Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան  |  № 2 2017

Առատաձեռն լինելու բերկրանքը

Առատաձեռն լինելու բերկրանքը

ԱԼԵՔՍԱՆԴՐԱՆ հարավամերիկյան մի երկրից մյուսն էր գնում, և մինչ նա, ավտոբուսում նստած, սպասում էր, որ անցնեն սահմանը, լսեց, որ ինչ-որ մեկն ասաց. «Ավտոբուսը կարող է մեկնել, բայց այս չինացի երիտասարդը կմնա»։ Ալեքսանդրան իջավ ավտոբուսից, որ իմանա՝ ինչ է պատահել և տեսավ, որ մի չինացի կոտրտված իսպաներենով փորձում է ինչ-որ բան բացատրել սահմանապահին։ Ալեքսանդրան հաճախում էր Եհովայի վկաների չինախոս ժողովներից մեկի հանդիպումներին և գիտեր այդ լեզուն, ուստի ասաց, որ կարող է թարգմանել նրանց համար։

Չինացի երիտասարդն ասաց, որ ինքը օրինական բնակիչ է, բայց իր փաստաթղթերն ու փողերը գողացել են։ Սկզբում սահմանապահը չհավատաց նրա ասածներին և նույնիսկ մտածեց, թե Ալեքսանդրան ներգրավված է մարդկանց առևտրի մեջ։ Ու թեև նա ի վերջո ընդունեց տրված բացատրությունը, բայց խեղճ ճանապարհորդը պետք է տուգանք վճարեր անհրաժեշտ փաստաթուղթը չունենալու համար։ Եվ քանի որ փող չուներ, Ալեքսանդրան ասաց, որ կարող է նրան պարտքով 20 դոլար տալ։ Երիտասարդը խորապես շնորհակալություն հայտնեց նրան և ասաց, որ 20 դոլարից էլ շատ կվերադարձնի։ Ալեքսանդրան ասաց, որ իր նպատակը պարգևատրում ստանալը չէ, և որ ինքը սրտանց ցանկացավ օգնել, որովհետև այդպես վարվելը ճիշտ է։ Նա նաև երիտասարդին աստվածաշնչյան գրականություն տվեց և հորդորեց Աստվածաշունչ ուսումնասիրել Վկաների օգնությամբ։

Հաճելի է լսել օտար մարդկանց հանդեպ առատաձեռնության այսպիսի դրսևորումների մասին, և անկասկած, նման բարի գործեր անում են բոլոր կրոնների մարդիկ, նաև նրանք, ովքեր ոչ մի կրոնի չեն պատկանում։ Իսկ դուք պատրաստ կլինեի՞ք օգնել ուրիշի՝ նման անձնազոհ և անշահախնդիր սեր դրսևորելով։ Այս հարցն իսկապես արժանի է ուշադրության, քանի որ Հիսուսն ասել է. «Ավելի շատ երջանկություն կա տալու, քան ստանալու մեջ» (Գործեր 20։35)։ Դրա հետ կապված հետաքրքիր բան են բացահայտել նաև գիտնականները. նրանք պարզել են, որ տալը շատ օգուտներ է բերում մարդուն։ Տեսնենք, թե ինչ օգուտներ։

ՆԱ, ՈՎ ՏԱԼԻՍ Է, ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԱՆՈՒՄ

Փորձը ցույց է տվել, որ սերտ կապ գոյություն ունի առատաձեռնության և ուրախության միջև։ Պողոս առաքյալը գրել է. «Աստված ուրախությամբ տվողին է սիրում»։ Նա խոսում էր այն քրիստոնյաների մասին, ովքեր առատաձեռնորեն նվիրաբերություններ էին արել նեղության մեջ եղող իրենց հավատակիցներին օգնելու համար (2 Կորնթացիներ 8։4; 9։7)։ Պողոսը չէր ուզում ասել, թե այդ մարդիկ ուրախ էին, այդ պատճառով էլ նվիրաբերություն էին անում։ Ընդհակառակը՝ նվիրաբերություն անելն էր նրանց ուրախություն պարգևել։

