Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան (ուսումնասիրության թողարկում)  |  Օգոստոս 2016

Տեսնո՞ւմ ես ուրիշներին սովորեցնելու անհրաժեշտությունը

Տեսնո՞ւմ ես ուրիշներին սովորեցնելու անհրաժեշտությունը

«Ես ձեզ օգտակար հրահանգներ կտամ» (ԱՌԱԿ. 4։2

ԵՐԳ 93, 96

1, 2. Ինչո՞ւ պետք է սովորեցնենք մյուսներին աստվածապետական հանձնարարություններ ստանձնել։

ՀԻՍՈՒՍԻ գլխավոր առաջադրանքը Թագավորության բարի լուրը քարոզելն էր։ Սակայն նա նաև ժամանակ էր հատկացնում իր աշակերտներին, որ սովորեցներ նրանց լինել հովիվներ և ուսուցիչներ (Մատթ. 10։5–7)։ Նույնպես և Փիլիպոսը։ Չնայած որ նա զբաղված էր ավետարանչի գործով, սակայն, անկասկած, սովորեցրել էր իր չորս աղջիկներին, որ սուրբգրային ճշմարտությունները արդյունավետորեն քարոզեն ուրիշներին (Գործ. 21։8, 9)։ Իսկ որքանո՞վ է կարևոր այսօր նման կրթությունը։

2 Ամբողջ աշխարհում գնալով աճում է այն մարդկանց թիվը, ովքեր լսում և ընդունում են բարի լուրը։ Նորերը, ովքեր դեռ չեն մկրտվել, պետք է գիտակցեն, թե որքան կարևոր է Աստվածաշնչի անձնական ուսումնասիրությունը։ Նրանց հարկավոր է նաև սովորեցնել ուրիշներին էլ բարի լուրը քարոզել և ուսուցանել։ Իսկ ժողովներում անհրաժեշտ է եղբայրներին խրախուսել, որ շատ ջանք թափեն և ծառայող օգնական ու երեց դառնալու համար համապատասխան որակներ ձեռք բերեն։ Հասուն քրիստոնյաները կարող են «օգտակար հրահանգների» միջոցով օգնել նորերին հոգևորապես առաջադիմել (Առակ. 4։2

 ՕԳՆԻՐ ՆՈՐԵՐԻՆ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ

3, 4. ա) Ինչպե՞ս Պողոսը ցույց տվեց անձնական ուսումնասիրության և արդյունավետ քարոզիչ լինելու միջև կապը։ բ) Նախքան ուրիշներին քաջալերելը, որ Աստվածաշնչի անձնական ուսումնասիրություն ունենան, ի՞նչ պետք է անենք ինքներս։

3 Որքանո՞վ է կարևոր Աստվածաշնչի անձնական ուսումնասիրությունը։ Պատասխանը գտնում ենք Պողոս առաքյալի խոսքերում՝ ուղղված Կողոսայի քրիստոնյաներին. «Չենք դադարում աղոթել ձեզ համար և խնդրել, որ լցվեք [Աստծու] կամքի մասին ճշգրիտ գիտելիքներով, ունենաք կատարյալ իմաստություն և հոգևոր հասկացողություն։ Այդ ժամանակ դուք Եհովային արժանի կերպով կքայլեք, որպեսզի լիովին հաճեցնեք նրան։ Նաև կշարունակեք պտուղ բերել ամեն բարի գործում և ավելացնել Աստծու մասին ճշգրիտ գիտելիքները» (Կող. 1։9, 10)։ Ճշգրիտ գիտելիքների շնորհիվ Կողոսայի քրիստոնյաները կկարողանային «Եհովային արժանի կերպով քայլել, որպեսզի լիովին հաճեցնեին նրան»։ Նաև «կշարունակեին պտուղ բերել ամեն բարի գործում», հատկապես բարի լուրը քարոզելու գործում։ Սակայն արդյունավետ քարոզիչ լինելու համար Եհովային երկրպագողները պետք է Աստվածաշնչի ուսումնասիրության գրաֆիկ ունենան ու հետևեն դրան։ Մենք պետք է Աստվածաշունչ ուսումնասիրողներին էլ օգնենք, որ գիտակցեն դրա կարևորությունը։

