Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՀՈԿՏԵՄԲԵՐ 2016

Հավատ դրսևորիր Եհովայի խոստումների հանդեպ

Հավատ դրսևորիր Եհովայի խոստումների հանդեպ

«Հավատը.... ակնհայտ ապացույցն է այն իրողությունների, որոնք տեսանելի չեն» (ԵԲՐ. 11։1

ԵՐԳ 54, 125

1. Ի՞նչ տեսակետ պետք է ունենանք հավատի վերաբերյալ։

ՀԱՎԱՏԸ մի շատ արժեքավոր հատկություն է, որը ոչ բոլորն ունեն (2 Թեսաղ. 3։2)։ Բայց Աստված իր յուրաքանչյուր ծառայի տալիս է հավատ (Հռոմ. 12։3; Գաղ. 5։22)։ Ուստի բոլոր նրանք, ովքեր ունեն հավատ, պետք է այն թանկ գնահատեն։

2, 3. ա) Ի՞նչ օրհնություններ կարող է ստանալ նա, ով հավատ ունի։ բ) Ի՞նչ հարցեր ենք քննարկելու այս հոդվածում։

2 Մեր երկնային Հայրը մարդկանց ձգում է դեպի իրեն Հիսուսի միջոցով։ Հիսուսի նկատմամբ հավատ ձեռք բերելու շնորհիվ անհատը կարող է մեղքերի ներում ստանալ, ինչն էլ հնարավոր է դարձնում, որ Եհովայի հետ հավիտյան լավ փոխհարաբերություններ ունենա (Հովհ. 6։44, 65; Հռոմ. 6։23)։ Իսկ ի՞նչ ենք արել, որ արժանանանք այդպիսի հրաշալի օրհնության։ Միակ բանը, ինչին մենք՝ մեղավորներս, արժանի ենք, մահն է (Սաղ. 103։10)։ Բայց Եհովան տեսել է, որ մենք կարող ենք լավը լինել, և իր անզուգական բարությամբ թույլ է տվել, որ բարի լուրը հասնի մեր սրտին։ Ժամանակի ընթացքում մենք  հավատ դրսևորեցինք Հիսուսի հանդեպ, որի միջոցով կարող ենք հավիտենական կյանք ստանալ (կարդա 1 Հովհաննես 4։9, 10

3 Բայց ի՞նչ է իրականում հավատը։ Արդյո՞ք դա պարզապես այն բանի գիտակցումն է, որ Աստված օրհնություններ է պատրաստել մարդկանց համար։ Իսկ որ ավելի կարևոր է, ի՞նչ կերպերով պետք է դրսևորենք մեր հավատը։

«ԵԹԵ.... ՀԱՎԱՏԱՍ ՔՈ ՍՐՏՈՒՄ»

4. Բացատրիր, թե ինչու է հավատը ավելին, քան Աստծու նպատակը հասկանալը։

4 Հավատն Աստծու նպատակը հասկանալուց ավելին է։ Այն հզոր ուժ է, որը մղում է մարդուն Աստծու կամքին համապատասխան գործեր անելու։ Եհովայի տված փրկության միջոցի հանդեպ հավատը մղում է անհատին պատմելու բարի լուրը մյուսներին։ Պողոս առաքյալը գրեց. «Եթե հրապարակորեն հռչակես «քո բերանում եղող խոսքը», որ Հիսուսը Տեր է, և հավատաս քո սրտում, որ Աստված հարություն տվեց նրան, կփրկվես, քանի որ մարդը սրտով հավատում է արդարության համար, բայց բերանով հրապարակորեն հռչակում է փրկության համար» (Հռոմ. 10։9, 10; 2 Կորնթ. 4։13

5. Ինչո՞ւ է հավատը շատ կարևոր, և ինչպե՞ս կարող ենք այն ամուր պահել։ Բացատրիր օրինակով։

