Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՀՈՒՆՎԱՐ 2016

Աստծու հետ համագործակցելը ուրախություն է պարգևում

Աստծու հետ համագործակցելը ուրախություն է պարգևում

«Համագործակցելով նրա հետ՝ մենք նաև խնդրում ենք ձեզ, որ ընդունելով Աստծու անզուգական բարությունը՝ աչքաթող չանեք դրա նպատակը» (2 ԿՈՐՆԹ. 6։1)։

ԵՐԳ 75, 74

1. Թեև Եհովան միակ Բարձրյալն է, ի՞նչ է նա հրավիրել անելու ուրիշներին։

ԵՀՈՎԱՆ՝ միակ Բարձրյալը, նա, ով արարել է ամեն բան, անսահման իմաստություն և զորություն ունի։ Հոբը հասկացել էր դա։ Երբ Եհովան իր ձեռքի գործերի մասին հարցեր տվեց Հոբին, վերջինս պատասխանեց. «Հիմա իմացա, որ դու ամեն ինչ կարող ես անել, և չկա մի մտադրություն, որ անիրագործելի լինի քեզ համար» (Հոբ 42։2)։ Թեև Եհովան կարող է առանց որևէ մեկի օգնության իրագործել ցանկացած բան, նա հենց սկզբից հրավիրել է ուրիշներին համագործակցելու իր նպատակն իրագործելու համար։

2. Ո՞ր կարևոր գործին Եհովան մասնակից դարձրեց Հիսուսին։

2 Աստծու առաջին ստեղծագործությունը իր միածին ոգեղեն Որդին էր։ Եհովան իր Որդու հետ միասին ստեղծեց մնացած բոլոր բաները՝ ոգեղեն և ֆիզիկական (Հովհ. 1։1–3, 18)։ Հիսուսի վերաբերյալ Պողոս առաքյալը գրեց. «Նրա միջոցով ստեղծվեցին մնացած բոլոր բաները երկնքում և երկրի վրա, տեսանելի և անտեսանելի բաները՝ թե՛ աթոռները, թե՛ տերությունները, թե՛ կառավարությունները և թե՛ իշխանությունները։ Այդ ամենը  ստեղծվեցին նրա միջոցով և նրա համար» (Կող. 1։15–17)։ Եհովան պատվի արժանացրեց իր Որդուն՝ ոչ միայն մասնակից դարձնելով նրան արարչագործական աշխատանքներին, այլև նրա այդ կարևոր դերի մասին հայտնելով ուրիշներին։

3. Ի՞նչ հանձնարարեց Եհովան Ադամին և ինչո՞ւ։

3 Եհովան նաև մարդկանց է հրավիրել համագործակցելու իր հետ։ Օրինակ՝ նա հանձնարարեց Ադամին անուններ տալ կենդանիներին (Ծննդ. 2։19, 20)։ Ի՜նչ հաճույք է թերևս ստացել Ադամը՝ ուսումնասիրելով այս ստեղծագործություններին, նրանց բնորոշ գծերը և որոշելով, թե ինչ համապատասխան անուն տալ նրանց։ Եհովան անձամբ կարող էր անել այս գործը, չէ՞ որ ինքն էր ստեղծել նրանց։ Բայց նա, սիրուց մղված, թույլ տվեց, որ Ադամը անի։ Աստված նաև նրան հնարավորություն տվեց ընդարձակելու դրախտի սահմանները (Ծննդ. 1։27, 28)։ Ցավոք, Ադամը հետագայում նախընտրեց չհամագործակցել Աստծու հետ՝ կործանում բերելով թե՛ իր և թե՛ իր սերունդների վրա (Ծննդ. 3։17–19, 23

4. Ինչպե՞ս են ուրիշները համագործակցել Եհովայի հետ, որ իրագործի իր կամքը։

4 Հետագայում Աստված ուրիշներին էլ հրավիրեց մասնակցելու իր նպատակի իրագործմանը։ Նոյը կառուցեց տապանը, որի շնորհիվ նա և իր ընտանիքը փրկվեցին համաշխարհային Ջրհեղեղից։ Մովսեսը Իսրայել ազգին ազատագրեց Եգիպտոսից։ Հեսուն նրանց բերեց Ավետյաց երկիր։ Սողոմոնը կառուցեց Երուսաղեմի տաճարը։ Մարիամը դարձավ Հիսուսի մայրը։ Բոլոր այս հավատարիմ մարդիկ և շատ ուրիշներ համագործակցել են Եհովայի հետ, որ իրագործի իր կամքը։

