Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՕԳՈՍՏՈՍ 2016

Յոհանես Ռաութեն մասնակցում է քարոզչական ծառայությանը (հավանաբար 1920-ականներ)

 ՄԵՐ ԱՐԽԻՎԻՑ

«Պտուղ եմ բերում Եհովայի փառքի համար»

«Պտուղ եմ բերում Եհովայի փառքի համար»

«ԱՆՑՅԱԼՈՒՄ տեղի ունեցած բոլոր պատերազմները աննշան են թվում, երբ համեմատում ենք այժմ Եվրոպայում ծավալվող պատերազմի հետ»։ 1915 թ. սեպտեմբերի 1-ի «Դիտարանում» այսպես էր նկարագրվում Առաջին համաշխարհային պատերազմը, որում ժամանակի ընթացքում ներքաշվեցին մոտ 30 երկրներ։ Պատերազմական դրությունը պատճառ եղավ, որ «Դիտարանում» գրվի. «[Թագավորության] ծառայությունը որոշ չափով պասիվ է, հատկապես Գերմանիայում և Ֆրանսիայում»։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Աստվածաշունչ ուսումնասիրողները լիովին չէին հասկանում քրիստոնեական չեզոքության սկզբունքը։ Սակայն նրանք վճռել էին հռչակել բարի լուրը։ Ցանկանալով մասնակցություն բերել Թագավորության գործին՝ Վիլհելմ Հիլդեբրանտը պատվիրեց «Աստվածաշունչ ուսումնասիրողների ամսագրի» օրինակներ ֆրանսերենով։ Բայց նա Ֆրանսիայում էր ոչ թե որպես գրքեր տարածող (լիաժամ քարոզիչ), այլ որպես գերմանացի զինվոր։ Այս կարծեցյալ թշնամին՝ զինվորական համազգեստով, խաղաղության լուր էր տարածում, ինչը զարմանք էր պատճառում ֆրանսիացի անցորդներին։

«Դիտարանում» տպագրված նամակները ցույց են տալիս, որ ուրիշ գերմանացի Աստվածաշունչ ուսումնասիրողներ էլ մեծ ցանկություն ունեին Թագավորության գործին մասնակցելու, չնայած որ գտնվում էին զինվորական ծառայության մեջ։ Եղբայր Լեմքին, որը ծառայում էր ռազմական նավատորմում, տեղեկացրեց, որ անձնակազմից հինգ հոգի հետաքրքրություն են ցույց տալիս։ Նա գրել էր. «Նույնիսկ այս նավի վրա պտուղ եմ բերում Եհովայի փառքի համար»։

Գեորգ Կայզերը գնաց ռազմաճակատ որպես զինվոր և վերադարձավ տուն որպես ճշմարիտ Աստծու ծառա։ Ինչպե՞ս դա եղավ։ Նրա ձեռքն էր ընկել Աստվածաշունչ ուսումնասիրողների մի գրականություն, և նա սրտանց ընդունել էր Թագավորության մասին ճշմարտությունը ու հրաժարվել էր կռվելուց։ Ուստի նա անցավ ոչ շարային՝ մարտական գործողությունների հետ կապ չունեցող ծառայության։ Պատերազմից հետո նա երկար տարիներ եռանդորեն ծառայեց որպես ռահվիրա։

Չնայած Աստվածաշունչ ուսումնասիրողները դեռ լիարժեքորեն չէին հասկանում չեզոքության հարցը, սակայն նրանց մտածելակերպն ու վարքը շատ էր տարբերվում այն մարդկանց տեսակետից ու գործելակերպից, ովքեր կողմ էին պատերազմին։ Մինչ քաղաքական գործիչները և կրոնական առաջնորդները աջակցում էին պատերազմին, Աստվածաշունչ  ուսումնասիրողները կառչած էին «Խաղաղության Իշխանին» (Ես. 9։6)։ Թեև նրանցից ոմանք բացարձակ չեզոքություն չէին պահում, սակայն ունեին այն հիմնական համոզմունքը, որն արտահայտեց Աստվածաշունչ ուսումնասիրողներից մեկը՝ Քոնրատ Մորտեն։ Նա ասաց. «Աստծու Խոսքից հստակ հասկացել էի, որ քրիստոնյան չպետք է սպանի» (Ելք 20։13 *