5 Փաստորեն, Աստծու նոր աշխարհում հավիտյան ապրելու հեռանկարը կախված է հավատ ունենալուց և այն ամուր պահելուց։ Հավատը կարելի է նմանեցնել կենդանի բույսի, որը, ի տարբերություն արհեստական բույսի, ջրի կարիք ունի։ Նույնիսկ առողջ բույսը, եթե կանոնավորապես չջրվի, կչորանա։ Նույն ձևով էլ մեր հավատը կթուլանա ու կմահանա, եթե անտեսենք այն (Ղուկ. 22։32; Եբր. 3։12)։ Սակայն եթե ուշադրություն դարձնենք, կենդանի կմնա ու կշարունակի «մեծանալ», և մենք «առողջ [կլինենք] հավատի մեջ» (2 Թեսաղ. 1։3; Տիտոս 2։2

ՀԱՎԱՏԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՈՒՄ

6. Ինչպե՞ս է նկարագրվում հավատը Եբրայեցիներ 11։1-ում։

6 Եբրայեցիներ 11։1-ում կարդում ենք հավատի նկարագրությունը (կարդա)։ 1) Հավատը «լիակատար համոզվածությունն է այն բանում, որ հույսերը կիրականանան»։ «Հույսերը» ներառում են այն խոստումները, որոնք իրականանալու են ապագայում, օրինակ, չարության կործանումը և գալիք նոր աշխարհը։ 2) Հավատը «ակնհայտ ապացույցն է այն իրողությունների, որոնք տեսանելի չեն»։ Այս համատեքստում «ակնհայտ ապացույց» թարգմանված հունարեն բառը կարող է նշանակել նաև «հավաստի փաստեր» այնպիսի անտեսանելի իրողությունների, ինչպիսիք են Եհովա Աստծու, Հիսուս Քրիստոսի ու հրեշտակների գոյությունը և երկնային Թագավորության գործունեությունը (Եբր. 11։3)։ Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ մեր հույսը իրական է, և որ հավատում ենք Աստծու Խոսքում նշված անտեսանելի բաներին։ Դա կարող ենք անել խոսքերով ու գործերով, առանց որոնց մեր հավատը լիարժեք չի լինի։

7. Ինչպե՞ս է Նոյի օրինակը օգնում մեզ հասկանալ, թե ինչ է նշանակում հավատ ունենալ (տես հոդվածի սկզբի նկարը)։

7 Եբրայեցիներ 11։7-ը մեր ուշադրությունը հրավիրում է Նոյի հավատի վրա, ով «Աստծուց նախազգուշացում ստացավ այն ամենի մասին, ինչ դեռ չէր տեսել, աստվածավախություն դրսևորեց և իր ընտանիքի փրկության համար տապան կառուցեց»։ Նոյը հավատ դրսևորեց՝ անելով այն, ինչ Եհովան էր նրան պատվիրել։ Հավանաբար նրա հարևանները հարցրել են, թե ինչու է նա այդ վիթխարի տապանը կառուցում։ Կարող ենք վստահ լինել, որ Նոյը չի լռել։ Հավատը մղել է նրան համարձակորեն վկայություն տալու և զգուշացնելու Աստծու մոտալուտ դատաստանի մասին։ Թերևս Նոյը բառացիորեն կրկնել է Եհովայի խոսքերը.  «Ամեն մարմնի վերջը եկել է, որովհետև նրանց պատճառով երկիրը բռնությամբ է լցվել.... Ես երկրի վրա ջրհեղեղ եմ բերելու, որ կործանեմ երկնքի տակ եղող ամեն մարմին, որի մեջ կյանքի ուժ կա։ Երկրի վրա ամեն կենդանի արարած պիտի մեռնի»։ Անկասկած, Նոյը նաև ասել է մարդկանց, թե որն է փրկության միակ միջոցը՝ կրկնելով այն պատվերը, որ Եհովան ասել էր իրեն. «Դու տապանը կմտնես»։ Նոյը «արդարության քարոզիչ» լինելով նույնպես հավատ դրսևորեց (Ծննդ. 6։13, 17, 18; 2 Պետ. 2։5

