Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՀՈԿՏԵՄԲԵՐ 2016

Ամրացրու հավատդ այն ամենի հանդեպ, ինչին հույսով սպասում ես

Ամրացրու հավատդ այն ամենի հանդեպ, ինչին հույսով սպասում ես

«Հավատը լիակատար համոզվածությունն է այն բանում, որ հույսերը կիրականանան» (ԵԲՐ. 11։1

ԵՐԳ 81, 134

1, 2. ա) Ինչպե՞ս է ճշմարիտ քրիստոնյաների հույսը տարբերվում այս աշխարհի մարդկանց ունեցած հույսից։ բ) Ի՞նչ կարևոր հարցեր ենք քննարկելու։

ՃՇՄԱՐԻՏ քրիստոնյաները չքնաղ հույս ունեն։ Բոլորս՝ լինենք օծյալ թե «ուրիշ ոչխար», հույս ունենք տեսնելու Եհովայի սկզբնական նպատակի իրականացումը և նրա անվան սրբացումը (Հովհ. 10։16; Մատթ. 6։9, 10)։ Սա ամենավեհ ակնկալիքն է, որ կարող է ունենալ մարդ արարածը։ Մենք նաև փափագում ենք ստանալ խոստացված հավիտենական կյանքը և լինել «նոր երկնքի» կամ «նոր երկրի» մի մասը (2 Պետ. 3։13)։ Իսկ մինչ այդ ակնկալում ենք, որ Աստծու ժողովուրդը կշարունակի հոգևորապես ավելի շատ բարգավաճել։

2 Այս աշխարհի մարդիկ նույնպես ունեն հույս, բայց լիովին վստահ չեն, որ այն կիրականանա։ Օրինակ՝ միլիոնավոր խաղամոլներ հույս ունեն հաղթելու վիճակախաղում, բայց համոզված չեն, որ դա իրենց կհաջողվի։ Սակայն իսկական հավատը մեր քրիստոնեական հույսի իրականացման «լիակատար համոզվածությունն է» (Եբր. 11։1)։ Բայց միգուցե մտածես, թե ինչպես կարող ես ամրացնել համոզվածությունդ։ Եվ ի՞նչ օգուտներ կարող է բերել ամուր հավատը այն ամենի հանդեպ, ինչին հույսով սպասում ես։

3. Ի՞նչ փաստի վրա է հիմնված քրիստոնեական հավատը։

3 Մարդիկ չեն ծնվում հավատով, ոչ էլ այն ինքնըստինքյան է  զարգանում։ Քրիստոնեական հավատը առաջանում և զարգանում է, երբ անհատը թույլ է տալիս, որ Աստծու սուրբ ոգին ներգործի իր սրտի վրա (Գաղ. 5։22)։ Աստվածաշունչը չի ասում, որ Եհովան ունի հավատ կամ դրա կարիքը։ Քանի որ Աստված ամենակարող է և ամենաիմաստուն, ոչինչ չի կարող խանգարել նրան իր նպատակը իրականացնել։ Մեր երկնային Հայրը իր խոստացած օրհնությունների մասին խոսում է այնպես, ասես դրանք արդեն կատարված են։ Այդ իսկ պատճառով նա իր խոստումների համար ասում է. «Կատարվեցի՛ն» (կարդա Հայտնություն 21։3–6)։ Քրիստոնեական հավատի հիմքում ընկած է այն փաստը, որ Եհովան «հավատարիմ Աստված» է, ով միշտ կատարում է իր խոստումները (2 Օրենք 7։9

