Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՓԵՏՐՎԱՐ 2017

Փրկանք՝ «կատարյալ նվեր» երկնային Հորից

Փրկանք՝ «կատարյալ նվեր» երկնային Հորից

«Ամեն բարի պարգև և ամեն կատարյալ նվեր վերևից է, քանի որ այն իջնում է երկնային լույսերի Հորից» (ՀԱԿ. 1։17

ԵՐԳ 148, 109

1. Փրկանքը ի՞նչ օրհնություններ է հնարավոր դարձնում։

ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ քավիչ զոհի օրհնությունները շատ են։ Փրկանքը Աստծու ընտանիքի մի մասը դառնալու դուռ է բացում Ադամի այն հետնորդների համար, որոնք արդարություն են սիրում։ Հնազանդ մարդկության համար այն նաև հնարավոր է դարձնում երջանիկ կյանքով հավիտյան ապրելու հեռանկարը։ Սակայն փրկանքը ավելին է իրագործում։ Հիսուսը պատրաստ էր մահանալու Եհովայի գերիշխանությունը արդարացնելու համար, ինչն անչափ կարևոր էր թե՛ երկնքում, թե՛ երկրի վրա ապրող յուրաքանչյուրի համար (Եբր. 1։8, 9

2. ա) Հիսուսը մեծ կարևորություն ունեցող ի՞նչ թեմաների մասին է նշում իր աղոթքում (տես հոդվածի սկզբի նկարը)։ բ) Ի՞նչ ենք քննարկելու այս հոդվածում։

2 Մահանալուց և փրկանքը տալուց մոտ երկու տարի առաջ Հիսուսը սովորեցրեց իր աշակերտներին աղոթել՝ ասելով. «Հա՛յր մեր, որ երկնքում ես, թող սրբացվի քո անունը։ Թող գա քո թագավորությունը։ Թող կատարվի քո կամքը ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա» (Մատթ. 6։9, 10)։ Հիսուսի տված զոհը ավելի խորությամբ գնահատելու համար եկեք քննենք,  թե ինչպես է այն կապված Աստծու անվան սրբացման, նրա Թագավորության իշխանության և նպատակի իրականացման հետ։

«ԹՈՂ ՍՐԲԱՑՎԻ ՔՈ ԱՆՈՒՆԸ»

3. Ի՞նչ է ընդգրկում Աստծու անունը, և ինչպե՞ս Սատանան բիծ բերեց այդ սուրբ անվան վրա։

3 Հիսուսը իր տիպար աղոթքում առաջինը նշեց Աստծու անվան սրբացման մասին։ Եհովայի անունը ընդգրկում է նրա ողջ վեհությունը, մեծափառությունը և սրբությունը։ Մեկ ուրիշ աղոթքում Հիսուսը Եհովային դիմեց որպես «Սուրբ Հայր» (Հովհ. 17։11)։ Քանի որ Եհովան սուրբ է, նրա հաստատած բոլոր սկզբունքները և օրենքները նույնպես սուրբ են։ Չնայած դրան՝ Սատանան Եդեմի պարտեզում խորամանկորեն հարցականի տակ դրեց մարդկանց համար չափանիշներ սահմանելու Աստծու իրավունքը։ Եհովայի մասին սուտ խոսելով՝ Սատանան բիծ բերեց նրա սուրբ անվան վրա (Ծննդ. 3։1–5

4. Հիսուսը ինչպե՞ս նպաստեց Աստծու անվան սրբացմանը։

4 Ի տարբերություն Սատանայի՝ Հիսուսը շատ էր սիրում Աստծու անունը (Հովհ. 17։25, 26)։ Նա նպաստեց նրա անվան սրբացմանը (կարդա Սաղմոս 40։8–10)։ Երկրի վրա եղած ժամանակ Հիսուսը իր ապրելակերպով փաստեց, որ տրամաբանական է և արդար, որ Եհովան իր բանական արարածների համար չափանիշներ սահմանի։ Նույնիսկ երբ Սատանան Հիսուսին ենթարկեց տանջալից մահվան, վերջինս ամբողջովին հավատարիմ մնաց իր երկնային Հորը։ Այդպես նա փաստեց, որ կատարյալ մարդը կարող է լիարժեքորեն հնազանդվել Աստծու արդար չափանիշներին։

