Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան  |  № 1 2018

2 Օգնում է լուծել խնդիրները

2 Օգնում է լուծել խնդիրները

Կյանքում որոշ խնդիրներ գուցե երկար ձգվեն, նույնիսկ տարիներ։ Դրանք կարող են խոր արմատներ գցել մեր մեջ, նախքան կհասցնենք լիովին գիտակցել, որ նման խնդիր ունենք։ Արդյոք Աստվածաշնչում կա՞ն իմաստուն խորհուրդներ, որոնք կօգնեն հաղթահարել այդ տևական ու վհատեցնող խնդիրները։ Նկատի առնենք մի քանի այդպիսի օրինակ։

ՉԱՓԻՑ ՇԱՏ ՄՏԱՀՈԳՎԵԼԸ

«Ես չափից շատ էի կենտրոնանում ինձ անհանգստացնող որոշ խնդիրների վրա ու շարունակ մտածելով դրանց մասին՝ մտքումս բարդացնում էի դրանք և միշտ վատթարագույնն էի պատկերացնում»,— պատմում է Ռոզին։ Աստվածաշնչյան ո՞ր համարներն օգնեցին նրան։ Դրանցից մեկը Մատթեոս 6։34-ն էր։ Այնտեղ ասվում է. «Երբեք մի՛ մտահոգվեք վաղվա օրվա մասին, որովհետև վաղվա օրը կունենա իր մտահոգությունները։ Ամեն օրվա համար բավական է ի՛ր նեղությունը»։ Ռոզին ասում է, որ Հիսուսի այս խոսքերը օգնեցին իրեն այլևս չմտահոգվել այն մասին, թե ինչեր կարող են պատահել ապագայում։ Նա ավելացնում է. «Ես առանց այն էլ շատ խնդիրներ ու մտահոգություններ ունեի, և հասկացա, որ իմաստ չունի անհանգստանալ նաև այն բաների մասին, որոնք դեռ չեն եղել ու գուցե երբեք էլ չլինեն»։

Նույն խնդիրն ուներ նաև Յասմինը. նա զգում էր, որ անհանգստությունները ամբողջությամբ կլանել էին իր միտքը։ Նա պատմում է. «Այդպիսի շաբաթ չէր լինում, որ ես օրերով լաց չլինեի, ու երբեմն մի քանի գիշեր չէի կարողանում քնել։ Զգում էի, որ բացասական մտավիճակը ներսից քայքայում է ինձ»։ Աստվածաշնչյան ո՞ր համարն օգնեց նրան։ Յասմինն ասում է, որ իրեն օգնեց 1 Պետրոս 5։7-ը, որտեղ գրված է. «Ձեր ամբողջ հոգսը [Աստծու] վրա գցեք, որովհետև նա հոգ է տանում ձեր մասին»։ Յասմինը պատմում է. «Ես շարունակ աղոթում էի Եհովային, և նա պատասխանում էր իմ աղոթքներին։ Ի վերջո մեծ թեթևություն զգացի. ասես իմ ուսերից մի ծանր բեռ ընկավ։ Երբեմն բացասական մտքերս գլուխ են բարձրացնում, բայց այժմ գիտեմ՝ ինչպես պայքարել դրանց դեմ»։

 ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Իզաբելա անունով մի երիտասարդ աղջիկ ասում է. «Կարծում եմ՝ հետաձգելու սովորությունը ինձ ժառանգաբար է փոխանցվել, որովհետև հայրս էլ ունի նույն սովորությունը։ Անգամ կարևոր գործերն եմ հետաձգում, որ ոչինչ չանեմ, ուղղակի հանգստանամ և հեռուստացույց դիտեմ։ Դա շատ վնասակար սովորություն է, որովհետև դրա պատճառով ավելանում է սթրեսը, և մարդը անորակ է անում իր գործը»։ Իզաբելային օգնեց մի սկզբունք, որ գրված է 2 Տիմոթեոս 2։15-ում։ Այնտեղ ասվում է. «Լավագույնդ արա, որպեսզի քո անձը Աստծու առջև ներկայացնես որպես հավանության արժանացած մեկը, իբրև մի աշխատող, որն ամաչելու ոչ մի պատճառ չունի»։ Իզաբելան ասում է. «Չէի ուզում հետաձգելու սովորության պատճառով վատ անել գործս ու Եհովային ամաչելու տեղիք տալ»։

