Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՄԱՐՏ 2016

Եզեկիելը պատրաստակամորեն կատարեց Աստծու հանձնարարությունը՝ ցույց տվեց Երուսաղեմի պաշարումը

Ընդօրինակիր մարգարեների ոգին

Ընդօրինակիր մարգարեների ոգին

Ի՞ՆՉ ընդհանուր բան կա մեզնից յուրաքանչյուրի և անցյալում ապրած մարգարեների միջև։ Անգլերեն վերանայված «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» բառարանում մարգարե բառը հետևյալ կերպ է սահմանված. «Մեկը, ով հայտնում է Աստծու նպատակները։ Մարգարեները հանդես են եկել որպես Աստծու խոսնակներ՝ հաղորդելով ոչ միայն այն, ինչ տեղի է ունենալու ապագայում, այլև Եհովայի սովորեցրածները, պատվերները և դատաստանները»։ Թեև մենք մարգարեություններ չենք անում, սակայն նույնպես խոսում ենք Աստծու անունից՝ հռչակելով այն, ինչ գրված է Աստծու Խոսքում (Մատթ. 24։14

Մեզ համար մեծ առանձնաշնորհում է պատմել մեր Աստծու՝ Եհովայի մասին և սովորեցնել, թե ինչ նպատակ ունի մարդկության առնչությամբ։ Դրանով մենք համագործակցում ենք հրեշտակների հետ (Հայտն. 14։6)։ Հնարավոր է՝ դժվարությունների հանդիպենք, որոնց պատճառով գուցե մոռանանք, որ դա հրաշալի առանձնաշնորհում է։ Իսկ որո՞նք են այդ դժվարություններից մի քանիսը։ Մենք կարող ենք հոգնել, հիասթափվել կամ թերարժեքությամբ լցվել։ Հին ժամանակներում ապրած մարգարեները նույն խնդիրներն են ունեցել, բայց թևաթափ չեն եղել։ Եհովան օգնել է նրանց կատարել իրենց հանձնարարությունները։ Քննենք մի քանիսի օրինակները և տեսնենք, թե ինչպես կարող ենք ընդօրինակել նրանց։

ՆՐԱՆՔ ՋԱՆՔ ՉԷԻՆ ԽՆԱՅՈՒՄ

Երբեմն առօրյա գործերի պատճառով գուցե հոգնենք ու զգանք, որ ծառայության գնալու ուժ չունենք։ Ինչ խոսք, բնական է, որ հանգստի կարիք ենք ունենում, ինչպես Հիսուսն ու իր առաքյալներն էին ունենում (Մարկ. 6։31)։ Բայց մտածիր Եզեկիելի մասին, որը Բաբելոնում էր և հանձնարարություն ստացավ մարգարեանալ գերի տարված իսրայելացիների համար։ Աստված Եզեկիելին ասաց, որ մի աղյուս վերցնի և վրան փորագրի Երուսաղեմը։ Հետո նա պետք է փոխաբերական իմաստով պաշարեր քաղաքը՝ պառկելով ձախ կողքի վրա 390 օր, իսկ հետո աջ կողքի վրա՝ 40 օր։ Եհովան ասաց մարգարեին. «Ահա ես պարաններով կկապեմ քեզ, որպեսզի  չկարողանաս շրջվել մի կողմից մյուս կողմը, մինչև որ ամբողջացնես պաշարման օրերը» (Եզեկ. 4։1–8)։ Նրա այդ արարքը պետք է գրավեր գերի իսրայելացիների ուշադրությունը։ Մեկ տարուց ավել Եզեկիելը պետք է կատարեր այդ հոգնեցուցիչ հանձնարարությունը։ Ինչպե՞ս էր նա անելու։

Եզեկիելը հասկացավ, թե ինչու է ուղարկվել որպես մարգարե։ Նրան ուղարկելիս Աստված ասաց. «Նրանք [իսրայելացիները] լսեն թե մերժեն.... կիմանան, որ իրենց մեջ մարգարե է եղել» (Եզեկ. 2։5)։ Եզեկիելը չմոռացավ, թե որն էր իր հանձնարարության նպատակը, և պատրաստակամորեն կատարեց այն։ Նա ցույց տվեց, որ ճշմարիտ մարգարե է։ Հետո լուր հասավ, որ Երուսաղեմը կործանվել է։ Իսրայելացիները հասկացան, որ իրենց մեջ մարգարե է եղել (Եզեկ. 33։21, 33