8. Ինչպե՞ս Հակոբոս աշակերտը բացատրեց, թե ինչ է իսկական քրիստոնեական հավատը։

8 Հակոբոս աշակերտը իր նամակը գրեց հավանաբար կարճ ժամանակ անց այն բանից հետո, երբ Պողոսը Աստծուց ներշնչված նկարագրեց, թե ինչ է հավատը։ Պողոսի նման՝ Հակոբոսը բացատրում է, որ իսկական քրիստոնեական հավատը ընդամենը համոզմունք չէ, այն ներառում է գործեր։ Նա գրում է. «Ցույց տուր ինձ քո հավատը՝ առանց գործերի, ես էլ ցույց տամ քեզ իմ հավատը գործերով» (Հակ. 2։18)։ Հակոբոսը շարունակում է իր նամակը՝ ցույց տալով հստակ տարբերությունը պարզապես հավատ ունենալու և հավատը դրսևորելու միջև։ Օրինակ՝ դևերը հավատում են, որ Աստված գոյություն ունի, բայց նրանք չունեն իսկական հավատ և Աստծու նպատակի կատարման դեմ են գործում  (Հակ. 2։19, 20)։ Այնուհետև, Հակոբոսը խոսում է հնում ապրած հավատի տեր մարդկանցից մեկի մասին, գրելով. «Չէ՞ որ մեր հայրը՝ Աբրահամը, գործերով արդար հայտարարվեց այն բանից հետո, երբ իր որդուն՝ Իսահակին, դրեց զոհասեղանի վրա։ Տեսնո՞ւմ ես, որ նրա հավատը իր գործերի հետ միասին գործեց, և գործերով էլ նրա հավատը կատարելագործվեց»։ Ընդգծելով այն միտքը, որ հավատը պետք է գործերից երևա՝ Հակոբոսն ավելացնում է. «Ինչպես մարմինն է առանց ոգու մեռած, այդպես էլ հավատն է առանց գործերի մեռած» (Հակ. 2։21–23, 26

9, 10. Ինչպե՞ս է Հովհաննես առաքյալը օգնում մեզ հասկանալ հավատ դրսևորելու կարևորությունը։

9 Մոտ երեք տասնամյակ անց Հովհաննես առաքյալը գրեց իր Ավետարանը և երեք նամակները։ Արդյոք նա խորությամբ հասկանո՞ւմ էր իսկական հավատի վերաբերյալ Աստվածաշնչի մյուս գրքերում գրվածները։ Իրականում, Հովհաննեսը Աստվածաշնչի մյուս գրողներից ավելի շատ է օգտագործել հունարեն այն բառը, որը հաճախ թարգմանվում է «հավատալ» կամ «հավատ դրսևորել»։

10 Օրինակ՝ Հովհաննեսը գրում է. «Ով հավատում է Որդուն, հավիտենական կյանք ունի։ Իսկ ով չի հնազանդվում Որդուն, կյանքը չի տեսնի, այլ Աստծու զայրույթը մնում է նրա վրա» (Հովհ. 3։36)։ Քրիստոնեական հավատը ներառում է Հիսուսի պատվերներին հնազանդվելը։ Հովհաննեսը հաճախ է մեջբերում հավատի մասին Հիսուսի ասած խոսքերը, որոնք ցույց են տալիս, որ պետք է շարունակ հավատ դրսևորենք (Հովհ. 3։16; 6։29, 40; 11։25, 26; 14։1, 12

11. Ինչպե՞ս կարող ենք գնահատանք դրսևորել ճշմարտությունը իմանալու համար։

11 Որքա՜ն երախտապարտ ենք Եհովային, որ իր սուրբ ոգու միջոցով ճշմարտությունը հայտնեց մեզ և հնարավորություն տվեց, որ հավատ դրսևորենք բարի լուրի հանդեպ (կարդա Ղուկաս 10։21)։ Երբեք չպետք է դադարենք Եհովային շնորհակալ լինելուց, որ իր Որդու՝ «մեր հավատի Գլխավոր Առաջնորդի ու Կատարելագործողի» միջոցով մոտեցրել է մեզ իրեն (Եբր. 12։2)։ Նրա անզուգական բարության համար մեր գնահատանքը ցույց կտանք, եթե ամրացնենք մեր հավատը աղոթքի և Աստվածաշնչի ուսումնասիրության միջոցով (Եփես. 6։18; 1 Պետ. 2։2