ՍՈՎՈՐԵՆՔ ՎԱՂԵՄԻ ՀԱՎԱՏԻ ՏԵՐ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ

4. Ի՞նչ հույս ունեին նախաքրիստոնեական ժամանակների հավատարիմ տղամարդիկ ու կանայք։

4 Եբրայեցիներ 11-րդ գլխում թվարկվում է 16 հավատարիմ անձանց անուններ։ Աստվածաշունչը խոսում է նրանց և ուրիշների մասին, ովքեր «իրենց հավատի շնորհիվ վկայություն ստացան» (Եբր. 11։39)։ Նրանք բոլորն էլ ունեին «լիակատար համոզվածություն» այն բանում, որ Աստված առաջ կբերի խոստացված «սերնդին», որը վերացնելու է Սատանայի ըմբոստության հետևանքները և իրականացնելու է Եհովայի սկզբնական նպատակը (Ծննդ. 3։15)։ Այդ հավատարիմ մարդիկ մահացան նախքան խոստացված «սերունդը»՝ Հիսուս Քրիստոսը, ճանապարհ կբացեր երկնային կյանքի համար (Գաղ. 3։16)։ Այնուամենայնիվ, ինչպես Եհովան խոստացել է, նրանք հարություն կառնեն երկրային դրախտում կատարյալ կյանքով ապրելու համար (Սաղ. 37։11; Ես. 26։19; Օս. 13։14

5, 6. Ի՞նչի վրա էին կենտրոնացել Աբրահամն ու իր հետնորդները, և ինչպե՞ս նրանք կարողացան ամուր պահել իրենց հավատը (տես հոդվածի սկզբի նկարը)։

5 Եբրայեցիներ 11։13-ում խոսվում է նախաքրիստոնեական ժամանակներում ապրած Աստծու որոշ ծառաների մասին։ Այնտեղ կարդում ենք. «Նրանք բոլորը մինչև մահ հավատարիմ մնացին, թեպետև չստացան խոստացված բաները, սակայն հեռվից տեսան դրանք և ողջունեցին»։ Այդ անհատներից մեկը Աբրահամն էր։ Արդյոք նա մտքում վա՞ռ էր պահում խոստացյալ «սերնդի» իշխանության ներքո ապրելու հույսը։ Հիսուսը հստակ պատասխան տվեց այս հարցին, երբ իր հակառակորդներին ասաց. «Ձեր հայր Աբրահամը շատ ուրախացավ՝ հույս ունենալով տեսնել իմ օրը. նա տեսավ այն և ուրախացավ» (Հովհ. 8։56)։ Նույնը կարող ենք ասել Սառայի, Իսահակի, Հակոբի և շատերի մասին, ովքեր կենտրոնացել էին ապագա Թագավորության հույսի վրա, որի «կառուցողն ու ստեղծողը Աստված է» (Եբր. 11։8–11

6 Ինչպե՞ս Աբրահամն ու իր հետնորդները կարողացան ամուր պահել իրենց հավատը։ Նրանք Աստծու մասին սովորել էին՝ հավանաբար լսելով հավատարիմ տարեց ծառաներից, ստանալով աստվածային հայտնություններ կամ կարդալով վստահելի հին արձանագրությունները։ Ավելին, նրանք միշտ հիշում էին այն ամենը, ինչ սովորել էին, նաև թանկ էին համարում Աստծու խոստումներն ու պահանջները և խորհրդածում էին դրանց շուրջ։ Քանի որ նրանց հույսը հաստատուն էր, այդ տղամարդիկ ու կանայք Աստծուն հավատարիմ մնալու համար պատրաստ էին դիմանալու ցանկացած փորձության։

7. Ի՞նչ հոգևոր միջոցներ է Եհովան տվել ամուր հավատ զարգացնելու համար, և ինչպե՞ս կարող ենք օգուտներ քաղել դրանցից։

7 Մեր հավատը ամուր պահելու համար Եհովան տվել է մեզ իր Խոսքը՝ Աստվածաշունչը։ Երջանիկ ու հաջողակ լինելու համար մենք պետք է կարդանք Աստծու Խոսքը կանոնավորաբար, եթե հնարավոր է ամեն օր (Սաղ. 1։1–3; կարդա Գործեր 17։11)։ Վաղեմի հավատի տեր մարդկանց նման՝ մենք էլ պետք է շարունակ խորհենք Աստծու խոստումների շուրջ և հնազանդվենք նրա պահանջներին։ Եհովան մեզ նաև տալիս է առատ հոգևոր սնունդ «հավատարիմ և իմաստուն ծառայի» միջոցով (Մատթ.  24։45)։ Թանկ գնահատելով այն հոգևոր միջոցները, որ Եհովան մատչելի է դարձրել՝ մենք կընդօրինակենք վաղեմի հավատարիմներին, ովքեր «լիակատար համոզվածություն» ունեին Թագավորության հույսի հանդեպ։

