Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՓԵՏՐՎԱՐ 2016

Շարունակիր ուրախությամբ ծառայել Եհովային

Շարունակիր ուրախությամբ ծառայել Եհովային

Ո՞ՐՆ է կյանքիդ ամենաերջանիկ օրը։ Քո ամուսնությա՞ն օրն է, թե՞ առաջնեկիդ ծննդյան։ Իսկ գուցե դա քո մկրտությա՞ն օրն է։ Այո՛, հնարավոր է՝ երբ մկրտվեցիր, դա քեզ համար ամենակարևոր և ամենաերջանիկ օրն էր։ Հավատակիցներիդ ուրախությանն էլ չափ չկար, քանի որ դու հանրորեն ցույց տվեցիր, որ սիրում ես Աստծուն քո ամբողջ սրտով, հոգով, մտքով և ուժով (Մարկ. 12:30

Շատ հավանական է, որ մեծ ուրախություն ես ստացել մկրտությունից հետո Եհովային ծառայելուց։ Սակայն Թագավորության քարոզիչներից ոմանք կորցրել են այն ուրախությունը, որ ունեցել են նախկինում։ Ինչո՞ւ է այդպես պատահել։ Ի՞նչ պատճառներ ունենք շարունակելու ուրախությամբ ծառայել Եհովային։

ԻՆՉՈՒ ԵՆ ՈՄԱՆՔ ԿՈՐՑՆՈՒՄ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆԸ

Թագավորության լուրը ուրախություն է պատճառում մեզ, քանի որ Եհովան խոստացել է, որ շուտով վերջ է դնելու ներկայիս չար համակարգին և հաստատելու է նոր աշխարհը։ Սոփոնիա 1:14-ը վստահեցնում է մեզ. «Մոտ է Եհովայի մեծ օրը, մոտ է ու շատ շտապում է»։ Սակայն եթե մեր ակնկալածից երկար ենք սպասում այդ օրվան, թերևս կորցնենք մեր ուրախությունը և Աստծուն սուրբ ծառայություն մատուցելու եռանդը (Առակ. 13:12

Կերտիչ ընկերակցությունը, որ վայելում ենք Աստծու ժողովրդի հետ, օգնում է մեզ շարունակելու ուրախությամբ ծառայել Եհովային։ Հնարավոր է՝ Եհովայի ծառաների լավ վարքն է ձգել մեզ դեպի ճշմարիտ երկրպագությունը և նպաստել, որ սկսենք ուրախությամբ ծառայել նրան (1 Պետ. 2:12)։ Բայց ի՞նչ կարող է պատահել, եթե հավատակիցներից մեկը հանդիմանություն ստանա, քանի որ չի ապրում Աստծու չափանիշների համաձայն։ Նրանք, ովքեր եկել են ճշմարտության, որովհետև տպավորված են եղել Եհովայի ժողովրդի ունեցած լավ վարքով, կարող են հիասթափվել և կորցնել իրենց ուրախությունը։

Սատանայի համակարգի առևտրական պրոպագանդան նույնպես կարող է խլել մեր ուրախությունը։ Բանսարկուն իր աշխարհի միջոցով ուզում է մեզ համոզել, որ մենք ունենք որոշ բաների կարիքը, որոնք մեզ իրականում անհրաժեշտ չեն։ Սակայն լավ կլինի, որ հիշենք Հիսուսի խոսքերը. «Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել, որովհետև կա՛մ մեկին կատի և մյուսին կսիրի, կա՛մ էլ մեկին կհարի և մյուսին կարհամարհի։ Չեք կարող ծառայել և՛ Աստծուն, և՛ Հարստությանը» (Մատթ. 6:24 Մենք չենք կարող ծառայել Եհովային ուրախությամբ և միևնույն ժամանակ փորձել ամեն ինչ ունենալ այս աշխարհում։

