Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՀՈՒՆՎԱՐ 2016

Հարատևեք եղբայրասիրության մեջ

Հարատևեք եղբայրասիրության մեջ

«Թող ձեր եղբայրասիրությունը հարատևի» (ԵԲՐ. 13։1

ԵՐԳ 72, 119

1, 2. Ինչո՞ւ Պողոսը նամակ գրեց եբրայեցի քրիստոնյաներին։

61 ԹՎԱԿԱՆՆ էր։ Իսրայելում գտնվող քրիստոնեական ժողովների համար հարաբերական խաղաղ ժամանակներ էին։ Թեև Պողոս առաքյալը բանտարկված էր Հռոմում, բայց հույս ուներ, որ շուտով ազատության մեջ կլինի։ Նրա ընկերակից Տիմոթեոսը նոր էր ազատ արձակվել, և նրանք ծրագրում էին միասին այցելել Հրեաստանում ապրող հավատակիցներին (Եբր. 13։23)։ Բայց հինգ տարի հետո Երուսաղեմը շրջապատվելու էր զորքերով, ինչպես որ մարգարեացել էր Հիսուսը։ Հրեաստանի քրիստոնյաները և հատկապես նրանք, ովքեր ապրում էին Երուսաղեմում, պետք է վճռականորեն գործեին։ Հիսուսը զգուշացրել էր, որ դեպքերի նման զարգացում տեսնելիս անմիջապես փախչեին (Ղուկ. 21։20–24

2 28 տարի էր անցել այն օրվանից, երբ Հիսուսը ասաց այս մարգարեությունը։ Այդ տարիների ընթացքում Իսրայելի հավատարիմ քրիստոնյաները շատ հակառակություններ և հալածանքներ էին հաղթահարել (Եբր. 10։32–34)։ Բայց Պողոսը գիտեր, որ առջևում նրանց հավատի մեծագույն փորձությունն էր (Մատթ. 24։20, 21; Եբր. 12։4)։ Առաքյալը ցանկանում էր, որ իր հավատակիցները պատրաստ լինեին ամեն ինչի։ Նրանք պետք է բացառիկ տոկունություն և հավատ ունենային, ամուր հավատ, որը կփրկեր նրանց կյանքը (կարդա Եբրայեցիներ 10։36–39)։ Ուստի Եհովայի ոգով ներշնչված՝ Պողոսը իր սիրելի եղբայրներին ու քույրերին մի նամակ գրեց, որի նպատակն էր պատրաստել  նրանց գալիք իրադարձություններին։ Այդ նամակը Աստվածաշնչի «Եբրայեցիներ» գիրքն է։

3. Ինչո՞ւ մեզ պետք է հետաքրքրի «Եբրայեցիներ» գիրքը։

3 Պողոսի՝ եբրայեցիներին գրած նամակը բոլորիս պետք է հետաքրքրի։ Ինչո՞ւ։ Քանի որ մենք այսօր նմանատիպ իրավիճակում ենք։ Այս «չափազանց դժվար ժամանակներում» Եհովայի ժողովուրդը բախվում է ամեն տեսակ հակառակության և հալածանքի (2 Տիմոթ. 3։1, 12)։ Եվ մենք, անկասկած, փաստում ենք, որ ամուր հավատ ունենք և նվիրված ենք։ Այդուհանդերձ, շատերիս համար այսօր հարաբերական խաղաղ ժամանակներ են, և բացահայտ հալածանք չկա։ Բայց առաջին դարի քրիստոնյաների պես՝ բոլորս պետք է հիշենք այն կարևոր փաստը, որ շուտով բախվելու ենք մեր հավատի մեծագույն փորձությանը (կարդա Ղուկաս 21։34–36

4. Ո՞րն է 2016թ. տարվա խոսքը, և ինչո՞ւ է այն ժամանակահարմար։

4 Ի՞նչը կօգնի մեզ պատրաստվելու առաջիկայում սպասվող իրադարձություններին։ «Եբրայեցիներ» գրքում Պողոսը նշեց մի շարք բաներ, որոնք կօգնեն մեզ ամրացնելու մեր հավատը։ Կարևոր բաներից մեկի մասին գրված է վերջին գլխի առաջին համարում, որը 2016թ. տարվա խոսքն է։ Այն մեզ հորդորում է. «Թող ձեր եղբայրասիրությունը հարատևի» (Եբր. 13։1

2016թ. տարվա խոսքն է՝ «Թող ձեր եղբայրասիրությունը հարատևի» (Եբրայեցիներ 13։1)