5. Ո՞ր գործին կարող ենք մասնակցել, և արդյոք Եհովան ստիպվա՞ծ էր մարդկանց ներգրավել այդ գործում (տես 28-րդ էջի նկարը)։

5 Այսօր Եհովան հրավիրում է մեզ լիովին թիկունք կանգնել Մեսիական Թագավորությանը։ Սուրբ ծառայության շատ կերպեր կան։ Որոշներին գուցե բոլորս չկարողանանք մասնակցել, բայց Թագավորության բարի լուրի քարոզչությանը կարող է մասնակցել մեզանից յուրաքանչյուրը։ Ինչ խոսք, Եհովան առանց մարդկանց ներգրավելու էլ կաներ այդ գործը. հենց ինքը երկնքից կխոսեր մարդկանց հետ։ Հիսուսն ասաց, որ Աստված կարող է նույնիսկ այնպես անել, որ քարերը աղաղակեն Մեսիական Թագավորի մասին (Ղուկ. 19։37–40)։ Բայց Եհովան թույլ է տալիս, որ մենք լինենք իր «համագործակիցները» (1 Կորնթ. 3։9)։ Պողոս առաքյալը գրեց. «Համագործակցելով նրա հետ՝ մենք նաև խնդրում ենք ձեզ, որ ընդունելով Աստծու անզուգական բարությունը՝ աչքաթող չանեք դրա նպատակը» (2 Կորնթ. 6։1)։ Այո՛, Աստծու հետ համագործակցելը մեծ պատիվ է մեզ համար, ինչը ուրախություն է պարգևում։ Տեսնենք, թե ինչու։

ԱՍՏԾՈՒ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼԸ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ Է ՊԱՐԳԵՎՈՒՄ

6. Ինչպե՞ս է Աստծու առաջնեկ Որդին նկարագրում, թե ինչ է զգացել Հոր հետ համագործակցելիս։

6 Վաղեմի ժամանակներից Եհովայի ծառաները ուրախություն են ստացել նրա հետ համագործակցելուց։ Աստծու առաջնեկ ոգեղեն Որդին, որը ներկայացված է որպես մարմնավորված իմաստություն, ասաց. «Եհովան ինձ ստեղծեց որպես իր ճանապարհի սկիզբ.... ես նրա կողքին հմուտ վարպետ էի, և ամեն օր նա ուրախանում էր ինձնով, ու ես ուրախ էի նրա առաջ ամեն ժամանակ» (Առակ. 8։22, 30)։ Հիսուսը ուրախությամբ էր համագործակցում իր Հոր հետ։ Նա ուրախանում էր թե՛ իր արած գործով և թե՛ այն բանի գիտակցումից, որ Եհովան սիրում է իրեն։ Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր մասին։

Ոչինչ այնքան մեծ բավականություն չի պատճառում, որքան ճշմարտությունը մարդկանց սովորեցնելը (տես պարբերություն 7)

7. Ինչո՞ւ է քարոզելու գործը ուրախություն պատճառում մեզ։

7 Հիսուսն ասաց, որ երջանկություն կա թե՛ տալու, թե՛ ստանալու մեջ (Գործ. 20։35)։ Մենք ուրախացանք, երբ ընդունեցինք ճշմարտությունը, և նույն զգացումներն ենք ունենում, երբ պատմում ենք այն  ուրիշներին։ Բարի լուրը մարդկանց հայտնելիս տեսնում ենք, թե ինչպես են հոգևորապես քաղցած մարդիկ բերկրանքով լցվում, երբ սկսում են հասկանալ աստվածաշնչյան ճշմարտությունները և ճանաչել ու սիրել Եհովային։ Մեր սրտերը հուզմունքով են լցվում, երբ տեսնում ենք, որ նրանք փոխում են ոչ միայն իրենց մտածելակերպը, այլև ապրելակերպը։ Մենք գիտակցում ենք, թե որքան կենսական դեր ունի բարի լուրը քարոզելը։ Այն բացում է հավիտենական կյանքի ճանապարհը նրանց առջև, ովքեր հաշտվում են Աստծու հետ (2 Կորնթ. 5։20)։ Ուրիշ ի՞նչ գործ կարող է մեզ այսքան ուրախություն և բավարարվածություն պատճառել, որքան մարդկանց օգնելը ընտրելու այնպիսի կյանքի ուղի, որը հավիտենական կյանքի է առաջնորդում։