5. Ինչպե՞ս կարող ենք նպաստել Աստծու անվան սրբացմանը։

5 Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ սիրում ենք Աստծու անունը։ Մեր վարքով։ Եհովան պահանջում է, որ սուրբ լինենք (կարդա 1 Պետրոս 1։15, 16)։ Սա նշանակում է, որ մենք պետք է երկրպագենք միայն Եհովային և ամբողջ սրտով հնազանդվենք նրան։ Նույնիսկ երբ հալածվում ենք, պետք է ամեն ինչ անենք, որ ապրենք նրա արդար սկզբունքներով և օրենքներով։ Արդար գործեր անելով՝ թույլ կտանք, որ մեր լույսը շողա, ինչը փառք կբերի Եհովայի անվանը (Մատթ. 5։14–16)։ Որպես սուրբ ժողովուրդ՝ մեր ապրելակերպով կփաստենք, որ Եհովայի օրենքները ճիշտ են ու արդար, իսկ Սատանայի մեղադրանքները՝ կեղծ։ Երբ սխալներ անենք, ինչն անխուսափելի է, մենք պետք է անկեղծորեն զղջանք և այլևս չանենք բաներ, որոնցով բիծ կբերենք Եհովայի անվան վրա (Սաղ. 79։9

6. Եհովան ինչո՞ւ կարող է մեզ արդար համարել, թեև անկատար ենք։

6 Քրիստոսի քավիչ զոհի հիման վրա Եհովան ներում է նրանց մեղքերը, ովքեր հավատ են դրսևորում։ Եվ այն մարդկանց, ովքեր իրենց անձը նրան են նվիրում, նա ընդունում է որպես իր ծառաներ։ Եհովան օծյալ քրիստոնյաներին արդար է հայտարարում որպես իր որդիներ, իսկ նրանց, ովքեր «ուրիշ ոչխարներից» են, որպես իր ընկերներ (Հովհ. 10։16; Հռոմ. 5։1, 2; Հակ. 2։21–25)։ Ուստի փրկանքը այժմ էլ մեզ համար հնարավոր է դարձնում, որ արդար համարվենք մեր Հոր առաջ և նպաստենք նրա անվան սրբացմանը։

«ԹՈՂ ԳԱ ՔՈ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ»

7. Փրկանքը ի՞նչ օրհնություններ հնարավոր կդարձնի Աստծու Թագավորության ներքո։

7 Հիսուսը տիպար աղոթքում նաև խնդրեց հետևյալը. «Թող գա քո թագավորությունը»։ Ինչպե՞ս է փրկանքը առնչվում Աստծու Թագավորությանը։ Փրկանքը հնարավոր է դարձնում 144 000 օծյալների հավաքը, որպեսզի երկնքում Քրիստոսի հետ ծառայեն որպես թագավորներ և քահանաներ (Հայտն. 5։9, 10; 14։1)։ Հիսուսը և իր իշխանակիցները, որոնք միասին թագավորելու են Աստծու  Թագավորությունում, հոգ կտանեն, որ հազար տարվա ընթացքում հնազանդ մարդիկ լիարժեք օգուտներ ստանան փրկանքից։ Երկիրը կվերածվի դրախտի, և բոլոր հավատարիմ մարդիկ կհասնեն կատարելության։ Արդյունքում՝ Աստծու ընտանիքի երկնային և երկրային մասերը կմիավորվեն (Հայտն. 5։13; 20։6)։ Հիսուսը Սատանայի գլուխը կջախջախի և նրա ըմբոստության հետևանքները ամբողջությամբ կվերացնի (Ծննդ. 3։15

8. ա) Ինչպե՞ս Հիսուսը օգնեց իր աշակերտներին, որ հասկանան Աստծու Թագավորության կարևորությունը։ բ) Այսօր մենք ինչպե՞ս ենք աջակցում Թագավորությանը։

