Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՀՈՒՆՎԱՐ 2016

Բարնետ, Սիմոնա, Էստոն և Քալեբ

Անձնվիրաբար ծառայողների կյանքից. Օվկիանիա

Անձնվիրաբար ծառայողների կյանքից. Օվկիանիա

ՌԵՆԵՆ, որը մոտ 35 տարեկան քույր է, մեծացել է Ավստրալիայում եռանդուն Վկաների ընտանիքում։ Նա պատմում է. «Մենք շատ անգամներ ենք ընտանիքով տեղափոխվել ծառայելու այն տարածքներում, որտեղ Թագավորության քարոզիչների կարիքը ավելի մեծ էր։ Հայրս ու մայրս այնպես էին անում, որ մեր կյանքը հետաքրքիր և ուրախ անցներ։ Երբ ես երկու երեխա ունեցա, շատ էի ուզում, որ նրանք էլ այդպիսի կյանք ունենան»։

 Ռենեի ամուսինը՝ Շեյնը, որը մոտ 40 տարեկան է, նույնպես նման հոգևոր նպատակներ ուներ։ Նա ասում է. «Մեր երկրորդ երեխայի ծնվելուց հետո «Դիտարանում» կարդացինք մի Վկա ընտանիքի մասին, որը զբոսանավով տեղափոխվել էր Խաղաղ օվկիանոսի հարավ-արևմուտք՝ քարոզելու Տոնգայի կղզիներում։ * Այդ հոդվածը մղեց մեզ նամակ գրելու Եհովայի վկաների՝ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի մասնաճյուղերին և հարցնելու, թե որտեղ Թագավորության քարոզիչների ավելի մեծ կարիք կա։ * Մեզ առաջարկեցին տեղափոխվել Տոնգա. հենց այն տարածք, որի մասին կարդացել էինք»։

Ջեյքոբ, Ռենե, Սքայ և Շեյն

Շեյնը, Ռենեն և նրանց երեխաները՝ Ջեյքոբն ու Սքայը, մոտ մեկ տարի էր, ինչ տեղափոխվել էին Տոնգա, երբ երկրում բարձրացած խռովությունների պատճառով ստիպված եղան վերադառնալ Ավստրալիա։ Բայց նրանք շարունակում էին մտածել ծառայությունն ընդլայնելու իրենց նպատակի մասին։ 2011թ.-ին այս ընտանիքը տեղափոխվեց Նորֆոլկ կղզի, որը Ավստրալիայից մոտ 1500 կիլոմետր հեռավորության վրա գտնվող խաղաղօվկիանոսյան մի փոքրիկ կղզի է։ Տեղափոխությունը ծառայե՞ց իր նպատակին։ Ջեյքոբը, որն այժմ 14 տարեկան է, ասում է. «Եհովան ոչ միայն հոգ տարավ մեր մասին, այլ նաև այնպես արեց, որ ծառայությունը ուրախություն բերի մեզ»։

ԾԱՌԱՅՈՒՄ ԵՆ ԸՆՏԱՆԻՔՈՎ

Շեյնի, Ռենեի և նրանց երեխաների պես՝ շատ Վկա ընտանիքներ պատրաստակամորեն իրենց տրամադրել են ծառայելու այնտեղ, որտեղ կարիքը մեծ է։ Ի՞նչն է մղել նրանց այդպես վարվելու։

«Շատերը հետաքրքրված էին բարի լուրով, ուստի ուզում էինք, որ նրանք Աստվածաշունչը կանոնավորաբար ուսումնասիրելու հնարավորություն ունենային»։ (Բարնետ)

Բարնետը և Սիմոնան, որոնք մոտ 35 տարեկան ամուսիններ են, և նրանց որդիները՝ Էստոնն ու Քալեբը՝ 12 և 9 տարեկան, տեղափոխվեցին Բերկթաուն՝ Քվինսլենդ նահանգի մի մեկուսի քաղաք (Ավստրալիա)։ Բարնետն ասում է. «Այս քաղաքը երեք-չորս տարին մեկ էր քարոզվում։ Շատերը հետաքրքրված էին բարի լուրով, ուստի ուզում էինք, որ նրանք Աստվածաշունչը կանոնավորաբար ուսումնասիրելու հնարավորություն ունենային»։