4 Բայց նախքան դա անելը ինքներս պետք է հասկանանք դրա արժեքը։ Մենք պետք է Աստվածաշնչի ուսումնասիրության լավ սովորություն ունենանք։ Ուստի կարող ես հարցնել ինքդ քեզ. «Երբ մարդիկ Աստվածաշնչի ուսմունքներին հակասող տեսակետ են հայտնում կամ դժվար հարցեր են տալիս, կարողանո՞ւմ եմ Աստվածաշնչի վրա հիմնված պատասխաններ տալ։ Երբ կարդում եմ, թե ինչպես են Հիսուսը, Պողոսը և մյուսները հաստատակամորեն կատարել իրենց ծառայությունը, մտածո՞ւմ եմ, թե նրանց օրինակը ինչպես կօգնի ինձ ծառայության մեջ»։ Բոլորս էլ աստվածաշնչյան գիտելիքների և խորհրդի կարիք ունենք։ Եթե պատմենք ուրիշներին, թե ինչ օգուտներ ենք քաղել անձնական ուսումնասիրությունից, նրանց էլ կմղենք ջանասիրաբար ուսումնասիրել Սուրբ Գիրքը և օգուտներ քաղել։

5. Ինչպե՞ս կարող ես օգնել նորերին, որ սկսեն կանոնավոր անձնական ուսումնասիրություն անել։

5 Ինքդ քեզ հարցրու. «Ինչպե՞ս կարող եմ օգնել ուսումնասիրողին Աստվածաշունչը կանոնավոր ուսումնասիրել»։ Սկզբում կարող ես ցույց տալ, թե ինչպես է հարկավոր պատրաստվել ձեր հաջորդ ուսումնասիրությանը։ Կարող ես առաջարկել, որ կարդա նաև «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի ընթացիկ գլխում նշված աստվածաշնչյան համարները և հավելվածները։ Օգնիր նրան, որ պատրաստվի ժողովի հանդիպումներին և այնտեղ մեկնաբանություններ տա։ Քաջալերիր, որ կարդա «Դիտարան» և «Արթնացե՛ք» ամսագրերի բոլոր թողարկումները։ Եթե «Դիտարանի» գրադարանը (CD-ի վրա կամ օնլայն) մատչելի է նրա մայրենի լեզվով, ցույց տուր, թե ինչպես դրա միջոցով գտնել աստվածաշնչյան հարցերի պատասխանները։ Արդյունքում՝  Աստվածաշունչ ուսումնասիրողը հաճույք կստանա իր անձնական ուսումնասիրությունից։

6. ա) Ինչպե՞ս կարող ես օգնել ուսումնասիրողին սիրել Աստվածաշունչը։ բ) Աստծու Խոսքի հանդեպ անկեղծ սերը ի՞նչ անելու կմղի ուսումնասիրողին։

6 Իհարկե, մենք չպետք է որևէ մեկին ստիպենք, որ կարդա և ուսումնասիրի Աստվածաշունչը։ Փոխարենը՝ պետք է օգտագործենք Եհովայի կազմակերպության տրամադրած միջոցները, որպեսզի օգնենք ուսումնասիրողներին ավելի շատ սիրել Աստվածաշունչը։ Ժամանակի ընթացքում անկեղծ սիրտ ունեցողները կունենան այն նույն զգացումները, որ ուներ սաղմոսերգուն, ով գրեց. «Ինձ համար բարի է Աստծուն մոտենալը։ Գերիշխան Տեր Եհովային իմ ապավենն եմ դարձրել» (Սաղ. 73։28)։ Եհովան իր սուրբ ոգով անշուշտ կօգնի այն ուսումնասիրողներին, ովքեր երախտագիտությունից մղված ուզում են մոտենալ իրեն։

ՍՈՎՈՐԵՑՐՈՒ ՆՈՐԵՐԻՆ ՔԱՐՈԶԵԼ ԵՎ ՈՒՍՈՒՑԱՆԵԼ

7. Հիսուսն ինչպե՞ս սովորեցրեց իր առաքյալներին քարոզել (տես հոդվածի սկզբի նկարը)։

7 Մատթեոս 10-րդ գլխում կարդում ենք, թե ինչպես Հիսուսը սովորեցրեց իր 12 առաքյալներին լինել արդյունավետ քարոզիչներ։ Նա չխոսեց ընդհանուր բաներից, այլ կոնկրետ հրահանգներ տվեց, որից հետո առաքյալները գնացին քարոզելու։ [1] Առաքյալները տեսնում էին նաև, թե Հիսուսն անձամբ ինչպես է կիրառում իր սովորեցրած մեթոդները։ Նրա օրինակին և սովորեցրածներին հետևելով՝ նրանք շուտով դարձան Աստծու Խոսքի հմուտ ուսուցիչներ (Մատթ. 11։1)։ Մենք ևս կարող ենք Աստվածաշունչ ուսումնասիրողներին սովորեցնել բարի լուրը արդյունավետորեն քարոզել։ Այժմ քննենք, թե ինչ երկու կերպերով կարող ենք դա անել։