8. Ինչպե՞ս կարող է աղոթքը զորացնել մեր հավատը։

8 Նախաքրիստոնեական ժամանակների վկաների համար աղոթքը նույնպես կարևոր դեր է ունեցել ամուր հավատ ունենալու հարցում։ Նրանց հավատը զորանում էր, երբ տեսնում էին, թե ինչպես է Եհովան պատասխանում իրենց աղոթքներին (Նեեմ. 1։4, 11; Սաղ. 34։4, 15, 17; Դան. 9։19–21)։ Մենք էլ կարող ենք բացել մեր սիրտը ու հայտնել Եհովային մեր մտահոգությունները՝ իմանալով, որ նա կլսի և ուժ կտա մեզ ուրախությամբ տոկալու։ Եվ երբ ստանանք աղոթքների պատասխանը, մեր հավատը ավելի կամրանա (կարդա 1 Հովհաննես 5։14, 15)։ Քանի որ հավատը սուրբ ոգու պտղի մի մասն է, պետք է շարունակենք Աստծուց խնդրել իր սուրբ ոգին, ինչպես որ Հիսուսը հորդորեց (Ղուկ. 11։9, 13

9. Ուրիշ ո՞ւմ մասին պետք է աղոթենք։

9 Բայց չպետք է աղոթենք միայն մեր անձնական կարիքների համար։ Կարող ենք ամեն օր շնորհակալություն հայտնել ու գովաբանել Եհովային նրա արած «զարմանահրաշ գործերի» համար, որոնք «այնքան շատ են, որ չենք կարող հաշվել» (Սաղ. 40։5)։ Մեր աղոթքներում պետք է «հիշենք նրանց, ովքեր բանտի կապանքներում են, ասես թե [մենք] էլ ենք բանտի կապանքներում»։ Նաև պետք է խնդրենք ամբողջ աշխարհում ապրող մեր եղբայրների ու քույրերի մասին, հատկապես նրանց մասին, «ովքեր առաջնորդություն են վերցնում [մեր] մեջ»։ Մեր սիրտը ջերմանում է, երբ տեսնում ենք, թե ինչպես է Եհովան պատասխանում մեր բոլորի աղոթքներին (Եբր. 13։3, 7

ՆՐԱՆՔ ՓՈԽԶԻՋՈՒՄՆԵՐԻ ՉԳՆԱՑԻՆ

10. Աստծու ծառաների ի՞նչ օրինակներ ունենք, ովքեր փոխզիջումների չգնացին, և ի՞նչը նրանց ուժ տվեց այդպես վարվելու։

10 Եբրայեցիներ 11-րդ գլխում Պողոս առաքյալը նկարագրում է այն փորձությունները, որոնց տոկացել են Աստծու ծառաներից ոմանք։ Օրինակ՝ առաքյալը հիշատակում է հավատի տեր կանանց, ովքեր կորցրին իրենց որդիներին, բայց հարության միջոցով վերագտան նրանց։ Հետո նա խոսում է ուրիշների մասին, ովքեր «մերժեցին ազատություն ձեռք բերել որևէ փրկանքի միջոցով, որպեսզի հասնեն ավելի լավ հարությանը» (Եբր. 11։35)։ Չենք կարող համոզվածությամբ ասել, թե կոնկրետ ում մասին էր խոսում Պողոսը, սակայն հնարավոր է, որ այդ մարդկանց մեջ եղած լինեն, օրինակ, Նաբովթն ու Զաքարիան, որոնք քարկոծվել էին Աստծուն հնազանդվելու և նրա կամքը անելու համար (1 Թագ. 21։3, 15; 2 Տար. 24։20, 21)։ Նրանցից կարող էին լինել նաև Դանիելն ու իր ընկերները, որոնք հնարավորություն ունեին «ազատություն ձեռք բերելու», եթե փոխզիջումների գնային։ Սակայն Աստծու զորության հանդեպ հավատը ուժ տվեց նրանց այսպես ասած «առյուծների բերանները փակել» և «կրակի ուժին դիմակայել» (Եբր. 11։33, 34; Դան. 3։16–18, 20, 28; 6։13, 16, 21–23

