Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՓԵՏՐՎԱՐ 2017

Իրականում ո՞վ է առաջնորդում Աստծու ժողովրդին այսօր

Իրականում ո՞վ է առաջնորդում Աստծու ժողովրդին այսօր

«Հիշեցեք նրանց, ովքեր առաջնորդություն են վերցնում ձեր մեջ» (ԵԲՐ. 13։7

ԵՐԳ 125, 43

1, 2. Հիսուսի երկինք համբարձվելուց հետո ի՞նչ հարց գուցե առաջացավ առաքյալների մեջ։

ՀԻՍՈՒՍԻ առաքյալները կանգնած էին Ձիթենյաց լեռան վրա և նայում էին դեպի երկինք։ Նրանք հենց նոր ականատես էին եղել, թե ինչպես իրենց տերը և ընկերը երկինք բարձրացավ, և մի ամպ ծածկեց նրան (Գործ. 1։9, 10)։ Մոտ երկու տարի Հիսուսը նրանց սովորեցրել, հորդորել և առաջնորդել էր։ Բայց այժմ նա այլևս նրանց հետ չէր։ Ի՞նչ էին անելու առաքյալները առանց նրա։

2 Հիսուսը իր աշակերտներին հանձնարարություն էր տվել՝ ասելով. «Իմ վկաները կլինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում, Սամարիայում և մինչև աշխարհի ծայրերը» (Գործ. 1։8)։ Ինչպե՞ս էին նրանք կատարելու այս մեծ գործը։ Հիսուսը վստահեցրել էր նրանց, որ շուտով կստանան սուրբ ոգին (Գործ. 1։5)։ Բայց ո՞վ էր առաջնորդելու նրանց և կազմակերպելու այդ համաշխարհային քարոզչական գործը։ Հնում Եհովան իր ժողովրդին առաջնորդել էր մարդկանց՝ իր տեսանելի ներկայացուցիչների միջոցով։ Ուստի առաքյալները միգուցե մտածեցին. «Եհովան նոր առաջնորդ կնշանակի՞»։

3. ա) Հիսուսի երկինք համբարձվելուց հետո ի՞նչ կարևոր որոշում կայացրին հավատարիմ առաքյալները։ բ) Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։

 3 Երկու շաբաթ չանցած՝ աշակերտները քննեցին Սուրբ Գրքերը, Աստծուց առաջնորդություն խնդրեցին և Հուդա Իսկարիովտացու փոխարեն՝ որպես 12-րդ առաքյալ, Մատաթիային ընտրեցին (Գործ. 1։15–26)։ Ինչո՞ւ էր այս որոշումը կարևոր թե՛ նրանց, թե՛ Եհովայի համար։ Աշակերտները հասկացել էին, որ պետք է 12 առաքյալներ լինեին։ * Հիսուսը ընտրել էր իր առաքյալներին ոչ թե ծառայության մեջ պարզապես ընկերակիցներ ունենալու համար, այլ որ նրանք Աստծու ժողովրդի համար կարևոր դեր կատարեին։ Ո՞րն էր այդ դերը, և ինչպե՞ս Եհովան Հիսուսի միջոցով պատրաստեց նրանց, որ կատարեն այն։ Ի՞նչ նմանատիպ առաջնորդություն է տալիս Աստված այսօր։ Եվ ինչպե՞ս կարող ենք «հիշել նրանց, ովքեր առաջնորդություն են վերցնում» մեր մեջ, հատկապես նրանց, ովքեր կազմում են «հավատարիմ և իմաստուն ծառան» (Եբր. 13։7; Մատթ. 24։45

ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ԱՌԱՋՆՈՐԴ, ՏԵՍԱՆԵԼԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ

4. Երուսաղեմում առաջին դարի առաքյալները և մյուս երեցները ի՞նչ դեր ունեին։

4 Մ. թ. 33-ի Պենտեկոստեի տոնից առաքյալները սկսեցին առաջնորդություն վերցնել քրիստոնեական ժողովում։ Տոնի ժամանակ «Պետրոսը տասնմեկ առաքյալների հետ միասին վեր կացավ» և այնտեղ մեծ խմբով հավաքված հրեաներին և հուդայականությունն ընդունած մարդկանց պատմեց հավիտենական կյանքի տանող ճշմարտությունները (Գործ. 2։14, 15)։ Նրանցից շատերը դարձան քրիստոնյա։ Դրանից հետո այս նոր քրիստոնյաները շարունակեցին այդ ճշմարտությունների մասին սովորել առաքյալներից (Գործ. 2։42)։ Առաքյալները տնօրինում էին ժողովի ֆինանսական միջոցները (Գործ. 4։34, 35)։ Նրանք հոգում էին Աստծու ժողովրդի հոգևոր կարիքները՝ նվիրելով իրենց անձերը «աղոթքին և Աստծու խոսքն ուսուցանելուն» (Գործ. 6։4)։ Նաև նշանակում էին փորձառու քրիստոնյաների, որ նրանք քարոզեն նոր վայրերում (Գործ. 8։14, 15)։ Ժամանակի ընթացքում ուրիշ օծյալ երեցներ միացան առաքյալներին։ Որպես կառավարիչ մարմին՝ նրանք միասին առաջնորդություն էին տալիս բոլոր ժողովներին (Գործ. 15։2

5, 6. ա) Սուրբ ոգին ինչպե՞ս էր ներգործում կառավարիչ մարմնի վրա (տես հոդվածի սկզբի նկարը)։ բ) Հրեշտակները ինչպե՞ս էին աջակցում կառավարիչ մարմնին։ գ) Կառավարիչ մարմինը ինչպե՞ս էր առաջնորդվում Աստծու Խոսքով։

5 Առաջին դարի քրիստոնյաները գիտակցում էին, որ կառավարիչ մարմնին Եհովան է առաջնորդում Հիսուսի՝ իրենց Առաջնորդի միջոցով։ Ինչո՞ւ էին նրանք համոզված դրանում։ Նախ՝ սուրբ ոգին ներգործում էր կառավարիչ մարմնի վրա (Հովհ. 16։13)։ Սուրբ ոգին թափվել էր բոլոր օծյալ քրիստոնյաների վրա, սակայն Երուսաղեմում գտնվող առաքյալների և երեցների վրա այն առանձնահատուկ ձևով էր ներգործում, որպեսզի նրանք կատարեին իրենց դերը որպես վերակացուներ։ Օրինակ՝ մ. թ. 49-ին սուրբ ոգու օգնությամբ կառավարիչ մարմինը որոշում կայացրեց թլփատության վերաբերյալ։ Ժողովները հնազանդվեցին այդ որոշմանը և արդյունքում «շարունակում էին հաստատվել հավատի մեջ, և նրանց թիվը օրեցօր աճում էր» (Գործ. 16։4, 5)։ Այն նամակը, որը հայտնում էր այդ որոշման մասին, ցույց է տալիս, որ կառավարիչ մարմինը նաև դրսևորել է ոգու պտուղը՝ այնպիսի հատկություններ, ինչպիսիք են սերը և հավատը (Գործ. 15։11, 25–29; Գաղ. 5։22, 23

