Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՄԱՐՏ 2016

Ինչպե՞ս ամրացնենք մեր քրիստոնեական միասնությունը

Ինչպե՞ս ամրացնենք մեր քրիստոնեական միասնությունը

«Նրանից ամբողջ մարմինը, ներդաշնակորեն փոխկապակցված լինելով և համագործակցելով բոլոր հոդերի միջոցով.... նպաստում է սիրո մեջ հենց իր՝ մարմնի աճին» (ԵՓԵՍ. 4։16

ԵՐԳ 53, 107

1. Հենց սկզբից ի՞նչն է հատկանշական եղել Աստծու գործելակերպում։

ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ հենց սկզբից Եհովան և Հիսուսը միասնական են եղել։ Աստծու առաջին ստեղծագործությունը՝ Հիսուսը՝ որպես անձնավորված իմաստություն, հետևյալ խոսքերն ասաց. «Ես նրա [Եհովայի] կողքին հմուտ վարպետ էի, և ամեն օր նա ուրախանում էր ինձնով» (Առակ. 8։30)։ Հայր ու Որդի համագործակցում էին. նրանք միասին ստեղծեցին կյանքի տարբեր ձևերը, որոնց մենք տեսնում ենք մեր շուրջը։ Աստծու ծառաները նույնպես համագործակցել են միմյանց հետ, օրինակ՝ տապանը կառուցելիս, խորանը անապատում տեղափոխելիս և տաճարում երգերով Եհովային փառաբանելիս, երբ նվագարանների ու երգողների ձայները ներդաշնակ էին հնչում։ Ինչ խոսք, այս ամենը հնարավոր էր միայն սերտ համագործակցության շնորհիվ (Ծննդ. 6։14–16, 22; Թվեր 4։4–32; 1 Տար. 25։1–8

2. ա) Ի՞նչն էր բնորոշ առաջին դարի քրիստոնեական ժողովին։ բ) Ի՞նչ հարցեր ենք քննարկելու։

2 Համագործակցությունը բնորոշ է եղել նաև առաջին դարի քրիստոնեական ժողովին, որը հետևում էր Քրիստոսի գլխավորությանը։ Պողոս առաքյալը բացատրում է, որ թեև օծյալ քրիստոնյաները տարբեր պարգևներ ունեին և տարբեր  ծառայություններ էին անում, սակայն «մեկ մարմնի» անդամներ էին (կարդա 1 Կորնթացիներ 12։4–6, 12)։ Ի՞նչ կարելի է ասել մեր օրերի մասին։ Ինչպե՞ս կարող ենք միասնական լինել քարոզչական գործում, ժողովում և ընտանիքում։

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՄ

3. Ի՞նչ տեսիլք տեսավ Հովհաննես առաքյալը։

3 Մ.թ. առաջին դարի վերջում Հովհաննես առաքյալը տեսիլք տեսավ, թե ինչպես են յոթ հրեշտակներ փողեր փչում։ Երբ հինգերորդ հրեշտակը փչեց իր փողը, Հովհաննեսը երկրի վրա ընկած «մի աստղ» տեսավ։ Աստղը բանալի ուներ, որով բացեց անդունդի մուտքը։ Այնտեղից թանձր ծուխ բարձրացավ, և ծխի միջից մորեխներ դուրս եկան։ Սակայն նրանք ոչ թե բուսականությունը ոչնչացրին, այլ գնացին մարդկանց վրա, «ովքեր Աստծու կնիքը չունեին իրենց ճակատներին» (Հայտն. 9։1–4)։ Հովհաննեսն իհարկե գիտեր, թե ինչպիսի ավերիչ հետևանքներ կարող են թողնել մորեխները։ Մովսեսի օրերում նման մի պատուհաս ավերել էր Եգիպտոսը (Ելք 10։12–15)։ Հովհաննեսի տեսած մորեխները, սակայն, խորհրդանշական էին։ Նրանք ներկայացնում են օծյալ քրիստոնյաներին, որոնք Եհովայի դատաստաններն են ազդարարում։ Մեր ժամանակներում նրանց են միացել երկրային հույս ունեցող միլիոնավոր մարդիկ։ Ուստի զարմանալի չէ, որ քարոզչական ծառայության մեջ մեր միասնական ջանքերի շնորհիվ շատերը թողնում են կեղծ կրոնը և ազատվում են Սատանայի իշխանությունից։