11. Ի՞նչ փորձությունների միջով անցան մարգարեներից ոմանք իրենց հավատի համար։

11 Մարգարեները, որոնց թվում էին Միքիան և Երեմիան, իրենց հավատի համար «փորձության ենթարկվեցին ծաղրուծանակով.... և բանտերով»։ Իսկ ոմանք, որոնցից էր Եղիան, «թափառեցին անապատներում ու լեռներում, քարայրներում ու երկրի խորշերում»։ Բոլորն էլ տոկացին, քանի որ «լիակատար համոզվածություն ունեին այն բանում, որ հույսերը կիրականանան» (Եբր. 11։1, 36–38; 1 Թագ. 18։13; 22։24–27; Երեմ. 20։1, 2; 28։10, 11; 32։2

12. Ո՞ւմ օրինակն է ամենաակնառուն փորձություններին տոկալու հարցում, և ի՞նչն է օգնել նրան։

12 Հավատի տեր տարբեր տղամարդկանց ու կանանց մասին խոսելուց հետո Պողոսը խոսում է ամենաակնառու օրինակի մասին՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի։ Եբրայեցիներ 12։2-ը ասում է. «Իր առաջ դրված ուրախության համար նա, ամոթն արհամարհելով, տոկունությամբ տանջանքի ցիցը  հանձն առավ և նստեց Աստծու գահի աջ կողմը»։ Մենք պետք է «լրջորեն մտածենք» Հիսուսի հավատի օրինակի շուրջ, ով դիմակայեց ծանր փորձություններին (կարդա Եբրայեցիներ 12։3)։ Հիսուսի նման՝ առաջին դարի քրիստոնյա նահատակները անարատության հարցում փոխզիջումների չգնացին, ինչպես օրինակ՝ Անտիպասը (Հայտն. 2։13)։ Նրանք ստացել են երկնային հարության վարձատրությունը, որը գերազանցում է «ավելի լավ հարությանը», որին հնում ապրած հավատի տեր մարդիկ անհամբերությամբ սպասում էին (Եբր. 11։35)։ 1914 թ.-ից՝ Թագավորության ծնունդից որոշ ժամանակ անց, այդ բոլոր հավատարիմ օծյալները, որոնք քնած էին մահվան քնով, ոգեղեն կյանք ստացան, որպեսզի երկնքում Հիսուսի հետ իշխեն (Հայտն. 20։4

ՀԱՎԱՏԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՕՐԻՆԱԿՆԵՐ

13, 14. Ի՞նչ փորձությունների միջով անցավ Ռուդոլֆ Գրայխենը, և ի՞նչն օգնեց նրան տոկալու։

13 Այսօր Աստծու միլիոնավոր ծառաներ հետևում են Հիսուսի օրինակին՝ իրենց հույսը վառ պահելով և թույլ չտալով, որ փորձությունները թուլացնեն իրենց հավատը։ Քննենք Ռուդոլֆ Գրայխենի օրինակը, որը ծնվել է Գերմանիայում 1925-ին։ Երբ նա փոքր էր, նրա ծնողները իրենց տան պատերից կախել էին աստվածաշնչյան դրվագներով նկարներ։ Նա գրել է. «Նկարներից մեկում պատկերված էր գայլն ու  գառը, ուլն ու ընձառյուծը, հորթը և առյուծը միասին, որոնց մի փոքր տղա էր առաջնորդում.... Այսպիսի նկարները խորապես տպավորել են ինձ» (Ես. 11։6–9)։ Չնայած երկար տարիների դաժան հալածանքին՝ սկզբում նացիստական գեստապոյի, իսկ հետագայում Արևելյան Գերմանիայի կոմունիստական Շտազի կողմից՝ Ռուդոլֆը ամուր պահեց երկրային դրախտում ապրելու իր հույսն ու հավատը։