6 Երկրորդ՝ հրեշտակները աջակցում էին կառավարիչ մարմնին։ Օրինակ՝ հրեշտակը ասաց Կոռնելիոսին, որ գտնի Պետրոս առաքյալին։ Երբ Պետրոսը քարոզեց Կոռնելիոսին և նրա բարեկամներին, սուրբ ոգին թափվեց նրանց վրա, չնայած որ նրանք անթլփատ էին։ Կոռնելիոսը առաջին անթլփատ հեթանոսն էր, որ դարձավ քրիստոնյա։ Այս դեպքը առաքյալներին և մյուս  եղբայրներին մղեց ենթարկվել այս հարցում Եհովայի տված առաջնորդությանը և ընդունել անթլփատ հեթանոսներին քրիստոնեական ժողով (Գործ. 11։13–18)։ Հրեշտակները ակտիվորեն աջակցում էին նաև քարոզչական գործին, որը վերահսկում էր կառավարիչ մարմինը (Գործ. 5։19, 20)։ Երրորդ՝ կառավարիչ մարմինն առաջնորդվում էր Աստծու Խոսքով։ Անկախ նրանից՝ ուսմունքային հարցեր էին քննում, թե կազմակերպչական, ոգով օծված այդ երեցները առաջնորդվում էին Սուրբ Գրքերով (Գործ. 1։20–22; 15։15–20

7. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Հիսուսն էր առաջնորդում առաջին դարի քրիստոնյաներին։

7 Թեև առաջին դարի կառավարիչ մարմինը իշխանություն ուներ ժողովում, սակայն այդ տղամարդիկ գիտակցում էին, որ Հիսուսն է իրենց Առաջնորդը։ Պողոս առաքյալը գրեց. «Ոմանց նա [Հիսուսը] ժողովին տվեց որպես առաքյալներ»։ Ապա նա շարունակեց. «Եկեք սիրով ամեն բանում աճենք նրանում, որը գլուխն է, այսինքն՝ Քրիստոսում» (Եփես. 4։11, 15)։ Աշակերտները ոչ թե կոչվեցին որևէ հայտնի առաքյալի անունով, այլ «աստվածային առաջնորդությամբ քրիստոնյաներ անվանվեցին» (Գործ. 11։26)։ Պողոսը հասկանում էր, որ կարևոր է «ամուր կառչած» մնալ այն սուրբգրային ուսմունքներին, որ փոխանցվում էր առաքյալների և առաջնորդություն վերցնող մյուս տղամարդկանց միջոցով։ Նա նաև ավելացրեց. «Սակայն ուզում եմ՝ իմանաք, որ ամեն տղամարդու [այդ թվում կառավարիչ մարմնի անդամների] գլուխը Քրիստոսն է.... իսկ Քրիստոսի գլուխը՝ Աստված» (1 Կորնթ. 11։2, 3)։ Այո՛, լինելով Եհովայի գլխավորության ներքո՝ անտեսանելի և փառավորված Հիսուս Քրիստոսը առաջնորդում էր ժողովը։

«ՍԱ ՄԱՐԴՈՒ ԳՈՐԾ ՉԷ»

8, 9. Ի՞նչ կարևոր դեր ունեցավ եղբայր Ռասելը։

8 19-րդ դարի վերջում Չարլզ Թեյզ Ռասելը և իր ընկերակիցներից ոմանք ջանացին վերահաստատել ճշմարիտ քրիստոնեական երկրպագությունը։ Որպեսզի կարողանան տարածել աստվածաշնչյան ճշմարտությունները տարբեր լեզուներով, նրանք 1884 թ.-ին հիմնադրեցին Սիոնի Դիտարանի և թերթիկի ընկերությունը, որի նախագահը դարձավ եղբայր Ռասելը։ * Նա ջանասիրաբար ուսումնասիրում էր Աստվածաշունչը և քաջաբար մերկացնում էր կեղծ ուսմունքները, ինչպես օրինակ՝ Երրորդությունը և հոգու անմահությունը։ Նա հասկացավ, որ Քրիստոսի վերադարձը անտեսանելի էր լինելու, և «ազգերին սահմանված ժամանակները» լրանալու էին 1914 թ.-ին (Ղուկ. 21։24)։ Եղբայր Ռասելը իր ժամանակը, ուժը և փողը առատաձեռնորեն օգտագործեց, որպեսզի ուրիշներին հայտնի այս ճշմարտությունները։ Ակնհայտ է, որ այդ անչափ կարևոր ժամանակահատվածում Եհովան և ժողովի գլուխը առաջնորդեցին եղբայր Ռասելին։