Եվ իսկապես, ինչպես ցույց է տվել մի ուսումնասիրություն, առատաձեռնություն դրսևորելը «ակտիվացնում է ուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են հաճույքի, վստահության զգացումի և սոցիալական հարաբերությունների համար, և առաջացնում է ներքին բավարարվածության զգացում»։ Իսկ մեկ այլ ուսումնասիրություն ցույց տվեց, որ «մասնակիցները ավելի մեծ ուրախություն էին ստանում, երբ փողն իրենց համար ծախսելու փոխարեն՝ այն տալիս էին մեկ ուրիշի»։

Պատահե՞լ է, որ մտածեք, թե ձեր ունեցած հանգամանքների պատճառով չեք կարող առատաձեռնություն դրսևորել։ Սակայն ճշմարտությունն այն է, որ յուրաքանչյուր մարդ էլ կարող է զգալ «ուրախությամբ տալու» բերկրանքը։ Չէ՞ որ կարևորը ճիշտ մղումով տալն է, ոչ թե տվածի չափը։ Եհովայի վկաներից մեկը այս ամսագրի հրատարակիչներին ուղարկեց մի նամակ և որոշակի նվիրաբերություն։ Նամակում նա գրել էր. «Այսքան տարի ես միայն փոքր նվիրաբերություններ եմ կարողացել անել Թագավորության սրահում»։ Իսկ հետո ավելացնում է.  «Եհովա Աստված ինձ տալիս է շատ ավելին, քան ես նվիրաբերում եմ.... Անչափ շնորհակալ եմ, որ նվիրաբերություններ անելու հնարավորություն եք տվել։ Ինձ համար մխիթարական է, որ կարող եմ այս կերպով հայտնել երախտագիտությունս»։

Ինչ խոսք, առատաձեռնություն կարելի է դրսևորել ոչ միայն դրամական նվերներով, այլև բազում այլ կերպերով։

ԱՌԱՏԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՊԱՍՏՈՒՄ Է ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ

Առատաձեռնություն դրսևորելը նպաստում է մեր և ուրիշների բարօրությանը

Աստվածաշունչն ասում է. «Սիրառատ բարություն ցուցաբերող մարդը լավություն է անում իր հոգուն, բայց դաժան մարդը փորձանք է բերում իր մարմնին» (Առակներ 11։17)։ Բարի մարդիկ առատաձեռն են, պատրաստ տալու իրենց ողջ անձը՝ իրենց ուշադրությունը, ժամանակը, ուժերը և այլն։ Այսպիսի մտավիճակ ունեցող մարդիկ բազում օգուտներ են քաղում։ Եվ ամենակարևոր օգուտներից մեկն այն է, որ նման առատաձեռնությունը նպաստում է առողջությանը։

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նրանք, ովքեր որպես կամավորներ օգնում են ուրիշներին, ավելի քիչ ցավեր ու տկարություններ են ունենում և ավելի հազվադեպ են ընկնում վհատության մեջ։ Ընդհանուր առմամբ նրանց առողջական վիճակը բարելավվում է։ Ուրիշներին օգնելը բարելավվում է նույնիսկ քրոնիկական հիվանդություններով, ինչպես, օրինակ, ցրված կարծրախտով կամ ՄԻԱՎ-ով տառապող որոշ մարդկանց առողջությունը։ Ուսումնասիրությունները նաև ցույց են տվել, որ խմելու սովորության դեմ պայքարող այն ալկոհոլամոլները, ովքեր օգնում են ուրիշներին, ավելի քիչ են ընկճվում, և մեծանում է հավանականությունը, որ նրանք չեն վերադառնա իրենց հին սովորությանը։

Իսկ ինչո՞ւ է ուրիշների հանդեպ հոգատարությունը լավ անդրադառնում մարդկանց վրա։ Մասնագետները կարծում են, որ, ըստ երևույթին, «երբ մարդու սիրտը լի է լինում բարյացակամությամբ, բարությամբ ու կարեկցանքով, բացասական զգացումների համար այլևս տեղ չի մնում»։ Ուրիշներին օգնելը նաև կարող է նվազեցնել սթրեսն ու կարգավորել արյան ճնշումը։ Բացի այդ, ինչպես ցույց են տվել ուսումնասիրությունները, իրենց կողակցին կորցրած շատ անհատներ ավելի արագ են հաղթահարել ընկճվածությունը, երբ սկսել են աջակցել ուրիշներին։