8, 9. ա) Ինչպիսի՞ մոտեցում էր Հիսուսը ցույց տալիս մարդկանց հետ խոսելիս։ բ) Ինչպե՞ս կարող ենք օգնել նոր քարոզիչներին խոսել մարդկանց հետ այնպես, ինչպես Հիսուսը։

8 Զրուցել մարդկանց հետ։ Հիսուսը հաճախ էր մարդկանց հետ խոսում Թագավորության մասին։ Նա խոսում էր ընկերական ու սիրալիր։ Օրինակ՝ Սյուքար քաղաքի մոտ Հիսուսը հետաքրքիր զրույց ունեցավ մի կնոջ հետ, ով եկել էր Հակոբի ջրհորից ջուր հանելու։ Այդ զրույցը լավ պտուղներ տվեց (Հովհ. 4։5–30)։ Նա խոսեց նաև Մատթեոսի՝ Ղևիի հետ, որը հարկահավաք էր։ Ավետարաններում քիչ բան է նշվում այդ զրույցի մասին, բայց արդյունքում Մատթեոսն ընդունեց Հիսուսի հետևորդը դառնալու հրավերը։ Նա իր տանը ճաշկերույթ կազմակերպեց, որտեղ Հիսուսը նրա հրավիրած հյուրերի հետ էլ խոսեց (Մատթ. 9։9; Ղուկ. 5։27–39

9 Հիսուսը Նաթանայելի հետ խոսելիս էլ ընկերական մոտեցում ցույց տվեց, չնայած որ վերջինս բացասաբար էր արտահայտվել նազարեթցիների մասին։ Զրույցից հետո Նաթանայելը փոխեց իր տեսակետը։ Նա ցանկացավ ավելին սովորել Հիսուսից, այն մարդուց, ով Նազարեթից էր (Հովհ. 1։46–51)։ Հիսուսի օրինակից սովորում ենք, որ եթե մարդկանց հետ խոսենք ընկերական, մեղմ ու սիրալիր, մարդիկ ավելի հակված կլինեն մեզ լսելու։ [2] Եվ երբ նոր քարոզիչներին սովորեցնենք այդպես վարվել, նրանք ուրախություն կստանան իրենց ծառայությունից։

10–12. ա) Հիսուսն ինչպե՞ս զարգացրեց բարի լուրի հանդեպ մարդկանց ցույց տված հետաքրքրությունը։ բ) Ինչպե՞ս կարող ենք օգնել նոր քարոզիչներին բարելավելու ուսուցչական իրենց հմտությունները։

10 Հետաքրքրություն զարգացրու։ Չնայած որ Հիսուսը ընդամենը մի քանի տարի ուներ իր ծառայությունը կատարելու համար, սակայն ժամանակ էր հատկացնում մարդկանց, որպեսզի բարի լուրի հանդեպ նրանց հետաքրքրությունը զարգացներ։ Օրինակ՝ մի անգամ մարդկանց բազմություն հավաքվեց լճի ափին, որպեսզի սովորի Հիսուսից։ Նա էլ Պետրոսի հետ նավ մտավ և այնտեղից սովորեցրեց նրանց։ Դրանից հետո հրաշք գործեց, և Պետրոսը մեծ քանակության ձուկ բռնեց։ Հիսուսը ասաց Պետրոսին. «Այսուհետև դու մարդկանց պիտի որսաս»։ Ի՞նչ արդյունք ունեցան նրա խոսքերն ու գործերը։ Պետրոսն ու նրա գործընկերները «նավակները ափ հանեցին և ամեն  ինչ թողնելով՝ գնացին նրա հետևից» (Ղուկ. 5։1–11

11 Նիկոդեմոսը, որը Սինեդրիոնի անդամ էր, սկսեց հետաքրքրվել Հիսուսի ուսուցանածով։ Նա ուզում էր ավելին իմանալ, բայց վախենում էր, թե ուրիշները ինչ կասեն, եթե տեսնեն իրեն Հիսուսի հետ խոսելիս։ Ուստի, որպեսզի ոչ ոք չիմանա, նա Հիսուսի մոտ գնաց գիշերով։ Հիսուսը ճկունություն դրսևորեց և ժամանակ տրամադրեց նրան (Հովհ. 3։1, 2)։ Ի՞նչ ենք սովորում այս դեպքերից։ Աստծու Որդին ժամանակ էր հատկացնում, որպեսզի ամրացներ մարդկանց հավատը։ Չպե՞տք է մենք էլ նույնն անենք. այցելենք մարդկանց իրենց հարմար ժամին և ժամանակ տրամադրենք հետաքրքրվողների հետ Աստվածաշունչ ուսումնասիրելու համար։