ՈՒՐԱԽԱՆԱՆՔ ՄԵՐ ՓՐԿՈՒԹՅԱՆ ԱՍՏԾՈՎ

Եհովային սիրողների համար իրեն ծառայելը ծանրաբեռնող չէ (1 Հովհ. 5:3)։ Հիշիր, թե ինչ ասաց Հիսուսը. «Ինձ մոտ եկեք բոլոր հոգնածներ ու բեռնավորվածներ, և ես կթարմացնեմ ձեզ։ Իմ լուծը ձեզ վրա վերցրեք և սովորեք ինձանից, որ հեզ եմ ու սրտով խոնարհ, և դուք թարմություն կգտնեք ձեր հոգիների համար, որովհետև իմ լուծը հարմար է և իմ բեռը՝ թեթև» (Մատթ. 11:28–30)։ Քրիստոսի աշակերտ լինելու լուծը թարմացնում և ուրախություն է պարգևում։ Մենք Եհովային ծառայելուց իսկապես մեծ ուրախություն ենք ստանում։ Այժմ տեսնենք, թե ինչ պատճառներ ունենք փրկության Աստծով ուրախանալու համար (Ամբ. 3:18)։ Անդրադառնանք դրանցից երեքին։

Ծառայում ենք մեզ կյանք Պարգևողին՝ երջանիկ Աստծուն (Գործ. 17:28; 1 Տիմոթ. 1:11)։ Մենք գիտակցում ենք, որ մեր գոյության համար պարտական ենք մեր Արարչին։ Ուստի շարունակում ենք ուրախությամբ ծառայել նրան, անկախ այն բանից, թե քանի տարի առաջ ենք մկրտվել։

Հեկտորը պահպանում է իր ուրախությունը՝ վառ պահելով Թագավորության հույսը և ակտիվորեն մասնակցելով քարոզչությանը

Հեկտորը, որը մոտ 40 տարի ծառայել է որպես շրջագայող վերակացու, այժմ էլ՝ «ալևորության ժամանակ», առույգ է (Սաղ. 92:12–14)։ Երբ Հեկտորի կինը հիվանդացավ, նա չկարողացավ շարունակել շատ բան անել ծառայության մեջ, բայց չկորցրեց իր ուրախությունը։ Նա պատմում է. «Թեև ինձ ցավ է պատճառում, երբ տեսնում եմ, թե ինչպես է կնոջս առողջությունը աստիճանաբար վատանում, և ինձ համար դժվար է հոգ տանել նրա համար, թույլ չեմ տալիս, որ դա խլի իմ ուրախությունը։ Ես գիտակցում եմ, որ կյանքով պարտական եմ Եհովային, որը մարդկանց ստեղծելիս նպատակ է ունեցել։ Եվ դա ինձ համար բավարար պատճառ է, որ խորապես սիրեմ ու ամբողջ սրտով ծառայեմ նրան։ Ես ձգտում եմ ակտիվորեն մասնակցել ծառայությանը և ջանում եմ Թագավորության հույսը վառ պահել, որ չկորցնեմ ուրախությունս»։

Եհովան տվել է քավիչ զոհը, որ մենք երջանիկ կյանքով ապրենք։ Այո՛, «Աստված այնքան շատ սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ամեն ոք, ով հավատ է դրսևորում նրա հանդեպ, չկործանվի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհ. 3:16)։ Մեր մեղքերը կարող են ներվել, և մենք կարող ենք հավիտենական կյանք ունենալ Աստծու Որդու՝ Հիսուսի քավիչ զոհի շնորհիվ։ Մի՞թե դա ուրախ լինելու հրաշալի պատճառ չէ։ Եվ արդյոք փրկանքի հանդեպ ունեցած երախտագիտությունը չպե՞տք է մղի մեզ ծառայելու Եհովային ուրախությամբ։

