Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՓԵՏՐՎԱՐ 2017

Եհովայի նպատակը անպատճառ կիրականանա

Եհովայի նպատակը անպատճառ կիրականանա

«Ես ասել եմ ու կկատարեմ, մտադրվել եմ ու կանեմ» (ԵՍ. 46։11

ԵՐԳ 147, 149

1, 2. ա) Ի՞նչ է հայտնել մեզ Եհովան։ բ) Եսայիա 46։10, 11-ում և 55։11- ում ի՞նչ վստահեցում է տրվում։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ առաջին խոսքերը մի պարզ, սակայն խոր միտք են արտահայտում. «Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը» (Ծննդ. 1։1)։ Մենք քիչ բան գիտենք Աստծու ստեղծագործությունների վերաբերյալ, օրինակ՝ տարածության, լույսի և ձգողության ուժի մասին, նաև տեսնում ենք տիեզերքի ընդամենը մի փոքր մասը (Ժող. 3։11)։ Սակայն Եհովան հայտնել է մեզ իր նպատակը երկրի և մարդկության առնչությամբ։ Երկիրը պետք է լիներ իդեալական տուն մարդկանց համար, որոնք ստեղծվել էին Աստծու պատկերով (Ծննդ. 1։26)։ Նրանք լինելու էին Եհովայի զավակները, իսկ Եհովան՝ նրանց Հայրը։

2 Ինչպես իմանում ենք «Ծննդոց» գրքի երրորդ գլխից, մի խնդիր ծագեց, որը խոչընդոտ հանդիսացավ Եհովայի նպատակի իրականացման համար (Ծննդ. 3։1–7)։ Սակայն այդ խոչընդոտը անհաղթահարելի չէր։ Ոչ ոք չի կարող կանգնել Եհովայի ճանապարհին (Ես. 46։10, 11; 55։11)։ Ուստի կարող ենք վստահ լինել, որ Եհովայի սկզբնական նպատակը կիրականանա ճիշտ ժամանակին։

3. ա) Որո՞նք են աստվածաշնչյան հիմնական ճշմարտությունները։ բ) Ինչո՞ւ է տեղին, որ այժմ անդրադառնանք այս ուսմունքներին։ գ) Ի՞նչ հարցեր ենք քննարկելու։

3 Ինչ խոսք, մենք գիտենք աստվածաշնչյան այն ճշմարտությունները, որոնք վերաբերում են երկրի ու մարդկության  առնչությամբ Աստծու նպատակին և այդ նպատակի իրականացման մեջ Հիսուս Քրիստոսի ունեցած գլխավոր դերին։ Սրանք սուրբգրային հիմնական ուսմունքներից են և հավանաբար այն առաջին ճշմարտություններից, որ սովորել ենք, երբ սկսել ենք ուսումնասիրել Աստծու Խոսքը։ Մենք ուզում ենք օգնել անկեղծ մարդկանց իմանալ այս կենսական ուսմունքները։ Այս օրերին մենք ձգտում ենք հնարավորինս շատ մարդկանց հրավիրել Հիսուսի մահվան Հիշատակի երեկոյին (Ղուկ. 22։19, 20)։ Նրանք, ովքեր ներկա կլինեն, Աստծու նպատակի մասին շատ բաներ կիմանան։ Քանի որ ընդամենը մի քանի օր է մնացել Հիշատակի երեկոյին, տեղին կլինի մտածել, թե ինչ հարցեր կարող ենք օգտագործել այս միջոցառման հանդեպ Աստվածաշունչ ուսումնասիրողների և այլ անկեղծ մարդկանց մեջ հետաքրքրություն արթնացնելու համար։ Կքննարկենք երեք հարց։ Ո՞րն էր Աստծու նպատակը երկրի և մարդկության առնչությամբ։ Ինչո՞ւ մարդիկ կորցրին իրենց դրախտ-տունը։ Ինչո՞ւ է Հիսուսի քավիչ զոհը այն բանալին, որը դուռ է բացում Աստծու նպատակի իրականացման համար։

