Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՄԱՐՏ 2016

Պատանինե՛ր, պատրա՞ստ եք մկրտվելու

Պատանինե՛ր, պատրա՞ստ եք մկրտվելու

«Եթե ձեզանից մեկը ցանկանա աշտարակ կառուցել, մի՞թե նախ չի նստի և չի հաշվի ծախսը՝ տեսնելու, թե բավականաչափ միջոցներ ունի՞ այն ավարտելու համար» (ՂՈՒԿ. 14։28

ԵՐԳ 120, 64

Այս և հաջորդ հոդվածը ուղղված են պատանիներին, ովքեր մտածում են մկրտվելու մասին

1, 2. ա) Ի՞նչն է ուրախություն պատճառում մեզ։ բ) Ինչպե՞ս կարող են քրիստոնյա ծնողներն ու երեցները օգնել պատանիներին, որ հասկանան մկրտության նշանակությունը։

«ԾՆՎԱԾԴ օրից ճանաչում եմ քեզ,— ասաց մի երեց 12-ամյա Քրիստոֆերին,— և ուրախ եմ, որ ուզում ես մկրտվել։ Բայց մի հարց տամ, ինչո՞ւ ես ուզում այդ քայլն անել»։ Երեցի հարցը շատ տեղին էր։ Ինչ խոսք, բոլորս էլ ուրախանում ենք, որ ամեն տարի հազարավոր պատանիներ են մկրտվում ամբողջ աշխարհում (Ժող. 12։1)։ Բայց քրիստոնյա ծնողները և երեցները պետք է համոզված լինեն, որ նրանք այդ որոշումը կայացնում են ինքնուրույն և հասկանալով։

2 Աստծու Խոսքը ցույց է տալիս, որ նվիրումն ու մկրտությունը սկիզբն են այն կյանքի, որի ընթացքում քրիստոնյաները  օրհնություններ են ստանում Եհովայից, բայցև հակառակության են հանդիպում Սատանայի կողմից (Առակ. 10։22; 1 Պետ. 5։8)։ Ուստի քրիստոնյա ծնողները ժամանակ են հատկացնում, որ սովորեցնեն երեխաներին, թե ինչ է նշանակում լինել Քրիստոսի աշակերտ։ Իսկ այն պատանիներին, որոնց ծնողները քրիստոնյաներ չեն, ժողովի երեցները պետք է օգնեն աշակերտ լինելու «ծախսը հաշվել» (կարդա Ղուկաս 14։27–30)։ Ինչպես որ շինարարությունը ավարտին հասցնելու համար է անհրաժեշտ լավ պլանավորում, այնպես էլ Եհովային «մինչև վերջ» հավատարմորեն ծառայելու համար (Մատթ. 24։13)։ Իսկ ի՞նչ կարող են անել պատանիները, որպեսզի որոշեն՝ ուզում են ծառայել Եհովային ողջ կյանքում, թե ոչ։ Տեսնենք։

3. ա) Հիսուսի և Պետրոսի խոսքերը ի՞նչ են սովորեցնում մեզ մկրտության կարևորության մասին (Մատթ. 28։19, 20; 1 Պետ. 3։21)։ բ) Ի՞նչ հարցեր ենք քննարկելու և ինչո՞ւ։

3 Մտածո՞ւմ ես մկրտության մասին, սիրելի՛ պատանի։ Եթե այո, ապա գովեստի ես արժանի։ Մեծ առանձնաշնորհում է մկրտվել և դառնալ Եհովայի վկա։ Ավելին, մկրտությունը պահանջ է քրիստոնյաների համար, ինչպես նաև կարևոր քայլ՝ փրկություն ստանալու համար (Մատթ. 28։19, 20; 1 Պետ. 3։21)։ Քանի որ սրտանց ցանկանում ես նվիրվել Եհովային և պահել խոստումդ, դու պետք է պատրաստ լինես այս կարևոր քայլին։ Ուստի լավ կլինի, որ մտածես երեք հարցի շուրջ, որոնք կօգնեն քեզ տեսնելու, թե արդյոք պատրաստ ես մկրտության։ Դրանք են՝ 1) բավականին հասո՞ւն եմ մկրտվելու որոշում կայացնելու համար, 2) իսկապե՞ս ցանկանում եմ այդ քայլն անել, 3) հասկանո՞ւմ եմ, թե ինչ է նշանակում նվիրվել Եհովային։ Եկեք հանգամանորեն քննենք այս հարցերը։