8 Երկրի վրա եղած ժամանակ Հիսուսը օգնեց, որ իր աշակերտները հասկանան Աստծու Թագավորության կարևորությունը։ Իր մկրտությունից անմիջապես հետո Հիսուսը ամենուրեք սկսեց քարոզել «Աստծու թագավորության բարի լուրը» (Ղուկ. 4։43)։ Երկինք համբարձվելուց առաջ Հիսուսը աշակերտներին պատվիրեց, որ իր մասին վկայություն տան «մինչև աշխարհի ծայրերը» (Գործ. 1։6–8)։ Թագավորության քարոզչության շնորհիվ մարդիկ ամենուրեք հնարավորություն կունենային փրկանքի մասին իմանալու և Աստծու Թագավորության հպատակներ դառնալու։ Այսօր մենք աջակցում ենք Թագավորությանը՝ թիկունք կանգնելով երկրի վրա եղած Քրիստոսի եղբայրներին, որպեսզի Թագավորության բարի լուրը քարոզվի աշխարհով մեկ (Մատթ. 24։14; 25։40

«ԹՈՂ ԿԱՏԱՐՎԻ ՔՈ ԿԱՄՔԸ»

9. Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ Եհովան կիրագործի մարդկության առնչությամբ իր նպատակը։

9 Հիսուսը ի՞նչ նկատի ուներ, երբ ասաց. «Թող կատարվի քո կամքը»։ Եհովան Արարիչն է։ Նրա խոստումները միշտ կատարվում են (Ես. 55։11)։ Նա թույլ չի տա, որ Սատանայի ըմբոստությունը խափանի մարդկության առնչությամբ իր նպատակը։ Ի սկզբանե Եհովայի նպատակը այն էր, որ Ադամի ու Եվայի կատարյալ սերունդը լցներ երկիրը (Ծննդ. 1։28)։ Եթե նրանք մահանային առանց երեխաներ ունենալու, երկիրը նրանց սերնդով լցնելու Աստծու նպատակը չէր իրականանա։ Հետևաբար Եհովան թույլ տվեց, որ մեղք գործելուց հետո նրանք երեխաներ ունենան։ Փրկանքի շնորհիվ Աստված հնարավոր դարձրեց, որ նրանք, ովքեր հավատ են ցուցաբերում, հասնեն կատարելության և հավիտյան ապրեն։ Եհովան սիրում է մարդկանց և ցանկանում է, որ հնազանդ մարդիկ ապրեն այնպես, ինչպես նա մտադրել էր։

10. Փրկանքը ի՞նչ օգուտներ է բերելու մահացածներին։

10 Իսկ ի՞նչ կարելի է ասել այն միլիարդավոր մահացած մարդկանց մասին, ովքեր հնարավորություն չեն ունեցել ճանաչելու կամ ծառայելու Եհովային։ Փրկանքը հնարավոր է դարձնում մահացածների հարությունը։ Մեր սիրալիր երկնային Հայրը նրանց դարձյալ կյանքի կկոչի և հնարավորություն կտա, որ իմանան իր նպատակի մասին և հավիտյան ապրեն (Գործ. 24։15)։ Եհովան ուզում է, որ մարդիկ ապրեն, ոչ թե մահանան։ Լինելով կյանքի Աղբյուր՝ նա կդառնա բոլոր հարություն առածների Հայրը (Սաղ. 36։9)։ Ուստի որքա՜ն տեղին է, որ Հիսուսը սովորեցրեց մեզ աղոթել. «Հա՛յր մեր, որ երկնքում ես» (Մատթ. 6։9)։ Եհովան Հիսուսին կարևոր դեր է տվել մահացածներին հարություն տալու գործում (Հովհ. 6։40, 44)։ Դրախտում Հիսուսը կկատարի իր այդ դերը, ինչպես որ իր մասին ասաց. «Ես եմ հարությունը և կյանքը» (Հովհ. 11։25

