Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան  |  № 2 2017

Հիսուսը այցելեց Պետրոսի զոքանչին և բուժեց նրան (Մատթեոս 8։14, 15; Մարկոս 1։29–31)

Պարտադի՞ր է, որ կրոնական ծառայողները կուսակրոն լինեն

Պարտադի՞ր է, որ կրոնական ծառայողները կուսակրոն լինեն

ԱՇԽԱՐՀԻ շատ կրոններ ու եկեղեցիներ, ինչպես, օրինակ, Հռոմի կաթոլիկ եկեղեցին, տարբեր ուղղափառ եկեղեցիներ, բուդդայականությունը և կրոնական այլ ուղղություններ պահանջում են, որ իրենց առաջնորդներն ու հոգևորականները կուսակրոն լինեն։ Մինչդեռ բազմաթիվ մարդիկ այն կարծիքին են, որ հենց կուսակրոնությունն է պատճառը, որ վերջերս շատացել են տարբեր կրոնների հոգևորականների հետ կապված սեռական բնույթի աղմկահարույց միջադեպերը։

Հետևաբար հարց է առաջանում. արդյո՞ք կուսակրոնությունը սուրբգրային պահանջ է կրոնական ծառայողների համար։ Այս հարցի պատասխանը գտնելու համար եկեք տեսնենք, թե ինչպես է առաջացել ու տարածվել այդ կրոնական սովորույթը, ու թե ինչ տեսակետ ունի Աստված դրա վերաբերյալ։

ԿՈՒՍԱԿՐՈՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Համաձայն «Բրիտանական հանրագիտարանի»՝ կուսակրոնությունը հիմնականում հոգևորականներին կամ ջերմեռանդ հավատացյալներին բնորոշ «մի կարգավիճակ է, որի դեպքում անհատը ամուրի է մնում ու հետևաբար հրաժարվում է սեռական կյանքից»։ 2006 թ.-ին Հռոմեական կուրիային՝ վարչական մարմնին, հղած իր ուղերձում այն ժամանակվա Պապ Բենեդիկտոս XVI-ը պարտադիր կուսակրոնությունը կապեց «դեռևս հետառաքելական ժամանակաշրջանի մի ավանդույթի հետ»։

Սակայն առաջին դարի քրիստոնյաների մեջ նման կրոնական սովորույթ չկար։ Ավելին, Պողոս առաքյալը, որն ապրել է առաջին դարում, իր հավատակիցներին զգուշացրել էր, որ որոշ մարդիկ «մոլորեցուցիչ ներշնչյալ խոսքեր» էին տարածելու և «արգելելու էին ամուսնանալ» (1 Տիմոթեոս 4։1–3

Միայն երկրորդ դարում էր, որ կուսակրոնության կարգը աստիճանաբար մուտք գործեց Արևմուտքի «քրիստոնեական» եկեղեցիներ։ Համաձայն կրոնական սովորույթների մասին մի գրքի՝ դա «կապված էր սեռական ժուժկալության նոր տենդենցի հետ, որը սկսել էր տարածվել Հռոմեական կայսրությունում» (Celibacy and Religious Traditions)։

Հետագա դարերի ընթացքում եկեղեցական ժողովներն ու այսպես կոչված եկեղեցու հայրերը ակտիվորեն խրախուսում էին կուսակրոնությունը հոգևորականների  շրջանում։ Նրանք այն կարծիքին էին, որ սեռական հարաբերությունները պղծում են մարդուն, ուստիև չեն կարող համատեղվել հոգևոր պարտականությունների հետ։ Այդուհանդերձ, ինչպես նշվում է «Բրիտանական հանրագիտարանում», «ընդհուպ մինչև 10-րդ դարը շատ քահանաներ և նույնիսկ որոշ եպիսկոպոսներ կին են ունեցել»։

Հոգևորականների կուսակրոնությունը՝ որպես պարտադիր կարգ, հաստատվել է Լատերանի՝ 1123 թ. և 1139 թ. տիեզերական ժողովների ժամանակ, որոնք տեղի են ունեցել Հռոմում։ Եվ մինչ օրս էլ այդ կարգը մնացել է անփոփոխ՝ որպես Հռոմի կաթոլիկ եկեղեցու պաշտոնական դիրքորոշում։ Այս կարգը հաստատելով՝ եկեղեցին կանխեց իր իշխանության և եկամտի կորուստը, որի պատճառն այն էր, որ ամուսնացած քահանաները եկեղեցու սեփականությունը կտակում էին իրենց երեխաներին։