Ջիմ, Ջեկ, Մարկ և Քարեն

Մարկը և Քարենը, որոնք այժմ 50-ն անց զույգ են, նախքան իրենց երեք երեխաների՝ Ջեսիկայի, Ջիմի և Ջեկի հետ Նուլանբեյ տեղափոխվելը, որը Հյուսիսային տերիտորիայում գտնվող հանքարդյունաբերական համայնք է, ծառայել էին Սիդնեյի մոտակայքում գտնվող տարբեր ժողովներում։ Մարկն ասում է. «Ես սիրում եմ մարդկանց, ուստի ցանկանում էի լինել այնտեղ, որտեղ ժողովներում և ծառայության մեջ շատ բան կունենայի անելու»։ Իսկ Քարենը, որը վարանում էր տեղափոխվել, ասում է. «Երբ Մարկը և մյուսները քաջալերեցին ինձ, ես համաձայնվեցի։ Այժմ ուրախ եմ, որ տեղափոխվել ենք»։

Բենջամին, Ջեյդ, Բրիա և Կարոլին

2011թ.-ին Բենջամինը և Կարոլինը նախադպրոցական տարիքի իրենց երկու աղջիկների՝ Ջեյդի և Բրիայի հետ Քվինսլենդից վերադարձան Թիմոր Լեստե՝ փոքր երկիր ինդոնեզական կղզեխմբի Թիմոր կղզում։ Բենն ասում է. «Ես ու Կարոլինը նախկինում հատուկ ռահվիրա էինք Թիմոր Լեստեում։ Ծառայությունը հիասքանչ էր։ Հավատակիցները միշտ աջակցում էին մեզ։ Անչափ ծանր էր թողնել այդ երկիրը։ Բայց մենք վճռեցինք վերադառնալ։ Երբ երեխաներ ունեցանք, չփոխեցինք մեր այս նպատակը, պարզապես հետաձգեցինք այն»։ Կարոլինն ավելացնում է. «Մենք ուզում էինք, որ մեր երեխաները շրջապատված լինեին միսիոներներով, բեթելցիներով ու հատուկ ռահվիրաներով և հնարավորինս շատ ուրախություն ստանային Եհովային ծառայելուց»։

ՏԵՂԱՓՈԽՎԵԼՈՒ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հիսուսն իր հետևորդներին ասաց. «Եթե ձեզանից մեկը ցանկանա աշտարակ կառուցել, մի՞թե նախ չի նստի և չի հաշվի ծախսը» (Ղուկ. 14։28)։ Նմանապես, եթե ընտանիքը մտածում է ուրիշ վայր տեղափոխվելու մասին, շատ կարևոր է, որ ամեն բան լավ ծրագրի։ Իսկ ի՞նչ է պետք հաշվի առնել։

ՀՈԳԵՎՈՐ ԿԱՐԻՔՆԵՐ։ Բենն ասում է. «Մենք ցանկանում էինք ուրիշներին ծառայել, ոչ թե բեռ լինել նրանց համար։ Ուստի նախքան տեղափոխվելը որոշեցինք ամրացնել մեր հոգևոր վիճակը։ Նաև ավելի շատ սկսեցինք մասնակցել ծառայությանը և ժողովի մյուս գործերին»։

Ջեյքոբը, որի մասին նշվեց վերևում, պատմում է. «Նորֆոլկ կղզի տեղափոխվելուց առաջ «Դիտարան» և «Արթնացե՛ք» ամսագրերում բազմաթիվ կենսագրություններ կարդացինք այն ընտանիքների մասին, որոնք տեղափոխվել էին ծառայելու այնտեղ, որտեղ կարիքը ավելի մեծ էր։ Մենք խոսեցինք այն մասին, թե նրանք ինչ դժվարությունների էին բախվել, և Եհովան ինչպես էր հոգ տարել նրանց մասին»։ Նրա 11-ամյա քույրը՝ Սքայը, ավելացնում է. «Ես շատ էի աղոթում՝ թե՛ մենակ, թե՛ մայրիկիս և հայրիկիս հետ»։

ԶԳԱՑԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐ։ Ռենեն պատմում է. «Այն տարածքը, որտեղ ապրում էինք, շատ էի սիրում։ Բացի այդ, շրջապատված էինք մեր հարազատներով և մտերիմ ընկերներով։ Ուստի ինձ համար ավելի հեշտ կլիներ, եթե մնայինք նույն վայրում։ Բայց փոխանակ  անընդհատ մտածելու, թե ինչ զոհողություն եմ անում, մտածում էի այն մասին, թե տեղափոխությունն ինչ օգուտներ կբերի ընտանիքիս»։