ԵՐԲ ԲԱՎԱԿԱՆԻՆ ՀԱՍՈՒՆ ԵՍ ՄԿՐՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

4, 5. ա) Մկրտությունը ինչո՞ւ միայն չափահասների համար չէ։ բ) Ի՞նչ է նշանակում լինել հասուն։

4 Աստվածաշունչը չի ասում, որ մկրտվել կարող են միայն նրանք, ովքեր  հասել են այն տարիքին, երբ օրենքը որոշ իրավունքներ է տալիս նրանց։ Առակներ 20։11-ում կարդում ենք. «Տղայի [երեխայի, «Արարատ» թարգմանություն] արարքներից անգամ կարելի է իմանալ՝ նրա գործերը մաքուր ու ազնիվ են, թե ոչ»։ Նույնիսկ փոքր տարիքի երեխան կարող է ճիշտը սխալից զանազանել և հասկանալ, թե ինչ է նշանակում նվիրվել Արարչին։ Ուստի մկրտվելը կարևոր և ճիշտ քայլ է այն երեխայի համար, որը բավականին հասուն է և նվիրվել է Եհովային (Առակ. 20։7

5 Իսկ ի՞նչ է նշանակում լինել հասուն։ Մարդը միայն ֆիզիկապես չէ, որ կարող է հասունանալ։ Աստվածաշունչն ասում է, որ հասուն մարդիկ «իրենց ըմբռնողականությունը գործադրելով՝ այն մարզել են ճիշտն ու սխալը զանազանելու համար» (Եբր. 5։14)։ Հետևաբար հասուն մարդը գիտի, թե ինչն է ճիշտ Եհովայի աչքին, և իր սրտում վճռել է այդպես վարվել։ Նման մարդուն հեշտ չէ մոլորեցնել, որ սխալ բան անի։ Բացի այդ, նա կարիք չունի, որ իրեն անընդհատ ասեն, որ ճիշտ կերպ վարվի։ Իրոք, տեղին է ակնկալել, որ պատանին մկրտվելուց հետո կհետևի Աստծու չափանիշներին, եթե անգամ նրա կողքին չլինեն ծնողները կամ մեկ ուրիշ չափահաս անհատ (համեմատիր Փիլիպպեցիներ 2։12

6, 7. ա) Ի՞նչ դժվարությունների բախվեց Դանիելը Բաբելոնում։ բ) Ինչպե՞ս Դանիելը ցույց տվեց, որ հասուն է։

6 Կարո՞ղ են արդյոք պատանիները նման հասունություն դրսևորել։ Քննենք Դանիելի օրինակը։ Նա պատանի էր, երբ նրան բաժանեցին ծնողներից և գերի տարան Բաբելոն։ Հանգամանքների կտրուկ փոփոխություն. նա պետք է ապրեր այնպիսի ժողովրդի մեջ, որը բոլորովին այլ տեսակետ ուներ ճշտի և սխալի վերաբերյալ։ Իրավիճակը բարդացնում էր այն, որ Դանիելը առանձնահատուկ ուշադրության արժանացավ Բաբելոնում. նա մեկն էր այն պատանիներից, որոնք ընտրվել էին թագավորի առաջ կանգնելու համար (Դան. 1։3–5, 13)։ Նրա առջև նոր հեռանկար էր բացվել, ինչը թերևս երբեք չէր ունեցել Իսրայելում։