Ի՞ՆՉ Է ԵՂԲԱՅՐԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

5. Ի՞նչ է եղբայրասիրությունը։

5 Ի՞նչ է նշանակում եղբայրասիրություն դրսևորել։ Հունարեն ֆիլադելֆիա բառը, որ Պողոսը օգտագործեց, բառացի նշանակում է «սեր եղբոր հանդեպ»։ Եղբայրասիրությունը սիրո տեսակ է, որը ներառում է ուժեղ, ջերմ և անձնական կապվածություն, ինչպիսին ընտանիքի անդամների կամ մտերիմ ընկերների միջև է լինում (Հովհ. 11։36)։ Մենք ոչ թե քույր ու եղբայր ձևանում ենք, այլ քույր ու եղբայր ենք (Մատթ. 23։8)։ Միմյանց հանդեպ ունեցած կապվածության այդ ուժեղ զգացումը արտահայտված է հետևյալ խոսքերում. «Եղբայրասիրության մեջ գորովանք ունեցեք իրար հանդեպ։ Միմյանց պատվելու մեջ առաջինը եղեք» (Հռոմ. 12։10Ագապե-ի՝ սկզբունքային սիրո հետ այն նպաստում է Աստծու ծառաների միջև եղած մտերմությանը և միասնությանը։

6. Ճշմարիտ քրիստոնյաների համար ովքե՞ր են եղբայրներ համարվում։

6 Մի գիտնականի խոսքերի համաձայն՝ ««եղբայրասիրություն» բառը համեմատաբար հազվադեպ է հանդիպում քրիստոնեական գրականությունից դուրս»։ Հուդայականության մեջ «եղբայր» բառը երբեմն օգտագործվում էր նաև նրանց վերաբերյալ, որոնց միջև արյունակցական կապեր չկային, բայց դա միայն հրեա ազգի շրջանակներում։ Այն երբեք չէր գործածվում ոչ հրեաների առնչությամբ։ Սակայն քրիստոնեության մեջ բոլորը եղբայրներ են՝ անկախ նրանց ազգությունից (Հռոմ. 10։12)։ Եհովան սովորեցրել է մեզ եղբայրական սիրով սիրել իրար (1 Թեսաղ. 4։9)։ Իսկ ինչո՞ւ է անչափ կարևոր, որ մեր եղբայրասիրությունը հարատևի։

ԻՆՉՈ՞Ւ Է ԿԱՐԵՎՈՐ ՇԱՐՈՒՆԱԿ ԵՂԲԱՅՐԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԴՐՍԵՎՈՐԵԼ

7. ա) Ո՞րն է եղբայրասիրություն դրսևորելու գլխավոր պատճառը։ բ) Միմյանց ավելի շատ սիրելու ուրիշ ի՞նչ պատճառ ունենք։

7 Գլխավոր պատճառն այն է, որ Եհովան է պահանջում, որ եղբայրասիրություն դրսևորենք։ Մենք չենք կարող ասել, թե սիրում ենք Աստծուն, եթե չենք ուզում սիրել մեր եղբորը (1 Հովհ. 4։7, 20, 21)։ Բացի այդ, մենք միմյանց կարիքն ունենք, հատկապես դժվար ժամանակներում։ Պողոսը գիտեր, որ շուտով անհրաժեշտություն էր առաջանալու, որ եբրայեցի քրիստոնյաներից ոմանք, ում ինքը գրում էր, թողնեին իրենց տներն ու ունեցվածքը։ Հիսուսը նկարագրել էր, թե որքան դժվար ժամանակներ էին դրանք լինելու (Մարկ. 13։14–18; Ղուկ. 21։21–23)։ Ուստի առավել  քան երբևէ այդ քրիստոնյաները կարիք ունեին միմյանց ավելի շատ սիրելու (Հռոմ. 12։9

8. Ի՞նչ պետք է անենք նախքան մեծ նեղության սկսվելը։

8 Շուտով մեծ նեղության կործանարար քամիները բաց կթողնվեն (Մարկ. 13։19; Հայտն. 7։1–3)։ Այդ ժամանակ ճիշտ կլինի վարվել հետևյալ ներշնչյալ խորհրդի համաձայն. «Գնա, ի՛մ ժողովուրդ, մտիր քո ներքին սենյակները և քո հետևից փակիր դռները։ Թաքնվիր մի ակնթարթ, մինչև բարկությունն անցնի» (Ես. 26։20)։ «Ներքին սենյակները» կարող են վերաբերել մեր ժողովներին։ Այստեղ է, որ եղբայրներով ու քույրերով հավաքվում ենք, որպեսզի երկրպագենք Եհովային։ Բայց կանոնավորաբար հավաքվելը դեռ բավական չէ։ Պողոսը եբրայեցի քրիստոնյաներին հիշեցրեց, որ նրանք պետք է այդ առիթները օգտագործեն միմյանց «սիրո ու բարի գործերի» մղելու համար (Եբր. 10։24, 25)։ Մենք պետք է այժմ եղբայրասիրություն զարգացնենք, քանի որ այն կօգնի մեզ տոկալու ապագա ցանկացած դժվարության ու փորձության ներքո։