Ո՞ՐՆ ԷՐ ԱՐԱՐՉԻ ՆՊԱՏԱԿԸ

4. Ինչպե՞ս է ստեղծագործությունը հռչակում Եհովայի փառքը։

4 Եհովայի ձեռքի գործերը ակնածանք են ներշնչում։ Նրա ստեղծագործության մեջ չկա գեթ մեկ խոտան (Ծննդ. 1։31; Երեմ. 10։12)։ Ի՞նչ ենք սովորում այն գեղեցկությունից և կարգուկանոնից, որ տեսնում ենք արարչագործության մեջ։ Երբ նայում ենք ստեղծագործությանը, տպավորվում ենք Եհովայի ձեռքի գործերով։ Դրանք, լինեն մեծ թե փոքր, ծառայում են մի որևէ կարևոր նպատակի։ Մեզանից ո՞վ չի զարմանում, թե որքան բարդ կառուցվածք ունի մարդկային բջիջը, ո՞վ չի հիանում՝ նայելով, թե որքան նուրբ ու քնքուշ է նորածին մանկիկը, կամ ո՞վ չի զմայլվում մայրամուտի անկրկնելի գեղեցկությամբ։ Մենք հիանում ենք այս ամենով, քանի որ օժտված ենք գեղեցիկը նկատելու և գնահատելու ունակությամբ (կարդա Սաղմոս 19։1; 104։24

5. Եհովան ինչպե՞ս է իր ստեղծագործության մեջ կարգուկանոն հաստատել։

5 Եհովայի ստեղծագործություններից տեսնում ենք, որ նա ամեն բան ներդաշնակ է արել և կարգուկանոն է հաստատել՝ սահմանելով ֆիզիկական և բարոյական օրենքներ (Սաղ. 19։7–9)։ Տիեզերքում գոյություն ունեցող ամեն ինչ Աստծու նպատակում ունի իր տեղը և դերը։ Օրինակ՝ ձգողության ուժը մթնոլորտը պահում է Երկրի շուրջը։ Ձգողականությամբ է պայմանավորված նաև օվկիանոսների մակընթացությունն ու տեղատվությունը։ Այն նպաստում է ֆիզիկական կարգուկանոնի, առանց որի բնականոն կյանք գոյություն չէր ունենա երկրի վրա։ Բոլոր արարածները, այդ թվում մարդիկ ենթարկվում են բնության մեջ գործող օրենքներին։ Տիեզերքում սահմանված այս կարգուկանոնը ցույց է տալիս, որ Աստված նպատակ ունի երկրի և մարդկանց առնչությամբ։ Ծառայության ժամանակ մի՞թե չարժե մարդկանց ուշադրությունը հրավիրել այս ամենն Արարողի և այսպիսի զարմանահրաշ կարգուկանոն Հաստատողի վրա (Հայտն. 4։11

6, 7. Եհովան ի՞նչ պարգևներ տվեց Ադամին ու Եվային։

6 Եհովայի նպատակն էր, որ մարդիկ հավիտյան ապրեին երկրի վրա (Ծննդ. 1։28; Սաղ. 37։29)։ Նա Ադամին ու Եվային տվեց թանկ պարգևներ, որոնց շնորհիվ նրանք կարող էին վայելել կյանքը (կարդա Հակոբոս 1։17)։ Օրինակ՝ տվեց ազատ կամք, օժտեց տրամաբանելու, սիրելու և ընկերական մտերիմ հարաբերություններ ունենալու կարողությամբ։ Արարիչը նաև ասաց Ադամին, թե ինչպես նա կարող է ցույց տալ իր հնազանդությունը։ Նա Ադամին սովորեցրեց ինչպես հոգալ իր կարիքները և ինչպես մշակել երկիրը ու հոգ տանել կենդանիներին (Ծննդ. 2։15–17, 19, 20)։ Ադամն ու Եվան ստեղծվել էին  համի, հոտի, տեսողության, լսողության և շոշափելիքի զգայարաններով։ Ուստի կարող էին լիովին վայելել իրենց դրախտային տան գեղեցկությունն ու առատությունը։ Նրանք կարող էին հաճույք ստանալ աշխատանքից և իրենց համար շարունակ նորանոր բաներ բացահայտել։

7 Ուրիշ ի՞նչ նպատակ ուներ Աստված մարդկանց առնչությամբ։ Նա Ադամին ու Եվային ստեղծել էր կատարյալ երեխաներ ունենալու կարողությամբ։ Նրանց երեխաներն էլ իրենց հերթին պետք է երեխաներ ունենային, մինչև որ Ադամի մեծ ընտանիքը լցներ ամբողջ երկիրը։ Բոլոր ծնողները պետք է սիրեին իրենց երեխաներին, ինչպես որ Եհովան էր սիրում իր կատարյալ զավակներին՝ Ադամին ու Եվային։ Երկիրը իր բոլոր բարիքներով դառնալու էր նրանց մշտական տունը (Սաղ. 115։16

