Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան (ուսումնասիրության թողարկում)  |  Հոկտեմբեր 2016

 ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ջանացել եմ հայելու նման արտացոլել լավ օրինակները

Ջանացել եմ հայելու նման արտացոլել լավ օրինակները

«Գիտե՞ս քանի տարեկան եմ»,— հարցրի ես։ «Իհարկե գիտեմ»,— պատասխանեց Իսակ Մարեյը, որը զանգահարել էր ինձ Պատերսոնից (Նյու Յորք), երբ ես Կոլորադոյում էի։ Պատմեմ, թե ինչ դեպքեր նախորդեցին այդ զրույցին։

ԾՆՎԵԼ եմ 1936 թ. դեկտեմբերի 10-ին Ուիչիտոյում (Կանզաս, ԱՄՆ)։ Չորս երեխաներից ամենամեծն էի։ Ծնողներս՝ Ուիլյամն ու Ջինը, Եհովայի նվիրված ծառաներ էին։ Հայրս ժողովի ծառայող էր. այն ժամանակներում այսպես էին անվանում ժողովում առաջնորդություն վերցնողին։ Մայրս ճշմարտությունը սովորել էր իր մորից՝ Էմմա Վագներից։ Էմման ճշմարտությունը շատերին էր սովորեցրել, այդ թվում Գերտրուդ Սթիլին, ով երկար տարիներ ծառայեց միսիոներ Պուերտո Ռիկոյում։ * Ուստի իմ շուրջը շատ անհատներ կային, որոնց արժեր ընդօրինակել։

ՀԻՇՈՒՄ ԵՄ ԼԱՎ ՕՐԻՆԱԿՆԵՐԸ

Հայրս, փողոցի անկյունում կանգնած, ամսագրեր է առաջարկում անցորդներին

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներն էին։ Մի օր՝ շաբաթ երեկոյան, հորս հետ փողոցում «Դիտարան» և «Մխիթարություն» (այժմ՝ «Արթնացե՛ք») ամսագրերն էինք առաջարկում անցորդներին։ Այդ ժամանակ ես հինգ տարեկան էի։ Մի հարբած բժիշկ մոտեցավ մեզ և վիրավորեց հորս քրիստոնեական չեզոքության համար՝ ասելով, թե նա վախկոտ է, քանի որ չի գնում պատերազմի։ Հետո նա ավելի մոտեցավ հորս ու ասաց. «Դե խփի՛ր, ա՛յ թուլամորթ»։ Ես վախեցա, բայց շատ տպավորվեցի հորս պահվածքով։ Նա հանգիստ շարունակեց ամսագրեր առաջարկել հավաքված մարդկանց։ Այդ պահին մի զինվորական էր անցնում, և բժիշկը, տեսնելով նրան, բղավեց. «Արի այս վախկոտի հարցերը լուծի»։ Նկատելով, որ բժիշկը հարբած է, զինվորականը ասաց նրան. «Գնա տուն սթափվիր»։ Հետո երկուսն էլ հեռացան։ Գնահատանքով եմ լցվում, երբ հիշում եմ, թե Եհովան հորս որքան քաջություն էր տվել։ Հայրս Ուիչիտոյում երկու վարսավիրանոց ուներ, և այդ բժիշկը նրա հաճախորդներից էր։

Ծնողներիս հետ գնում ենք Ուիչիտոյում անցկացվող համաժողով, 1940-ականներ

Երբ ութ տարեկան էի, ծնողներս վաճառեցին մեր տունը ու վարսավիրանոցները, փոքր շարժական տնակ սարքեցին, և մենք տեղափոխվեցինք Կոլորադո՝ ծառայելու այնտեղ, որտեղ քարոզիչների մեծ կարիք կար։ Կանգ առանք Գրանդ Ջանքշենի մոտակայքում։ Այստեղ ծնողներս կես օրով հողագործական ու անասնապահական աշխատանքներ էին անում և միաժամանակ ռահվիրա էին ծառայում։  Եհովայի օրհնության և նրանց եռանդուն ծառայության շնորհիվ այդ տարածքում ժողով հաստատվեց։ Այդտեղ 1948-ի հունիսի 20-ին հայրս ինձ և մի խումբ մարդկանց, ովքեր ընդունել էին Աստվածաշնչի ճշմարտությունը, մկրտեց լեռնային գետում։ Նրանց մեջ էին Բիլի Նիկոլսը և նրա կինը, ովքեր հետագայում շրջանային ծառայության նշանակվեցին, իսկ ավելի ուշ՝ նաև նրանց որդին ու նրա կինը։