4. Ի՞նչ գործ պետք է Աստծու ժողովուրդն անի, և միայն ո՞ր դեպքում է դա հնարավոր։

4 Եհովայի ժողովուրդը հսկայական աշխատանք ունի անելու՝ մինչև այս համակարգի վախճանի գալը քարոզել «բարի լուրը» ամբողջ աշխարհով մեկ (Մատթ. 24։14; 28։19, 20)։ Դա նշանակում է հրավիրել «կյանքի ջրից ձրի» խմելու բոլոր նրանց, ովքեր «ծարավ են» (Հայտն. 22։17)։ Ինչպե՞ս է հնարավոր կատարել այս գործը. միայն միմյանց հետ «ներդաշնակորեն փոխկապակցված լինելով և համագործակցելով» (Եփես. 4։16

5, 6. Ինչպե՞ս է մեզ միավորում բարի լուրը քարոզելը։

5 Որպեսզի Թագավորության լուրը հնարավորինս շատ մարդկանց հայտնենք, պետք է այդ գործը կազմակերպված անենք։ Այդ նպատակով ժողովների միջոցով մենք առաջնորդություն ենք ստանում, ինչը նպաստում է մեր համաշխարհային միասնությանը։ Օրինակ՝ անցկացնում ենք քարոզչական հանդիպումներ, որից հետո գնում ենք Թագավորության լուրը քարոզելու։ Այդ գործն արվում է թե՛ բանավոր խոսքով, թե՛ տպագիր հրատարակությունների միլիոնավոր օրինակներ տարածելու միջոցով։ Ձգտո՞ւմ ես հետևել տրված առաջնորդությանը և մասնակցել քարոզարշավներին։ Եթե այո, ապա դու էլ միլիոնավոր ծառայակիցներիդ հետ միասին հայտնում ես այն բարի լուրը, որը հռչակում է Հայտնություն 14։6-ում նկարագրված հրեշտակը։

6 Որքա՜ն քաջալերական է «Տարեգրքում» տեսնել մեր գործունեության արդյունքները։ Մեր միասնությունը ակնհայտ է նաև այն ժամանակ, երբ տարածաշրջանային, հատուկ և միջազգային համաժողովներից առաջ հրավիրատոմսեր ենք բաժանում մարդկանց։ Այդ համաժողովներին մենք լսում ենք սուրբգրային ելույթներ, դիտում ենք ներկայացումներ ու ցուցադրումներ, որոնք ոգեշնչում են մեզ։ Դրանց միջոցով Աստված կոչ է անում մեզ ծառայել իրեն ողջ սրտով։ Հիսուսի մահվան հիշատակի երեկոն նույնպես միավորում է մեզ։ Ամեն տարի նիսանի 14-ին մայրամուտից հետո նշելով նրա մահը՝ մենք հնազանդվում ենք նրա տված առաջնորդությանը և մեր երախտագիտությունն ենք ցույց տալիս Աստծու դրսևորած անզուգական բարության համար (1 Կորնթ. 11։23–26)։ Սակայն միայն Եհովայի վկաները չէ, որ ներկա են լինում Հիշատակի երեկոյին։ Դրանից  շաբաթներ առաջ ամեն ժողով իր տարածքում բնակվողներից հնարավորինս շատերին հրավիրում է ներկա լինելու այդ կարևոր միջոցառմանը։

7. Միասին գործելով՝ ի՞նչ արդյունքի ենք հասնում։

7 Ինչպես մեկ մորեխի արածը փոքր բան է երևում, այնպես էլ յուրաքանչյուրիս արած գործը գուցե աննշան թվա։ Բայց համախմբված գործելով՝ մենք մարդկության ուշադրությունը հրավիրում ենք Եհովայի վրա, նրա, ով արժանի է առնելու ողջ փառքն ու պատիվը։ Սակայն սա միակ ոլորտը չէ, որ նպաստում է Աստծու ժողովրդի միասնությանը։