9. ա) Այսօր եղբայրասիրություն դրսևորելու ի՞նչ առիթներ ունենք։ բ) Բեր օրինակներ, թե ինչպես են Եհովայի ծառաները եղբայրասիրություն դրսևորել։

9 Եղբայրասիրություն դրսևորելու մեծ կարիք կա նույնիսկ հիմա, երբ դեռ չի սկսվել մեծ նեղությունը։ Մեր հավատակիցներից շատերը մեծ վնասներ են կրել երկրաշարժերի, ջրհեղեղների, փոթորիկների, ցունամիների և այլ բնական աղետների հետևանքով։ Ոմանք էլ հակառակության և հալածանքի պատճառով են տառապում (Մատթ. 24։6–9)։ Այս ամենին գումարվում են տնտեսական դժվարությունները, որոնց ամեն օր բախվում ենք այս ապականված աշխարհում (Հայտն. 6։5, 6)։ Որքան ավելանում են այս խնդիրները, այնքան ավելի շատ առիթներ ենք ունենում ցույց տալու, թե որքան մեծ է մեր եղբայրասիրությունը։ Թեև մարդկանցից «շատ-շատերի սերը սառչում է», մենք պետք է փաստենք, որ մեր եղբայրասիրությունը հարատևում է (Մատթ. 24։12 [1]

Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՆԵԼ, ՈՐ ՄԵՐ ԵՂԲԱՅՐԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԱՏԵՎԻ

10. Ի՞նչ ենք այժմ քննելու։

10 Չնայած բազմաթիվ դժվարություններին՝ ի՞նչ կարող ենք անել, որ մեր եղբայրասիրությունը հարատևի։ Ինչպե՞ս կարող ենք փաստել, որ սիրում ենք մեր հավատակիցներին։ «Թող ձեր եղբայրասիրությունը հարատևի» խոսքերը գրելուց հետո Պողոս առաքյալը նշում է մի քանի կերպեր, որոնցով քրիստոնյան կարող է եղբայրասիրություն դրսևորել։ Եկեք քննենք դրանցից վեցը։

11, 12. Ի՞նչ է նշանակում հյուրասիրություն դրսևորել (տես 7-րդ էջի նկարը)։

11 «Մի՛ մոռացեք հյուրասիրությունը» (կարդա Եբրայեցիներ 13։2)։ «Հյուրասիրություն» թարգմանված բնագիր բառը նշանակում է սեր կամ բարություն օտարի հանդեպ։ Այս արտահայտությունը մեզ թերևս հիշեցնի Աբրահամի և Ղովտի մասին։ Երկուսն էլ սեր դրսևորեցին անծանոթների հանդեպ, որոնք պարզվեց՝ հրեշտակներ էին (Ծննդ. 18։2–5; 19։1–3)։ Պողոսը անդրադարձավ նրանց օրինակին, որպեսզի եբրայեցի քրիստոնյաներին մղի եղբայրասիրության հյուրասեր լինելու միջոցով։

12 Իսկ մենք հյուրասիրություն դրսևորո՞ւմ ենք, օրինակ՝ մեր հավատակիցներին հրավիրելով մեր տուն, որպեսզի միասին ճաշենք կամ պարզապես շփվենք ու քաջալերենք իրար։ Հյուրասեր լինելու համար պարտադիր չէ շատ փող ծախսել կամ մեծ պատրաստություն տեսնել։ Նաև չենք ցանկանա հրավիրել միայն նրանց, ովքեր ինչ-որ ձևով կարող են փոխհատուցել մեր դրսևորած հյուրասիրության դիմաց (Ղուկ. 10։42; 14։12–14)։ Մեր նպատակը պետք է լինի քաջալերելը, ոչ թե տպավորելը։ Երբ շրջանային վերակացուն ու նրա կինը այցելում են մեր ժողով, պատրա՞ստ ենք հյուրասիրություն դրսևորելու, նույնիսկ եթե լավ չենք ճանաչում նրանց (3 Հովհ. 5–8)։ Չնայած զբաղված գրաֆիկին և առօրյա  կյանքի սթրեսներին՝ շատ կարևոր է, որ «չմոռանանք հյուրասիրությունը»։