Մենք մոտիկից շփվում էինք ու կերտիչ հոգևոր զրույցներ էինք ունենում շատերի հետ, ովքեր լիարժեքորեն ներգրավված էին Թագավորության գործում։ Նրանցից էին Սթիլների ընտանիքը՝ Դոնը և Էրլինը, Դեյվը և Ջուլիան, Սայն ու Մարթան, որոնք մեծ ազդեցություն ունեցան ինձ վրա։ Նրանք օգնեցին ինձ հասկանալ, որ Թագավորությունը առաջին տեղում դնելը կյանքը իմաստով և ուրախությամբ է լցնում։

ՆՈՐԻՑ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Երբ 19 տարեկան էի, մեր ընտանիքի ընկերներից մեկը՝ Բադ Հեյսթին, առաջարկեց ինձ միանալ իրեն՝ Միացյալ Նահանգների հարավում ռահվիրա ծառայելու։ Շրջանային վերակացուն խնդրեց մեզ տեղափոխվել Ռասթն (Լուիզիանա), որտեղ որոշ Վկաներ դարձել էին ոչ ակտիվ։ Մենք պետք է շաբաթվա բոլոր հանդիպումները անցկացնեինք, անկախ նրանից, թե քանի հոգի ներկա կլիներ։ Գտանք համապատասխան վայր և կարգի բերեցինք այն։ Մի որոշ ժամանակ միայն երկուսով էինք ներկա լինում հանդիպումներին. մեկս անցկացնում էր ծրագրի մի մասը, իսկ մյուսս պատասխանում էր բոլոր հարցերին։ Եթե ծրագրում կար ցուցադրում, երկուսս էլ բեմ էինք բարձրանում, և այլևս ունկնդիր չէր մնում։ Որոշ ժամանակ անց մի տարեց քույր սկսեց գալ հանդիպումներին։ Վերջապես որոշ Աստվածաշունչ ուսումնասիրողներ, ինչպես նաև ոչ ակտիվ քարոզիչներ սկսեցին հաճախել հանդիպումներին, և շատ չանցած՝ մեր ժողովը սկսեց մեծանալ ու աշխուժանալ։

Մի օր մենք հանդիպեցինք Քրիստոսի եկեղեցի կրոնական ուղղության մի ծառայողի, որը մեջբերեց աստվածաշնչյան այնպիսի համարներ, որոնք ինձ անծանոթ էին։ Դա անհանգստացրեց ինձ ու մղեց, որ ավելի խորությամբ քննեմ իմ հավատալիքները։ Մեկ շաբաթ շարունակ մինչև ուշ գիշեր փնտրում էի նրա բարձրացրած հարցերի պատասխանները։ Դա ինձ շատ օգնեց, որ ճշմարտությունը իմը դարձնեմ։ Հետո արդեն անհամբերությամբ սպասում էի, թե երբ եմ հանդիպելու որևէ այլ կրոնական քարոզչի։

Կարճ ժամանակ անց շրջանային վերակացուն խնդրեց ինձ, որ տեղափոխվեմ Էլ Դորադո (Արկանզաս)՝ ժողովին օգնելու համար։ Այնտեղ եղած ժամանակ հաճախ էի գնում Կոլորադո՝ ներկայանալու զինկոմիսարիատ։ Այդ ճամփորդություններից մեկի ժամանակ, երբ իմ մեքենայով էինք և ինձ հետ էին մի քանի ռահվիրաներ, Տեխասում ավտովթարի ենթարկվեցինք։ Մեքենաս դարձավ անպիտան։ Մենք  զանգահարեցինք մի եղբոր, որը մեզ իր տուն տարավ և հետո միասին ժողով գնացինք։ Հանդիպման ժամանակ հայտարարեցին, որ մենք փորձանքի մեջ ենք ընկել։ Եղբայրները, բարություն դրսևորելով, մեզ ֆինանսապես օգնեցին։ Մեզ օգնության հասած եղբայրը նաև վաճառեց մեքենաս 25 դոլարով։