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԺՈՂՈՎՈՒՄ

8, 9. ա) Ո՞ր օրինակով Պողոսը սովորեցրեց քրիստոնյաներին միասնական լինել։ բ) Ինչպե՞ս կարող ենք համագործակցության ոգի դրսևորել ժողովում։

8 Եփեսացիներին ուղղված նամակում Պողոսը բացատրեց, որ անհրաժեշտ է՝ ժողովը կազմակերպված լինի և «ամեն բանում աճի» (կարդա Եփեսացիներ 4։15, 16)։ Ի՞նչը կօգնի մեզ, որ առաջադիմենք և անձամբ նպաստենք դրան։ Ժողովը համեմատելով մարդու մարմնի հետ՝ Պողոսը ցույց տվեց, թե ինչու է կարևոր միասնական լինել ժողովի գլխի՝ Հիսուս Քրիստոսի առաջնորդության ներքո։ Առաքյալը խոսեց «բոլոր հոդերի» համագործակցության մասին, որոնք «կատարում են իրենց անհրաժեշտ դերը»։ Ինչպե՞ս կարող է մեզանից յուրաքանչյուրը՝ անկախ այն բանից, երիտասարդ է թե տարեց, ֆիզիկապես ուժեղ է թե տկար, նպաստել ժողովի միասնությանն ու հոգևոր ամրությանը։

9 Ամեն մեկս մեր ներդրումը կունենանք, եթե հպատակվենք և հարգենք երեցներին, ում Հիսուսը նշանակել է ժողովն առաջնորդելու համար (Եբր. 13։7, 17)։ Այդպես վարվելը գուցե երբեմն դժվար լինի։ Բայց մենք կարող ենք խնդրել Եհովային, որ օգնի մեզ։ Նրա գործուն ուժի օգնությամբ կկարողանանք ողջ սրտով թիկունք կանգնել երեցներին։ Ուստի եթե երբեմն հակված չենք հետևելու տրվող առաջնորդությանը, ապա լավ կլինի հիշենք, որ խոնարհությամբ համագործակցելը կնպաստի ժողովի միասնությանը։ Այսպիսի համագործակցությունը շատ հավանական է՝ կօգնի, որ բոլորս աճենք սիրո մեջ։

10. Ինչպե՞ս են ծառայող օգնականները նպաստում ժողովի միասնությանը (տես 13-րդ էջի նկարը)։

10 Ծառայող օգնականները մեծ դեր ունեն ժողովի միասնության հարցում։ Այս անձնազոհ եղբայրները, անկախ տարիքից, ժողովի բարօրության համար տարբեր գործեր են անում։ Օրինակ՝ աջակցում են երեցներին՝ ստուգելով, որ ծառայության ժամանակ տարածելու համար բավականաչափ գրականություն լինի ժողովում։ Բացի այդ, կազմակերպում են Թագավորության սրահի մաքրության և սպասարկման աշխատանքները, նաև դիմավորում են հանդիպումներին եկող մարդկանց։ Այս եղբայրների հետ համագործակցելով՝ նպաստում ենք, որ ժողովում ամեն բան կարգուկանոնով արվի (համեմատիր Գործեր 6։3–6

11. Ինչպե՞ս կարող են երիտասարդները նպաստել ժողովի միասնությանը։

11 Բազում հասուն եղբայրներ տարիներ շարունակ պատասխանատվություններ են ստանձնել ժողովում։ Բայց տարիքի հետ կապված գուցե այժմ ի վիճակի չեն անելու այն, ինչ անում էին նախկինում։ Երիտասարդ եղբայրները կարող են աջակցել նրանց։ Ճիշտ է, նրանք դեռևս փորձ չունեն, սակայն փորձառուների կողմից կրթվելուց հետո կարող են ավելի շատ պատասխանատվություններ ստանձնել։ Որքա՜ն հաճելի է տեսնել, որ ծառայող օգնականները ձգտում են ունենալ երեցին բնորոշ որակներ (1 Տիմոթ. 3։1, 10)։ Իսկ որոշ երիտասարդ երեցներ այնքան են առաջադիմել, որ նշանակվել են շրջագայող վերակացու և ծառայում են շատ ժողովների եղբայրներին ու քույրերին։ Մի՞թե ուրախ չենք, որ երիտասարդները հոժար կամքով  տրամադրում ենք իրենց անձը ծառայության համար (կարդա Սաղմոս 110։3; Ժողովող 12։1

