Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ № 3 2016

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԵՐԲ ՄԱՀԱՆՈՒՄ Է ՀԱՐԱԶԱՏ ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Մխիթարենք նրանց, ովքեր սգում են

Մխիթարենք նրանց, ովքեր սգում են

Պատահե՞լ է, որ չեք իմացել՝ ինչպես օգնել մեկին, ով հարազատ է կորցրել ու խոր վշտի մեջ է։ Նման դեպքերում երբեմն չենք իմանում ինչ ասել կամ անել, ուստի որոշում ենք պարզապես լուռ մնալ ու ոչինչ չանել։ Բայց կան մի քանի գործնական կերպեր, որոնցով կարող ենք օգնել վշտահար մարդուն։

Հաճախ բավական է միայն ձեր ներկայությունը և ցավակցության մի պարզ խոսք ասելը։ Որոշ մշակույթներում հարազատ կորցրած անհատի հանդեպ հոգատարություն են արտահայտում՝ գրկելով նրան, կամ ջերմորեն սեղմելով նրա թևը։ Եթե վշտահար մարդը ցանկանում է խոսել, կարեկցաբար լսեք նրան։ Իսկ լավագույն օգնությունն այն կլինի, որ ինչ-որ բան անեք հարազատ կորցրած ընտանիքի համար։ Թերևս անեք որևէ գործ, որ նրանք այդ ընթացքում չեն կարող անել, օրինակ՝ ճաշ պատրաստել, երեխաներին խնամել կամ եթե մահացածի հարազատները դեմ չեն, կարող եք թաղման հետ կապված հարցերում օգնել։ Այդպիսի գործերը ավելի մեծ օգուտ են բերում, քան պերճախոս բառերը։

Ժամանակի ընթացքում թերևս հարմար գտնեք խոսել մահացածի մասին՝ հիշելով նրա լավ հատկությունները կամ նրա հետ կապված ուրախ դեպքերը։ Նման զրույցների շնորհիվ վշտահար անհատի դեմքին գուցե նույնիսկ ժպիտ հայտնվի։ Օրինակ՝ Պամը, որը վեց տարի առաջ կորցրել էր իր ամուսնուն՝ Իենին, ասում է. «Մարդիկ երբեմն ինձ պատմում են Իենի  արած լավ բաները, որոնց մասին ես երբեք չեմ իմացել, և դա ջերմացնում է իմ սիրտը»։

Ինչպես նշում են մասնագետները, հարազատ կորցրած շատ անհատներ սկզբնական շրջանում մեծ օգնություն են ստանում ընկերների կողմից, բայց որոշ ժամանակ անց նրանք մոռացության են մատնվում, երբ նրանց ընկերները կրկին վերադառնում են իրենց առօրյա կյանքին։ Ուստի շատ կարևոր է, որ ջանք թափեք կանոնավորաբար շփվել ձեր վշտահար ընկերոջ հետ։ * Վշտի մեջ եղող շատ մարդիկ խորապես գնահատում են այդպիսի շփումը, քանի որ դա հնարավորություն է տալիս նրանց խոսելու իրենց հոգում ծանրացած ցավի մասին ու թեթևացում գտնելու։

Նկատի առնենք Քաորիի օրինակը։ Այս երիտասարդ ճապոնուհին կորցրեց իր մորը, իսկ 15 ամիս անց՝ նաև մեծ քրոջը։ Նա շատ վհատված էր ու վշտաբեկ, բայց ընկերները միշտ նրա կողքին էին։ Նրանցից մեկը՝ Ռիցուկոն, որը բավականին մեծ է Քաորիից, ասաց, որ սրտանց կցանկանա լինել նրա մտերիմ ընկերը։ Քաորին պատմում է. «Անկեղծ ասած՝ դա այդքան էլ սրտովս չէր։ Ես չէի ցանկանում, որ ինչ-որ մեկը զբաղեցնի իմ մոր տեղը, և համոզված էի, որ ոչ ոք չի կարող փոխարինել նրան։ Սակայն Ռիցուկո մայրիկի ցուցաբերած վերաբերմունքը օգնեց, որ ես մտերմանամ նրա հետ։ Ամեն շաբաթ միասին գնում էինք քարոզչական ծառայության և քրիստոնեական հանդիպումներին։ Նա ինձ հաճախ հրավիրում էր թեյ խմելու կամ ուտելու ինչ-որ բան էր բերում, նաև նամակներ էր գրում ու բացիկներ նվիրում։ Ռիցուկո մայրիկի ջերմ վերաբերմունքը լավ ազդեցություն թողեց ինձ վրա»։