11. Ո՞րն է Եհովայի կամքը «մեծ բազմության» վերաբերյալ։

11 Եհովան իր օրհնությունները չի նախատեսել միայն սահմանափակ թվով մարդկանց համար։ Դա երևում է Հիսուսի հետևյալ խոսքերից. «Ով կատարում է Աստծու կամքը, նա է իմ եղբայրը,  քույրը և մայրը» (Մարկ. 3։35)։ Աստծու կամքն է, որ մարդկանց «մեծ բազմություն»՝ բոլոր ազգերից, ցեղերից և լեզուներից, դառնան իր հավատարիմ ծառաները։ Նրանք, ովքեր հավատ կդրսևորեն Քրիստոսի փրկանքի հանդեպ և Աստծու կամքը կկատարեն, կարող են լինել այն մարդկանց թվում, ովքեր կփառաբանեն Աստծուն և կասեն. «Փրկության համար պարտական ենք մեր Աստծուն, որ նստած է գահին, և Գառանը» (Հայտն. 7։9, 10

12. Տիպար աղոթքից ինչպե՞ս է երևում Եհովայի նպատակը հնազանդ մարդկության առնչությամբ։

12 Տիպար աղոթքը շատ բան է սովորեցնում մեզ հնազանդ մարդկության առնչությամբ Եհովայի նպատակի մասին։ Այս աղոթքին ներդաշնակ՝ մենք ցանկանում ենք անել ամեն բան Աստծու անունը սրբացնելու համար (Ես. 8։13)։ Իրականում Հիսուսի անունը նշանակում է «Եհովան փրկություն է»։ Ուստի փրկանքը, որը հնարավոր է դարձնում մեր փրկությունը, փառք ու պատիվ է բերում Եհովայի անվանը։ Աստծու Թագավորության միջոցով փրկանքի օգուտները կկիրառվեն հնազանդ մարդկության համար։ Այո՛, տիպար աղոթքը մեզ հավաստիացնում է, որ ոչ մի բան հետ չի կանգնեցնի Աստծուն իր կամքը իրականացնելուց (Սաղ. 135։6; Ես. 46։9, 10

ՑՈՒՅՑ ՏՈՒՐ ՔՈ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՓՐԿԱՆՔԻ ՀԱՄԱՐ

13. Մկրտվելով ի՞նչ ենք ցույց տալիս։

13 Կերպերից մեկը, որով արտահայտում ենք մեր երախտագիտությունը փրկանքի համար, մեր կյանքը Եհովային նվիրելն է ու մկրտվելը։ Մեր մկրտությամբ ցույց ենք տալիս, որ «պատկանում ենք Եհովային» (Հռոմ. 14։8)։ Դրանով նաև խնդրում ենք Աստծուն, որ մաքուր խիղճ տա մեզ (1 Պետ. 3։21)։ Եհովան պատասխանում է այս խնդրանքին՝  Քրիստոսի զոհի արյամբ մաքրելով մեզ։ Մենք լիովին վստահ ենք, որ Եհովան կտա այն ամենը, ինչ խոստացել է (Հռոմ. 8։32

Ինչպե՞ս ենք ցույց տալիս մեր երախտագիտությունը փրկանքի համար (տես պարբերություն 13, 14)

14. Ինչո՞ւ պետք է սիրենք մեր մերձավորին։

14 Ուրիշ ի՞նչ կերպով կարող ենք ցույց տալ մեր երախտագիտությունը փրկանքի համար։ Եհովան ամեն բան անում է սիրուց մղված և ցանկանում է, որ սերը իրեն երկրպագող անհատներին բնորոշող հատկանիշը լինի (1 Հովհ. 4։8–11)։ Սիրելով մեր մերձավորին՝ ցույց ենք տալիս, որ ցանկանում ենք լինել մեր երկնային Հոր որդիները (Մատթ. 5։43–48)։ Չէ՞ որ մերձավորին սիրելը Եհովային սիրելու պատվերից հետո երկրորդ կարևոր պատվիրանն է (Մատթ. 22։37–40)։ Այս պատվիրանը կատարելու գլխավոր կերպերից մեկը Աստծու Թագավորության մասին բարի լուրը քարոզելու հրահանգին հնազանդվելն է։ Մերձավորին սիրելով՝ մենք արտացոլում ենք Աստծու փառքը։ Իրականում, երբ սիրում ենք մարդկանց, հատկապես մեր հավատակիցներին, Աստծու հանդեպ «սերը մեր մեջ կատարյալ է դառնում» (1 Հովհ. 4։12, 20

