Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան  |  № 2 2016

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ

Ինչո՞ւ Հիսուսը տառապանքներ կրեց ու մահացավ

Ինչո՞ւ Հիսուսը տառապանքներ կրեց ու մահացավ

«Մեկ մարդու [Ադամի] միջոցով մեղքը մտավ աշխարհ, և մեղքով էլ մահը» (Հռոմեացիներ 5։12)

Ի՞նչ կպատասխանեիք, եթե ձեզ հարցնեին. «Կցանկանա՞ք հավիտյան ապրել»։ Մարդկանց մեծ մասը հավանաբար կասեր, որ կցանկանա ապրել հավիտյան, բայց դրա մասին մտածելն անգամ անիմաստ է, քանի որ դա անհնար է։ Նրանց կարծիքով՝ մահը բնական երևույթ է, և բոլորն էլ վաղ, թե ուշ մահանում են։

Բայց ի՞նչ կասեք, եթե այդ հարցը այլ կերպ ձևակերպենք. «Կցանկանա՞ք մահանալ»։ Նորմալ հանգամանքներում գտնվող մարդկանց մեծ մասը կպատասխանի՝ ոչ։ Դա ցույց է տալիս, որ ոչ մի մարդ չի ցանկանում մահանալ, նույնիսկ եթե լուրջ խնդիրների է բախվում։ Աստվածաշունչը հայտնում է, որ Աստված մարդկանց ստեղծել է ապրելու ցանկությամբ։ Այնտեղ ասվում է, որ նա «նույնիսկ հավիտենությունն է դրել մարդկանց սրտերում» (Ժողովող 3։11

Մինչդեռ իրողությունն այն է, որ մարդիկ չեն ապրում հավիտյան։ Ի՞նչն է պատճառը։ Իսկ Աստված ինչ-որ բան արե՞լ է իրավիճակը շտկելու համար։ Աստվածաշունչը այս հարցերին գոհացուցիչ և հուսադրող պատասխաններ է տալիս։ Դրանք ուղղակիորեն առնչվում են այն հարցի հետ, թե ինչու Հիսուսը տառապանքներ կրեց ու մահացավ։

ԻՆՉՈ՞Ւ ՀԱՎԻՏՅԱՆ ՉԵՆՔ ԱՊՐՈՒՄ

Աստվածաշնչի «Ծննդոց» գրքի առաջին երեք գլուխներից իմանում ենք, որ Աստված առաջին մարդկային զույգին՝ Ադամին ու Եվային, ստեղծեց հավիտյան ապրելու հեռանկարով և ասաց նրանց, թե ինչ պետք է անեն այդպիսի կյանք ունենալու համար։ Այնուհետև Աստվածաշունչը հայտնում է, որ առաջին մարդկային զույգը չհնազանդվեց Աստծուն և կորցրեց հավիտյան ապրելու հնարավորությունը։ Այդ պատմությունը շարադրված է այնքան պարզ ու հասարակ լեզվով, որ ոմանք առանց երկար մտածելու այն համարում են առասպել։ Սակայն «Ծննդոց» գիրքը, Ավետարանների նման, ունի այն բոլոր առանձնահատկությունները, որոնք հիմք են տալիս այն համարելու հավաստի պատմական արձանագրություն։ *

Ի՞նչ եղավ Ադամի անհնազանդության հետևանքը։ Աստվածաշնչում կարդում ենք. «Մեկ մարդու [Ադամի] միջոցով մեղքը մտավ աշխարհ, և մեղքով էլ մահը, և այդպիսով մահը տարածվեց բոլոր մարդկանց վրա, որովհետև բոլորն էլ մեղք գործեցին» (Հռոմեացիներ 5։12)։ Աստծու հանդեպ անհնազանդություն դրսևորելով՝ Ադամը մեղք գործեց։ Արդյունքում նա կորցրեց հավիտենական կյանքի հեռանկարը և ի վերջո մահացավ։ Լինելով նրա սերունդները՝ մենք մեղք ենք ժառանգել, ուստիև հիվանդանում ենք, ծերանում և մահանում։ Այս միտքը ներդաշնակ է ժառանգականության մասին ներկայումս հայտնի փաստերին։ Սակայն հարց է առաջանում. Աստված  որևէ բան արե՞լ է ստեղծված իրավիճակը շտկելու համար։