Մենք կարողացանք հասնել Ուիչիտո, որտեղ մեր ընտանիքի մտերիմ ընկերներից մեկը՝ եղբայր Մքարթնին, ծառայում էր ռահվիրա։ Նրա երկվորյակ որդիները՝ Ֆրանկը և Ֆրենսիսը, որոնք մինչ օրս իմ ամենալավ ընկերներն են, մի հին մեքենա ունեին, որը վաճառեցին ինձ 25 դոլարով, ինչքանով որ վաճառվել էր իմ վթարված մեքենան։ Առաջին անգամ իմ կյանքում տեսա, թե ինչպես է Եհովան տալիս այն, ինչի կարիքը ունես, երբ Թագավորության շահերը առաջին տեղում ես դնում։ Ուիչիտոյում Մքարթնիները ինձ ծանոթացրին մի հաճելի քրոջ՝ Բեթել Քրեյնի հետ, որը հոգևոր անձնավորություն էր։ Նրա մայրը՝ Ռութը, եռանդուն քարոզիչ էր Ուելինգթոնում (Կանզաս)։ Նա 90-ն անց տարիքում էլ շարունակեց ռահվիրա ծառայել։ Բեթելի հետ ծանոթանալուց մեկ տարի չանցած՝ 1958-ին, մենք ամուսնացանք, և Բեթելը միացավ ինձ ռահվիրայական ծառայության մեջ Էլ Դորադոյում։

ՑՆՑՈՂ ՀՐԱՎԵՐ

Մտածելով մեզ ծանոթ Վկաների լավ օրինակների շուրջ՝ որոշեցինք ընդունել Եհովայի կազմակերպության ցանկացած հանձնարարություն։ Մենք նշանակվեցինք ծառայելու որպես հատուկ ռահվիրա Ուոլնատ Ռիջում (Արկանզաս)։ Հետո՝ 1962-ին, մի ցնցող հրավեր ստացանք՝ սովորել Գաղաադի 37-րդ դասարանում։ Շատ ուրախացանք, երբ իմացանք, որ այդ նույն դասարանում էր լինելու Դոն Սթիլը։ Դպրոցն ավարտելուց հետո ես ու Բեթելը նշանակվեցինք Նայրոբի (Քենիա)։ Նյու Յորքից հեռացանք ծանր սրտով, բայց այդ զգացողությունը չքացավ, երբ Նայրոբիի օդանավակայանում հանդիպեցինք տեղի եղբայրներին։

Քրիս և Մերի Կանայաների հետ ծառայության ժամանակ (Նայրոբի)

Քենիայում ծառայելը շատ հաճելի էր, և մենք միանգամից սիրեցինք այդ երկիրը։ Մեր առաջին ուսումնասիրողները, որ քայլեր արեցին, Քրիս և Մերի Կանայա զույգն էր։ Նրանք մինչ օրս հավատարմորեն լիաժամ ծառայում են Քենիայում։ Հաջորդ տարի մեզ նշանակեցին Կամպալա (Ուգանդա)։ Մենք այնտեղ առաջին միսիոներներն էինք։ Դա հուզիչ ժամանակ էր, քանի որ շատ-շատերն էին ցանկանում սովորել Աստվածաշնչի ճշմարտությունները և դառնում մեր հավատակիցները։ Սակայն երեքուկես տարի Աֆրիկայում ծառայելուց հետո ստիպված էինք հեռանալ Միացյալ Նահանգներ, քանի որ երեխա էինք ունենալու։ Այնտեղից մեկնեցինք ավելի ծանր սրտով, քան տարիներ առաջ Նյու Յորքից։ Մենք շատ էինք սիրում Աֆրիկայի ժողովրդին և հույս ունեինք, որ մի օր կվերադառնանք։

ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ ԵՆՔ ՍՏԱՆՈՒՄ

Մենք բնակություն հաստատեցինք Կոլորադոյի արևմտյան լանջերին, որտեղ ապրում էին իմ ծնողները։ Մեր առաջին աղջկա՝ Քիմբերլիի ծնվելուց 17 ամիս անց ծնվեց Ստեֆանին։ Որպես ծնող մեր նոր նշանակմանը լրջորեն էինք վերաբերվում։ Մենք նպատակ էինք դրել ճշմարտությունը արմատավորել մեր անուշիկ աղջիկների սրտերում։ Ուզում էինք հայելու նման արտացոլել մեր ունեցած օրինակները։ Սակայն շատ կարևոր էր հիշել, որ թեև լավ օրինակը կարող է մեծ ազդեցություն ունենալ երեխաների դաստիարակության վրա, բայցևայնպես դա երաշխիք չէ, որ նրանք հետագայում կծառայեն Եհովային։ Իմ եղբայրն ու մի քույրը հեռացել էին ճշմարտությունից։ Ես հույս ունեմ, որ մի օր նրանք նորից կընդօրինակեն այն հավատարիմ մարդկանց, որոնց ճանաչել ենք մանկուց։

Մենք մեծ հաճույք էինք ստանում մեր աղջնակներին մեծացնելով և միշտ ջանում էինք շատ բաներ ընտանիքով անել։ Քանի որ Ասպենի (Կոլորադո) մոտակայքում էինք ապրում, ընտանիքով հաճախ էինք  գնում դահուկ քշելու։ Դա հարմար առիթ էր, որ ժամանակ անցկացնեինք և զրուցեինք մեր աղջիկների հետ։ Նաև վրաններով գնում էինք բնության գիրկ և հաճելի զրույցներ էինք ունենում խարույկի շուրջը։ Նրանց հուզում էին այն հարցերը, թե ինչ կդառնան, երբ մեծանան, և ինչպիսի ընտանիք կունենան։ Ջանում էինք մեր երեխաների մտքում ու սրտում հոգևոր արժեքներ սերմանել։ Նրանց օգնում էինք, որ իրենց առաջ լիաժամ ծառայության նպատակ դնեն և իմաստություն դրսևորեն կողակից ընտրելու հարցում՝ ամուսնանան նրանց հետ, ովքեր նույն նպատակը կունենան։ Նաև խոսում էինք այն մասին, թե ինչ օգուտներ է բերում վաղ տարիքում չամուսնանալը։ Մենք ասում էինք. «Ամուրի մնա գոնե մինչև 23 տարեկան»։

Ինչպես մեր ծնողները, մենք նույնպես ամեն բան անում էինք, որ ընտանիքով կանոնավորապես հաճախենք հանդիպումներին և մասնակցենք քարոզչական ծառայությանը։ Հաճախ լիաժամ ծառայողների էինք հյուրընկալում մեր տանը։ Նաև կարոտով էինք պատմում մեր միսիոներական ծառայության մասին։ Հույս ունեինք, որ մի օր չորսով միասին կգնանք Աֆրիկա։ Մեր աղջիկներն էլ շատ էին ուզում, որ գնանք։

Միշտ ընտանեկան ուսումնասիրություն էինք անցկացնում, որի ժամանակ ներկայացնում էինք իրավիճակներ, որոնք կարող էին լինել դպրոցում։ Աղջիկները Վկաների դերում էին լինում և պատասխանում էին հարցերին։ Այսպես նրանք հաճույքով էին սովորում, և դա ավելի համարձակ էր դարձնում նրանց։ Սակայն մեծանալուն զուգընթաց երբեմն դժգոհում էին ու չէին ուզում ընտանեկան անել։ Մի անգամ վհատված ասացի աղջիկներին, որ գնան իրենց սենյակները, և որ այդ օրը ընտանեկան չենք անելու։ Նրանք շատ զարմացան ու սկսեցին լացել և ասել, որ ուզում են ընտանեկան անենք։ Այդ ժամանակ հասկացանք, որ մեր երեխաների սրտերում հոգևոր բաների հանդեպ գնահատանք ենք զարգացրել։ Նրանք սկսեցին սիրել ընտանեկանը։ Մենք թույլ էինք տալիս, որ նրանք ազատորեն արտահայտվեն։ Երբեմն ցավ էինք զգում, երբ ասում էին, որ ճշմարտության հետ կապված որոշ հարցերում համաձայն չեն։ Սակայն դա օգնում էր մեզ իմանալ, թե իրականում ինչ կա նրանց սրտում։ Մենք նրանց հետ տրամաբանում էինք, ու երբ հասկանում էին Եհովայի տեսակետը տարբեր հարցերի շուրջ, բավարարվում էին։