Ի՞ՆՉ ԽՆԴԻՐ ԾԱԳԵՑ

8. Ո՞րն էր Ծննդոց 2։16, 17-ում գրված օրենքի նպատակը։

8 Այնուամենայնիվ, ինչպես դեռ կտեսնենք, ամեն ինչ այնպես չընթացավ, ինչպես Աստված էր նպատակադրել։ Եհովան Ադամին ու Եվային տվել էր մի պարզ օրենք, որը կբացահայտեր, թե արդյոք նրանք գիտակցում են իրենց ազատության սահմանները։ Նա ասել էր. «Պարտեզի ամեն ծառից կարող ես ուտել որքան ուզում ես։ Բայց ինչ վերաբերում է բարին ու չարը գիտենալու ծառին, դրանից չուտես, քանի որ այն օրը, երբ դրանից ուտես, անշուշտ, պիտի մեռնես» (Ծննդ. 2։16, 17)։ Ադամի ու Եվայի համար դժվար չէր հասկանալ այս օրենքը և բոլորովին դժվար չէր հնազանդվել դրան։ Չէ՞ որ նրանք առատ ուտելիք ունեին։

9, 10. ա) Սատանան ինչո՞ւմ մեղադրեց Եհովային։ բ) Ադամն ու Եվան ի՞նչ որոշում կայացրին (տես հոդվածի սկզբի նկարը)։

9 Բանսարկու Սատանան օձի միջոցով մոլորեցրեց կնոջը, որ վերջինս չհնազանդվի իր Հորը՝ Եհովային (կարդա Ծննդոց 3։1–5; Հայտն. 12։9)։ Սատանան հարցականի տակ դրեց Աստծու պատվերը՝ ասելով. «Իսկապե՞ս Աստված ասաց, որ պարտեզի ոչ մի ծառից չպետք է ուտեք»։ Այդ խոսքերով նա կարծես ասաց. «Փաստորեն, չեք կարող անել այն, ինչ ուզում եք»։ Հետո բացահայտ սուտ ասաց. «Դուք, անշուշտ, չեք մեռնի»։ Սատանան փորձեց համոզել Եվային, որ կարիք չկա լսելու Աստծուն՝ ասելով. «Աստված գիտի, որ հենց այն օրը, երբ ուտեք դրանից, ձեր աչքերը կբացվեն»։ Նա ակնարկեց, թե Եհովան չի ուզում, որ նրանք ուտեն պտուղը, քանի որ այն ուտելով՝ ավելի շատ բան կհասկանան։ Այնուհետև Սատանան սուտ խոստում տվեց. «Դուք Աստծու պես կլինեք՝ բարին ու չարը իմացող»։

10 Ադամն ու Եվան պետք է որոշեին՝ հնազանդվել Եհովայի՞ն, թե՞ ականջ դնել օձին։ Նրանք որոշեցին չհնազանդվել Աստծու պատվերին։ Այդպես նրանք Սատանայի կողմն անցան։ Նրանք մերժեցին Եհովային որպես իրենց Հոր և դուրս եկան նրա ապահով ու հոգատար ձեռքի տակից (Ծննդ. 3։6–13

11. Ինչո՞ւ Եհովան չհանդուրժեց ըմբոստությունը։

11 Ըմբոստանալով Եհովայի դեմ՝ Ադամն ու Եվան կորցրին իրենց կատարելությունը։ Ավելին, նրանք օտարացան Եհովայից, քանի որ նրա «աչքերը չափազանց մաքուր են, որ նայեն չարիքին»։ Նա չի կարող հանդուրժել ամբարշտությունը (Ամբ. 1։13)։ Եթե նա հանդուրժեր այդ ըմբոստությունը, ապա թե՛ երկնքում, թե՛ երկրի վրա եղած բոլոր կենդանի արարածների բարօրությունը վտանգի կենթարկվեր։ Բացի այդ, եթե Աստված ոչինչ չաներ Եդեմում տեղի ունեցածի հետ կապված, կասկածի տակ կդրվեր նրա վստահելի լինելը։ Սակայն Եհովան հավատարիմ է իր իսկ չափանիշներին, նա երբեք չի խախտում դրանք (Սաղ. 119։142)։ Հետևաբար, ազատ կամքը իրավունք չէր տալիս Ադամին ու Եվային արհամարհելու Աստծու օրենքը։ Իրենց ըմբոստության հետևանքով նրանք մահացան և դարձան հող, որից ստեղծվել էին (Ծննդ. 3։19