Այսօր մենք մարդկանց նախազգուշացնում ենք Սատանայի ողջ համակարգի մոտալուտ կործանման մասին։ Թեև գուցե ֆիզիկապես հոգնած ենք, բայց չենք դադարում ջանքեր գործադրել Աստծու Խոսքը քարոզելու, վերայցելություններ անելու և Աստվածաշնչի ուսումնասիրություններ անցկացնելու համար։ Այս համակարգի վերջի մասին մեր քարոզած մարգարեությունների կատարումը տեսնելով՝ մենք բավականության զգացումով ենք լցվում, քանի որ ակնհայտ է դառնում, որ մարգարեների պես հայտնում ենք Աստծու նպատակները։

ՆՐԱՆՔ ՀԱՂԹԱՀԱՐԵՑԻՆ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆԸ

Եհովան իր սուրբ ոգով օգնում է մեզ, որ ջանադրաբար մասնակցենք քարոզչությանը։ Սակայն մարդկանց բացասական արձագանքը տեսնելով, գուցե ժամանակ առ ժամանակ հիասթափություն ապրենք։ Այդ պահերին լավ կլինի հիշել Երեմիա մարգարեին։ Նա ծաղր ու ծանակի ենթարկվեց և վիրավորանքներ կրեց այն պատճառով, որ հռչակում էր Աստծու պատգամները։ Մի անգամ նա նույնիսկ ասաց. «Չեմ հիշատակելու նրան և այլևս նրա անունով չեմ խոսելու»։ Այո՛, Երեմիան այնպիսի զգացումներ ուներ, ինչպիսիք որ մենք ենք ունենում։ Այնուհանդերձ, նա շարունակեց հայտնել Աստծու պատգամները։ Ինչո՞ւ։ Մարգարեն բացատրում է. «Բայց իմ սրտում նրա խոսքը վառվող կրակի պես դարձավ՝ ոսկորներիս մեջ պահված. ես հոգնեցի իմ մեջ պահելուց ու էլ չկարողացա դիմանալ» (Երեմ. 20։7–9

Եթե մենք էլ ենք հուսահատվում մարդկանց արձագանքի պատճառով, կարող ենք պայքարել բացասական զգացումների դեմ։ Ինչպե՞ս։ Մեր քարոզած լուրի մասին խորհրդածելով։ Այն կարող է «մեր ոսկորների մեջ պահված» կրակ լինել։ Իսկ Աստվածաշունչը ամեն օր կարդալը սովորություն դարձնելով՝ մեր մեջ շարունակ վառ կպահենք այդ կրակը։

ՆՐԱՆՔ ՀԱՂԹԱՀԱՐԵՑԻՆ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԶԳԱՑՈՒՄՆԵՐԸ

Որոշ քրիստոնյաներ չեն հասկանում, թե ինչու են հենց իրենք ստացել այս կամ այն հանձնարարությունը, և դրա պատճառով սկսում են շատ անհանգստանալ։ Օսեե մարգարեն այսպիսի իրավիճակում էր հայտնվել։ Եհովան նրան ասել էր. «Գնա և քեզ համար մի կին առ, որը պոռնկությամբ կզբաղվի, և նրա պոռնկության արդյունքում երեխաներ կունենաս» (Օս. 1։2)։ Իսկ դու ի՞նչ կզգայիր, եթե Աստված ասեր քեզ, որ քո հարսնացուն պետք է պոռնիկ լինի։ Օսեեն կատարեց իր հանձնարարությունը։ Նա կնության առավ Գոմերին, որը որդի ծնեց։ Հետագայում Գոմերն ունեցավ նաև մի աղջիկ ու էլի մի տղա, ակներևաբար, շնության արդյունքում։ Եհովան ասաց Օսեեին, որ իր կինը «իր սիրեկանների հետևից կվազի»։ Ուշադրություն դարձրու, որ ոչ թե «սիրեկանի», այլ «սիրեկանների»։ Այս ամենից հետո Գոմերը փորձելու էր վերադառնալ Օսեեի մոտ։ Եթե դու լինեիր մարգարեի փոխարեն, հետ կընդունեի՞ր կնոջդ։ Հենց դա էր ուզում Եհովան, որ Օսեեն աներ։ Մարգարեն նույնիսկ բավականին մեծ գումար վճարեց նրան հետ գնելու համար (Օս. 2։7; 3։1–5)։