Կելսի անունով մի աղջիկ էլ ասում է. «Իմ գործի համար նշանակված վերջնաժամկետ էր լինում, բայց ես մինչև վերջին րոպեն ձգձգում էի ու չէի անում գործս։ Իսկ վերջում արդեն սկսում էի անհանգստությունից լաց լինել ու կորցնում էի քունս։ Դա շատ վատ էր անդրադառնում ինձ վրա»։ Կելսիին օգնեց Առակներ 13։16-ում գրված սկզբունքը։ Այնտեղ ասվում է. «Ով խորագետ է, իմացությամբ կվարվի, բայց հիմարը ամենուրեք հիմարություն կտարածի»։ Կելսին պատմում է, թե այդ համարի շուրջ խորհրդածելով՝ ինչ կարևոր բան հասկացավ. «Խելամիտ է գործնական քայլեր ձեռնարկել և նախապես ծրագրել գործերը։ Այժմ աշխատասեղանիս վրա գրառումների մի տետր եմ պահում ամեն բան ծրագրելու և գրաֆիկ կազմելու համար։ Այդպես ավելի կազմակերպված եմ լինում և գործս չեմ թողնում վերջին րոպեին»։

ՄԻԱՅՆՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄԸ

Քիրսթենը պատմում է. «Ամուսինս լքեց ինձ՝ իմ հոգածությանը թողնելով մեր չորս մանկահասակ երեխաներին»։ Այդ իրավիճակում Քիրսթենին շատ օգնեց Առակներ 17։17-ում գրված աստվածաշնչյան սկզբունքը։ Այնտեղ կարդում ենք. «Իսկական ընկերը սիրում է ամեն ժամանակ. նա եղբայր է՝ նեղ օրվա համար ծնված»։ Քիրսթենը որոշեց օգնության համար դիմել նրանց, ովքեր, ինչպեսև ինքը, ծառայում էին Եհովային։ Նա պատմում է. «Ընկերներս ամեն հարցում օգնում էին ինձ։ Ոմանք սննդամթերք և ծաղիկներ էին թողնում մեր դռան առաջ։ Երեք անգամ մենք ստիպված եղանք մի տնից մյուսը տեղափոխվել, և երեք անգամն էլ պատրաստակամ աջակիցների մի խումբ մեծ օգնություն ցույց տվեց մեզ։ Հավատակիցներից մեկն էլ օգնեց ինձ աշխատանք գտնել։ Իմ ընկերները միշտ պատրաստ են եղել օգնության հասնել ինձ»։

Սոֆին, որի մասին խոսվել է նախորդ հոդվածներում, նույնպես պայքարում էր միայնության զգացումի դեմ։ Նա պատմում է, թե ինչ էր զգում իր կրած ծանր կորուստներից հետո. «Ինձ թվում էր՝ ես կյանքի բեմից դուրս կանգնած մի հանդիսատես եմ, որը պարզապես կողքից հետևում է, թե ինչպես են ուրիշները վայելում կյանքը։ Ինձ շատ միայնակ էի զգում»։ Նրան շատ է մխիթարել Սաղմոս 68։6 համարը, որտեղ գրված է. «Աստված միայնակներին բնակեցնում է տան մեջ»։ Սոֆին ասում է. «Ես գիտեի, որ այս համարում չի խոսվում բառացի տան մասին։ Աստված մեզ տալիս է հոգևոր տուն՝ մի միջավայր, որտեղ իրական ապահովություն է տիրում, որտեղ կարող ենք իսկական ընկերներ գտնել և ջերմ զգացական կապվածություն զարգացնել այն մարդկանց հանդեպ, ովքեր սիրում են Եհովային։ Բայց գիտեի, որ չեմ կարող մտերմանալ նրանց հետ, եթե նախ չմտերմանամ Եհովայի հետ։ Այդ հարցում ինձ օգնեց Սաղմոս 37։4-ը, որտեղ ասվում է. «Անսահման ուրախություն գտիր Եհովայի մոտ, և նա կկատարի քո սրտի խնդրանքները»»։

Սոֆին ասում է. «Ես հասկացա, որ պետք է Եհովայի հետ ավելի ամուր փոխհարաբերություններ զարգացնեմ։ Նա լավագույն Ընկերն է։ Ես մի ցուցակ կազմեցի՝ նշելով մի քանի բան, որ կարող եմ անել ուրիշների հետ համատեղ, որպեսզի կարողանամ ստեղծել այնպիսի ընկերական փոխհարաբերություններ, որոնք հիմնված կլինեն հոգևոր արժեքների վրա։ Նաև սովորեցի մարդկանց մեջ լավը տեսնել ու անտեսել նրանց թերությունները»։

Իհարկե, Աստծուն ծառայող մարդիկ կատարյալ չեն։ Եհովայի վկաներն էլ են պայքարում խնդիրների դեմ, ինչպես բոլորը։ Բայց աստվածաշնչյան կրթությունը մարդուն մղում է ամեն հնարավոր առիթի դեպքում օգնել ուրիշներին։ Այդպիսի ընկերներ ունենալը, ինչ խոսք, մեծ օրհնություն է։ Իսկ կարո՞ղ են Աստվածաշնչի սկզբունքները օգնել այն իրավիճակներում, որոնք ներկայումս հնարավոր չէ փոխել, ինչպիսիք են քրոնիկական հիվանդությունները և հարազատի կորուստը։

Աստվածաշնչյան սկզբունքները կիրառելով՝ կարող եք գտնել կարեկից և օգնելու պատրաստ ընկերներ