ՀԱՐՄԱՐՎՈՒՄ ԵՆՔ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Մեր աղջիկներին դաստիարակելու տարիները մեր պատկերացրածից արագ անցան։ Աստծու կազմակերպության տված առաջնորդության շնորհիվ ամեն ինչ արեցինք, որ նրանց սովորեցնենք սիրել Եհովային։ Մենք անչափ ուրախ էինք, երբ մեր երկու աղջիկները դպրոցն ավարտելուց հետո ռահվիրայություն սկսեցին, ինչպես նաև որոշակի հմտություններ ձեռք բերեցին իրենց նյութական կարիքները հոգալու համար։ Նրանք երկու քրոջ հետ տեղափոխվեցին Քլիվլենդ (Թենեսի)՝ ծառայելու այնտեղ, որտեղ քարոզիչների մեծ կարիք կա։ Նրանց շատ էինք կարոտում, բայց ուրախ էինք, որ իրենց կյանքի տարիները օգտագործում էին լիաժամ ծառայության մեջ։ Այդ ժամանակ ես ու Բեթելը սկսեցինք նորից ռահվիրա ծառայել, ինչը մեր առջև հրաշալի առանձնաշնորհումների դուռ բացեց։ Նշանակվեցինք որպես շրջանային վերակացուի փոխարինող, նաև զբաղվում էի համաժողովների կազմակերպչական գործերով։

Նախքան Թենեսի մեկնելը մեր աղջիկները գնացին Լոնդոն (Անգլիա) և այցելեցին մասնաճյուղ։ Այնտեղ Ստեֆանին, որն այդ ժամանակ 19 տարեկան էր, ծանոթացավ մի երիտասարդ բեթելցու՝ Փոլ Նորթոնի հետ։ Մեկ ուրիշ անգամ Լոնդոն այցելելիս Քիմբերլին հանդիպեց Փոլի գործընկերներից մեկին՝ Բրայեն Լեվելինին։ Փոլն ու Ստեֆանին ամուսնացան, երբ Ստեֆանիի 23-ն արդեն լրացել էր։ Իսկ հաջորդ տարի, երբ Քիմբերլին 25 տարեկան էր, ամուսնացավ Բրայենի հետ։ Մեր աղջիկները կարողացան մինչև 23 տարեկան ամուրի մնալ։ Կողակցի ընտրության հարցում նրանց կայացրած որոշումը մեր սրտով էր։

Փոլի, Ստեֆանիի, Քիմբերլիի և Բրայենի հետ Մալավիի մասնաճյուղում 2002 թ.-ին

Մեր աղջիկներն ասում են, որ մեր և նրանց պապիկ-տատիկների թողած օրինակները օգնել են իրենց հնազանդվելու «նախ թագավորությունը և Աստծու արդարությունը փնտրելու» մասին Հիսուսի պատվերին, նույնիսկ ֆինանսական դժվարությունների ժամանակ (Մատթ. 6։33)։ 1998-ի ապրիլին Փոլն ու Ստեֆանին հրավիրվեցին Գաղաադի 105-րդ դասարան և հետո նշանակվեցին ծառայելու Մալավիում (Աֆրիկա)։ Այդ նույն ընթացքում Բրայենն ու Քիմբերլին Լոնդոնի Բեթելում ծառայելու հրավեր ստացան, իսկ հետագայում նշանակվեցին Մալավիի Բեթել։ Մենք անչափ երջանիկ էինք, քանի որ երիտասարդների համար կյանքի ավելի լավ ուղի չկա։

