Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՓԵՏՐՎԱՐ 2017

Ռահվիրաներ Ջորջ Ռոլսթոնը և Արթուր Ուիլիսը կանգ են առել, որ մեքենայի ռադիատորի մեջ ջուր լցնեն (Հյուսիսային տերիտորիա, 1933 թ.)

 ՄԵՐ ԱՐԽԻՎԻՑ

«Չկա չափազանց ծանր կամ երկար ճանապարհ»

«Չկա չափազանց ծանր կամ երկար ճանապարհ»

1937 ԹՎԱԿԱՆԻ մարտի 26-ին ճանապարհորդությունից հոգնած երկու տղամարդ իրենց փոշոտ բեռնատարով հասան Սիդնեյ (Ավստրալիա)։ Մեկ տարի առաջ նրանք հեռացել էին քաղաքից և այդ ընթացքում ճամփորդել էին մայրցամաքի ամենահեռավոր ու լեռնային տարածքներից մի քանիսը՝ անցնելով ավելի քան 19 300 կիլոմետր (12 000 մղոն)։ Այդ մարդիկ ո՛չ հետազոտողներ էին, ո՛չ էլ արկածներ փնտրողներ։ Արթուր Ուիլիսը և Բիլ Նյուլենդսը այն եռանդուն ռահվիրաներից էին, որոնք վճռել էին Աստծու Թագավորության բարի լուրը հասցնել Ավստրալիայի անծայրածիր ամայի տարածքներում ապրող մարդկանց։

Մինչև 1920-ականների վերջերը Ավստրալիայում Աստվածաշունչ ուսումնասիրողների * մի փոքր խումբ քարոզել էր հիմնականում ափամերձ քաղաքներում և շրջակա բնակավայրերում։ Բայց ինչպե՞ս էին նրանք քարոզելու երկրի ներքին շրջաններում՝ նոսր բնակեցված անապատային տարածքում, որի մակերեսը ավելի մեծ է, քան Միացյալ Նահանգների ամբողջ տարածքի կեսը։ Եղբայրները քաջ գիտակցում էին, որ Հիսուսի հետևորդները պետք է նրա մասին վկայեին «մինչև աշխարհի ծայրերը», այդ թվում Ավստրալիայի հեռավոր տարածքներում (Գործ. 1։8)։ Նրանք որոշեցին անել իրենց լավագույնը՝ համոզված լինելով, որ Եհովան կօրհնի իրենց ջանքերը։

ՌԱՀՎԻՐԱՆԵՐԸ ՃԱՆԱՊԱՐՀ ԵՆ ԲԱՑՈՒՄ

1929-ին Քվինսլենդի և Արևմտյան Ավստրալիայի ժողովները մի քանի ավտոֆուրգոններ պատրաստեցին երկրի ներքին շրջաններ հասնելու համար։ Այդ մեքենաներով պետք է ճամփորդեին այն ռահվիրաները, ովքեր կարող էին դիմանալ ծանր պայմաններին և վերանորոգել մեքենաները, երբ դրանք փչանային։ Այս ռահվիրաները այցելեցին շատ վայրեր, որտեղ երբեք վկայություն չէր տրվել։

Այն ռահվիրաները, ովքեր մեքենա չունեին, ամայի տարածքներ գնացին հեծանիվներով։ Օրինակ՝ 1932- ին 23-ամյա Բենետ Բրիքելը հեռացավ Ռոգհեմփթոնից (Քվինսլենդ), որ հինգ ամիս քարոզի երկրի հյուսիսում գտնվող հեռավոր տարածքներում։ Նա իր հեծանիվը բարձել էր ծածկոցներով, հագուստով, ուտելիքով և տարածելու համար նախատեսված մեծ քանակության գրքերով։ Երբ իր հեծանիվի անվադողերը մաշվեցին՝ նա շարունակեց իր ճանապարհը՝ այն վստահությամբ, որ Եհովան կաջակցի իրեն։ Եղբայր Բրիքելը մի կերպ անցավ իր ճանապարհի վերջին 320 կիլոմետրը (200 մղոն) այնպիսի վայրերով, որտեղ շատերը ծարավից մահացել էին։ Հաջորդ  30 տարիների ընթացքում Բրիքելը Ավստրալիայի տարածքում հարյուր հազարավոր կիլոմետրեր անցավ հեծանիվով, մոտոցիկլետով և մեքենայով։ Նա սկիզբ դրեց քարոզչական գործին այն վայրերում, որտեղ ապրում էին բնիկները՝ աբորիգենները, և օգնեց հիմնելու նոր ժողովներ։ Այդ տարածքներում շատերն էին նրան ճանաչում ու հարգում։

ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄ ԵՆ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԸ

Ավստրալիան աշխարհում բնակչության ամենացածր խտություն ունեցող երկրներից է։ Հատկապես նոսր են բնակեցված մեկուսի գյուղական տարածքները։ Ուստի Եհովայի ծառաները վճռել էին մայրցամաքի հեռավոր մասերում գտնել մարդկանց։

Ռահվիրաներ Ստուարտ Կելտին և Ուիլիամ Թորինգթոնը նման վճռականություն դրսևորեցին։ 1933- ին նրանք անցան հսկայական և ավազաթմբերով լի Սիմպսոն անապատը, որ քարոզեն մայրցամաքի սրտում գտնվող Ալիս Սպրինգս քաղաքում։ Երբ նրանց փոքր մեքենան փչացավ, նրանք ճանապարհը շարունակեցին ուղտով, չնայած որ եղբայր Կելտիի մի ոտքը փայտից էր։ Այս ռահվիրաների ջանքերը օրհնվեցին, երբ հանդիպեցին Չարլզ Բերնարտին, որը Ուիլիամ Քրիկ երկաթգծի կայարանի մոտակայքում գտնվող հյուրանոցի տնօրենն էր։ Նա հետագայում ընդունեց ճշմարտությունը, վաճառեց իր հյուրանոցը և 15 տարի ռահվիրայություն արեց մենակ՝ ծառայելով Ավստրալիայի ամենաչոր և մեկուսի որոշ տարածքներում։

Արթուր Ուիլիսը պատրաստվում է գնալ Ավստրալիայի լայնատարած ամայի տարածքներ՝ քարոզելու (Փերթ, Արևմտյան Ավստրալիա, 1936 թ.)

Ինչ խոսք, այս ռահվիրաներին մեծ քաջություն ու հաստատակամություն էր հարկավոր ճանապարհին հանդիպած շատ դժվարություններ հաղթահարելու համար։ Օրինակ՝ դեպի Ավստրալիայի հեռավոր տարածքներ կատարած իրենց ճամփորդություններից մեկի ժամանակ Արթուր Ուիլիսը և Բիլ Նյուլենդսը, որոնց մասին նշվեց հոդվածի սկզբում, երկու շաբաթում մեծ դժվարությամբ անցան 32 կիլոմետր (20 մղոն), քանի որ հորդառատ անձրևները անապատը ասես ցեխի օվկիանոսի վերածած լինեին։ Նրանք՝ երբեմն քրտնահոս և ուժասպառ, կիզիչ արևի տակ իրենց բեռնատարով անցնում էին հսկայական ավազաթմբերի վրայով, քարքարոտ հովիտներով և ավազոտ գետափերով։ Երբ նրանց մեքենան փչանում էր, մի բան, ինչը հաճախ էր լինում, նրանք մի քանի օր ոտքով կամ հեծանիվով գնում էին մոտակա քաղաք և շաբաթներով սպասում էին, մինչև մեքենան նորոգելու համար անհրաժեշտ մասերը տեղ հասնեին։ Չնայած այս դժվարություններին՝ նրանք պահում էին դրական տրամադրվածություն։ Արթուր Ուիլիսը, «Ոսկե դար» պարբերագրից մեջբերում անելով, մի անգամ ասաց. «Չկա չափազանց ծանր կամ երկար ճանապարհ Նրա վկաների համար»։

Չարլզ Հարիսը, որը երկար տարիներ ռահվիրա է ծառայել, ասում է, որ ամայի տարածքներում ունեցած դժվարությունները իրականում ավելի են մոտեցրել իրեն Եհովային։ Նա ավելացնում է. «Ամենալավ կյանքն այն է, որ ապրես հնարավորինս քիչ ունեցվածքով։ Եթե Հիսուսը պատրաստ էր անհրաժեշտության դեպքում քնել բաց երկնքի տակ, ուրեմն չպե՞տք է մենք էլ պատրաստ լինենք նույնն անելու»։ Շատ ռահվիրաներ հենց այդպես էլ արեցին։ Շնորհիվ նրանց անխոնջ ջանքերի՝ բարի լուրը հասավ Ավստրալիա մայրցամաքի բոլոր ծայրերը, և բազմաթիվ մարդիկ Աստծու Թագավորության կողմը դիրք բռնեցին։

^ պարբ. 4 Աստվածաշունչ ուսումնասիրողները 1931 թ.-ից սկսեցին կոչվել Եհովայի վկաներ (Ես. 43։10