9 Եղբայր Ռասելը չէր ուզում, որ մարդիկ իրեն հատուկ վերաբերմունքի արժանացնեին։ 1896 թ.-ին նա գրեց. «Մենք չենք ցանկանում, որ մեզ կամ մեր գրվածքները մեծարեն կամ ակնածանքի արժանացնեն, նաև չենք ցանկանում, որ մեզ կոչեն Սրբազան կամ Ռաբբի, և որ մեր անունով կոչվի որևիցե ուղղություն»։ Ավելի ուշ նա ասաց. «Սա մարդու գործ չէ»։

10. ա) Հիսուսը ե՞րբ նշանակեց «հավատարիմ և իմաստուն ծառային»։ բ) Բացատրիր, թե ինչպես Կառավարիչ մարմինը այլևս չի նույնականացվում Դիտարանի ընկերության հետ։

10 Եղբայր Ռասելի մահից երեք տարի անց՝ 1919 թ.-ին, Հիսուսը նշանակեց «հավատարիմ և իմաստուն ծառային»։ Ի՞նչ նպատակով։ Որպեսզի իր տան անդամներին «կերակուրը տա ճիշտ ժամանակին» (Մատթ. 24։45)։ Նույնիսկ այդ վաղ տարիներին օծյալ եղբայրների փոքր խումբը, որոնք ծառայում էին գլխավոր վարչությունում՝ Բրուքլինում  (Նյու Յորք), պատրաստում և մատուցում էին հոգևոր կերակուր Հիսուսի հետևորդների համար։ «Կառավարիչ մարմին» արտահայտությունը սկսեց օգտագործվել մեր հրատարակություններում 1940-ականներից։ Այդ ժամանակներում մեր հասկացողությունը այն էր, որ Կառավարիչ մարմինը սերտորեն կապված է Դիտարանի, Աստվածաշնչի և թերթիկի ընկերության հետ։ Սակայն 1971 թ.-ին Կառավարիչ մարմինը այլևս չէր նույնացվում Դիտարանի ընկերության հետ, որը հանդես էր գալիս որպես իրավաբանական անձ։ Այդուհետ օծյալ եղբայրները կարող էին դառնալ Կառավարիչ մարմնի անդամներ՝ չլինելով Ընկերության տնօրեններ։ Վերջին տարիներին Ընկերությունում և Աստծու ժողովրդի կողմից օգտագործվող այլ իրավաբանական միավորումներում որպես տնօրեններ ծառայում են «ուրիշ ոչխարներից» եղող պատասխանատու եղբայրներ, որպեսզի Կառավարիչ մարմինը իր ողջ ուշադրությունը կենտրոնացնի հոգևոր կերակուր և առաջնորդություն տրամադրելու վրա (Հովհ. 10։16; Գործ. 6։4)։ 2013 թ. հուլիսի 15-ի «Դիտարանում» բացատրվում էր, որ «հավատարիմ և իմաստուն ծառան» օծյալ եղբայրների փոքր խումբ է, որը կազմում է Կառավարիչ մարմինը։

Կառավարիչ մարմինը 1950-ականներին

11. Կառավարիչ մարմինը ինչպե՞ս է գործում։

11 Կառավարիչ մարմնի անդամները միասին են որոշումներ կայացնում։ Նրանք ամեն շաբաթ հանդիպում են ունենում, ինչը նպաստում է սերտ հաղորդակցությանը և միասնությանը (Առակ. 20։18)։ Ամեն տարի նրանք հերթով նախագահում են այդ հանդիպումները, քանի որ նրանցից ոչ ոք մյուսներից ավելի կարևոր չի համարվում (1 Պետ. 5։1)։ Կառավարիչ մարմնի անդամները ծառայում են նաև վեց կոմիտեներում, որտեղ նույնպես հանդիպումները նախագահում են հերթականությամբ։ Յուրաքանչյուր անդամ իրեն չի համարում որպես առաջնորդ իր եղբայրների վրա, այլ որպես «տան անդամ», որը սնվում է հավատարիմ ծառայի կողմից ու հպատակվում է նրա առաջնորդությանը։