7 Ինչպե՞ս կվարվեր Դանիելը նոր հանգամանքներում։ Արդյոք կգայթակղվե՞ր Բաբելոնի ճոխ ու շքեղ կյանքով։ Թույլ կտա՞ր, որ նոր շրջապատը փոխեր իրեն ու խարխլեր իր հավատը։ Աստվածաշունչն ասում է, որ «Դանիելն իր սրտում որոշեց, որ չի պղծի իրեն» կեղծ երկրպագության հետ կապված որևէ բանով (Դան. 1։8)։ Դանիելը յուրահատուկ հասունություն դրսևորեց։

Հասուն պատանին Թագավորության սրահում չի ձևացնում, թե Աստծու ընկերն է, իսկ դպրոցում՝ դառնում աշխարհի ընկերը (տես պարբերություն 8)

8. Ի՞նչ կարելի է սովորել Դանիելից։

8 Ի՞նչ կարող ես սովորել Դանիելից։ Օրինակ՝ այն, որ հասուն պատանին իր համոզմունքների մեջ հաստատ է։ Նա քամելեոնի պես միջավայրին հարմարվելու համար չի փոխում «գույները»։ Նա Թագավորության սրահում չի ձևացնում, թե Աստծու ընկերն է, իսկ դպրոցում՝ դառնում աշխարհի ընկերը։ Նա անսասան է մնում նույնիսկ հավատի փորձությունների ժամանակ և այս ու այն կողմ չի տարուբերվում (կարդա Եփեսացիներ 4։14, 15

9, 10. ա) Ինչո՞ւ է կարևոր վերանայել, թե վերջին փորձությունների ժամանակ ինչպես ես վարվել։ բ) Ի՞նչ նշանակություն ունի մկրտությունը։

9 Ինչ խոսք, ոչ ոք կատարյալ չէ։ Ինչպես չափահասները, այնպես էլ պատանիները ժամանակ առ ժամանակ սխալներ են թույլ տալիս (Ժող. 7։20)։ Անկախ դրանից՝ եթե մտածում ես մկրտության մասին, խելամիտ քայլ կլինի վերլուծել՝ արդյոք վճռել ես կառչած մնալ Եհովայի չափանիշներին։ Իսկ թե որքանով է ամուր քո վճռականությունը,  ստուգիր՝ հարցնելով ինքդ քեզ. «Մինչ օրս հետևե՞լ եմ Աստծու չափանիշներին»։ Փորձիր հիշել, թե հավատի վերջին փորձությունների ժամանակ ինչպես ես վարվել։ Ցույց տվե՞լ ես, որ ունես ըմբռնողականություն ճիշտն ու սխալը զանազանելու համար։ Իսկ եթե Դանիելի նման դու էլ առանձնահատուկ ուշադրության արժանանաս, կշարունակե՞ս «ըմբռնել, թե որն է Եհովայի կամքը» նույնիսկ, երբ այն հակառակ լինի քո ցանկությանը (Եփես. 5։17

10 Ինչո՞ւ է անկեղծ ինքնաքննությունը կարևոր։ Դա օգնում է ճիշտ հասկանալ մկրտության նշանակությունը։ Ինչպես արդեն նշեցինք, մկրտությունը խորհրդանշում է այն, որ դու խոստանում ես Եհովային, որ այսուհետ իրեն ես պատկանում։ Խոստանում ես, որ սիրելու և ողջ սրտով ծառայելու ես նրան հավիտյան (Մարկ. 12։30)։ Նա, ով ուզում է մկրտվել, պետք է վճռի պահել իր տված խոստումը (կարդա Ժողովող 5։4, 5

ԴԱ ՔՈ ԱՆՁՆԱԿԱ՞Ն ՈՐՈՇՈՒՄՆ Է

11, 12. ա) Ինչո՞ւմ պետք է համոզված լինի մկրտվելու մասին մտածող անհատը։ բ) Ի՞նչը կօգնի քեզ ունենալ Եհովայի տեսակետը մկրտության վերաբերյալ։

11 Աստվածաշունչն ասում է, որ Եհովայի ժողովուրդը, ինչպես նաև պատանիները «հոժար կամքով կտրամադրեն իրենց» ծառայությանը (Սաղ. 110։3)։ Ուստի նա, ով պատրաստվում է մկրտվել, պետք է համոզված լինի, որ դա իր ցանկությունն է։ Այս հարցում ևս կօգնի ինքնաքննությունը։ Սա կարևոր է, հատկապես եթե մեծացել ես ճշմարտության մեջ։

