Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան  |  № 3 2016

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԵՐԲ ՄԱՀԱՆՈՒՄ Է ՀԱՐԱԶԱՏ ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Ինչպե՞ս հաղթահարել վիշտը

Ինչպե՞ս հաղթահարել վիշտը

Այս հարցի հետ կապված բազմաթիվ խորհուրդներ կան։ Սակայն դրանցից ոչ բոլորն են գործնական։ Օրինակ՝ ոմանք կարող են խորհուրդ տալ ձեզ լաց չլինել կամ ոչ մի ձևով ցույց չտալ ձեր զգացմունքները։ Ուրիշներն էլ, ընդհակառակը, գուցե հորդորեն ձեզ արտահայտել դրանք։ Սակայն Աստվածաշունչը հավասարակշռված տեսակետ է հայտնում, որին թիկունք են կանգնում տարբեր մասնագետների կատարած ուսումնասիրություններ։

Որոշ մշակույթներում ընդունված է այն տեսակետը, թե տղամարդուն վայել չէ լաց լինել։ Սակայն իսկապե՞ս ամոթ է արտասվելը, թեկուզև ուրիշների ներկայությամբ։ Հոգեբանները ասում են, որ արտասվելը վշտի արտահայտման բնական ձև է։ Եվ երբեմն վիշտը արտահայտելը կարող է օգնել հաղթահարելու կորստի ցավը, որքան էլ այն մեծ լինի։ Իսկ երբ մարդը չի արտահայտում իր վիշտը և զսպում է հույզերը, դա կարող է վատ անդրադառնալ նրա վրա։ Աստվածաշունչը թիկունք չի կանգնում այն տեսակետին, թե լաց լինելը սխալ է կամ ամոթ է։ Նկատի առնենք Հիսուսի օրինակը։ Թեև Հիսուսը մահացածներին կենդանացնելու զորություն ուներ, բայց ուրիշների ներկայությամբ լաց եղավ իր մահացած ընկերոջ՝ Ղազարոսի համար (Հովհաննես 11։33–35

Սգացող անձնավորությունը հաճախ կարող է ունենալ զայրույթի զգացում, հատկապես երբ հարազատի մահը անսպասելի է եղել։ Զայրույթի պատճառները կարող են տարբեր լինել։ Օրինակ՝ երբ հեղինակավոր կամ հարգված որևիցե անհատ անմտածված և անհիմն մտքեր է արտահայտում։ Հարավաֆրիկյան Հանրապետությունում ապրող Մայք անունով մի մարդ ասում է. «Ես ընդամենը 14 տարեկան էի, երբ հայրս մահացավ։ Թաղման ժամանակ անգլիկան եկեղեցու քահանան ասաց, որ լավ մարդիկ պետք են Աստծուն, և նա նրանց ավելի շուտ է տանում իր մոտ։ * Այս միտքը զայրացրեց ինձ, քանի որ մենք շատ էինք զգում մեր հոր կարիքը։ Անցել է 63 տարի, սակայն այդ միտքը շարունակում է ինձ ցավ պատճառել»։

Իսկ ի՞նչ կարելի է ասել մեղավորության զգացումի մասին։ Հատկապես այն դեպքում, երբ հարազատի մահը հանկարծակի է լինում, անհատը կարող է ժամանակ առ ժամանակ մտածել, որ եթե միայն ինքը այսինչ կամ այնինչ բանն աներ, դա գուցե չպատահեր։ Կամ հնարավոր է՝ անհատը իր հարազատի հետ վերջին հանդիպման ժամանակ վիճել է նրա հետ։ Այս հանգամանքը կարող է ծանրացնել մեղավորության զգացումը։

Եթե դուք էլ ունեք զայրույթի կամ մեղավորության զգացում, շատ կարևոր է սրտում չպահել դրանք։ Փոխարենը՝ խոսեք ձեր ընկերներից մեկի հետ, ով կլսի ձեզ և կօգնի հասկանալու, որ նման անհիմն զգացումներ հարազատ կորցրած շատ մարդիկ են ունենում։ Աստվածաշունչը վստահեցնում է. «Իսկական ընկերը սիրում է ամեն ժամանակ. նա եղբայր է՝ նեղ օրվա համար ծնված» (Առակներ 17։17

