Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան  |  № 4 2016

 ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽՈՒՄ Է ԿՅԱՆՔԵՐԸ

Չնայած բազում սայթաքումներին՝ կարողացա հաղթահարել թուլությունս

Չնայած բազում սայթաքումներին՝ կարողացա հաղթահարել թուլությունս
  • ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԹԻՎԸ՝ 1953

  • ԵՐԿԻՐԸ՝ ԱՎՍՏՐԱԼԻԱ

  • ՆԱԽԿԻՆՈՒՄ՝ ՊՈՌՆԿԱԳՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԻ

ԻՄ ԱՆՑՅԱԼԸ։

1949 թ.-ին հայրս Գերմանիայից գաղթեց Ավստրալիա։ Նա սկսեց աշխատանք փնտրել հանքարդյունաբերության և էներգաարդյունաբերության ոլորտներում և բնակություն հաստատեց Վիկտորիա նահանգի գյուղական մի տարածքում։ Այնտեղ նա ամուսնացավ մորս հետ, և 1953 թ.-ին ծնվեցի ես։

Դրանից մի քանի տարի հետո մայրս սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների օգնությամբ։ Այդպիսով աստվածաշնչյան ուսմունքները դարձան իմ մանկության հիշողությունների մի մասը։ Հայրս դեմ էր բոլոր կրոններին։ Նա վայրագ և ահազդու անձնավորություն էր, ու մայրս վախենում էր նրանից։ Բայց շարունակում էր գաղտնի ուսումնասիրել Աստվածաշունչը, և նրան շատ էր դուր գալիս այն, ինչ սովորում էր Աստծու Խոսքից։ Երբ հայրս տանը չէր լինում, մայրս իր սովորած բաները պատմում էր ինձ ու քրոջս։ Նա պատմում էր ապագա դրախտ երկրի, ինչպես նաև այն մասին, որ կարող ենք երջանիկ լինել, եթե ապրենք աստվածաշնչյան չափանիշներով (Սաղմոս 37։10, 29; Եսայիա 48։17

18 տարեկանում ստիպված հեռացա տնից, քանի որ հայրս բռնություն էր գործադրում մեր նկատմամբ։ Թեև հավատում էի այն ամենին, ինչ մայրս սովորեցրել էր Աստվածաշնչից, բայց չէի հասկանում դրա արժեքը։ Ուստի չէի ապրում աստվածաշնչյան չափանիշներով։ Սկսեցի աշխատել քարածխի հանքում որպես էլեկտրիկ։ 20 տարեկանում ամուսնացա։ Երեք տարի հետո ծնվեց մեր առաջին աղջիկը։ Այդ ժամանակ սկսեցի մտածել, թե ինչն է իրականում կարևոր իմ կյանքում։ Գիտեի, որ Աստվածաշունչը կարող է օգնել ընտանիքիս, ուստի սկսեցի ուսումնասիրել այն Եհովայի վկաներից մեկի օգնությամբ։ Բայց կինս տանել չէր կարողանում Վկաներին։ Երբ ներկա եղա նրանց հանդիպումներից մեկին, նա ընտրության առաջ կանգնեցրեց ինձ. կա՛մ պետք է դադարեցնեի ուսումնասիրությունս, կա՛մ թողնեի ընտանիքս։ Ինձ անզոր էի զգում, ուստի տեղի տվեցի և խզեցի բոլոր կապերս Վկաների հետ։ Ես գիտեի, թե որն էր ճիշտը, բայց այդպես չվարվեցի, ու հետագայում շատ ափսոսացի դրա համար։

Մի օր աշխատակիցներս ինձ պոռնկագրական նյութեր ցույց տվեցին։ Դրանք գրավիչ էին և միևնույն ժամանակ՝ նողկալի։ Այդ նյութերը դիտելուց հետո ինձ պատեց մեղավորության զգացումը։ Հիշում էի, թե որն էր Աստվածաշնչի տեսակետը դրանց վերաբերյալ, և համոզված էի, որ Աստված կպատժի ինձ։ Բայց անպարկեշտ պատկերներ դիտելու ցանկությունս գնալով մեծանում էր։ Ժամանակի ընթացքում  պոռնկագրության հանդեպ իմ վերաբերմունքը փոխվեց և ես դարձա դրա գերին։

Հաջորդ 20 տարիների ընթացքում ավելի ու ավելի հեռացա այն չափանիշներից, որոնք մայրս փորձել էր սերմանել իմ մեջ։ Այն ամենը, ինչով լցնում էի միտքս, արտացոլվում էր վարքիս մեջ։ Գռեհիկ խոսելաոճ ունեի և լկտի հումոր։ Սեռական հարաբերությունների մասին իմ պատկերացումը աղավաղվել էր, ու թեև դեռ ապրում էի կնոջս հետ, բայց սեռական կապեր էի ունենում նաև ուրիշ կանանց հետ։ Մի օր նայեցի հայելու մեջ և ասացի. «Ես զզվում եմ քեզնից»։ Կորցրել էի ինքնահարգանքս և սկսել էի ատել ինքս ինձ։

Ամուսնությունս քայքայվեց։ Կյանքս կործանման եզրին էր։ Ես ամբողջ սրտով աղոթեցի Եհովային, ու երկու տասնամյակ տևած դադարից հետո նորից սկսեցի ուսումնասիրել Աստվածաշունչը։ Այդ ժամանակ հայրս արդեն մահացել էր, իսկ մայրս մկրտվել էր ու դարձել Եհովայի վկա։

ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԿՅԱՆՔՍ։

Իմ ապրելակերպի և Աստվածաշնչի բարձր չափանիշների միջև հսկայական անդունդ կար։ Բայց այս անգամ վճռել էի փոխել ապրելակերպս և ձեռք բերել մտքի խաղաղություն, որը խոստանում է Աստվածաշունչը։ Որոշեցի փոխել բարկացկոտ բնավորությունս և այլևս չօգտագործել կեղտոտ բառեր։ Նաև որոշեցի, որ այլևս անբարո կյանքով չեմ ապրելու, չեմ զբաղվելու մոլեխաղերով, չափից շատ չեմ խմելու և չեմ գողանալու գործատիրոջիցս։

Աշխատակիցներս չէին հասկանում, թե ինչու եմ ուզում այդպիսի արմատական փոփոխություններ անել։ Երեք տարի շարունակ նրանք դրդում էին ինձ, որ վերադառնամ նախկին ապրելակերպիս։ Եվ հենց մի փոքր սայթաքում էի, օրինակ՝ երբ բարկության պոռթկում էի ունենում կամ վատ բառ էի ասում, նրանք հաղթական տոնով ասում էին. «Այո՛, առաջվա Յոզեֆը վերադարձել է»։ Այս խոսքերը մեծ ցավ էին պատճառում ինձ։ Հաճախ ինձ թվում էր, թե զուր եմ ջանքեր թափում։

Աշխատանքիս վայրում ամենուրեք պոռնկագրական նյութեր էին՝ թե՛ էլեկտրոնային, թե՛ տպագիր տեսքով։ Ամեն օր աշխատակիցներս անպարկեշտ նկարներ էին տարածում իրենց համակարգիչներով, ինչպես ես էի առաջ անում։ Փորձում էի չտրվել գայթակղությանը, բայց նրանք ամեն առիթ օգտագործում էին, որ ինձ դրդեն սխալ վարվելու։ Աջակցություն և քաջալերանք ստանալու համար դիմեցի այն Վկային, ում օգնությամբ Աստվածաշունչ էի ուսումնասիրում։ Նա համբերատարությամբ լսեց ինձ։ Աստվածաշնչյան որոշ համարների միջոցով նա ինձ ցույց տվեց, թե ինչպես կարող եմ հաղթահարել թուլությունս, և հորդորեց, որ աղոթքով շարունակ օգնություն խնդրեմ Եհովայից (Սաղմոս 119։37

Մի օր գործընկերներիս հետ հանդիպում կազմակերպեցի։ Երբ բոլորը հավաքվեցին, ասացի, որ գարեջուր տան երկու հոգու, ովքեր տառապում էին ալկոհոլամոլությամբ։ Նրանք անմիջապես առարկեցին՝ ասելով. «Չի՛ կարելի նման բան անել։ Նրանք կախվածություն ունեն և պայքարում են դրա դեմ»։ Այդ ժամանակ ասացի. «Այո՛, ինչպեսև ես»։ Նրանք հասկացան, որ ես պայքարում եմ պոռնկագրություն դիտելու կախվածության դեմ, և այդ օրվանից այլևս ճնշում չբանեցրին ինձ վրա։

Ժամանակի ընթացքում Եհովայի օգնությամբ հաղթահարեցի թուլությունս։ 1999 թ.-ին մկրտվեցի ու դարձա Եհովայի վկա։ Սիրտս լի էր երախտագիտությամբ, որ Եհովան ինձ ևս մեկ հնարավորություն տվեց՝ ապրելու պարկեշտ ու երջանիկ կյանքով։

Երկար ժամանակ ես սիրում էի բաներ, որոնք Եհովան ատում է։ Իսկ հիմա իսկապես հասկանում եմ, թե ինչու է նա ատում դրանք։ Լինելով սիրառատ Հայր՝ Եհովան ցանկանում է պաշտպանել ինձ այն վնասից, որ բերում է պոռնկագրություն դիտելը։ Որքա՜ն ճշմարիտ են Առակներ 3։5, 6 խոսքերը, որոնցում ասվում է. «Ամբողջ սրտովդ Եհովային ապավինիր և քո սեփական հասկացողությանը մի՛ վստահիր։ Քո բոլոր ճանապարհներում հաշվի առ նրան, և նա կուղղի քո շավիղները»։ Աստվածաշնչյան չափանիշները ոչ միայն պաշտպանություն են, այլ նաև հաջողության գրավական (Սաղմոս 1։1–3

ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ։

Անցյալում զզվում էի ինքս ինձնից։ Բայց հիմա ունեմ ինքնահարգանք և ներքին խաղաղություն։ Ապրում եմ մաքուր կյանքով և հասկանում եմ, որ Եհովան ներել է ինձ և աջակցում է։ 2000 թ.- ին ամուսնացա Կարոլին անունով մի գեղեցիկ Վկա կնոջ հետ, ով սիրում է Եհովային այնպես, ինչպես ես։ Մեր տունը խաղաղության հանգրվան է։ Մեզ համար մեծ պատիվ է լինել աշխարհով մեկ սփռված այս քրիստոնեական եղբայրության մի մասը, որի անդամները սիրում են իրար և ապրում են մաքուր կյանքով։