Քաորիի մոր մահից անցել է տասներկու տարի։ Այժմ Քաորին ամուսնու հետ լիաժամ մասնակցում է քարոզչական գործին։ Նա ասում է. «Ռիցուկո մայրիկը մինչ օրս շարունակում է իմ հանդեպ հոգատարություն դրսևորել։ Երբ վերադառնում եմ տուն, միշտ այցելում եմ նրան և վայելում նրա կերտիչ ընկերակցությունը»։

Մեկ ուրիշ անհատ, ում հանդեպ շարունակական օգնություն ցուցաբերվեց, Փոլին է, որը Եհովայի վկա է։ Նա ապրում էր Կիպրոսում իր սիրելի ամուսնու՝ Սոզոսի հետ, որը օրինակելի երեց էր և հաճախ էր իրենց տուն հրավիրում որբերին ու այրիներին՝ հաճելի շփում կամ ճաշ վայելելու (Հակոբոս 1։27)։ Ցավոք, Սոզոսը 53 տարեկանում մահացավ գլխուղեղի ուռուցքի պատճառով։ Փոլին պատմում է. «Ես կորցրի իմ հավատարիմ ամուսնուն, որի հետ ապրել էի 33 տարի»։

Վշտահար մարդուն կարող եք օգնել տարբեր գործնական կերպերով

Հուղարկավորությունից հետո Փոլին իրենց կրտսեր որդու՝ 15-ամյա Դենիելի հետ տեղափոխվեց Կանադա։ Նրանք սկսեցին համագործակցել Եհովայի վկաների՝ տեղի ժողովներից մեկի հետ։ Փոլին պատմում է. «Մեր նոր ժողովի անդամները ոչինչ չգիտեին մեր անցյալի և դժվարությունների մասին։ Բայցևայնպես, նրանք մոտենում էին մեզ, քաջալերում բարի խոսքերով և օգնում տարբեր հարցերում։ Դա անգնահատելի օգնություն էր հատկապես այդ ժամանակ, երբ որդիս հոր կարիք շատ ուներ։ Ժողովում առաջնորդություն վերցնող եղբայրները շատ ուշադիր էին Դենիելի հանդեպ։ Նրանցից մեկը հատկապես հոգատար էր և ամեն անգամ, երբ ընկերական ինչ-որ հավաքույթ էին կազմակերպում կամ գնում էին գնդակ խաղալու, նա անպայման հրավիրում էր որդուս»։ Հիմա Փոլին ու Դենիելը շատ ավելի լավ են զգում իրենց։

Ինչպես տեսանք, սգացողներին մխիթարելու և նրանց հանդեպ գործնական օգնություն ցույց տալու շատ կերպեր կան։ Աստվածաշունչը նույնպես մխիթարության մեծ աղբյուր է նրանց համար, քանի որ ապագայի հիանալի հույս է տալիս։

^ պարբ. 6 Ոմանք նույնիսկ իրենց օրացույցում նշում են մարդու մահվան ամսաթիվը, որպեսզի հիշեն և վշտի մեջ եղող հարազատներին մխիթարեն հատկապես այդ օրերին, երբ նրանք մխիթարության կարիք շատ ունեն։