13, 14. Ինչպե՞ս կարող ենք «հիշել նրանց, ովքեր բանտի կապանքներում են»։

13 «Հիշեցեք նրանց, ովքեր բանտի կապանքներում են» (կարդա Եբրայեցիներ 13։3)։ Պողոսն այստեղ նկատի չուներ սովորական բանտարկյալներին, այլ նրանց, ովքեր բանտարկվել էին հավատի համար։ Առաքյալն ինքը մոտ չորս տարի էր, ինչ բանտարկված էր, երբ այս խոսքերն ուղղեց եբրայեցի քրիստոնյաներին (Փիլիպ. 1։12–14)։ Նա գովեց եղբայրներին, որ «բանտում գտնվողներին ցավակից էին եղել» (Եբր. 10։34)։ Այն ընթացքում, երբ Պողոսը բանտում էր, որոշ եղբայրներ աջակցում էին նրան։ Բայց եբրայեցի քրիստոնյաները, ի տարբերություն այդ եղբայրների, հեռու էին ապրում և ֆիզիկապես առաքյալի կողքին չէին։ Հետևաբար ինչպե՞ս կարող էին «հիշել» Պողոսին։ Նրանք դա կարող էին անել՝ ջերմեռանդորեն աղոթելով նրա բարօրության համար (Եբր. 13։18, 19

14 Նմանապես այսօր գուցե ֆիզիկապես շատ հեռու ենք մեր այն հավատակիցներից, ովքեր բանտերում են, և չենք կարող գործնական օգնություն ցույց տալ նրանց այնպես, ինչպես բանտին մոտ ապրող Վկաները։ Բայց մենք կարող ենք ցավակից լինել այդ հավատարիմներին և եղբայրասիրություն դրսևորել՝ շարունակ հիշելով նրանց մեր աղոթքներում և նրանց համար աղաչելով Եհովային։ Օրինակ՝ հիշո՞ւմ ենք մեր այն եղբայրներին, քույրերին և նույնիսկ երեխաներին, որոնք բանտարկված են Էրիթրեայում։ Նրանց թվում են մեր երեք եղբայրները՝ Պաուլոս Իյասուն, Իսակ Մոգոսը, Նեգեդե Տեկլեմարիամը, որոնք ավելի քան քսան տարի է, ինչ ազատազրկված են։

15. Ինչպե՞ս կարող ենք պատվել մեր ամուսնությունը։

15 «Թող ամուսնությունը բոլորի համար պատվական լինի» (կարդա Եբրայեցիներ 13։4)։ Մեր եղբայրասիրությունը կարող ենք փաստել նաև բարոյապես մաքուր մնալով (1 Տիմոթ. 5։1, 2)։ Եթե ինչ-որ մեկը անբարոյություն գործի իր հավատակցի հետ կամ էլ նրա ընտանիքի անդամներից մեկի հետ, ապա վնաս կպատճառի նրան և ոտնձգություն կանի նրա իրավունքների դեմ։ Այդ դեպքում նրանք կկորցնեն միմյանց հանդեպ ունեցած վստահությունը, որի վրա էլ հիմնված է եղբայրասիրությունը (1 Թեսաղ. 4։3–8)։ Բացի այդ, պատկերացրու, թե ինչ կզգա կինը, եթե հայտնաբերի, որ ամուսինը դավաճանել է իրեն՝ դիտելով պոռնկագրություն։ Մի՞թե ամուսնու նման արարքը ցույց կտա, որ սիրում է իր կնոջը և հարգում է ամուսնական կառույցը (Մատթ. 5։28

16. Բավարարվածության զգացումը ինչպե՞ս է օգնում, որ եղբայրասեր լինենք։

16 «Բավարարվեք եղածով» (կարդա Եբրայեցիներ 13։5)։ Իրական բավարարվածության զգացումը հիմնված է Եհովային վստահելու վրա։ Դրա շնորհիվ մենք հավասարակշռված տեսակետ ենք ունենում նյութական բաների վերաբերյալ (1 Տիմոթ. 6։6–8)։ Այն օգնում է հասկանալու, որ Եհովայի ու հավատակիցների հետ ունեցած մեր փոխհարաբերությունները շատ ավելի կարևոր են, քան ցանկացած բան, որ կարող ենք փողով գնել։ Բավարարվածության զգացում ունեցող մարդը չի դժգոհում, չի տրտնջում և սխալներ չի փնտրում, ոչ էլ տեղ է տալիս նախանձին ու ագահությանը. բաներ, որ կարող են խեղդել եղբայրների միջև եղած սերը։ Ընդհակառակը՝ բավարարվածության զգացումը նպաստում է առատաձեռն լինելուն (1 Տիմոթ. 6։17–19