8. Ի՞նչ են ոմանք ասում Եհովայի հետ համագործակցելուց ուրախություն ստանալու մասին։

8 Թեև մենք ուրախանում ենք, երբ մարդիկ դրականորեն են արձագանքում մեր քարոզած լուրին, մեզ ուրախություն է պատճառում նաև այն բանի գիտակցումը, որ հաճեցնում ենք Եհովային, և որ նա գնահատում է իրեն ծառայելու համար թափած ջանքերը (կարդա 1 Կորնթացիներ 15։58)։ Մարկոն, որն ապրում է Իտալիայում, ասում է. «Ես անչափ ուրախ եմ, որ իմ լավագույնը տալիս եմ Եհովային, ոչ թե մեկ ուրիշի, որը շատ շուտ կմոռանա իմ արածը»։ Իսկ Ֆրանկոն, որը նույնպես ծառայում է Իտալիայում, նշում է. «Իր Խոսքի և տարբեր կերպերով մատուցվող հոգևոր սննդի միջոցով Եհովան ամեն օր հիշեցնում է, որ սիրում է մեզ, և ցանկացած բան, որ անում ենք նրա համար, կարևոր է, նույնիսկ եթե մեզ թվում է, որ մեր ջանքերը աննշան են։ Ահա թե ինչու է Աստծու հետ համագործակցելը ուրախություն պատճառում ինձ և կյանքս լցնում իմաստով»։

ԱՍՏԾՈՒ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼԸ ԱՎԵԼԻ Է ՄՏԵՐՄԱՑՆՈՒՄ ՄԵԶ ՆՐԱ ԵՎ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԵՏ

9. Ինչպիսի՞ն են եղել Եհովայի և Հիսուսի փոխհարաբերությունները և ինչո՞ւ։

9 Երբ համագործակցում ենք մեզ սիրելի մարդկանց հետ, ավելի լավ ենք ճանաչում նրանց ու ավելի ենք մտերմանում նրանց հետ, տեսնում ենք, թե ինչ նպատակներ ունեն և ինչպես են փորձում իրագործել դրանք։ Հավանաբար, Հիսուսը միլիարդավոր տարիներ համագործակցել է Եհովայի հետ, ինչի արդյունքում նրանք միավորվել են սիրո ամուր, անքակտելի կապով։ Իրենց մտերիմ փոխհարաբերությունների մասին Հիսուսն ասաց. «Ես և Հայրը մի ենք» (Հովհ. 10։30)։ Նրանք միշտ միասնական են եղել և ներդաշնակորեն համագործակցել են իրար հետ։

10. Ինչո՞ւ է քարոզելը մտերմացնում մեզ Աստծու և մեր հավատակիցների հետ։

10 Հիսուսն իր Հորը աղոթելիս խնդրեց, որ հոգ տանի իր աշակերտներին։ Ինչո՞ւ։ Նա ասաց. «Որպեսզի նրանք մի լինեն, ինչպես որ մենք էլ մի ենք» (Հովհ. 17։11)։ Երբ սկսում ենք ապրել Աստծու հաստատած չափանիշների համաձայն և մասնակցում ենք քարոզչական գործին, տեսնում ենք նրա հիասքանչ հատկությունները։ Հասկանում ենք, թե ինչու է իմաստուն վստահել նրան և հետևել նրա առաջնորդությանը։ Երբ մենք մոտենում ենք Աստծուն, նա էլ մեզ է մոտենում (կարդա Հակոբոս 4։8)։ Նաև մտերմանում ենք մեր հոգևոր  քույրերի և եղբայրների հետ, քանի որ բոլորս էլ նույնանման դժվարությունների միջով ենք անցնում, նույն ուրախությունն ենք ստանում և նույն նպատակներն ենք հետապնդում։ Այո՛, մենք ծառայում ենք միասին, ուրախանում ենք միասին և տոկում ենք միասին։ Օկտավիան, որը ապրում է Բրիտանիայում, ասում է. «Եհովայի հետ համագործակցելը մտերմացնում է ինձ իմ հավատակիցների հետ, քանի որ մենք նույն նպատակներն ունենք և ուզում ենք Եհովային ծառայել»։ Ի՞նչ կասես քո մասին։ Չե՞ս մտերմանում մյուսների հետ, երբ տեսնում ես՝ ինչպես են ձգտում հաճեցնել Աստծուն։

