«Քրիստոսի ունեցած սերն է մղում մեզ.... Նա մահացավ բոլորի համար, որպեսզի նրանք, ովքեր ապրում են, այլևս ոչ թե իրենց համար ապրեն, այլ նրա համար, ով մահացավ իրենց համար» (2 Կորնթացիներ 5։14, 15

ԵՐԲ նվեր ենք ստանում, պետք է դրա համար երախտագետ լինենք և գնահատանք ցույց տանք, հատկապես եթե դա յուրահատուկ նվեր է։ Հիսուսը խոսեց այս մասին, երբ բուժեց տասը մարդու, որոնք տառապում էին այն ժամանակներում անբուժելի համարվող մի սարսափելի հիվանդությամբ։ Տասից մեկը «հետ դարձավ ու բարձր ձայնով փառաբանում էր Աստծուն»։ Հիսուսն ասաց. «Չէ՞ որ տասն էլ մաքրվեցին։ Որտե՞ղ են մնացած ինը» (Ղուկաս 17։12–17)։ Այս պատմությունը ցույց է տալիս, թե մարդը որքան արագ կարող է մոռանալ այն լավ բաները, որ ուրիշներն անում են իր համար։

Փրկանքը, ինչ խոսք, ամենից յուրահատուկ նվերն է. այն երբևէ տրված մեծագույն նվերն է։ Ուրեմն ինչպե՞ս կարող եք ցույց տալ ձեր գնահատանքը Աստծու արածի համար։

  • Ճանաչեք նվերը Տվողին։ Մարդիկ ինքնաբերաբար հավիտենական կյանք չեն ստանում փրկանքի շնորհիվ։ Հիսուսն Աստծուն աղոթելիս ասաց. «Սա է հավիտենական  կյանքը, որ ճանաչեն քեզ՝ միակ ճշմարիտ Աստծուդ, և Հիսուս Քրիստոսին, որին դու ուղարկեցիր» (Հովհաննես 17։3)։ Եթե ձեզ ասեին, որ ինչ-որ մեկը փրկել է ձեր կյանքը, երբ դուք դեռ փոքր էիք, մի՞թե չէիք ցանկանա ավելի լավ ճանաչել այդ մարդուն և իմանալ, թե ինչու է նա փրկել ձեզ։ Եհովա Աստված, ով տվել է փրկանքը՝ այդ կենսաբեր նվերը, ցանկանում է, որ ոչ միայն ճանաչենք իրեն, այլև մտերմանանք իր հետ։ Աստվածաշնչում ասվում է. «Մոտեցեք Աստծուն, և նա կմոտենա ձեզ» (Հակոբոս 4։8

  • Հավատ դրսևորեք փրկանքի հանդեպ։ «Ով հավատում է Որդուն, հավիտենական կյանք ունի» (Հովհաննես 3։36)։ Ի՞նչ է նշանակում հավատ դրսևորել։ Դա իր մեջ գործողություն է ներառում (Հակոբոս 2։17)։ Երբ մեզ նվեր են տալիս, մենք մեկնում ենք մեր ձեռքն ու վերցնում այն։ Նմանապես, հարկավոր է քայլեր ձեռնարկել Աստծու տված նվերից՝ փրկանքից, օգտվելու համար։ Իսկ ի՞նչ քայլերի մասին է խոսքը։ Նախ՝ պետք է իմանանք, թե Աստված ի՞նչ է ակնկալում մեզանից ու վարվենք մեր իմացածի համաձայն։ * Նաև պետք է աղոթենք Աստծուն, որ ների մեր մեղքերը և օգնի, որ մաքուր խիղճ ունենանք։ Աստծուն դիմելիս պետք է լիովին համոզված լինենք, որ փրկանքը երաշխիք է, որ բոլոր նրանք, ովքեր հավատ են դրսևորում դրա հանդեպ, ապագայում հավիտյան կապրեն խաղաղ, ապահով ու բարեկեցիկ կյանքով (Եբրայեցիներ 11։1

  • Ներկա եղեք Հիսուսի մահվան հիշատակի երեկոյին։ Հիսուսը հաստատեց մի արարողություն, որը պետք է նշվեր ամեն տարի։ Այդ արարողության նպատակը մարդկանց փրկանքի մասին հիշեցնելն էր։ Դրա հետ կապված նա ասաց. «Սա արեք ինձ հիշելու համար» (Ղուկաս 22։19)։ Այս տարի Եհովայի վկաները Հիսուսի մահը կնշեն ապրիլի 11-ին՝ երեքշաբթի օրը՝ մայրամուտից հետո։ Ծրագիրը կտևի մոտ մեկ ժամ։ Այդ ընթացքում կհնչի ելույթ այն մասին, թե ինչ կարևոր նշանակություն ունի Հիսուսի մահը, և թե դրա շնորհիվ ինչ օրհնություններ կարող ենք վայելել այսօր և ապագայում։ Անցած տարի ամբողջ աշխարհում Հիշատակի երեկոյին ներկա է եղել մոտ 20 միլիոն մարդ։ Սիրով հրավիրում ենք ձեզ ներկա լինելու այս հատուկ միջոցառմանը և այդպիսով ցույց տալու ձեր գնահատանքը Աստծու տված մեծագույն նվերի համար։

^ պարբ. 7 Աստծուն ճանաչելու և նրա հետ մտերմանալու լավագույն կերպը նրա Խոսքը՝ Աստվածաշունչը, ուսումնասիրելն է։ Որպեսզի իմանաք, թե ինչպես է անցկացվում Աստվածաշնչի ուսումնասիրությունը, դիմեք Եհովայի վկաներից մեկին կամ այցելեք մեր կայք՝ www.jw.org/hy։