ՓՐԿԱՆՔԻ ՇՆՈՐՀԻՎ ԵՀՈՎԱՆ ԹԱՐՄՈՒԹՅՈՒՆ Է ԲԵՐՈՒՄ

15. ա) Եհովայից ի՞նչ օրհնություններ ենք ստանում այսօր։ բ) Ի՞նչ օրհնություններ են սպասում մեզ ապագայում։

15 Փրկանքի հանդեպ հավատը մեզ հնարավորություն է տալիս լիարժեք ներում ստանալու։ Աստծու Խոսքը վստահեցնում է, որ մեր «մեղքերը կջնջվեն» (կարդա Գործեր 3։19–21)։ Ինչպես արդեն քննարկեցինք, Եհովան փրկանքի շնորհիվ որդեգրում է ոգով օծված ծառաներին որպես իր որդիներ (Հռոմ. 8։15–17)։ Ինչ վերաբերում է «ուրիշ ոչխարներին», կարծես թե Եհովան նրանց որդեգրման վկայական է տալիս։ Երբ նրանք կատարելության հասնեն և անցնեն վերջնական փորձությունը, Եհովան «կստորագրի» այդ վկայականը՝ ընդունելով նրանց որպես իր երկրային զավակներ (Հռոմ. 8։20, 21; Հայտն. 20։7–9)։ Եհովայի սերը իր զավակների հանդեպ հավիտենական է։ Այդ պատճառով փրկանքի բերած օգուտները նույնպես անվերջ են (Եբր. 9։12)։ Այս պարգևը երբեք չի կորցնի իր արժեքը։ Որևէ մեկը կամ որևէ իշխանություն չի կարող մեզ զրկել դրանից։

16. Փրկանքը ինչպե՞ս է մեզ ազատում։

16 Եթե մենք անկեղծորեն զղջում ենք մեր մեղքերի համար, Բանսարկուն ոչ մի կերպ չի կարող խոչընդոտել, որ ի վերջո դառնանք Եհովայի ընտանիքի անդամ։ Հիսուսը, «միայն մեկ անգամ հայտնվելով»՝ երկիր գալով և մահանալով, մեկընդմիշտ վճարեց փրկանքի գինը (Եբր. 9։24–26)։ Դրանով Ադամի բերած դատապարտությունը չեղյալ է համարվում։ Հիսուսի զոհաբերության շնորհիվ մենք ազատվում ենք Սատանայի իշխանության տակ եղող աշխարհի կապանքներից և այլևս չենք վախենում մահից (Եբր. 2։14, 15

17. Ի՞նչ նշանակություն ունի Եհովայի սերը քեզ համար։

17 Աստծու խոստումները վստահարժան են։ Ինչպես որ Եհովայի սահմանած բնության օրենքներն են անփոփոխ, այնպես էլ նա։ Եհովան երբեք չի փոխվում (Մաղ. 3։6)։ Նա մեզ կյանքի պարգևը տալուց ավելին է անում. սիրում է մեզ։ Աստվածաշունչն ասում է. «Մենք ինքներս իմացանք և հավատացինք, որ Աստված սեր ունի մեր հանդեպ։ Աստված սեր է» (1 Հովհ. 4։16)։ Շուտով ամբողջ երկիրը կվերածվի հիասքանչ դրախտի, և այնտեղ բնակվող յուրաքանչյուր մարդ կարտացոլի Աստծու սերը։ Թող որ մենք էլ Աստծու երկնային մյուս ծառաների հետ ասենք. «Օրհնությունը, փառքը, իմաստությունը, գոհությունը, պատիվը, զորությունը և ուժը լինի մեր Աստծուն հավիտյանս հավիտենից։ Ամեն» (Հայտն. 7։12