ՄՇԱԿՈՒՅԹ։ Շատ ընտանիքներ փնտրտուքներ են անում այն տարածքի վերաբերյալ, ուր պատրաստվում են տեղափոխվելու։ Մարկն ասում է. «Հնարավորինս շատ բան կարդացինք Նուլանբեյի մասին։ Այնտեղի եղբայրները մեզ թերթեր ուղարկեցին, որոնց օգնությամբ որոշակի պատկերացում կազմեցինք Նուլանբեյի մարդկանց և մշակույթի վերաբերյալ»։

Շեյնը, որը տեղափոխվեց Նորֆոլկ կղզի, ավելացնում է. «Ամենից շատ կենտրոնացել էի քրիստոնեական հատկություններ դրսևորելու վրա։ Գիտեի, որ եթե լինեմ անկեղծ, մեղմ, ազնիվ ու աշխատասեր, աշխարհի ցանկացած վայրում կկարողանամ ապրել»։

ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄ ԵՆ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Այլ տարածքներ տեղափոխված քարոզիչները ընդգծում են այն միտքը, թե որքան կարևոր է ճկուն լինել և դրական տրամադրվածություն ունենալ, երբ անսպասելի դժվարություններ են ծագում։ Քննենք մի քանի օրինակ։

Ռենեն պատմում է. «Սովորել եմ հարմարվել տարբեր իրավիճակների։ Օրինակ՝ երբ ծովը փոթորկոտ է լինում, բեռնատար նավերը չեն կարողանում մոտենալ ափին, ինչի հետևանքով սննդամթերքը երբեմն շատ քիչ է լինում և թանկ։ Ուստի սովորեցի ուտելիք պատրաստելիս հնարամիտ լինել»։ Նրա ամուսինը՝ Շեյնը, ավելացնում է. «Սկսեցինք նաև փողը ծախսել շաբաթվա համար որոշած գումարի չափով»։

Նրանց որդին՝ Ջեյքոբը, մեկ այլ դժվարության մասին է նշում. «Մեր նոր ժողովում մեզնից բացի յոթ քարոզիչ կար, բոլորն էլ մեծահասակ։ Ուստի իմ տարիքի ընկերներ չունեի։ Բայց երբ նրանց հետ սկսեցի գնալ ծառայության, արագ ընկերացանք»։

Ջիմը, որն այժմ 21 տարեկան է, եղել է նույն իրավիճակում։ Նա պատմում է. «Նուլանբեյին ամենամոտ գտնվող հարևան ժողովը ավելի քան 725 կիլոմետր հեռու է, ուստի մենք լավագույնս օգտվում ենք համաժողովներում միմյանց տեսնելու հնարավորությունից։ Շուտ ենք գնում համաժողովի վայր և վայելում ենք եղբայրների ու քույրերի ընկերակցությունը։ Այս միջոցառումները տարվա ամենալավ ժամանակներն են մեզ համար»։

 «ՇԱՏ ՈՒՐԱԽ ԵՄ, ՈՐ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ ԵՆՔ»

Աստվածաշունչն ասում է. «Եհովայի օրհնությունն է հարստացնում» (Առակ. 10։22)։ Ողջ աշխարհում բազմաթիվ քարոզիչներ, ովքեր տեղափոխվել են ծառայելու այնտեղ, որտեղ կարիքը մեծ է, անձամբ համոզվել են այս ներշնչյալ խոսքերի ճշմարտացիության մեջ։

Մարկն ասում է. «Մեծագույն օրհնությունը մեզ համար այն է, թե ինչ ազդեցություն է տեղափոխությունը թողել մեր երեխաների վրա։ Երկու մեծ երեխաներս լիովին վստահ են, որ Եհովան հոգ կտանի նրանց մասին, ովքեր Թագավորության շահերը առաջին տեղում են դնում։ Իսկ այդ վստահությունը փողով չես գնի»։

Շեյնն ասում է. «Շատ եմ մտերմացել կնոջս ու երեխաներիս հետ։ Երբ լսում եմ՝ ինչպես են պատմում, թե Եհովան ինչեր է արել իրենց համար, սիրտս ուրախությամբ է լցվում»։ Նրա որդին՝ Ջեյքոբը, ավելացնում է. «Այնքա՜ն լավ է այստեղ։ Շատ ուրախ եմ, որ տեղափոխվել ենք»։

^ պարբ. 3 Տես «Աստծո բարեկամները Բարեկամության կղզիներում» հոդվածը «Դիտարանի» 2004թ. դեկտեմբերի 15-ի համարում (էջ 8–11)։

^ պարբ. 3 2012թ.-ին Նոր Զելանդիայի մասնաճյուղը միացավ Ավստրալիայի մասնաճյուղին։