Հավատդ դրսևորիր՝ հայտնելով բարի լուրը ամեն առիթի դեպքում (տես պարբերություն 12)

12. Ի՞նչ կերպերով կարող ենք դրսևորել մեր հավատը։

12 Մենք մեր գործերով պետք է ցույց տանք, որ հավատում ենք Եհովայի խոստումներին։ Օրինակ՝ շարունակելով քարոզել Աստծու Թագավորության մասին և մասնակցել աշակերտներ պատրաստելու գործին, ինչպես նաև չդադարելով «բարին անել բոլորի հանդեպ, հատկապես նրանց հանդեպ, ովքեր հարազատ են մեզ հավատի մեջ» (Գաղ. 6։10)։ Բացի այդ, պետք է ամեն ջանք թափենք, որ «հանենք մեր վրայից հին անձնավորությունը իր գործերով» և զգուշանանք այն ամենից, ինչը կարող է մեզ հոգևորապես թուլացնել (Կող. 3։5, 8–10

ԱՍՏԾՈՒ ՀԱՆԴԵՊ ՀԱՎԱՏԸ՝ ՀԻՄՔԻ ՄԻ ՄԱՍ

13. Որքանո՞վ է կարևոր Աստծու հանդեպ հավատը, ինչի՞ հետ է այն համեմատվում և ինչո՞ւ։

13 Աստվածաշունչն ասում է. «Առանց հավատի՝ հնարավոր չէ հաճեցնել Աստծուն, քանի որ նա, ով մոտենում է նրան, պետք է հավատա, որ նա գոյություն ունի և վարձատրում է նրանց, ովքեր ջանադրաբար փնտրում են իրեն» (Եբր. 11։6)։ Աստվածաշունչը Աստծու հանդեպ հավատը թվարկում է այն առաջին բաների հետ, որոնք անհրաժեշտ են քրիստոնյա դառնալու և մնալու համար, և դրանք համեմատում է շինության հիմքի հետ (Եբր. 6։1)։ Ուստի քրիստոնյաները պետք է այդ հիմքի վրա, այդ թվում հավատի վրա ավելացնեն ուրիշ կարևոր հատկություններ, որպեսզի «մնան Աստծու սիրո մեջ» (կարդա 2 Պետրոս 1։5–7; Հուդա 20, 21

14, 15. Ինչո՞ւ է սեր ունենալը ավելի կարևոր, քան միայն հավատ ունենալը։

 14 Քրիստոնեական Հունարեն Գրությունները գրողները ընդգծել են հավատի կարևորությունը՝ հարյուրավոր անգամներ նշելով այն։ Ոչ մի այլ քրիստոնեական հատկություն այդքան հաճախ չի հիշատակվում։ Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ հավատը ամենակարևոր քրիստոնեական հատկությունն է։

15 Պողոս առաքյալը, հավատը համեմատելով սիրո հետ, գրում է. «Եթե այնքան մեծ հավատ ունենամ, որ դրանով անգամ լեռներ տեղափոխեմ, բայց սեր չունենամ, ես ոչինչ եմ» (1 Կորնթ. 13։2)։ Հիսուսը ընդգծեց ամենակարևոր հատկության՝ Աստծու հանդեպ սիրո մասին, երբ պատասխանեց իրեն ուղղված հարցին. «Օրենքի մեջ ո՞րն է մեծագույն պատվիրանը» (Մատթ. 22։35–40)։ Սերն իր մեջ ընդգրկում է քրիստոնեական ուրիշ կարևոր հատկություններ էլ, այդ թվում հավատ։ Աստվածաշունչն ասում է, որ սերը «ամեն ինչի հավատում է»։ Այն հավատում է Աստծու ասածներին, որոնք գրված են նրա Խոսքում (1 Կորնթ. 13։4, 7