12 Նոր քարոզիչների հետ համագործակցելով՝ կօգնենք նրանց, որ բարելավեն ուսուցչական հմտությունները։ Օրինակ՝ կարող ենք սովորեցնել, որ այցելեն նույնիսկ այն անհատներին, ովքեր քիչ հետաքրքրություն են ցույց տվել։ Կարող ենք նրանց մեզ հետ տանել վերայցելությունների և ուսումնասիրության։ Դա կմղի նրանց, որ իրենք էլ փորձեն ուրիշների հետաքրքրությունը զարգացնել և Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել։ Նաև կսովորեն իսկույն չհանձնվել, այլ համբերատար և հաստատակամ լինել ծառայության մեջ (Գաղ. 5։22; տես « Հաստատակամությունը կարևոր է» շրջանակը)։

ՍՈՎՈՐԵՑՐՈՒ ՆՈՐԵՐԻՆ ԾԱՌԱՅԵԼ ՀԱՎԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ

13, 14. ա) Ի՞նչ օրինակ են թողել մեզ նրանք, ովքեր զոհողություններ են արել ուրիշների համար։ բ) Ի՞նչ գործնական կերպերով կարող ես օգնել նոր քարոզիչներին և երիտասարդներին սեր դրսևորել եղբայրների ու քույրերի նկատմամբ։

13 Աստվածաշունչը ցույց է տալիս, որ մենք առանձնաշնորհում ունենք եղբայրասիրություն դրսևորելու և միմյանց ծառայելու (կարդա 1 Պետրոս 1։22; Ղուկաս 22։24–27)։ Աստծու Որդին ծառայեց մարդկանց, և նրանց համար տվեց ամեն բան, նույնիսկ իր կյանքը (Մատթ. 20։28)։ Իսկ Այծեմնիկը «բարությամբ լի շատ գործեր էր անում ու առատորեն ողորմության նվերներ էր տալիս» (Գործ. 9։36, 39)։ Մարիամը՝ Հռոմում ապրող մի քույր, նույնպես ժողովի անդամների համար «շատ գործեր էր անում» (Հռոմ. 16։6)։ Ինչպե՞ս կարող ենք օգնել նորերին տեսնելու հավատակիցներին աջակցելու կարևորությունը։

Սովորեցրու նորերին սեր դրսևորել հավատակիցների նկատմամբ (տես պարբերություն 13, 14)

14 Հասուն Վկաները կարող են նորերի հետ միասին այցելել հիվանդ և ծեր հավատակիցներին։ Եթե տեղին է, ծնողները կարող են իրենց երեխաների հետ գնալ։ Երեցները կարող են համագործակցել ժողովի մյուս անդամների հետ՝ հոգ տանելով, որ մեծահասակները ունենան ուտելիք, և նրանց տունը խնամված լինի։ Այդպես երիտասարդները և նոր քարոզիչները կսովորեն բարի գործեր անել ուրիշների համար։ Մի երեց, երբ գնում էր գյուղական տարածքում ծառայելու, կարճ ժամանակով այցելում էր այնտեղ ապրող Վկաներին՝ իմանալու նրանց իսկությունը։ Նրա հետ հաճախ համագործակցող երիտասարդ եղբայրը դրանից հասկացավ, որ ժողովում բոլորը պետք է իրենց սիրված զգան (Հռոմ. 12։10

15. Ինչո՞ւ է կարևոր, որ երեցները հետաքրքրվեն ժողովի եղբայրների առաջադիմությամբ։

15 Քանի որ Եհովան տղամարդկանց է նշանակել ժողովում որպես ուսուցիչներ, կարևոր է, որ եղբայրները զարգացնեն ուսուցչական և հռետորական ընդունակություններ։ Եթե դու երեց ես, կարո՞ղ ես ժամանակ տրամադրել և լսել ծառայող օգնականին, երբ նա փորձում է իր ելույթը։ Դու կարող ես օգնել նրան, որ բարելավի Աստծու Խոսքն ուսուցանելու իր հմտությունները (Նեեմ. 8։8 [3]

16, 17. ա) Ի՞նչ դեր ունեցավ Պողոսը Տիմոթեոսի առաջադիմության մեջ։ բ) Ինչպե՞ս կարող են երեցները արդյունավետորեն կրթել եղբայրներին «Աստծու հոտը» հովվելու համար։