12. Ի՞նչ եղավ Ադամի երեխաներին։

 12 Արգելված պտուղն ուտելուց հետո Ադամն ու Եվան այլևս չէին կարող լինել Աստծու տիեզերական ընտանիքի անդամ։ Աստված դուրս հանեց նրանց Եդեմից, և նրանք երբևէ չէին կարող վերադառնալ այնտեղ (Ծննդ. 3։23, 24)։ Այդպես Եհովան արդարացիորեն այնպես արեց, որ նրանք կրեն իրենց որոշման հետևանքները (կարդա 2 Օրենք 32։4, 5)։ Դառնալով անկատար՝ մարդն այլևս չէր կարող կատարելապես արտացոլել Աստծու հատկությունները։ Ադամը ոչ միայն կորցրեց իր սքանչելի ապագան, այլև իր երեխաներին փոխանցեց անկատարություն, մեղք ու մահ (Հռոմ. 5։12)։ Նա զրկեց իր հետնորդներին անվերջ կյանքի հեռանկարից։ Բացի այդ, Ադամն ու Եվան չէին կարող ունենալ կատարյալ երեխաներ, ոչ էլ նրանց երեխաներից որևէ մեկը կարող էր։ Ադամին ու Եվային Աստծուց հեռացնելուց հետո էլ Սատանան մինչ օրս շարունակում է մոլորեցնել մարդկանց (Հովհ. 8։44

ՓՐԿԱՆՔ. ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԻՋՈՑ

13. Եհովան ի՞նչ է ցանկանում մարդկանց համար։

13 Չնայած Ադամն ու Եվան ըմբոստացան Աստծու դեմ, սակայն մարդկանց հանդեպ նրա սերը չմարեց։ Աստված ուզում է, որ մարդիկ լավ փոխհարաբերություններ ունենան իր հետ։ Նա չի ցանկանում, որ որևէ մեկը մահանա (2 Պետ. 3։9)։ Ուստի ըմբոստությունից անմիջապես հետո Աստված քայլեր ձեռնարկեց՝ մարդկանց հնարավորություն ընձեռելով վերականգնելու իր հետ փոխհարաբերությունները։ Ընդ որում նա միաժամանակ պահեց իր արդար չափանիշները։ Ինչպե՞ս Եհովան արեց դա։

14. ա) Ըստ Հովհաննես 3։16-ի՝ ի՞նչ արեց Եհովան, որ մարդկանց համար հնարավոր դարձնի հավիտենական կյանքը։ բ) Ո՞ր հարցն է հարկավոր քննել հետաքրքրվող անհատների հետ։

14 Կարդա Հովհաննես 3։16։ Շատերին, ում հրավիրում ենք Հիշատակի երեկոյի, այս համարը ծանոթ է։ Սակայն կարևոր է այն հարցը, թե ինչպես է Հիսուսի զոհը հնարավոր դարձնում հավիտենական կյանքը։ Մասնակցելով քարոզարշավին ու Հիշատակի երեկոյին և հետագայում վերայցելելով նրանց, ովքեր ներկա են գտնվել այդ միջոցառմանը՝ մենք հնարավորություն ենք ունենում օգնելու ճշմարտությունը փնտրող անկեղծ անհատներին հասկանալ այս կարևոր հարցի պատասխանը։ Նրանք գուցե տպավորվեն, երբ սկսեն ավելի լավ հասկանալ, թե ինչպես է Եհովան, փրկանքը տալով, սեր և իմաստություն դրսևորել։ Փրկանքի հետ կապված ո՞ր մտքերը կարող ենք նշել։

15. Ինչո՞վ էր Հիսուսը տարբերվում Ադամից։

15 Եհովան հնարավոր դարձրեց, որ կատարյալ մարդու միջոցով փրկանք տրվի։ Այդ կատարյալ մարդը պետք է հավատարիմ մնար Եհովային և պատրաստ լիներ իր կյանքը տալ մարդկության համար (Հռոմ. 5։17–19)։ Եհովան իր ստեղծած առաջին էակի կյանքը երկնքից տեղափոխեց երկրի վրա (Հովհ. 1։14)։ Այսպես Հիսուսը դարձավ կատարյալ մարդ, ինչպես Ադամն էր։ Բայց ի տարբերություն Ադամի՝ Հիսուսը պահեց այն չափանիշները, որ Եհովան ակնկալում էր կատարյալ մարդուց։ Նույնիսկ ամենածանր փորձությունների ժամանակ Հիսուսը երբեք մեղք չգործեց և չոտնահարեց Աստծու օրենքները։