Հանս Հոլտերհոֆը ձեռնասայլակի միջոցով ազդարարում է «Ոսկե դար» պարբերագրի մասին

Գերմանիայում, որտեղ չկար օրենք, որը զինծառայությունից հրաժարվողներին կազատեր այդ պարտականությունից, Աստվածաշունչ ուսումնասիրողներից ավելի քան 20 հոգի հրաժարվեցին որևէ ձև առնչվել զինվորական ծառայությանը։ Նրանցից ոմանց համարեցին հոգեկան հիվանդ, ինչպես օրինակ՝ Գուստավ Կույաթին, որին տարան հոգեբուժարան՝ բուժելու։ Հանս Հոլտերհոֆը, որը նույնպես հրաժարվել էր զինվորական ծառայությունից, բանտարկվեց։ Նա այնտեղ էլ մերժեց պատերազմին առնչվող որևէ աշխատանք կատարել։ Հսկիչները նրան զսպաշապիկ հագցրին և այդպես պահեցին այնքան ժամանակ, մինչև նրա վերջույթները անզգայացան։ Տեսնելով, որ չեն կարողանում կոտրել նրա վճռականությունը՝ նրան նույնիսկ տարան իբրև թե գնդակահարելու։ Սակայն Հանսը ողջ պատերազմի ընթացքում անկոտրում մնաց։

Ուրիշ եղբայրներ էլ, որոնք զինակոչվեցին, հրաժարվեցին զենք կրել և խնդրեցին, որ իրենց ոչ շարային ծառայության նշանակեն։ * Յոհանես Ռաութեն նույնպես հրաժարվեց և ուղարկվեց աշխատելու երկաթգծում։ Քոնրատ Մորտեն նշանակվեց որպես բուժաշխատող, իսկ Ռայնհոլտ Վեբերը՝ բուժեղբայր։ Ավգուստ Կրաֆցիգը, ով ուղեբեռներ էր տեղափոխում, նույնպես ուրախ էր, որ իր նշանակումը ռազմադաշտի հետ չէր առնչվում։ Այս Աստվածաշունչ ուսումնասիրողները և նրանց նման ուրիշներ վճռել էին ծառայել Եհովային՝ հիմնվելով նրա նկատմամբ սիրո ու նվիրվածության վերաբերյալ իրենց հասկացողության վրա։

Պատերազմի ընթացքում իրենց այս դիրքորոշման պատճառով Աստվածաշունչ ուսումնասիրողները հայտնվեցին իշխանությունների ուշադրության կենտրոնում։ Պատերազմին հաջորդող տարիներին Գերմանիայում հազարավոր դատական գործեր բացվեցին Աստվածաշունչ ուսումնասիրողների դեմ նրանց քարոզչական գործունեության համար։ Գերմանիայի մասնաճյուղը նրանց աջակցելու համար Մագդեբուրգում գտնվող Բեթելում իրավաբանական բաժին բացեց։

Եհովայի վկաները աստիճանաբար հստակեցրին քրիստոնեական չեզոքության վերաբերյալ իրենց հասկացողությունը։ Երբ սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, նրանք չեզոք մնացին՝ բացարձակապես չառնչվելով ռազմական գործողություններին։ Այդ ընթացքում Գերմանիայում նրանց համարում էին երկրի թշնամիներ և դաժանաբար հալածում էին։ Այս թեմայի վերաբերյալ կխոսենք «Մեր արխիվից» հոդվածաշարի այլ հոդվածում։ (Կենտրոնական Եվրոպայի մեր արխիվներից)

^ պարբ. 7 Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Բրիտանիայի՝ Աստվածաշունչ ուսումնասիրողների մասին կարող եք կարդալ «Դիտարանի» 2013 թ. մայիսի 15-ի համարի «Մեր արխիվից. նրանք ամուր մնացին «փորձության ժամին»» հոդվածում։

^ պարբ. 9 Այսպես վարվել առաջարկվում էր «Հազարամյակի արշալույս» ժողովածուի 6-րդ հատորում (1904 թ.) և 1906 թ. օգոստոսի «Սիոնի Դիտարանում» (գերմաներեն)։ 1915 թ. սեպտեմբերի «Դիտարանում» որոշ չափով հստակեցվեց և նշվեց, որ Աստվածաշունչ ուսումնասիրողները պետք է խուսափեն զինվորական ծառայությունից։ Սակայն այդ հոդվածը գերմաներեն հրատարակության մեջ լույս չէր տեսել։

Իմացիր ավելին

Ինչո՞ւ են Եհովայի վկաները քաղաքականապես չեզոք

Եհովայի վկաները իրենց չեզոքությամբ սպառնալի՞ք են երկրի անվտանգությանը։