16 Ժողովներում հովիվների մեծ կարիք կա։ Ուստի հարկավոր է եղբայրներին կրթել այդ գործի համար։ Պողոս առաքյալը Տիմոթեոսին գրեց, թե դա ինչպես է հարկավոր անել. «Դու, զավա՛կս, շարունակիր զորություն ստանալ անզուգական բարության միջոցով, որը գալիս է Քրիստոս Հիսուսի հետ միության մեջ լինելու շնորհիվ։ Այն ամենը, ինչ լսեցիր ինձանից, և որոնք հաստատվեցին շատ վկաների կողմից, փոխանցիր հավատարիմ մարդկանց,  որոնք որակյալ կլինեն ուրիշներին սովորեցնելու համար» (2 Տիմոթ. 2։1, 2)։ Տիմոթեոսը շատ բան սովորեց Պողոսի հետ ծառայելով, ով իրենից տարիքով բավականին մեծ էր։ Հետո նա Պողոսից սովորած մեթոդները կիրառեց ծառայության տարբեր ոլորտներում (2 Տիմոթ. 3։10–12

17 Պողոսը Տիմոթեոսին կրթելու համար նրան իր հետ տարավ շրջագայությունների (Գործ. 16։1–5)։ Երեցները, հետևելով Պողոսի օրինակին, երբ տեղին է, համապատասխան որակներ ունեցող ծառայող օգնականներին կարող են իրենց հետ հովվական այցերի տանել։ Այդպես ծառայող օգնականները հնարավորություն կունենան տեսնելու, թե ինչպես են երեցները ուսուցանում ուրիշներին, ինչպես են համբերատարություն ու սեր դրսևորում և ապավինում Եհովային։ Այսպես վարվելով՝ երեցները կկրթեն եղբայրներին պատրաստ լինելու «Աստծու հոտը» հովվելու գործին (1 Պետ. 5։2

ՈՒՐԻՇՆԵՐԻՆ ՍՈՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

18. Ինչո՞ւ պետք է ուրիշներին սովորեցնելուն մեծ կարևորություն տանք։

18 Աստծու ժողովրդի աճի հետ զուգընթաց մեծանում է նաև նորերին կրթելու և եղբայրներին հովվական գործի համար պատրաստելու անհրաժեշտությունը։ Ուստի մյուսներին սովորեցնելու հարցում Հիսուսի և Պողոսի օրինակին հետևելը անչափ կարևոր է։ Եհովան ցանկանում է, որ իր ժամանակակից ծառաները լավ պատրաստված լինեն կատարելու իրենց աստվածապետական հանձնարարությունները։ Նա մեզ առանձնաշնորհում է տվել քիչ փորձ ունեցողներին օգնել, որ զարգացնեն իրենց ընդունակությունները՝ ժողովում անհրաժեշտ գործերը անելու համար։ Մինչ աշխարհում իրավիճակը վատթարանում է և քարոզելու նոր հնարավորություններ են ստեղծվում, նորերին սովորեցնելու գործը դառնում է հրատապ։

19. Ինչո՞ւ ես համոզված, որ ուրիշներին կրթելու գործում քո ներդրած ջանքերը զուր չեն լինի։

19 Ինչ խոսք, մարդկանց սովորեցնելը ժամանակ և ուժ է պահանջում։ Բայց Եհովան ու նրա սիրելի Որդին կօգնեն մեզ և իմաստություն կտան դա անելու համար։ Մենք մեծ ուրախություն կստանանք, երբ տեսնենք, որ մեր ջանքերը զուր չեն եղել, որ նրանք, ում սովորեցրել ենք, «տքնաջան աշխատում և ճիգ են թափում» (1 Տիմոթ. 4։10)։ Ուստի եկեք ինքներս էլ շարունակենք հոգևորապես առաջադիմել սուրբ ծառայության մեջ։

^ [1] (պարբերություն 7) Հիսուսի տված հրահանգներից էին՝ 1) քարոզել Թագավորության լուրը, 2) վստահել Աստծուն, որ նա կհոգա իրենց ուտելիքի և հագուստի մասին, 3) վիճաբանության մեջ չմտնել բնակիչների հետ, 4) հակառակության հանդիպելիս Աստծուն ապավինել, 5) չվախենալ։

^ [2] (պարբերություն 9) «Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից» գրքի 62–64-րդ էջերում լավ առաջարկություններ կան, թե ինչպես զրուցել մարդկանց հետ ծառայության ժամանակ։

^ [3] (պարբերություն 15) «Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից» գրքի 52–61-րդ էջերում խոսվում է այն մասին, թե ինչպես հմտանալ որպես ուսուցիչ և հռետոր։