1919 թ.-ին նշանակվելուց ի վեր հավատարիմ ծառան հոգևոր կերակուր է պատրաստում Աստծու ժողովրդի համար (տես պարբերություն 10, 11)

«Ո՞Վ Է ԱՅՆ ՀԱՎԱՏԱՐԻՄ ԵՎ ԻՄԱՍՏՈՒՆ ԾԱՌԱՆ»

12. Քանի որ Կառավարիչ մարմինը աստվածային հայտնություններ չի ստանում և ոչ էլ անսխալական է, ի՞նչ հարցեր են ծագում։

12 Կառավարիչ մարմինը աստվածային հայտնություններ չի ստանում և ոչ էլ անսխալական է։ Ուստի հնարավոր է՝ նա սխալվի ուսմունքային կամ կազմակերպչական հարցերում։ «Դիտարանի հրատարակությունների ցանկում» (անգլ.) կա «Հստակեցում մեր հավատալիքներում» ենթաբաժին, որտեղ նշվում են սուրբգրային հասկացողությունների վերաբերյալ վերաճշտումները՝ սկսած 1870 թ.-ից։ * Ինչ խոսք, Հիսուսը չասաց, որ իր նշանակած հավատարիմ ծառայի տված հոգևոր սնունդը կատարյալ կլինի։ Այդ դեպքում ո՞րն է Հիսուսի տված հարցի պատասխանը, թե ով է հավատարիմ և իմաստուն ծառան (Մատթ. 24։45)։ Ի՞նչ փաստեր կան, որ Կառավարիչ մարմինն է այդ ծառան։ Եկեք քննենք դրանք։

13. Սուրբ ոգին ինչպե՞ս է առաջնորդել Կառավարիչ մարմնին։

13 Սուրբ ոգու առաջնորդություն։ Սուրբ ոգին օգնել է Կառավարիչ մարմնին հասկանալ սուրբգրային ճշմարտություններ, որոնք նախկինում հասկանալի չէին։ Օրինակ՝ կարող ենք աչքի անցկացնել վերաճշտված սուրբգրային հասկացողությունները և մտածել դրանց շուրջ։ Անկասկած, ոչ մի մարդ չէր կարող ինքնուրույն հասկանալ և բացատրել «Աստծու խորունկ գաղտնիքները» (կարդա 1 Կորնթացիներ 2։10)։ Կառավարիչ մարմինը ունի նույն տեսակետը, ինչ Պողոսը, որը գրեց. «Այս ամենը մենք նաև խոսում ենք ոչ թե մարդկային իմաստության սովորեցրած խոսքերով, այլ ոգու սովորեցրածներով» (1 Կորնթ. 2։13)։ Դարավոր հավատուրացությունից և հոգևոր խավարից հետո ինչպե՞ս էր հնարավոր աստվածաշնչյան ճշմարտությունների նման արագ բացահայտումը՝ սկսած 1919 թ.-ից։ Անշուշտ,  Աստված առաջնորդեց Կառավարիչ մարմնին իր սուրբ ոգով։

14. Ըստ Հայտնություն 14։6, 7-ի՝ հրեշտակները ինչպե՞ս են աջակցում Աստծու ժողովրդին այսօր։

14 Հրեշտակների աջակցություն։ Այսօր Կառավարիչ մարմինը մի մեծ հանձնարարություն ունի՝ վերահսկել համաշխարհային գործը, որում ներգրավված են ութ միլիոնից ավելի քարոզիչներ։ Ինչո՞ւ է այս գործը հաջողությամբ կատարվում։ Պատճառներից մեկն այն է, որ հրեշտակները դեր ունեն քարոզչության մեջ (կարդա Հայտնություն 14։6, 7)։ Շատ դեպքեր են եղել, երբ քարոզիչները հանդիպել են այնպիսի անհատների, որոնք դրանից կարճ ժամանակ առաջ աղոթքով Աստծուց օգնություն են խնդրել։ * Քարոզչության և աշակերտներ պատրաստելու գործը առաջընթաց է ապրում նույնիսկ այն երկրներում, որտեղ խիստ հակառակություն կա։ Դա հնարավոր է միայն հրեշտակների աջակցության շնորհիվ։