Խեսուսը պարզեցրեց կյանքը և տարիներ շարունակ ուրախությամբ ծառայեց Եհովային

Խեսուս անունով մի եղբայր, որը Մեխիկոյից է, ասում է. «Ես իմ գործի գերին էի դարձել.  աշխատում էի հինգ հերթափոխով, թեև պարտավոր չէի դա անել։ Ուղղակի ուզում էի շատ փող աշխատել։ Հետո իմացա Եհովայի մասին, և որ նա իր սիրելի Որդուն զոհել է մարդկության համար։ Իմ մեջ նրան ծառայելու ուժգին ցանկություն առաջացավ։ Ուստի կյանքս նվիրեցի Եհովային։ Ու թեև ընկերությունում աշխատել էի 28 տարի, որոշեցի դուրս գալ գործից և լիաժամ ծառայություն սկսել»։ Այդ ժամանակից ի վեր նա ուրախությամբ ծառայում է Եհովային։

Մեր բերած պտուղը ոչ թե տխրություն, այլ ուրախություն է առաջ բերում։ Հիշո՞ւմ ես, թե ինչպիսին էր կյանքդ Եհովային ճանաչելուց առաջ։ Պողոս առաքյալը հիշեցրեց Հռոմի քրիստոնյաներին, որ նրանք «թեև մեղքի ծառաներ էին», դարձան արդարության ծառաներ։ Նրանք «սրբության» պտուղ առաջ բերին, որի արդյունքը հավիտենական կյանքը կլինի (Հռոմ. 6:17–22)։ Մենք էլ ենք սուրբ կյանքով ապրում, որը տխրություն չի պատճառում մեզ, քանի որ չենք ապրում բարոյապես անմաքուր կամ բռնությամբ լի կյանքով։ Ուրախության ինչպիսի՜ առիթ։

«Կյանքիս ամենաերջանիկ տարիները անցկացրել եմ Եհովային ծառայելով» (Խաիմե)

Խաիմեն, որն աթեիստ և էվոլյուցիոնիստ էր, զբաղվում էր բռնցքամարտով։ Նա սկսեց հաճախել քրիստոնեական հանդիպումներին և շատ տպավորվեց այն սիրով, որ տիրում էր այնտեղ։ Որպեսզի վերջ դներ իր նախկին կյանքին, նա խնդրեց Եհովային, որ օգնի իրեն հավատ զարգացնել նրա հանդեպ։ «Կամաց-կամաց բացահայտեցի, որ սիրող Հայր և ողորմած Աստված գոյություն ունի,— ասում է նա։— Եհովայի արդար չափանիշներով ապրելը պաշտպանություն եղավ ինձ համար։ Եթե չփոխեի կյանքս, նախկին բռնցքամարտիկ ընկերներիցս ոմանց պես կսպանվեի։ Կյանքիս ամենաերջանիկ տարիները անցկացրել եմ Եհովային ծառայելով»։

ԹԵՎԱԹԱՓ ՄԻ՛ ԵՂԻՐ

Ի՞նչ պետք է անենք, մինչ սպասում ենք այս չար համակարգի վախճանին։ Հիշիր, որ «ոգու համար» ենք ցանում և «հավիտենական կյանք կհնձենք»։ Ուստի «չհոգնենք բարին անելուց, որովհետև եթե չթուլանանք, ճիշտ ժամանակին կհնձենք» (Գաղ. 6:8, 9)։ Թող որ Եհովայի օգնությամբ տոկանք, զարգացնենք այնպիսի հատկություններ, որոնք անհրաժեշտ են «մեծ նեղությունից» փրկվելու համար, և շարունակենք ուրախությամբ ծառայել Եհովային նույնիսկ փորձությունների ներքո (Հայտն. 7:9, 13, 14; Հակ. 1:2–4

Կարող ենք համոզված լինել, որ մեր տոկունությունը կվարձատրվի, քանի որ Աստված գիտի իր և իր անվան համար թափած մեր ջանքերի ու սիրո մասին։ Եթե շարունակենք ուրախությամբ ծառայել Եհովային, մենք, սաղմոսերգու Դավթի նման, կասենք. «Եհովան միշտ իմ առջևում է։ Ես չեմ սասանվի, քանի որ նա իմ աջ կողմում է։ Դրա համար էլ սիրտն իմ ուրախանում է, և փառքն իմ ցնծում է։ Եվ մարմինս կբնակվի ապահովության մեջ» (Սաղ. 16:8, 9