Ի՞ՆՉ է ԱՐԵԼ ԱՍՏՎԱԾ

Աստված քայլեր է ձեռնարկել, որպեսզի Ադամի սերունդների համար վերադարձնի, կամ՝ հետ գնի այն, ինչ Ադամը կորցրել էր՝ հավիտենական կյանքի հեռանկարը։ Ի՞նչ է արել Աստված այդ նպատակն իրականացնելու համար։

Աստվածաշնչում գրված է. «Մեղքի տված վարձը մահն է» (Հռոմեացիներ 6։23)։ Սա նշանակում է, որ մահը մեղքի հետևանքն է։ Ադամը մեղք գործեց, այդ պատճառով էլ մահացավ։ Մենք էլ ենք մեղք գործում, հետևաբար ենթակա ենք մահվան։ Բայց մենք ծնվել ենք մեղք գործելու հակումով, ինչը մեր մեղավորությունը չէ։ Ուստի Աստված ուղարկեց իր Որդուն՝ Հիսուսին, որ նա մեր փոխարեն ընդունի «մեղքի վարձը»։ Ինչպե՞ս դա եղավ։

Հիսուսի մահվան շնորհիվ մեր առջև երջանիկ, անվերջ կյանքի հեռանկար է բացվել

Քանի որ մեկ մարդու՝ կատարյալ մարդ Ադամի անհնազանդության պատճառով մարդիկ մեղք ու մահ էին ժառանգել, անհրաժեշտ էր մեկ այլ կատարյալ մարդ, որը, հնազանդ մնալով, անգամ մինչև մահ, կազատեր մեզ մեղքից ու մահից։ Աստվածաշունչը դա հետևյալ կերպ է բացատրում. «Ինչպես մեկ մարդու անհնազանդությամբ շատերը մեղավորներ դարձան, այդպես էլ մեկ մարդու հնազանդությամբ շատերը արդարներ կդառնան» (Հռոմեացիներ 5։19)։ Հիսուսը հենց այդ «մեկ մարդն» էր։ Նա թողեց երկինքը, ծնվեց որպես կատարյալ մարդ * և մահացավ մեզ համար։ Դրա շնորհիվ մենք հնարավորություն ունենք Աստծու առաջ արդար համարվելու և հավիտենական կյանք ձեռք բերելու։

ԻՆՉՈ՞Ւ ՀԻՍՈՒՍԸ ՏԱՌԱՊԱՆՔՆԵՐ ԿՐԵՑ ԵՎ ՄԱՀԱՑԱՎ

Բայց ինչո՞ւ էր անհրաժեշտ, որ այդ ամենը հնարավոր դարձնելու համար Հիսուսը մահանար։ Մի՞թե Ամենակարող Աստված չէր կարող հենց այնպես թույլ տալ, որ Ադամի սերունդները ապրեն հավիտյան։ Ինչ խոսք, նա իրավունք և իշխանություն ուներ այդպես վարվելու։ Բայց դա կնշանակեր, որ նա անտեսում է իր իսկ սահմանած օրենքը, համաձայն որի՝ մեղքի վարձը մահն է։ Սա ինչ-որ աննշան կանոն չէ, որը կարելի է պարզապես անտեսել կամ փոփոխել ըստ հարմարության։ Սա իսկական արդարության հիմքում ընկած կարևոր սկզբունք է (Սաղմոս 37։28

Եթե Աստված այս դեպքում արդարությունը մի կողմ դներ, մարդիկ գուցե մտածեին, որ նա այլ դեպքերում էլ այդպես կվարվի։ Օրինակ՝ գուցե այսպիսի հարցեր  առաջանային. արդյո՞ք Աստված արդար կերպով կորոշի, թե Ադամի սերունդներից ով է արժանի հավիտենական կյանք ստանալու։ Կամ արդյո՞ք նա կպահի իր խոստումները։ Այն փաստը, որ մեզ համար փրկության միջոց ձեռք բերելու հարցում Աստված հավատարիմ մնաց իր արդարության չափանիշներին, վստահեցնում է, որ նա միշտ կանի այն, ինչ ճիշտ է ու արդար։