Իսկապես, ոչ մի կասկած չկա, որ առատաձեռն լինելը և ուրիշներին օգնելը նպաստում են մարդու բարօրությանը։

ԱՌԱՏԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՈԳԻՆ ՎԱՐԱԿԻՉ Է

Հիսուսը հորդորեց իր հետևորդներին. «Տվեք, և մարդիկ կտան ձեզ։ Նրանք ձեր գիրկը կլցնեն լավ չափով՝ խտացված, թափ տրված և լեփ-լեցուն. ինչ չափով որ չափում եք, նույն չափով էլ ձեզ համար կչափեն» (Ղուկաս 6։38)։ Երբ առատաձեռնություն եք դրսևորում մարդկանց հանդեպ, ավելի մեծ է լինում հավանականությունը, որ նրանք երախտագետ կլինեն և կմղվեն իրենք էլ իրենց հերթին առատաձեռնություն դրսևորելու։ Այսպիսով՝ առատաձեռնության ոգին նպաստում է լավ համագործակցությանը և ամրացնում է ընկերական փոխհարաբերությունները։

Առատաձեռնության ոգին նպաստում է լավ համագործակցությանը և ամրացնում է ընկերական փոխհարաբերությունները

Մարդկային փոխհարաբերությունների ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետները նկատել են, որ «այն մարդիկ, ովքեր շարունակ անձնազոհ և անշահախնդիր սեր են դրսևորում ուրիշների հանդեպ, իրենց օրինակով մղում են ուրիշներին նույն կերպ վարվելու»։ Ավելին, «հենց միայն կարդալով բարության արտասովոր դրսևորումների մասին՝ մարդիկ մղվում են ավելի առատաձեռն լինելու»։ Հետևաբար, ինչպես ցույց է տվել մի ուսումնասիրություն, «հասարակության յուրաքանչյուր անդամ կարող է ազդել տասնյակ և նույնիսկ հարյուրավոր մարդկանց վրա, անգամ եթե նրանցից ոմանց չի ճանաչում և երբևիցե չի էլ հանդիպել»։ Այլ կերպ ասած՝ բարության և առատաձեռնության մեկ դրսևորումը կարող է շղթայական ազդեցություն ունենալ ողջ հասարակության վրա, այսինքն՝ բարին անելու մղումը կարող է փոխանցվել մեկ մարդուց մյուսին։ Մի՞թե չէիք ցանկանա ապրել այդպիսի հասարակության մեջ։ Իսկապես, եթե ավելի շատ մարդիկ առատաձեռնության  ոգի դրսևորեին, դա կնպաստեր համընդհանուր բարօրությանը։

Այդպիսի դրական ազդեցության վառ ապացույցն է ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում տեղի ունեցած հետևյալ դեպքը։ Մի խումբ Եհովայի վկաներ որպես կամավորներ եկել էին օգնություն ցույց տալու ավերիչ փոթորկից տուժած տարածքում։ Նրանք պետք է հավատակիցներից մեկի տանը վերանորոգման աշխատանքներ կատարեին և մինչ սպասում էին, որ անհրաժեշտ նյութերը տեղ հասնեն, նկատեցին, որ հարևաններից մեկի ցանկապատը վնասված է։ Նրանք հարևանին ասացին, որ կարող են նորոգել այն։ Հետագայում հարևանը Եհովայի վկաների գլխավոր վարչությանը մի նամակ գրեց, որում ասում էր. «Ես անչափ երախտապարտ եմ։ Այդ մարդիկ իմ հանդիպած ամենահաճելի մարդկանցից էին»։ Երախտագիտությունից մղված՝ նա առատաձեռն նվիրաբերություն էր ուղարկել, որպեսզի այն օգտագործվեր, ինչպես ինքն էր գրել, «Վկաների առանձնահատուկ գործունեության համար»։