ԱՍՏԾՈՒ ՏԵՍԱԿԵՏԸ ԿՈՒՍԱԿՐՈՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Աստծու տեսակետը կուսակրոնության վերաբերյալ հստակ արտահայտված է նրա Խոսքում՝ Աստվածաշնչում։ Այնտեղ կարդում ենք Հիսուսի ասած որոշ մտքեր նրանց մասին, ովքեր, իր նման, ամուրի էին մնում «երկնքի թագավորության համար» (Մատթեոս 19։12)։ Պողոս առաքյալը նույնպես խոսել է այդ մասին և նշել է, որ որոշ քրիստոնյաներ, հետևելով իր օրինակին, որոշել էին ամուրի մնալ «բարի լուրի համար» (1 Կորնթացիներ 7։37, 38; 9։23

Սակայն ո՛չ Հիսուսը, ո՛չ էլ Պողոսը չէին պարտադրում, որ քրիստոնյաները ամուրի մնան։ Հիսուսն ասաց, որ ամուրիությունը մի «պարգև» է, որը իր հետևորդներից ոչ բոլորը կարող են ունենալ։ Թեև Պողոսն ասաց, որ ամուրի մնալը լավ է, բայց նաև անկեղծորեն նշեց. «Ես ոչ մի պատվեր չունեմ Տիրոջից, բայց իմ կարծիքն եմ հայտնում» (Մատթեոս 19։11; 1 Կորնթացիներ 7։25

Բացի այդ, Աստվածաշունչը ցույց է տալիս, որ առաջին դարի շատ քրիստոնյա ծառայողներ, այդ թվում Պետրոս առաքյալը, ամուսնացած էին (Մատթեոս 8։14; Մարկոս 1։29–31; 1 Կորնթացիներ 9։5)։ Ավելին, քանի որ այդ ժամանակ հռոմեական հասարակության մեջ լայնորեն տարածված էր անբարոյությունը, Պողոսը գրեց, որ եթե քրիստոնյա վերակացուն ամուսնացած էր, պետք է լիներ «մեկ կնոջ ամուսին» և ունենար հնազանդ երեխաներ (1 Տիմոթեոս 3։2, 4

Դրանք սեռական հարաբերություններից զերծ ամուսնություններ չէին, քանի որ Աստվածաշնչում պարզ ասվում է, որ «ամուսինը [պետք է] իր կնոջը նրա պարտքը տա», և որ կողակիցները չպետք է «իրար զրկեն» սեռական հարաբերություններից (1 Կորնթացիներ 7։3–5)։ Հստակ է, ուրեմն, որ կուսակրոնությունը Աստծու պահանջը չէ, ոչ էլ պարտադիր պայման է կրոնական ծառայող լինելու համար։

ԲԱՐԻ ԼՈՒՐԻ ՀԱՄԱՐ

Եթե կուսակրոնությունը պարտադիր պահանջ չէ, այդ դեպքում ինչո՞ւ Հիսուսը և Պողոսը դրականորեն արտահայտվեցին ամուրիության մասին։ Պատճառն այն է, որ ամուրիությունը անհատին հնարավորություն է տալիս ավելի շատ մասնակցելու բարի լուրի քարոզչությանը։ Ամուրիները կարող են ավելի շատ ուժ ու եռանդ ներդնել այդ գործում, քանի որ զերծ են այն հոգսերից ու մտահոգություններից, որոնք սովորաբար ունենում են ամուսնացածները (1 Կորնթացիներ 7։32–35

Նկատի առնենք Դեյվիդի օրինակը։ Նա որոշեց թողնել իր լավ վարձատրվող աշխատանքը Մեխիկո քաղաքում և տեղափոխվել Կոստա Ռիկայի գյուղական մի վայր՝ մարդկանց Աստվածաշունչ ուսուցանելու համար։ Իսկ կարելի՞ է ասել, որ ամուրիությունը նպաստել է, որ նա կարողանա անել դա։ Դեյվիդի կարծիքով՝ նպաստել է։ Նա ասում է. «Նոր մշակույթին և կենսապայմաններին հարմարվելը լուրջ դժվարություն էր, բայց քանի որ մենակ էի ու պետք է միայն իմ կարիքները հոգայի, ավելի հեշտությամբ կարողացա հարմարվել»։

Կլաուդիան, որն ամուրի քրիստոնյա է և տեղափոխվել է ծառայելու այն վայրերում, որտեղ բարի լուրը քարոզողների կարիք կա, ասում է. «Ես ուրախություն եմ ստանում Աստծուն ծառայելուց։ Երբ տեսնում եմ՝ ինչպես է Աստված հոգ տանում իմ մասին, ավելի եմ մտերմանում նրա հետ, և հավատս ավելի է ամրանում»։

«Անկախ նրանից՝ ամուսնացած ես, թե ամուրի, եթե Եհովա Աստծուն տալիս ես քո լավագույնը, դու անպայման երջանիկ կլինես» (Կլաուդիա)

Ամուրիությունը չպետք է բեռ լինի։ Կլաուդիան ասում է. «Անկախ նրանից՝ ամուսնացած ես թե ամուրի, եթե Եհովա Աստծուն տալիս ես քո լավագույնը, դու անպայման երջանիկ կլինես» (Սաղմոս 119։1, 2