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ

12, 13. Ի՞նչը կարող է օգնել, որ ընտանիքում բոլորը համագործակցեն միմյանց հետ։

12 Այժմ տեսնենք, թե ինչպես կարող ենք համագործակցել ընտանիքում։ Շատերն են նկատել, որ երբ ամեն շաբաթ արդյունավետ ընտանեկան երկրպագություն են անցկացնում, տարեցների ու երիտասարդների միջև կապը ամրանում է։ Այդ ժամանակ հոգևոր մթնոլորտ է տիրում, ինչը հաճելի է և միավորում է ընտանիքին։ Ընտանեկան երկրպագության ժամանակ քարոզչական ծառայությանը պատրաստվելը նպաստում է, որ ընտանիքի անդամները ավելի արդյունավետ քարոզիչներ դառնան։ Իսկ երբ լսում են, թե յուրաքանչյուրն ինչպես է արտահայտվում Աստծու Խոսքի վերաբերյալ, և տեսնում են, թե իրենց հարազատ մարդիկ որքան են սիրում Եհովային և ուզում հաճեցնել նրան, դա էլ ավելի է մտերմացնում իրենց։

Ընտանեկան երկրպագությունը ամրացնում է տարեցների և երիտասարդների միջև կապը (տես պարբերություն 12, 15)

13 Եհովային փառաբանելու գործում ինչպե՞ս կարող են համագործակցել ամուսնական զույգերը։ Եթե երկուսն էլ սիրում են Եհովային և միասին ծառայում են նրան, երջանիկ ու միասնական կլինեն։ Կողակիցները պետք է նաև արտահայտեն իրենց սերը միմյանց հանդեպ, ինչպես անում էին Աբրահամն ու Սառան, Իսահակն ու Ռեբեկան, Եղկանան ու Աննան (Ծննդ. 26։8; 1 Սամ. 1։5, 8; 1 Պետ. 3։5, 6)։ Դա կմիավորի նրանց և ավելի կմտերմացնի երկնային Հոր հետ (կարդա Ժողովող 4։12

14. Եթե քո կողակիցը չի ծառայում Եհովային, ի՞նչ կարող ես անել, որ ձեր ամուսնական միությունը ամուր պահես։

14 Քրիստոնյաները պետք է խուսափեն «անհավատների հետ անհավասար լծակից» լինելուց (2 Կորնթ. 6։14)։ Իսկ ի՞նչ կարող են անել մեր այն քույրերն ու եղբայրները, որոնց կողակիցները չեն ծառայում Եհովային։ Ոմանք ամուսնացած են եղել, երբ ընդունել են ճշմարտությունը, և նրանցից շատերի կողակիցները Եհովայի վկա չեն դարձել։ Նրանց պարագայում ևս Աստվածաշնչի սկզբունքները կիրառելը ներդաշնակություն կստեղծի ընտանիքում, քանի որ քրիստոնյա կողակիցը հնարավորինս կհամագործակցի այն բոլոր հարցերում, որտեղ կարիք չկա հավատի մեջ փոխզիջման գնալու։ Ճիշտ է, գուցե դժվար լինի, բայց մտածիր արդյունքի մասին։ Աստվածաշնչի սկզբունքները կիրառելը կարող է դժվար լինել նաև, եթե կողակիցը թողել է ժողովը։ Այսպիսի իրավիճակում հայտնվեց Մարի անունով մի քույր։ Նա և իր ամուսինը՝ Դեյվիդը, միասին ծառայում էին Եհովային։ Բայց Դեյվիդը թողեց ժողովը։ Մարին շարունակեց հանդիպումներին ու համաժողովներին գնալ և կիրառել սուրբգրային սկզբունքները։ Նա ճշմարտությունը սովորեցրեց իրենց վեց երեխաներին։ Երբ նրանք մեծացան և սկսեցին առանձին ապրել, Մարին իրեն միայնակ զգաց։ Այդ ժամանակ Դեյվիդը սկսեց կարդալ ամսագրերը, որոնք կինը նրա համար թողնում էր երևացող տեղում։ Որոշ ժամանակ անց նա սկսեց հաճախել ժողովի հանդիպումներին։ Նրանց վեց տարեկան թոռնիկը պապիկի համար միշտ տեղ էր պահում։ Եվ եթե նա չէր գնում, թոռնիկն ասում էր. «Պապի՛կ, ժողովի տեղը ես քեզ սպասում էի»։ 25 տարի անց Դեյվիդը վերադարձավ ժողով, և այժմ ինքն ու Մարին երջանիկ են, որ միասին ծառայում են Եհովային։