Աստված Հիսուսի զոհաբերական մահով մարդկանց առջև բացեց դրախտ-երկրում հավիտյան ապրելու հեռանկարը։ Նկատի առնենք Հիսուսի խոսքերը՝ արձանագրված Հովհաննես 3։16-ում. «Աստված այնքան շատ սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ամեն ոք, ով հավատ է դրսևորում նրա հանդեպ, չկործանվի, այլ հավիտենական կյանք ունենա»։ Այսպիսով՝ Հիսուսի մահը վկայում է ոչ միայն Աստծու անփոփոխ արդարության, այլև մարդկանց հանդեպ նրա մեծ սիրո մասին։

Բայց ինչո՞ւ էր անհրաժեշտ, որ Հիսուսը տառապանքներ կրեր և մահանար տանջալից մահով, ինչպես որ նկարագրվում է Ավետարաններում։ Այդպիսի ծայրահեղ փորձության ենթարկվելով ու մինչև վերջ հավատարիմ մնալով՝ Հիսուսը մեկընդմիշտ փաստեց, որ Սատանայի պնդումը, թե բոլոր մարդիկ փորձության ենթարկվելիս Աստծու հանդեպ անհավատարիմ կլինեն, բացարձակապես սուտ է (Հոբ 2։4, 5)։ Գուցե թվար, թե Սատանայի այդ պնդումը ճիշտ է, քանի որ նրան հաջողվել էր անհնազանդության դրդել կատարյալ մարդ Ադամին։ Բայց կատարյալ մարդ Հիսուսը, որը լիովին հավասար էր Ադամին, հավատարիմ մնաց Աստծուն՝ անգամ անասելի տառապանքների ներքո (1 Կորնթացիներ 15։45)։ Այդպիսով նա փաստեց, որ Ադամը նույնպես կարող էր հնազանդվել Աստծուն, եթե միայն ցանկանար։ Փորձության ներքո հավատարիմ մնալով՝ Հիսուսը մեզ հիանալի օրինակ թողեց (1 Պետրոս 2։21)։ Աստված պարգևատրեց իր որդուն կատարյալ հնազանդություն դրսևորելու համար՝ նրան անմահ կյանք շնորհելով երկնքում։

Ի՞ՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԿԱՐՈՂ ԵՔ ՔԱՂԵԼ

Հիսուսի մահը պատմական իրողություն է։ Այժմ հավիտենական կյանքի ճանապարհը բաց է մարդկության համար։ Իսկ դուք ցանկանո՞ւմ եք ապրել հավիտյան։ Հիսուսը ասել է, թե ինչ է հարկավոր դրա համար. «Սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ՝ միակ ճշմարիտ Աստծուդ, և Հիսուս Քրիստոսին, որին դու ուղարկեցիր» (Հովհաննես 17։3

Այս ամսագրի հրատարակիչները հորդորում են ձեզ ավելին իմանալ ճշմարիտ Աստծու՝ Եհովայի և նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի մասին։ Ձեր տարածքում ապրող Եհովայի վկաները սիրով կօգնեն ձեզ այդ հարցում։ Նաև կարող եք օգտակար տեղեկություններ ձեռք բերել՝ այցելելով մեր վեբ կայք՝ www.jw.org։

^ պարբ. 8 Տես «Եդեմի պարտեզը իրականությո՞ւն էր» վերնագրով հոդվածը «Դիտարանի» 2011թ. հունվարի 1-ի համարում (էջ 4)։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

^ պարբ. 13 Աստված իր Որդու՝ Հիսուսի կյանքը երկնքից փոխադրեց Մարիամի արգանդի մեջ, և այդպես վերջինս հղիացավ, իսկ Աստծու սուրբ ոգին պաշտպանեց Հիսուսին, որ նա անկատարություն չժառանգի Մարիամից (Ղուկաս 1։31, 35