11. Ինչո՞ւ ենք նոր աշխարհում ավելի մտերիմ լինելու Աստծու և մարդկանց հետ։

11 Աստծու և մարդկանց հանդեպ ունեցած մեր սիրո կապերը հիմա իսկ ամուր են, բայց դրանք շատ ավելի ամուր կլինեն արդար նոր աշխարհում։ Մտածիր, թե առջևում ինչ հրաշալի գործեր են մեզ սպասում։ Դիմավորելու ենք հարություն առածներին և նրանց սովորեցնելու ենք Եհովայի ճանապարհների մասին։ Երկիրը վերածելու ենք դրախտի։ Այս ամենն անելը հեշտ չէ, բայց որքա՜ն ուրախություն կստանանք Մեսիական Թագավորության ներքո ուս ուսի աշխատելով և միասին կատարելության հասնելով։ Մարդկային այս մեծ ընտանիքի անդամները է՛լ ավելի կմտերմանան միմյանց հետ, ինչպես նաև Աստծու, որը «կգոհացնի ամեն կենդանի արարածի փափագը» (Սաղ. 145։16

ԱՍՏԾՈՒ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼԸ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ Է

12. Ի՞նչ առումով է քարոզչական գործունեությունը պաշտպանություն։

12 Մենք պետք է պահպանենք մեր հոգևոր առողջությունը։ Քանի որ ապրում ենք մի աշխարհում, որը Բանսարկու Սատանայի իշխանության տակ է, և ինքներս էլ անկատար ենք, հեշտությամբ կարող ենք ընդօրինակել աշխարհի մտածելակերպն ու վարվելակերպը։ Աշխարհի ոգին նման է գետի, որը հոսում է այն ուղղությամբ, ուր մենք չենք ուզում լողալ։ Որպեսզի այն մեզ չքշի տանի, պետք է ճիգեր գործադրենք, որ հակառակ ուղղությամբ լողանք։ Նույն ձևով էլ պետք է ջանքեր թափենք, որ Սատանայի աշխարհի ոգին մեզ չքշի տանի։ Ուստի երբ քարոզում ենք մարդկանց, կենտրոնանում ենք այնպիսի բաների վրա, որոնք հոգևոր առումով կարևոր են ու օգտակար և չեն քայքայում մեր հավատը (Փիլիպ. 4։8)։ Քարոզչական գործը ամրապնդում է մեր համոզվածությունը, հիշեցնում է Աստծու խոստումները և սիրառատ չափանիշները։ Նաև օգնում է, որ մեր հոգևոր սպառազինությունը ամբողջական լինի (կարդա Եփեսացիներ 6։14–17

13. Ի՞նչ է ասում Ավստրալիայում բնակվող մի Վկա քարոզչական ծառայության օգուտների մասին։

13 Եթե զբաղված լինենք քարոզչական ծառայությամբ և հոգևոր այլ գործունեությամբ, ժամանակ չենք ունենա չափից շատ կենտրոնանալու մեր խնդիրների վրա, և դա պաշտպանություն կլինի մեզ համար։ Ջոելը, որն ապրում է Ավստրալիայում, ասում է. «Քարոզչական ծառայությունը օգնում է ինձ, որ չկտրվեմ իրականությունից։ Դա ինձ հիշեցնում է, թե ինչ դժվարությունների միջով են անցնում մարդիկ, նաև տեսնում եմ, թե ինչ օգուտներ եմ ստացել՝ կիրառելով Աստվածաշնչի սկզբունքները։ Քարոզելն օգնում է, որ խոնարհ լինեմ, և հնարավորություն է տալիս վստահելու Եհովային և իմ քույր-եղբայրներին»։

14. Ի՞նչն է վկայում, որ Աստծու ոգին գործում է մեր մեջ։

14 Քարոզելը նաև ամրացնում է մեր համոզվածությունը, որ Աստծու ոգին մեզ հետ է։ Պատկերացրու՝ քեզ առաջարկում են այսպիսի աշխատանք. քո համայնքի մարդկանց պետք է հաց բաժանես։ Սակայն դու չես վարձատրվելու այդ աշխատանքի համար, ոչ էլ ծախսերդ են փոխհատուցվելու։ Բայց սա դեռ ամենը չէ։ Շուտով կնկատես, որ մարդկանց մեծ մասը չի ուզում այդ հացը, իսկ ոմանք նույնիսկ ատում են քեզ այդ գործն անելու համար։ Որքա՞ն երկար կդիմանաս։ Մարդկանց բացասական  արձագանքը տեսնելով՝ գուցե վհատվես ու ներքին ուժ չգտնես շարունակելու։ Սակայն մեզանից շատերը, չնայած մարդկանց արհամարհանքին ու ծաղրուծանակին, տարիներ շարունակ իրենց միջոցներով անկոտրում ծառայում են։ Մի՞թե սա չի վկայում այն մասին, որ Աստծու ոգին գործում է մեր մեջ։