15. Ինչպե՞ս կարող են տարեց զույգերը օգնել երիտասարդ զույգերին։

15 Սատանան այսօր շարունակ հարձակում է գործում ընտանիքների վրա։ Ուստի շատ կարևոր է, որ Աստծու ծառաները համագործակցեն իրենց կողակցի հետ։ Անկախ նրանից, թե քանի տարվա ամուսնացած ես, մտածիր՝ ինչ կարող ես ասել  կամ անել ձեր ամուսնական միությունը ամրացնելու համար։ Ժողովի տարեց զույգերը կարող են օգնել երիտասարդներին այս հարցում, օրինակ՝ ժամանակ առ ժամանակ հրավիրելով իրենց ընտանեկան երկրպագությանը։ Այդպես նրանք կտեսնեն, որ անկախ նրանից, թե քանի տարվա ամուսիններ են, միշտ պետք է արտահայտեն իրենց սերը միմյանց հանդեպ և միություն պահպանեն ընտանիքում (Տիտոս 2։3–7

«ԵԿԵ՛Ք, ՎԵ՛Ր ԳՆԱՆՔ ԵՀՈՎԱՅԻ ԼԵՌԸ»

16, 17. Ի՞նչ ապագա է սպասում Աստծու միասնական ժողովրդին։

16 Մտովի տեղափոխվիր աստվածաշնչյան ժամանակներ և պատկերացրու՝ Երուսաղեմ քաղաքում ես։ Տոնակատարություն է, և տաճարում իսրայելացիները Եհովային են փառաբանում։ Այստեղ գալու համար նրանք պատրաստություն էին տեսել, ճանապարհին հոգ էին տարել միմյանց մասին, հիմա էլ միասին երկրպագություն են մատուցում։ Ամեն ինչում երևում է նրանց համագործակցությունը (Ղուկ. 2։41–44)։ Այսօր էլ մենք, մինչ մոտենում ենք նոր աշխարհին, պետք է միասնական լինենք և համագործակցենք։ Իսկ դրա համար մշտական և գիտակցական ջանքեր են պետք։ Ուստի մտածիր, թե ինչ կարող ես անձամբ դու անել։

17 Մտածիր, թե ինչ օրհնություններ են բոլորիս սպասում։ Ի հակադրություն այս աշխարհի՝ մեր մեջ միասնություն է տիրում։ Մեր իսկ աչքերով տեսնում ենք Եսայիայի և Միքիայի մարգարեությունների կատարումը. Աստծու ժողովուրդը միասնական բարձրանում է «Եհովայի լեռը» (Ես. 2։2–4; կարդա Միքիա 4։2–4)։ Այո՛, «վերջին օրերում» Աստծու ժողովրդի միասնությունը և համագործակցությունը երկրպագության մեջ ավելի ակնհայտ է դառնում։ Ի՜նչ ուրախություն կտիրի այն ժամանակ, երբ ամբողջ մարդկությունը միավորված երկրպագի Աստծուն։