Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան  |  № 4 2016

Մասորեթները սուրբգրային տեքստերը արտագրում էին ամենայն զգուշությամբ

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ԻՆՉՊԵՍ Է ԱՅՆ ՊԱՀՊԱՆՎԵԼ

Աստվածաշունչը պահպանվեց՝ չնայած տեքստը խեղաթյուրելու փորձերին

Աստվածաշունչը պահպանվեց՝ չնայած տեքստը խեղաթյուրելու փորձերին

ՎՏԱՆԳԸ։ Չնայած քայքայման վտանգին ու թշնամական վերաբերմունքին՝ Աստվածաշունչը «փրկվեց» բառացի ոչնչացումից։ Սակայն որոշ գրագիրներ ու թարգմանիչներ փորձել են փոփոխել աստվածաշնչյան տեքստը և աղավաղել դրա իմաստը։ Երբեմն նրանք իրենց ուսմունքները Աստվածաշնչին համապատասխանեցնելու փոխարեն՝ փորձել են աստվածաշնչյան տեքստը համապատասխանեցնել իրենց ուսմունքներին։ Նկատի առնենք մի քանի օրինակ։

  • Երկրպագության վայր։ Մ. թ.ա չորրորդից երկրորդ դարերում «Սամարական Հնգամատյանը» կազմողները Ելք 20։17 համարից հետո ավելացրել են հետևյալ բառերը՝ «Գարիզին լեռան վրա։ Եվ այնտեղ դուք պետք է զոհասեղան կառուցեք»։ Այս խոսքերն ավելացնելով՝ սամարացիները ցանկանում էին այնպես անել, որ Գարիզին լեռան վրա տաճար կառուցելու համար սուրբգրային հիմք լիներ։

  • Երրորդության ուսմունքը։ Աստվածաշնչի գրվելուց մոտ 300 տարի անց Երրորդության ուսմունքն ընդունող մի գրագիր 1 Հովհաննես 5։7 համարի տեքստին ավելացրել է հետևյալ բառերը՝ «երկնքում. Հայրը, Խոսքը և սուրբ ոգին, և այս երեքը մեկ են»։ Այս խոսքերը չեն եղել բնագիր տեքստում։ Բայց, ինչպես նշում է աստվածաշնչագետ Բրյուս Մեցգերը, «վեցերորդ դարից հետո» այս խոսքերը «ավելի ու ավելի հաճախ էին հայտնվում հին լատիներեն թարգմանությունների և [լատիներեն] «Վուլգատայի» ձեռագրերում»։

  • Աստծու անունը։ Հիմնվելով մի հրեական կրոնական նախապաշարման վրա՝ Աստվածաշնչի շատ թարգմանիչներ որոշել են Աստծու անունը հանել այդ գրքից։ Նրանք այդ անունը փոխարինել են տարբեր տիտղոսներով, ինչպիսիք են՝ «Աստված» կամ «Տեր» տիտղոսները, որոնք Աստվածաշնչում գործածվում են ոչ միայն Արարչի առնչությամբ, այլ նաև մարդկանց, կեղծ երկրպագության առարկաների և անգամ Սատանայի (Հովհաննես 10։34, 35; 1 Կորնթացիներ 8։5, 6; 2 Կորնթացիներ 4։4 *

ԻՆՉՊԵՍ ՊԱՀՊԱՆՎԵՑ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։ Նախ Աստվածաշունչը պահպանվեց շնորհիվ այն բանի, որ ի տարբերություն աստվածաշնչյան տեքստը արտագրող որոշ անփույթ ու անազնիվ գրագիրների՝ կային նաև ուրիշներ էլ, որ այդ գործում անչափ հմուտ էին և բծախնդիր։ Նրանցից էին մասորեթները, որոնք վեցից տասներորդ դարերում  արտագրել են Եբրայերեն Գրությունները։ Նրանց արտագրած տեքստերը հայտնի են որպես մասորեթական տեքստեր։ Տեղեկությունների համաձայն՝ մասորեթները հաշվում էին բոլոր բառերն ու տառերը՝ հավաստիանալու համար, որ արտագրված տեքստում ոչ մի սխալ կամ բացթողում չկա։ Եթե նրանք կասկածում էին, որ հիմնական տեքստում, որից արտագրում էին, ինչ-որ սխալ կա, դրա վերաբերյալ նշումներ էին անում լուսանցքում։ Մասորեթները ոչ մի դեպքում չէին փոփոխում աստվածաշնչյան տեքստը։ Պրոֆեսոր Մոշե Գոշեն-Գոթշթեյնը նշում է. «Տեքստը դիտավորյալ փոփոխելը նրանց համար հավասարազոր էր սարսափելի հանցագործության»։