12 Տարիների ընթացքում թերևս տեսել ես, թե ինչպես են շատերը, այդ թվում հասակակիցներդ կամ քույր-եղբայրներդ մկրտվում։ Եթե այդպես է, ուրեմն պետք է զգույշ լինես, որ չմտածես, թե բոլոր պատանիները որոշակի տարիքի հասնելուն պես վաղ թե ուշ մկրտվելու են։ Ինչպե՞ս կարող ես համոզվել, որ ունես մկրտության վերաբերյալ Եհովայի տեսակետը։ Ժամանակ առ ժամանակ մտածիր, թե ինչու է մկրտությունը այդքան կարևոր։ Այս և հաջորդ հոդվածում կքննենք որոշ կարևոր պատճառներ, թե ինչու արժե մկրտվել։

13. Ինչպե՞ս կարող ես ստուգել՝ թե արդյոք մկրտվելու ցանկությունը բխում է քո սրտից։

13 Ինչպե՞ս ստուգել, թե արդյոք մկրտվելու ցանկությունը բխում է քո սրտից։ Դա կերևա, օրինակ, քո աղոթքներից։ Թե որքան հաճախ ես աղոթում և որքան կոնկրետ են քո աղոթքները, ցույց կտա, թե որքան մտերիմ ես Եհովայի հետ (Սաղ. 25։4)։ Եհովան քո աղոթքներին կարող է պատասխանել՝ ուշադրությունդ հրավիրելով իր Խոսքի վրա։ Ուրեմն այն, որ ջանում ես ուսումնասիրել Աստվածաշունչը, ևս ցույց է տալիս, որ իսկապես ուզում ես մտերմանալ Եհովայի հետ և սրտանց ծառայել նրան (Հեսու 1։8)։ Ուստի մտածիր. «Աղոթելիս կոնկրե՞տ բաների մասին եմ խնդրում։ Արդյոք կանոնավորաբա՞ր եմ ուսումնասիրում Աստվածաշունչը»։ Եթե ծնողներդ քրիստոնյաներ են և ունեք ընտանեկան երկրպագության երեկո, հարցրու քեզ. «Հաճույքո՞վ եմ մասնակցում ընտանեկանին»։ Պատասխաններիցդ կերևա՝ արդյոք իսկապես ուզում ես մկրտվել։

ՆՎԻՐՄԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

14. Բացատրիր, թե ինչ տարբերություն կա նվիրման և մկրտության միջև։

14 Ոմանք չեն պատկերացնում, թե ինչ տարբերություն կա նվիրման և մկրտության միջև։ Օրինակ՝ որոշ պատանիներ ասում են, որ նվիրվել են Եհովային, բայց դեռ պատրաստ չեն մկրտվելու։ Մի՞թե դա տրամաբանական է։ Նվիրվել նշանակում է ասել Եհովային,  որ ծառայելու ես նրան հավիտյան։ Իսկ մկրտվել նշանակում է հանրորեն ցույց տալ, որ աղոթքով նվիրվել ես Աստծուն։ Ուստի մկրտվելիս անհատը պետք է արդեն իսկ նվիրված լինի։ Այդ պատճառով մկրտվելուց առաջ դու պետք է համոզված լինես, որ հասկանում ես, թե ինչ է նշանակում նվիրվել։

15. Ի՞նչ է նշանակում նվիրվել։

15 Երբ կյանքդ նվիրում ես Եհովային, դու ուրանում ես քո անձը։ Դու խոստանում ես Եհովային, որ իր կամքը կատարելը առաջին տեղում է լինելու քո կյանքում (կարդա Մատթեոս 16։24)։ Ընդհանրապես ցանկացած խոստման պետք է լուրջ վերաբերվել, առավել ևս երբ խոստում ես տալիս Եհովա Աստծուն (Մատթ. 5։33)։ Իսկ ինչպե՞ս կարող ես ցույց տալ, որ իսկապես ուրացել ես անձդ և պատկանում ես Եհովային (Հռոմ. 14։8