Օսեեն թերևս չէր հասկանում, թե որն էր այդ հանձնարարության նպատակը, բայց նա հավատարմորեն կատարեց այն։ Նրա ապրած կյանքը օգնում է մեզ հասկանալ, թե ինչ ցավ զգաց Ամենակարողը, երբ Իսրայելը դավաճանեց իրեն, և հետո ինչպես ընդունեց այն ազնվասիրտ իսրայելացիներին, որոնք վերադարձան իր մոտ։

Այսօր Աստված ոչ ոքի չի պատվիրում անբարոյական կնոջ հետ ամուսնանալ։ Այնուհանդերձ, մենք կարող ենք դաս սովորել այն բանից, թե ինչպես Օսեեն պատրաստակամորեն կատարեց իր հանձնարարությունը։ Օրինակ՝ լինենք պատրաստակամ, եթե նույնիսկ մեզ համար դժվար է քարոզել  Թագավորության բարի լուրը «թե՛ հրապարակորեն և թե՛ տնից տուն» (Գործ. 20։20)։ Հավանաբար, քարոզչական գործի որոշ երեսակներ հեշտ չէ քեզ համար։ Շատ մարդիկ Եհովայի վկաներին ասել են, որ հաճույքով են ուսումնասիրում Աստվածաշունչը, բայց երբեք չեն գնա տնից տուն և մարդկանց չեն քարոզի։ Բայց հետագայում նրանցից շատերը արել են այն, ինչը մի ժամանակ անհնար էր թվում իրենց համար։

Օսեեից մենք մի բան ևս կարող ենք սովորել։ Նա կարող էր շատ պատճառներ բերել, որ չկատարի պոռնիկ կնոջ կողմից դավաճանված ամուսնու դերը։ Կամ ո՞վ կիմանար այս հանձնարարության մասին, եթե Օսեեն գրի չառներ այն։ Մենք էլ կարող ենք այնպիսի իրավիճակում հայտնվել, երբ լավ առիթ ընձեռվի Եհովայի մասին վկայություն տալու համար։ Բայց եթե այդ առիթից չօգտվենք, ոչ ոք չի էլ իմանա այդ մասին։ Ահա թե ինչպես վարվեց Աննան, որը սովորում է Միացյալ Նահանգների միջնակարգ դպրոցներից մեկում։ Ուսուցիչը աշակերտներին հանձնարարեց էսսե գրել մի որևէ թեմայի շուրջ և հետո փաստարկներ բերելով ներկայացնել դասարանին։ Աննան կարող էր անտեսել վկայություն տալու այս հրաշալի հնարավորությունը։ Սակայն նա մտածեց, որ դա Աստծու կողմից ընձեռված լավ առիթ է։ Նա պատկերացնում էր, թե ինչպիսին կարող է լինել դասարանի արձագանքը։ Ուստի աղոթեց Եհովային, ինչի շնորհիվ առիթը բաց չթողնելու ցանկությունը ուժեղացավ իր մեջ։ Նա գրեց «Էվոլյուցիա. ինչ են ցույց տալիս փաստերը» թեմայով աշխատանք։

Մեր երեխաները ընդօրինակում են մարգարեներին՝ ներկայացնելով Եհովային որպես Արարիչ

Երբ Աննան ներկայացրեց իր աշխատանքը դասարանի առաջ, դասընկերուհիներից մեկը, ով հավատում էր էվոլյուցիային, սկսեց իրար հետևից հարցեր ուղղել նրան։ Աննան կարողացավ պաշտպանել իր համոզմունքը։ Ուսուցիչը շատ տպավորվեց և ամենաբարձր գնահատականը տվեց նրան։ Այդ դեպքից հետո Աննան շատ առիթներ ունեցավ զրուցելու իր այդ դասընկերուհու հետ։ Եհովայի այդ «հանձնարարությունը» ընդունելուց հետո Աննան ասում է. «Այժմ ես առանց վախի, համոզվածությամբ քարոզում եմ բարի լուրը»։

Թեպետ մենք բառի լրիվ իմաստով մարգարեներ չենք, սակայն ընդօրինակելով Եզեկիելի, Երեմիայի և Օսեեի անձնազոհ ոգին՝ կարող ենք հաջողությամբ կատարել Եհովայի կամքը։ Ընտանեկան երկրպագության կամ անձնական ուսումնասիրության ժամանակ կարդա անցյալում ապրած մյուս մարգարեների մասին և մտածիր, թե ինչպես կարող ես ընդօրինակել նրանց։