14 Ռուդոլֆը տոկաց տարբեր ծանր փորձությունների։ Նա կորցրեց իր սիրելի մորը, որը մահացավ Ռավենսբրյուկի համակենտրոնացման ճամբարում բծավոր տիֆից։ Նաև տեսավ, թե ինչպես իր հոր հավատը այն աստիճան թուլացավ, որ նա ստորագրեց մի փաստաթուղթ, որով հրաժարվում էր Եհովայի վկա լինելուց։ Բանտից ազատվելուց հետո Ռուդոլֆը առանձնաշնորհում ունեցավ ծառայելու որպես շրջանային վերակացու և հետագայում հրավիրվեց «Գաղաադ» դպրոց։ Նա՝ որպես միսիոներ, նշանակվեց Չիլի, որտեղ նորից ծառայեց շրջանային վերակացու։ Սակայն այսքանով Ռուդոլֆի փորձությունները չավարտվեցին։ Մի միսիոներ քրոջ՝ Փեթսիի հետ ամուսնությունից մեկ տարի հետո նրանց նորածին աղջիկը մահացավ։ Հետագայում նրա սիրելի կինը, որն ընդամենը 43 տարեկան էր, նույնպես մահացավ։ Ռուդոլֆը տոկաց այս բոլոր ծանր դժվարություններին, ու երբ 1997թ. օգոստոսի 1-ի «Դիտարանում» տպագրվեց նրա կենսագրությունը, չնայած տարիքին և վատառողջությանը՝ նա ծառայում էր ռահվիրա և երեց (էջ 20–25, անգլ., ռուս.)։ [1]

15. Եհովայի վկաների ի՞նչ ժամանակակից օրինակներ ունենք, որոնք տոկում են հալածանքների ներքո։

15 Եհովայի վկաները շարունակում են ուրախանալ իրենց հույսով՝ չնայած շարունակվող և ուժգնացող հալածանքներին։ Օրինակ՝ մեր շատ եղբայրներ ու քույրեր Էրիթրեայում, Սինգապուրում և Հարավային Կորեայում բանտարկված են հիմնականում սուր չվերցնելու մասին Հիսուսի պատվերին հնազանդվելու համար (Մատթ. 26։52)։ Այդ հարյուրավորներից են Իսակը, Նեգեդեն և Պաուլոսը, ովքեր Էրիթրեայի բանտում են ավելի քան 20 տարի։ Զրկված լինելով ազատությունից՝ իրենց տարեց ծնողներին հոգ տանելու և ամուսնանալու հնարավորությունից, նրանք հավատարիմ են մնում՝ չնայած դաժան վերաբերմունքին։ Ինչպես երևում է մեր jw.org կայքում տեղադրված նկարից, նրանք շարունակում են ամուր պահել իրենց հավատը։ Նույնիսկ բանտի հսկիչներն են սկսել նրանց հարգել։

Սովորո՞ւմ ես քո ժողովի հավատարիմ մարդկանց օրինակներից (տես պարբերություն 15, 16)

16. Ինչպե՞ս կարող է ամուր հավատը պաշտպանել քեզ։

16 Եհովայի ծառաների մեծ մասը, սակայն, չի ենթարկվել դաժան հալածանքների։ Նրանց հավատի փորձությունը այլ բնույթ է կրել։ Շատերը տառապել են աղքատության, քաղաքական պատերազմների կամ բնական աղետների պատճառով։ Իսկ ոմանք Մովսեսի և նահապետների նման հրաժարվել են շքեղ կյանքից և հայտնի լինելուց։ Նրանք պայքարում են նյութապաշտ և եսակենտրոն կյանքով ապրելու գայթակղության դեմ։ Ի՞նչն է օգնում նրանց։ Եհովայի հանդեպ սերը և ամուր հավատը նրա այն խոստման հանդեպ, որ նա կվերացնի անարդարությունը և կվարձատրի իր հավատարիմ ծառաներին արդար նոր աշխարհում հավիտենական կյանքով (կարդա Սաղմոս 37։5, 7, 9, 29

17. Ի՞նչ ես վճռել անել, և ի՞նչ կքննարկենք հաջորդ հոդվածում։

17 Այս հոդվածում քննարկեցինք, թե Աստծու խոստումների շուրջ խորհրդածելը և կանոնավոր աղոթելը ինչպես կարող են ամրացնել մեր հավատը։ Դա ուժ կտա մեզ տոկալու հավատի փորձություններին, մինչ «լիակատար համոզվածությամբ» կենտրոնանում ենք մեր քրիստոնեական հույսի վրա։ Բայց Աստվածաշունչը ավելին է ասում հավատի մասին։ Այդ մասին կքննարկենք հաջորդ հոդվածում։

^ [1] (պարբերություն 14) Տես նաև «Արթնացե՛ք»-ի 2002 թ. ապրիլի 22-ի համարում Սլովենիայից Անդրեյ Հանակի կենսագրությունը (էջ 19–24, անգլ., ռուս.)։