16, 17. ա) Օրինակով բացատրիր, թե ինչ է նշանակում անձը ուրանալ։ բ) Ի՞նչ է, ըստ էության, խոստանում Եհովային նվիրվող անհատը։

16 Պատկերացրու՝ ընկերդ քեզ ավտոմեքենա է նվիրում։ Նա տալիս է քեզ մեքենայի սեփականության վկայականը և ասում. «Մեքենան քոնն է»։ Բայց հետո ավելացնում է. «Բանալիները ինձ մոտ եմ պահելու և միայն ես եմ վարելու այն»։ Դա նվեր կհամարվի՞։ Ի՞նչ կմտածես նվիրողի մասին։

17 Հիմա մտածիր, թե Եհովան ինչ է ակնկալում այն անհատից, որը նվիրվել է իրեն և ասել. «Իմ կյանքը քեզ եմ տալիս, այն քեզ է պատկանում»։ Իսկ ի՞նչ կզգա, եթե այդ անհատը սկսի երկակի կյանքով ապրել, օրինակ՝ գաղտնի հանդիպի ոչ Վկայի հետ, այնպիսի աշխատանք ընտրի, որը կխանգարի իրեն լիովին մասնակցել ծառայությանը և հաճախել հանդիպումներին։ Մի՞թե դա նման չի լինի բանալիները իր մոտ պահելուն։ Մինչդեռ «կյանքս քեզ է պատկանում» ասելով՝ նվիրվող անհատը Եհովային, ըստ էության, խոստանում է. «Եթե իմ ուզածը հակասի քո կամքին, ես կանեմ այն, ինչ դու ես ցանկանում»։ Դա արտացոլում է Հիսուսի մտածելակերպը, որը երկրի վրա եղած ժամանակ ասաց. «Ես իջա երկնքից, որ ոչ թե իմ կամքը կատարեմ, այլ ինձ ուղարկողի կամքը» (Հովհ. 6։38

18, 19. ա) Ռոուզի և Քրիստոֆերի խոսքերից ինչպե՞ս է երևում, որ մկրտությունը առանձնաշնորհում է և օրհնություններ է բերում։ բ) Ի՞նչ է մկրտությունը քեզ համար։

18 Մկրտությունը, իսկապես, լուրջ քայլ է, որին ոչ ոք չպետք է թեթևամտորեն վերաբերվի։ Մեծ առանձնաշնորհում է լինել նվիրված և մկրտված։ Այն պատանիները, ովքեր սիրում են Եհովային և հասկանում են, թե ինչ է նշանակում նվիրումը, հետ չեն կանգնում մկրտվելուց ու երբեք չեն ափսոսում իրենց այդ որոշման համար։ Ռոուզ անունով մի մկրտված քույր ասում է. «Ես սիրում եմ Եհովային, և նրան ծառայելը ինձ ուրախություն է պատճառում։ Ուրիշ ոչ մի բանում երբեք այնքան վստահ չեմ եղել, որքան մկրտվելու որոշում կայացնելիս»։

19 Իսկ Քրիստոֆերը, ում մասին խոսվեց հոդվածի սկզբում, արդյո՞ք ճիշտ որոշում կայացրեց՝ մկրտվելով 12 տարեկանում։ Նա ուրախ է, որ այդ տարիքում նման որոշում է կայացրել։ Քրիստոֆերը 17 տարեկանում սկսեց ծառայել որպես ռահվիրա, 18-ում դարձավ ծառայող օգնական, այժմ էլ ծառայում է Բեթելում։ Նա ասում է. «Մկրտվելը շատ ճիշտ որոշում էր։ Եհովային և նրա կազմակերպության մեջ ծառայելը ինձ մեծ գոհունակություն է պատճառում»։ Եթե մտածում ես մկրտվելու մասին, ապա ինչպե՞ս կարող ես պատրաստվել այդ քայլին։ Հաջորդ հոդվածը կպատասխանի այս հարցին։