա՞ն պատմություն է

Որոշ մարդկանց հետաքրքրում է՝ արդյոք Դավթի ու Գողիաթի մենամարտը իրականում եղել է, թե դա ուղղակի առասպել է։ Իսկ ձեր մտքում նման հարց առաջացա՞վ նախորդ հոդվածը ընթերցելիս։ Եթե այո, ապա եկեք քննենք հետևյալ երեք հարցերը։

1 | Մարդու հասակը կարո՞ղ է լինել մոտ 2,9 մետր։

Աստվածաշունչն ասում է, որ Գողիաթի «հասակի բարձրությունն էր վեց կանգուն ու մեկ թիզ»։ Մեկ կանգունը 44,5 սանտիմետր է, իսկ մեկ թիզը՝ 22,2 սանտիմետր։ Հետևաբար վեց կանգուն ու մեկ թիզը մոտ 2,9 մետր է։ Որոշ մարդիկ պնդում են, որ Գողիաթը չէր կարող նման հասակ ունենալ։ Բայց նկատի առնենք հետևյալը. ներկայիս տվյալներով՝ ամենաբարձրահասակ մարդը ավելի քան 2,7 մետր հասակ ունի։ Ուրեմն մի՞թե անհնար է, որ Գողիաթը 2,9 մետր հասակ ունենար՝ ընդամենը մոտ 20 սանտիմետրով ավելի։ Նա ռաֆայիմների ցեղից էր, որոնք ճանաչված էին իրենց արտասովոր չափերով։ Մ. թ. ա. 13-րդ դարի եգիպտական մի արձանագրության մեջ ասվում է, որ Քանանի տարածքում ապրող որոշ ռազմիկներ ունեցել են ավելի քան 2,4 մետր հասակ։ Ուստի Գողիաթի բարձր հասակը, թեև արտասովոր էր, բայց անհնարին չէր։

2 | Դավիթը իրակա՞ն անձնավորություն էր։

Անցյալում որոշ գիտնականներ փորձել են Դավիթ թագավորի պատմությունը դասել առասպելների շարքին, բայց այսօր հազիվ թե որևէ մեկը այդպիսի փորձ անի։ Հնագետները գտել են մի հին մակագրություն, որտեղ հիշատակվում է «Դավթի տուն» արտահայտությունը։ Հիսուսը նույնպես Դավթի մասին խոսել է՝ որպես իրական անձնավորության (Մատթեոս 12։3; 22։43–45)։ Բացի այդ, Հիսուսի Մեսիա լինելը փաստող երկու տոհմաբանական արձանագրությունները ցույց են տալիս, որ նա Դավիթ թագավորի սերնդից է (Մատթեոս 1։6–16; Ղուկաս 3։23–31)։ Հստակ է, ուրեմն, որ Դավիթն իրական անձնավորություն էր։

3 | Արձանագրված դեպքերը իրակա՞ն վայրերում են տեղի ունեցել։

Աստվածաշնչում նշվում է, որ պատերազմը տեղի էր ունենում Էլայի հովտում։ Ավելին, այնտեղ կոնկրետ նշվում է, որ փղշտացիների ճամբարը տեղակայված էր Սոքով և Ազեկա քաղաքների միջև ընկած մի բլրալանջի վրա։ Իսրայելացիներն էլ բանակ էին դրել հովտի մյուս կողմում՝ հանդիպակաց բլրալանջին։ Արդյոք նշված վայրերը իրակա՞ն վայրեր էին։

Նկատի առնենք, թե ինչ է ասել վերջերս այդ տարածք այցելած մի մարդ. «Մեր էքսկուրսավարը, որը կրոնական չէր, մեզ տարավ Էլայի հովիտ։ Մենք արահետով բարձրացանք բլրի գագաթը։ Երբ վերևից նայում էինք հովտին, նա մեզ խնդրեց կարդալ 1 Սամուել 17։1–3-ը։ Հետո մատնացույց անելով հովտի դիմացի լանջը՝ ասաց. «Այնտեղ՝ ձախ կողմում, Սոքովի ավերակներն են», ապա մատնացույց անելով մյուս կողմը՝ ասաց. «Իսկ այ այնտեղ՝ դեպի աջ, Ազեկայի ավերակներն են։ Այդ երկու քաղաքների միջև էին բանակ դրել փղշտացիները՝ այս հանդիպակաց բլրալանջերից մեկի վրա։ Իսկ մենք, ըստ երևույթին, կանգնած ենք այնտեղ, որտեղ իսրայելացիների բանակն էր»։ Մի պահ մտածեցի, որ գուցե հենց իմ կանգնած տեղում Սավուղն ու Դավիթն են կանգնել։ Հետո իջանք բլրից ու անցանք գրեթե չորացած գետահունով, որը լի էր քարերով։ Մտովի պատկերացրի այն պահը, թե ինչպես է Դավիթը կռանում և այստեղից վերցնում հինգ ողորկ քարեր, որոնցից մեկով էլ սպանում է Գողիաթին»։ Այս այցելուն, շատ ուրիշ մարդկանց նման, խորապես տպավորվել էր՝ տեսնելով, որ աստվածաշնչյան արձանագրության մեջ նշված մանրամասներն անգամ ճշգրիտ են։

Այսպիսով՝ որևէ հիմք չկա կասկածի ենթարկելու այս պատմական արձանագրության ճշգրտությունը։ Այնտեղ խոսվում է իրական մարդկանց և իրական վայրերի մասին։ Իսկ ամենակարևորն այն է, որ այդ արձանագրությունը մի մասն է Աստծու Խոսքի, որի հեղինակը ճշմարտության Աստվածն է՝ Նա ով «չի կարող ստել»։