Վշտահար մարդու համար լավագույն Ընկերը Արարիչն է՝ Եհովա Աստված։ Դուք կարող եք բացել ձեր սիրտը նրա առաջ՝ աղոթելով նրան, քանի որ «նա հոգ է տանում ձեր մասին» (1 Պետրոս 5։7)։ Ավելին, նա խոստանում է, որ եթե այդպես վարվեք, ձեզ անհանգստացնող բոլոր մտքերն ու զգացումները կփարատվեն շնորհիվ «Աստծու խաղաղության, որ գերազանցում է ամեն միտք» (Փիլիպպեցիներ 4։6, 7)։ Նաև պետք է թույլ տաք, որ Աստված օգնի ձեզ իր մխիթարական Խոսքի՝ Աստվածաշնչի միջոցով։ Կարելի է սփոփիչ մտքեր պարունակող աստվածաշնչյան համարների մի ցուցակ կազմել (տես այս հոդվածի  շրջանակը)։ Գուցե ցանկանաք դրանցից մի քանիսը մտապահել։ Այդ մտքերի շուրջ խորհրդածելը կարող է  օգտակար լինել հատկապես գիշերը, երբ մենակ եք լինում ու թերևս չեք կարողանում քնել (Եսայիա 57։15

Վերջերս 40-ամյա մի տղամարդ, որին կանվանենք Ջեկ, կորցրեց իր սիրելի կնոջը, որը հիվանդ էր քաղցկեղով։ Ջեկը ասում է, որ ժամանակ առ ժամանակ իրեն շատ միայնակ է զգում։ Սակայն նրան շատ է օգնում աղոթքը։ Նա ասում է. «Երբ աղոթում եմ Եհովային, ինձ այլևս միայնակ չեմ զգում։ Երբեմն գիշերը արթնանում եմ ու չեմ կարողանում քնել։ Այդ ժամանակ Աստվածաշնչից մխիթարական համարներ եմ ընթերցում, խորհում եմ դրանց շուրջ, ապա աղոթում եմ ու զգացումներիս մասին պատմում եմ Աստծուն։ Դրանից հետո ներքին հանգստություն և անսահման խաղաղություն եմ զգում, միտքս ու սիրտս խաղաղվում են, և ես կարողանում եմ քնել»։

Վանեսա անունով մի երիտասարդ կին կորցրել է իր մորը, որը հիվանդ էր։ Նա նույնպես զգացել է, թե ինչպես է աղոթքը օգնում։ Նա ասում է. «Ամենածանր ու դժվար պահերին միայն կարողանում էի արտաբերել Եհովայի անունը, և արցունքները հեղեղի պես թափվում էին աչքերիցս։ Եհովան միշտ լսել է իմ աղոթքները և տվել անհրաժեշտ զորությունը»։

Որոշ հոգեբան-խորհրդատուներ հորդորում են, որ խոր վշտի մեջ եղող մարդիկ օգնեն ուրիշներին կամ հանրօգուտ ինչ-որ աշխատանք կատարեն։ Դա կարող է բավարարվածության զգացում պարգևել նրանց և թեթևացնել վիշտը (Գործեր 20։35)։ Շատ քրիստոնյաներ, ովքեր հարազատ են կորցրել, զգացել են, որ օգնելով ուրիշներին՝ մեծ մխիթարություն են ստանում (2 Կորնթացիներ 1։3, 4

^ պարբ. 5 Այս գաղափարը աստվածաշնչյան ուսմունք չէ։ Աստվածաշունչը ցույց է տալիս, թե մահվան ինչ երեք պատճառ գոյություն ունի (Ժողովող 9։11; Հովհաննես 8։44; Հռոմեացիներ 5։12