ՄԵԿ ԱՅԼ ՑՆՑՈՂ ՀՐԱՎԵՐ

2001 թ. հունվարին հեռախոսազանգ ստացա, որի մասին նշեցի սկզբում։ Եղբայր Մարեյը՝ թարգմանչական խմբերի սպասարկման բաժնի վերակացուն,  ասաց, որ եղբայրները անգլերենի դասընթացներ են կազմակերպում ամբողջ աշխարհում ծառայող թարգմանիչների համար, և ես, թեև 64 տարեկան էի, հրավիրված էի մարզում ստանալու, որ լինեի դասավանդողներից մեկը։ Ես ու Բեթելը աղոթեցինք և այդ հարցը քննարկեցինք մեր մայրերի հետ, որոնց հոգ էինք տանում։ Նրանք երկուսն էլ քաջալերեցին մեզ մեկնել։ Զանգեցի եղբայր Մարեյին և ասացի, որ շատ ուրախ կլինենք ընդունելու այդ հրաշալի առանձնաշնորհումը։

Այդ ընթացքում պարզվեց, որ մայրս քաղցկեղ ունի։ Ես ասացի, որ կմնանք և կօգնենք քրոջս՝ Լինդային, իրեն հոգ տանել։ Մայրս ասաց. «Ոչ մի դեպքում։ Ես ինձ ավելի լավ կզգամ, եթե գնաք»։ Լինդան էլ էր նույնը մտածում։ Մենք շատ ենք գնահատում նրանց անձնազոհ ոգին, ինչպես նաև այնտեղ ապրող մեր ընկերների օգնությունը։ Դիտարանի կրթական կենտրոն (Պատերսոն) մեկնելուց մեկ օր անց Լինդան զանգեց մեզ ու ասաց, որ մայրս մահացել է։ Մորս հորդորի համաձայն վարվելով՝ մենք ամբողջովին մեր ուժերը ներդրեցինք մեր նոր նշանակման մեջ։

Մենք շատ երջանիկ էինք, որ մեր առաջին նշանակումը Մալավիի մասնաճյուղում էր, որտեղ ծառայում էին մեր աղջիկները իրենց ամուսինների հետ։ Մեր ընտանիքը վերամիավորվեց։ Այնուհետև դասընթացը պետք է անցկացնեինք Զիմբաբվեում, իսկ հետո՝ Զամբիայում։ Երեքուկես տարի դասընթացներ տալուց հետո մեզ խնդրեցին վերադառնալ Մալավի, որպեսզի արձանագրեինք այն Վկաների դեպքերը, ովքեր այնտեղ հալածանքներ էին կրել քրիստոնեական չեզոքություն պահելու համար։ *

Ծառայում ենք մեր թոռնիկների հետ

2005-ին դարձյալ ծանր սրտով վերադարձանք տուն՝ Բասալտ (Կոլորադո), որտեղ ես ու Բեթելը շարունակում ենք ռահվիրա ծառայել։ 2006-ին Բրայենը և Քիմբերլին տեղափոխվեցին մեր հարևանությամբ ապրելու և մեծացնելու իրենց երկու դուստրերին՝ Մաքենզիին և Էլիզաբեթին։ Փոլն ու Ստեֆանին դեռ ծառայում են Մալավիում, որտեղ Փոլը մասնաճյուղի կոմիտեի անդամ է։ Ես շուտով կդառնամ 80 տարեկան։ Շատ եմ ուրախանում, որ այն երիտասարդ եղբայրները, որոնց հետ ծառայել եմ, ստանձնել են առանձնաշնորհումներ, որ մի ժամանակ ունեցել եմ։ Մեր ուրախությունը մեծ մասամբ այն բանի շնորհիվ է, որ մեր առջև լավ օրինակներ ենք ունեցել և որ ջանացել ենք հայելու նման արտացոլել նրանց՝ օգուտներ բերելով մեր երեխաներին ու թոռներին։

^ պարբ. 5 Սթիլների ընտանիքի անդամների միսիոներական ծառայության մասին ավելին իմանալու համար տես «Դիտարան», 1956 թ., մայիսի 1, էջ 269–272 և 1971 թ., մարտի 15, էջ 186–190, անգլ.։

^ պարբ. 30 Օրինակ՝ տես Տրոֆիմ Նսոմբայի կենսագրությունը «Դիտարանի» 2015 թ. ապրիլի 15-ի համարում, էջ 14–18։