15. Ի՞նչ տարբերություն կա Կառավարիչ մարմնի և քրիստոնեական աշխարհի առաջնորդների միջև։ Բեր օրինակ։

15 Վստահություն Աստծու Խոսքի հանդեպ (կարդա Հովհաննես 17։17)։ Նկատի առնենք՝ ինչ տեղի ունեցավ 1973 թ.- ին։ «Դիտարանի» հունիսի 1-ի համարում այսպիսի հարց կար. «Այն անհատները, ովքեր չեն դադարել ծխախոտ գործածել, համապատասխանո՞ւմ են մկրտության պահանջներին»։ Պատասխանը հետևյալն էր. «Ըստ սուրբգրային սկզբունքների՝ նրանք չեն համապատասխանում»։ Աստվածաշնչյան մի քանի համարներ մեջբերելով՝ «Դիտարանը» բացատրում էր, թե ինչու  ծխախոտից չհրաժարվող անհատը պետք է ընկերակցությունից զրկվի (1 Կորնթ. 5։7; 2 Կորնթ. 7։1)։ Այնտեղ ասվում էր. «Սա բռնատիրական կամ քմահաճ պահանջ չէ։ Այս խստությունը գալիս է Աստծուց, որի մտքերը արձանագրված են նրա գրավոր Խոսքում»։ Ուրիշ ո՞ր կրոնական կազմակերպությունն է ամբողջովին վստահում Աստծու Խոսքին, նույնիսկ երբ այդպես վարվելը դժվարություն է ստեղծում դրա որոշ անդամների համար։ Կրոնի մասին մի գրքում, որը վերջերս է հրատարակվել Միացյալ Նահանգներում, ասվում է. «Քրիստոնյա առաջնորդները հաճախ են փոխում իրենց ուսմունքները, որպեսզի համապատասխանեցնեն իրենց անդամների և հասարակության լայն շրջաններում տարածված տեսակետներին և գաղափարներին»։ Կառավարիչ մարմինը որոշումներ կայացնելիս առաջնորդվում է Աստծու Խոսքով, ոչ թե հասարակության մեջ ընդունված կարծիքով։ Սա փաստում է, որ իրականում Աստված է առաջնորդում իր ժողովրդին այսօր։

«ՀԻՇԵՑԵՔ ՆՐԱՆՑ, ՈՎՔԵՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՎԵՐՑՆՈՒՄ»

16. Ո՞րն է կերպերից մեկը, որով կարող ենք հիշել Կառավարիչ մարմնին։

16 Կարդա Եբրայեցիներ 13։7։ «Հիշեցեք» թարգմանված բառը կարող է նաև թարգմանվել «հիշատակեք»։ Կերպերից մեկը, որով կարող ենք «հիշել նրանց, ովքեր առաջնորդություն են վերցնում», մեր աղոթքներում Կառավարիչ մարմնի մասին հիշատակելն է (Եփես. 6։18)։ Միայն մտածիր, թե ինչ պատասխանատվություններ ունեն նրանք. հոգևոր սնունդ մատուցել, համաշխարհային քարոզչական գործը վերահսկել, նվիրաբերված միջոցները տնօրինել։ Անկասկած, նրանք կարիքը ունեն, որ անդադար աղոթենք նրանց համար։

17, 18. ա) Ինչպե՞ս կարող ենք հետևել Կառավարիչ մարմնի առաջնորդությանը։ բ) Ինչպե՞ս ենք աջակցում հավատարիմ ծառային և Հիսուսին։