16. Ինչո՞ւ է փրկանքը թանկ նվեր։

16 Որպես կատարյալ մարդ՝ Հիսուսը կարող էր փրկել մարդկությանը մեղքից ու մահից՝ մահանալով նրանց համար։ Հիսուսը ամբողջովին համապատասխանեց այն ամենին, ինչ ակնկալվում էր Ադամից. կատարյալ մարդ, որը լիովին հավատարիմ ու հնազանդ կմնար Աստծուն (1 Տիմոթ. 2։6)։ Հիսուսը եղավ այն փրկանքը, որը հավիտենական կյանքի ճանապարհ բացեց «շատերի» համար՝ և՛ տղամարդկանց, և՛ կանանց՛, և՛ երեխաների (Մատթ. 20։28)։ Իսկապես, Հիսուսի քավիչ զոհը այն բանալին  է, որը դուռ է բացում Աստծու նպատակի իրականացման համար (2 Կորնթ. 1։19, 20)։ Փրկանքի միջոցով բոլոր հավատարիմ մարդկանց համար հավիտենական կյանքի հեռանկար բացվեց։

ԵՀՈՎԱՆ ԲԱՑԵԼ Է ԴՈՒՌԸ

17. Ի՞նչ է հնարավոր դարձնում փրկանքը։

17 Եհովան թանկ վճարեց՝ տալով փրկանքը (1 Պետ. 1։19)։ Մարդիկ այնքան թանկ են նրա համար, որ նա պատրաստ էր թույլ տալ, որ իր միածին Որդին մահանար մեզ համար (1 Հովհ. 4։9, 10)։ Ինչ-որ առումով Հիսուսը փոխարինեց մեր առաջին մարդկային հորը՝ Ադամին (1 Կորնթ. 15։45)։ Այդպես Հիսուսը ոչ միայն վերականգնեց հավիտենական կյանքի հեռանկարը, այլև մեզ համար հնարավոր դարձրեց Աստծու ընտանիք վերադառնալը։ Այո՛, Հիսուսի քավիչ զոհի հիման վրա Եհովան կարող է ընդունել մեզ իր ընտանիք առանց իր արդար չափանիշները խախտելու։ Մի՞թե մեր սրտերը չեն ջերմանում, երբ մտածում ենք այն մասին, որ հավատարիմ մարդիկ կատարելության կհասնեն։ Այդ ժամանակ երկնքում և երկրի վրա եղողները կմիավորվեն որպես մեկ ընտանիք։ Մենք բոլորս կլինենք Աստծու զավակներ (Հռոմ. 8։21

18. Եհովան ե՞րբ կլինի «ամեն ինչ ամենքի համար»։

18 Սատանայի ըմբոստությունը չխանգարեց Եհովային, որ նա սեր դրսևորի մարդկության նկատմամբ, ոչ էլ կարող է անկատար մարդկանց հետ պահել Եհովային նվիրված մնալուց։ Փրկանքի միջոցով Եհովան կօգնի իր բոլոր զավակներին դառնալ լիովին արդար։ Պատկերացրու՝ ինչպիսին կլինի կյանքը, երբ ամեն անհատ, ով «տեսնում», կամ՝ ընդունում է Որդուն և «հավատում է նրան», հավիտենական կյանք ունենա (Հովհ. 6։40)։ Մեր սիրառատ և իմաստուն Հայրը՝ Եհովան, կիրագործի իր սկզբնական նպատակը, որի արդյունքում մարդկային ընտանիքը կդառնա կատարյալ։ Այդ ժամանակ Եհովան՝ մեր Հայրը, կլինի «ամեն ինչ ամենքի համար» (1 Կորնթ. 15։28

19. ա) Փրկանքի հանդեպ գնահատանքը մեզ ի՞նչ անելու է մղում (տես « Շարունակենք փնտրել նրանց, ովքեր արժանի են» շրջանակը)։ բ) Փրկանքի հետ կապված ի՞նչ ենք քննելու մյուս հոդվածում։

19 Փրկանքի հանդեպ երախտագիտությունը պետք է մղի մեզ անելու ամեն բան, որպեսզի մարդկանց հայտնենք, որ նրանք կարող են օգուտներ քաղել այդ թանկ պարգևից։ Մարդիկ պետք է իմանան, որ փրկանքն է այն միջոցը, որով Եհովան մարդկության համար հնարավոր է դարձնում հավիտենական կյանքի հեռանկարը։ Սակայն փրկանքը ավելին է իրականացրել։ Հաջորդ հոդվածում կքննարկենք, թե ինչպես է Հիսուսի զոհը կապված Եդեմում Սատանայի բարձրացրած հարցերի հետ։