17. Ինչպե՞ս է քաջությամբ լցված լինելը օգնում, որ եղբայրասիրություն դրսևորենք։

17 «Քաջությամբ լցված» եղեք (կարդա Եբրայեցիներ 13։6)։ Եհովայի հանդեպ ունեցած վստահությունը մեզ քաջությամբ կլցնի, անկախ նրանից, թե ինչ դժվարությունների կբախվենք։ Իսկ քաջության շնորհիվ դրական տրամադրվածություն կունենանք։ Եղբայրասիրությունը և դրական տրամադրվածությունը կօգնեն մեզ կերտելու և մխիթարելու մեր հավատակիցներին (1 Թեսաղ. 5։14, 15)։ Նույնիսկ  մեծ նեղության ժամանակ՝ աշխարհի համար ամենամռայլ ժամանակահատվածում, մենք կկարողանանք «ուղիղ կանգնել և բարձրացնել [մեր] գլուխները»՝ իմանալով, որ մեր ազատագրումը մոտենում է (Ղուկ. 21։25–28

Գնահատո՞ւմ ես այն աշխատանքը, որ երեցներն անում են մեզ համար (տես պարբերություն 18)

18. Ինչպե՞ս կարող ենք ավելի մեծ եղբայրասիրություն դրսևորել մեր երեցների նկատմամբ։

18 «Հիշեցեք նրանց, ովքեր առաջնորդություն են վերցնում» (կարդա Եբրայեցիներ 13։7, 17)։ Երբ մտածում ենք այն ծանր աշխատանքի մասին, որ երեցներն այսօր անում են մեզ համար, և այդ ամենը առանց որևէ ֆինանսական վարձատրության, մեր եղբայրասիրությունն ու գնահատանքը մեծանում են։ Ինչ խոսք, մենք չենք ուզում, որ մեր որևէ արարքի պատճառով նրանք «հոգոց հանեն» կամ կորցնեն իրենց ուրախությունը։ Այլ հնազանդվելով և հպատակվելով՝ ցանկանում ենք «նրանց հանդեպ սիրով լի մեծագույն գնահատանք ցույց տալ իրենց կատարած աշխատանքի համար» (1 Թեսաղ. 5։13

«ՇԱՐՈՒՆԱԿԵՔ ԴԱ ԱՆԵԼ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՉԱՓՈՎ»

19, 20. Ինչպե՞ս կարող ենք շարունակել «ավելի մեծ չափով» եղբայրասիրություն դրսևորել։

19 Անխոս, Եհովայի ժողովուրդն այսօր հայտնի է եղբայրասիրությամբ։ Դա այդպես էր նաև Պողոսի օրերում։ Այս փաստը ընդունելուց հետո առաքյալը բոլորին հորդորեց, որ «շարունակեն [եղբայրասիրություն դրսևորել] ավելի մեծ չափով» (1 Թեսաղ. 4։9, 10)։ Պարզ է, որ միշտ բարելավման տեղ կա։

20 Ուստի տարվա ընթացքում ամեն անգամ, երբ նայես տարվա խոսքին, մտածիր հետևյալ հարցերի մասին. «Կարո՞ղ եմ ավելի հյուրասեր լինել։ Ինչպե՞ս կարող եմ հիշել բանտում եղող հավատակիցներիս։ Պատշաճ հարգանք դրսևորո՞ւմ եմ ամուսնական կառույցի հանդեպ։ Ի՞նչը կօգնի ինձ իսկական բավարարվածության զգացում ունենալու։ Ինչպե՞ս կարող եմ մեծացնել վստահությունս Եհովայի հանդեպ։ Ինչպե՞ս կարող եմ ավելի լիարժեքորեն համագործակցել առաջնորդություն վերցնողների հետ»։ Եթե փորձենք բարելավումներ անել այս վեց ոլորտներում, տարվա խոսքը մեզ համար չի լինի պարզապես մի ցուցանակ, որ կախված է Թագավորության սրահի պատից, այլ կլինի կենդանի հիշեցում, որ հարատևենք եղբայրասիրության մեջ (Եբր. 13։1

^ [1] (պարբերություն 9) Այն մասին, թե ինչպես են Եհովայի վկաները եղբայրասիրություն դրսևորում աղետների ժամանակ, տես «Դիտարանի» 2002թ. հուլիսի 15-ի համարում (պրբ. 8, 9) և «Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները» գրքում (գլուխ 19)։