17 Իհարկե, Կառավարիչ մարմնին պետք է «հիշել» ոչ միայն նրա մասին աղոթելով, այլ նաև ընդունելով ու հետևելով նրա տված առաջնորդությանը։ Կառավարիչ մարմինը առաջնորդություն է տալիս մեր գրականության, ինչպես նաև ժողովի հանդիպումների և համաժողովների միջոցով։ Բացի այդ, նա նշանակում է շրջանային վերակացուներ, որոնք էլ իրենց հերթին ժողովում նշանակում են երեցներ։ Շրջանային վերակացուները և երեցները հիշում են Կառավարիչ մարմնին՝ սերտորեն հետևելով իրենց տրված առաջնորդությանը։ Մեր Առաջնորդի՝ Հիսուսի նկատմամբ մեր հարգանքը ցույց ենք տալիս, երբ հնազանդվում և հպատակվում ենք այն տղամարդկանց, որոնց միջոցով նա առաջնորդում է մեզ (Եբր. 13։17

18 Կառավարիչ մարմնին կարող ենք «հիշել» նաև ջանասիրաբար մասնակցելով քարոզչական գործին։ Պողոսը հորդորեց քրիստոնյաներին ընդօրինակել նրանց հավատը, ովքեր առաջնորդություն են վերցնում իրենց մեջ։ Հավատարիմ ծառան մեծ հավատ է դրսևորում՝ եռանդորեն աջակցելով և տարածելով Թագավորության բարի լուրը։ Իսկ դու աջակցո՞ւմ ես օծյալներին այս կարևոր գործում։ Եթե այո, ապա կուրախանաս, երբ Հիսուսը քո մասին ասի հետևյալը. «Քանի որ իմ այս եղբայրների միջից փոքրագույններից մեկին արեցիր, ի՛նձ արեցիր» (Մատթ. 25։34–40

19. Ինչո՞ւ ես վճռել հետևել մեր Առաջնորդ Հիսուսին։

19 Երկինք վերադառնալով՝ Հիսուսը չլքեց իր հետևորդներին (Մատթ. 28։20)։ Սուրբ ոգին, հրեշտակները և Աստծու Խոսքը մեծապես օգնել էին նրան առաջնորդություն վերցնելու, երբ երկրի վրա էր։ Ուստի Հիսուսը այսօր նույն աջակցությունն է տալիս հավատարիմ ծառային։ Այդ օծյալ քրիստոնյաները «հետևում են Գառանը, ուր էլ որ նա գնա» (Հայտն. 14։4)։ Հետևաբար, նրանց տված առաջնորդությանը հնազանդվելով՝ մենք հնազանդվում ենք մեր Առաջնորդին՝ Հիսուսին։ Շուտով նա մեզ կառաջնորդի դեպի հավիտենական կյանք (Հայտն. 7։14–17)։ Դա մի բան է, ինչը որևէ մարդ չի կարող խոստանալ։

^ պարբ. 3 Ակներևաբար, Եհովան նպատակադրել էր, որ 12 առաքյալներ կազմեին Նոր Երուսաղեմի «տասներկու հիմնաքարերը» (Հայտն. 21։14)։ Եթե հավատարիմ առաքյալներից մեկը մահանար, կարիք չկար, որ ինչ-որ մեկը նշանակվեր նրա փոխարեն։

^ պարբ. 8 Սկսած 1955 թ.-ից՝ կազմակերպությունը հայտնի է Դիտարանի, Աստվածաշնչի և թերթիկի ընկերություն (Փենսիլվանիա) անունով։

^ պարբ. 12 Տես նաև «Փնտրտուքների ուղեցույց Եհովայի վկաների համար» ձեռնարկի «Հստակեցում մեր հավատալիքներում» ենթաբաժինը։

^ պարբ. 14 Տես ««Հիմնովին վկայություն տանք» Աստծու Թագավորության մասին» գիրքը, էջ 58, 59։