ԸՆԴՕՐԻՆԱԿԵՆՔ ԱՌԱՏԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՄԵԾԱԳՈՒՅՆ ՕՐԻՆԱԿԻՆ

Գիտական մի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ, «ըստ ամենայնի, մարդու մեջ ուրիշներին օգնելու բնածին հակում կա»։ Այդ ուսումնասիրության մեջ նշվում է, որ երեխաները «անշահախնդիր սեր են դրսևորում ուրիշների հանդեպ նույնիսկ նախքան խոսել սովորելը»։ Աստվածաշունչը բացատրում է, թե ինչի շնորհիվ են մարդիկ կարողանում այդպիսի սեր դրսևորել. այնտեղ ասվում է, որ մարդը ստեղծված է «Աստծու պատկերով», այսինքն՝ օժտված է այն հատկություններով, ինչ Աստված ունի (Ծննդոց 1։27

Մեր Արարչի՝ Եհովա Աստծու հիասքանչ հատկություններից մեկը առատաձեռնությունն է։ Նա մեզ տվել է կյանք և այն ամենը, ինչ անհրաժեշտ է երջանիկ լինելու համար (Գործեր 14։17; 17։26–28)։ Մենք կարող ենք ավելին իմանալ մեր երկնային Հոր և մեր առնչությամբ նրա ունեցած հիանալի նպատակների մասին՝ ուսումնասիրելով նրա Խոսքը՝ Աստվածաշունչը։ Այդ գրքից նաև կարող ենք իմանալ, թե Աստված ինչ միջոցներ է ձեռնարկել, որ մենք երջանիկ ապագա ունենանք (1 Հովհաննես 4։9, 10 * Եվ քանի որ Եհովա Աստված է առատաձեռնության սկզբնաղբյուրը, և մենք էլ ստեղծված ենք նրա պատկերով, այդ պատճառով զարմանալի չէ, որ երբ, նրա նման, առատաձեռնություն ենք դրսևորում, արժանանում ենք նրա հավանությանը և նպաստում ենք մեր իսկ բարօրությանը (Եբրայեցիներ 13։16

Իսկ ի՞նչ ավարտ ունեցավ Ալեքսանդրայի պատմությունը, որի մասին հիշատակվեց հոդվածի սկզբում։ Ավտոբուսի ուղևորներից մեկը նրան ասաց, թե նա իր փողն այլևս հետ չի ստանա։ Բայց չինացի երիտասարդը, ում Ալեքսանդրան օգնել էր, դիմեց իր ընկերներին, որոնք ապրում էին այն քաղաքում, որտեղ պետք է կանգ առներ ավտոբուսը, և նրա ընկերները վճարեցին Ալեքսանդրայի պարտքը։ Ավելին, երիտասարդը հետևեց Ալեքսանդրայի խորհրդին ու սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել։ Ալեքսանդրան անչափ ուրախացավ, երբ երեք ամիս անց հանդիպեց նրան Պերուում՝ Եհովայի վկաների՝ չինարեն լեզվով անցկացվող համաժողովում։ Ալեքսանդրայի արածի դիմաց իր շնորհակալությունը հայտնելու համար երիտասարդը նրան ու նրա հետ համաժողով եկած մարդկանց հրավիրեց իր ռեստորան։

Առատաձեռնություն դրսևորելը և ուրիշներին օգնելը իսկապես մեծ ուրախություն է պարգևում։ Եվ այդ ուրախությունը ավելի մեծ է լինում, երբ դրա հետ մեկտեղ օգնում ենք մարդկանց ավելին իմանալու բոլոր բարի պարգևների Աղբյուրի՝ Եհովա Աստծու մասին (Հակոբոս 1։17)։ Իսկ դուք վայելո՞ւմ եք նման առատաձեռնություն դրսևորելու բերկրանքը։

^ պարբ. 21 Ավելի շատ տեղեկություններ կարող եք գտնել «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքում, որը հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։ Առկա է նաև օնլայն www.jw.org/hy կայքում (տես ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ > ԳՐՔԵՐ ԵՎ ԳՐՔՈՒՅԿՆԵՐ