16, 17. Ինչպե՞ս են Աստվածաշնչում հավատն ու սերը միասին հիշատակվում, բայց ո՞րն է դրանցից ավելի կարևոր և ինչո՞ւ։

16 Քանի որ հավատը և սերը կարևոր են, Քրիստոնեական Հունարեն Գրությունները գրողները բազմաթիվ անգամներ այս հատկությունները իրար հետ են հիշատակել, հաճախ նույն նախադասության կամ արտահայտության մեջ։ Պողոսը հորդորեց իր հավատակիցներին «կրել հավատի ու սիրո զրահը» (1 Թեսաղ. 5։8)։ Պետրոսը գրեց. «Թեև դուք երբեք չեք տեսել [Հիսուսին], սակայն սիրում եք։ Թեև դուք հիմա էլ նրան չեք տեսնում, սակայն հավատ եք դրսևորում նրա հանդեպ» (1 Պետ. 1։8)։ Հակոբոսը հարցրեց իր օծյալ եղբայրներին. «Չէ՞ որ նրանց, ում աշխարհը աղքատ է համարում, Աստված ընտրեց, որպեսզի հարուստ լինեն հավատի մեջ և ժառանգներ լինեն այն թագավորության, որը նա խոստացավ իրեն սիրողներին» (Հակ. 2։5)։ Հովհաննեսը գրեց. «Սա է [Աստծու] պատվիրանը. մենք պետք է հավատ ունենանք նրա Որդի Հիսուս Քրիստոսի անվան հանդեպ և սիրենք միմյանց» (1 Հովհ. 3։23

17 Չնայած հավատը կարևոր է, սակայն ապագայում այլևս կարիք չի լինի հավատալու նոր աշխարհի վերաբերյալ Աստծու խոստումներին, քանի որ դրանք արդեն իրականացած կլինեն։ Սակայն Աստծու և մերձավորի հանդեպ սեր դրսևորելու կարիքը երբեք չի վերջանա։ Ուստի Պողոսը գրեց. «Հիմա մնում են հավատ, հույս, սեր՝ այս երեքը. բայց սրանցից մեծագույնը սերն է» (1 Կորնթ. 13։13

ՀԱՎԱՏԻ ԶՈՐԵՂ ԱՊԱՑՈՒՅՑ

18, 19. Հավատի ի՞նչ հզոր ապացույց ենք տեսնում այսօր, և դրա համար ո՞վ է արժանի փառքի։

18 Մեր օրերում Եհովայի ժողովուրդը հավատ է դրսևորում Աստծու հաստատված Թագավորության հանդեպ։ Արդյունքում կազմավորվել է համաշխարհային հոգևոր դրախտ, որն ընդգրկում է ավելի քան 8 միլիոն մարդ։ Այս հոգևոր դրախտում տիրում են Աստծու սուրբ ոգու պտղի հատկությունները (Գաղ. 5։22, 23)։ Քրիստոնեական սիրո ու հավատի ի՜նչ զորեղ ապացույց։

19 Այս ամենը մարդու շնորհիվ չէ, այլ մեր Աստծու։ Նա է արժանի փառքի։ Այդ հոգևոր դրախտը «փառք է բերում Եհովային և անջնջելի նշան է դարեդար» (Ես. 55։13)։ Այն, որ կարող ենք հավատի միջոցով փրկվել, «Աստծու պարգևն է» (Եփես. 2։8)։ Հոգևոր դրախտը կշարունակի բարգավաճել, մինչև ամբողջ երկիրը լցվի կատարյալ, արդար և երջանիկ մարդկանցով, ինչը հավիտենական փառք կբերի Եհովայի անվանը։ Եկեք շարունակենք հավատ դրսևորել Եհովայի խոստումների հանդեպ։