Բացի այդ, մեզ են հասել ոչ թե մի քանի, այլ բազմաթիվ ձեռագրեր, ինչի շնորհիվ աստվածաշնչագետները կարողանում են հեշտությամբ գտնել սխալները։ Օրինակ՝ կրոնական առաջնորդները դարեր շարունակ սովորեցնում էին, թե իրենց լատիներեն թարգմանությունները արժանահավատ են և համապատասխանում են Աստվածաշնչի բնագիր տեքստին, մինչդեռ սխալ միտք էին ավելացրել 1 Հովհաննես 5։7 համարի տեքստին, որի մասին նշվեց հոդվածի սկզբում։ Այդ սխալը նույնիսկ մտավ շատ հեղինակավոր թարգմանությունների, այդ թվում «Ջեյմս թագավորի թարգմանության» մեջ։ Բայց երբ հայտնաբերվեցին այլ ձեռագրեր, դրանք շատ բան բացահայտեցին։ Բրյուս Մեցգերը գրում է. «Այս [1 Հովհաննես 5։7 համարի] հատվածը բացակայում է բոլոր հին թարգմանությունների (ասորերեն, ղպտիերեն, հայերեն, եթովպերեն, արաբերեն, սլավոներեն) ձեռագրերից, բացառությամբ լատիներենի»։ Այս բացահայտումից հետո «Ջեյմս թագավորի թարգմանության» վերանայված հրատարակությունների, ինչպես նաև այլ Աստվածաշնչերի միջից հանվեց ավելացված հատվածը։

Չեստեր Բիատի P46՝ պապիրուսե աստվածաշնչյան ձեռագիր (մ. թ. մոտ 200 թ.)

Իսկ հին ձեռագրերը փաստո՞ւմ են, որ Աստվածաշնչի բովանդակությունը մնացել է անփոփոխ։ Երբ 1947 թ.- ին հայտնաբերվեցին Մեռյալ ծովի ձեռագրերը, գիտնականները վերջապես հնարավորություն ունեցան եբրայերեն մասորեթական տեքստը համեմատելու դրանից ավելի քան հազար տարի առաջ գրված աստվածաշնչյան ձեռագրերի հետ։ Մեռյալ ծովի ձեռագրերն ուսումնասիրող գիտնականներից մեկը ասում է, որ մեկ ձեռագիրն էլ բավական է համոզվելու համար, որ ավելի քան հազար տարի շարունակ հրեա գրագիրները ամենայն զգուշությամբ և ճշգրտությամբ են արտագրել աստվածաշնչյան տեքստը։

Չեստեր Բիատիի գրադարանում (Դուբլին, Իռլանդիա) կա պապիրուսների մի հավաքածու, որն ընդգրկում է Քրիստոնեական Հունարեն Գրությունների գրեթե բոլոր գրքերը։ Այդ հավաքածուի մեջ կան ձեռագրեր, որոնք գրվել են մ. թ. երկրորդ դարում՝ Աստվածաշնչի գրությունը ավարտվելուց ընդամենը մեկ դար հետո։ Աստվածաշնչյան մի բառարանում ասվում է. «Թեև պապիրուսները տեքստի հետ կապված բազմաթիվ նոր մանրամասներ են բացահայտում, բայց միևնույն ժամանակ դրանք ցույց են տալիս, որ աստվածաշնչյան տեքստը մեզ է փոխանցվել զարմանալի ճշգրտությամբ» (The Anchor Bible Dictionary)։

«Վստահությամբ կարող ենք ասել, որ ուրիշ ոչ մի հին աշխատություն այդքան ճշգրտությամբ չի փոխանցվել մինչև մեր օրերը»

ԱՐԴՅՈՒՆՔԸ։ Աստվածաշնչյան բազմաթիվ հին ձեռագրերը ոչ միայն փաստել են, որ Աստվածաշնչի տեքստը չի աղավաղվել, այլև նպաստել են, որ այն ավելի ճշգրտվի։ Աստվածաշնչագետ Ֆրեդերիկ Քենյոնը Քրիստոնեական Հունարեն Գրությունների վերաբերյալ գրում է. «Ուրիշ ոչ մի հին գիրք չունի իր տեքստի վավերականությունը ապացուցող այդքան շատ ու այդքան հին փաստեր։ Եվ ոչ մի անկողմնակալ աստվածաշնչագետ չի ժխտի, որ մեզ հասած աստվածաշնչյան տեքստը հիմնականում մնացել է անեղծ»։ Իսկ Եբրայերեն Գրությունների վերաբերյալ աստվածաշնչագետ Ուիլյամ Հենրի Գրինը նշել է. «Վստահությամբ կարող ենք ասել, որ ուրիշ ոչ մի հին աշխատություն այդքան ճշգրտությամբ չի փոխանցվել մինչև մեր օրերը»։

^ պարբ. 6 Ավելի շատ տեղեկությունների համար տես «Աստծու Խոսքի ուսումնասիրության ուղեցույց» գրքույկը (էջ 1–13)։ Գրքույկը առկա է www.jw.org/hy կայքում։

Իմացիր ավելին

ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

«Աստծու սրբազան պատգամները» թարգմանելու պատիվը (Հռոմեացիներ 3:2)

Անցած հարյուրամյակի ընթացքում Եհովայի վկաները օգտվել են Աստվածաշնչի տարբեր թարգմանություններից։ Իսկ ինչո՞ւ ձեռնարկեցին «Նոր աշխարհ» թարգմանության աշխատանքները։

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԿԱՏԱՐՈՒՄ ԵՀՈՎԱՅԻ ԿԱՄՔԸ ԱՅՍՕՐ

Ինչո՞ւ Եհովայի վկաները լույսընծայեցին «Նոր աշխարհ» թարգմանությունը

Ինչո՞վ է Աստծու Խոսքի այս թարգմանությունը յուրօրինակ։