ԱՍՏԾՈՒ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՎ՝ ՑՈՒՅՑ ԵՆՔ ՏԱԼԻՍ ՄԵՐ ՍԵՐԸ ՆՐԱ ՈՒ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՆԴԵՊ

15. Բարի լուրի քարոզչությունն ինչպե՞ս է առնչվում մարդկության վերաբերյալ Աստծու նպատակին։

15 Մտածիր, թե բարի լուրի քարոզչությունը ինչպես է առնչվում մարդկության վերաբերյալ Եհովայի նպատակին։ Նա նպատակադրել էր, որ մարդիկ բնակվեին երկրի վրա առանց մահանալու։ Ու թեև Ադամը մեղք գործեց, Եհովան չփոխեց իր միտքը (Ես. 55։11)։ Նա այնպես արեց, որ մարդիկ ազատվեն մեղքի ու մահվան դատապարտությունից։ Գործելով այս նպատակին ներդաշնակ՝ Հիսուսը եկավ երկիր և զոհեց իր կյանքը հանուն հնազանդ մարդկության։ Սակայն հնազանդվելու համար նրանք նախ պետք է հասկանային, թե ինչ է Աստված պահանջում իրենցից։ Ուստի Հիսուսը սովորեցրեց, թե որոնք են Աստծու պահանջները, և պատվիրեց իր աշակերտներին նույնն անել։ Օգնելով մարդկանց հաշտվել Աստծու հետ՝ մենք ուղղակիորեն համագործակցում ենք նրա հետ մեղքից ու մահից մարդկանց ազատելու նպատակն իրագործելու հարցում։

16. Ինչպե՞ս է մեր քարոզչությունը կապված Աստծու մեծագույն պատվիրանների հետ։

16 Օգնելով մարդկանց, որ գտնեն հավիտենական կյանքի տանող ճանապարհը՝ ցույց ենք տալիս մեր սերը թե՛ նրանց, թե՛ Եհովայի հանդեպ, «որի կամքն է, որ ամեն տեսակ մարդիկ ճշմարտության մասին ճշգրիտ գիտելիքներ ստանան և փրկվեն» (1 Տիմոթ. 2։4)։ Երբ Հիսուսին հարցրին, թե որն է Իսրայել ազգին տրված Օրենքի մեծագույն պատվիրանը, նա պատասխանեց. ««Սիրի՛ր քո Աստված Եհովային քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ մտքով»։ Սա է ամենամեծ և առաջին պատվիրանը։ Երկրորդն էլ սրա նման է. «Սիրի՛ր մերձավորիդ քո անձի պես»» (Մատթ. 22։37–39)։ Մասնակցելով քարոզչական գործին՝ ցույց ենք տալիս, որ հնազանդվում ենք այս պատվիրաններին (կարդա Գործեր 10։42

17. Ինչպե՞ս ես վերաբերվում բարի լուրը քարոզելու առանձնաշնորհմանը։

17 Եհովան առատապես օրհնել է մեզ. նա մի գործ է հանձնարարել, որը ուրախություն է պարգևում ու ավելի է մտերմացնում մեզ նրա և ուրիշների հետ։ Այն նաև պաշտպանում է հոգևորապես։ Դրա շնորհիվ մենք հնարավորություն ենք ունենում մեր սերը դրսևորելու Եհովայի և մարդկանց հանդեպ։ Աստծու ծառաների հանգամանքները շատ տարբեր են։ Բայց միլիոնավոր քարոզիչներ՝ երիտասարդ թե տարեց, հարուստ թե աղքատ, ուժեղ թե թույլ, փնտրում և գտնում են կերպեր՝ իրենց հավատի մասին մարդկանց հետ խոսելու համար։ Թերևս կհամաձայնես Շանտալի հետ, որն ապրում է Ֆրանսիայում։ Նա ասում է. «Տիեզերքի ամենազորեղ Անձնավորությունը՝ բոլոր բաների Արարիչը՝ երջանիկ Աստվածը, ասում է ինձ. «Գնա՛։ Խոսի՛ր։ Խոսիր իմ փոխարեն, խոսիր սրտանց։ Ես քեզ տալիս եմ իմ ուժը, իմ Խոսքը՝ Աստվածաշունչը, հրեշտակների աջակցությունը, երկրային համագործակիցներ, համապատասխան կրթություն և ժամանակահարմար առաջնորդություն»։ Ի՜նչ մեծ առանձնաշնորհում է անել այն, ինչ Եհովան ակնկալում է մեզնից, և համագործակցել նրա հետ»։