Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՓԵՏՐՎԱՐ 2016

Նվիրված եղիր Եհովային

Նվիրված եղիր Եհովային

«Թող Եհովան դարեդար վկա լինի իմ ու քո միջև, իմ սերնդի ու քո սերնդի միջև» (1 ՍԱՄ. 20:42)։

ԵՐԳ 125, 62

1, 2. Ինչո՞ւ է Հովնաթանի և Դավթի ընկերությունը նվիրվածության հրաշալի օրինակ։

ՀՈՎՆԱԹԱՆԸ ապշել էր. Դավիթը անվախորեն դուրս էր եկել հսկա Գողիաթի դեմ։ Իսկ այժմ նա կանգնած է իր հոր՝ Իսրայելի Սավուղ թագավորի առաջ՝ «փղշտացու գլուխը.... ձեռքին» (1 Սամ. 17։57)։ Հովնաթանին հավանաբար հիացնում էր Դավթի քաջությունը։ Նրա համար պարզ էր, որ Աստված Դավթի հետ էր։ Ուստի նրա «հոգին կապվեց Դավթի հոգու հետ»։ Նրանք «ուխտ կապեցին իրար հետ, որովհետև Հովնաթանը իր հոգու պես էր սիրում [Դավթին]» (1 Սամ. 18։1–3)։ Ողջ կյանքում Հովնաթանը նվիրված մնաց իր ընկերոջը։

2 Հովնաթանի զգացմունքները չփոխվեցին Դավթի հանդեպ նույնիսկ այն ժամանակ, երբ Աստված վերջինիս ընտրեց որպես Իսրայելի հաջորդ թագավոր։ Սավուղը փնտրում էր Դավթին, որ սպանի, ուստի Հովնաթանը շատ էր անհանգստանում իր ընկերոջ համար։ Նա ճանապարհ ընկավ որպեսզի քաջալերի Դավթին, որը թաքնվել էր Հորեշում՝ Հուդայի անապատում։ Երբ հանդիպեցին, Հովնաթանն «Աստծով զորացրեց» նրան՝ ասելով. «Մի՛ վախեցիր.... Դու թագավոր կդառնաս Իսրայելի վրա, և ես քեզանից հետո երկրորդը կլինեմ» (1 Սամ. 23։16, 17

3. Հովնաթանի համար Դավթի հանդեպ նվիրվածությունից ի՞նչն էր ավելի կարևոր, և որտեղի՞ց գիտենք դա (տես 21-րդ էջի նկարը)։

 3 Նվիրվածությունը սովորաբար հիացնում է մարդկանց։ Սակայն եթե հիանանք միայն Դավթի հանդեպ դրսևորած Հովնաթանի նվիրվածությամբ, մի կարևոր բան բաց թողած կլինենք. Աստծու հանդեպ նրա նվիրվածությունը։ Ինչո՞ւ էր Հովնաթանը Դավթին ընկեր համարում, ոչ թե ախոյան։ Ակներևաբար, նրա համար սեփական հաջողություններից ավելի կարևոր մի բան կար։ Հիշիր, որ նա օգնեց Դավթին «Աստծով զորանալ»։ Պարզ է, որ Աստծու հանդեպ նվիրվածությունը առաջին տեղում էր Հովնաթանի կյանքում։ Այո՛, Եհովայի հանդեպ նվիրվածությունն էր ընկած Դավթի հանդեպ նվիրվածության հիմքում։ Երկուսն էլ մինչև վերջ հավատարիմ մնացին իրար տված երդմանը. «Թող Եհովան դարեդար վկա լինի իմ ու քո միջև, իմ սերնդի ու քո սերնդի միջև» (1 Սամ. 20։42

4. ա) Ի՞նչը մեզ իսկապես ուրախություն և բավարարվածություն կպատճառի։ բ) Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։

4 Որպես քրիստոնյաներ՝ մենք պարզապես չենք հիանում ուրիշների նվիրվածությամբ. մենք ինքներս նվիրված ենք մեր ընտանիքի անդամներին, ընկերներին և հավատակիցներին (1 Թեսաղ. 2:10, 11)։ Բայց ո՞ւմ հանդեպ նվիրվածությունը պետք է առաջնային լինի մեզ համար։ Անխոս, մենք պետք է առաջին հերթին նվիրված լինենք նրան, ով մեզ կյանք է պարգևել (Հայտն. 4։11)։ Եթե այդպես վարվենք, ուրախ և բավարարված կլինենք։ Աստծու հանդեպ նվիրվածությունը պետք է պահպանենք նույնիսկ ծանր փորձությունների ժամանակ։ Այս հոդվածում կքննենք, թե ինչպես Հովնաթանի օրինակը կարող է օգնել մեզ նվիրված մնալ Եհովային չորս դժվարին իրավիճակներում՝ 1) երբ իշխանություն ունեցողները արժանի չեն մեր հարգանքին, 2) երբ պետք է որոշել, թե առաջին հերթին ում նվիրված լինել, 3) երբ մեզ սխալ են հասկանում կամ մեզ հետ անարդարացիորեն են վարվում, և 4) երբ բախվում են նվիրվածությունն ու անձնական շահերը։

ԵՐԲ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ԱՐԺԱՆԻ ՉԷ ՀԱՐԳԱՆՔԻ

5. Ինչո՞ւ էր Իսրայելի համար դժվար նվիրված մնալ Աստծուն Սավուղի իշխանության օրոք։

5 Թեև Աստված Սավուղին՝ Հովնաթանի հորը, թագավոր էր օծել, վերջինս հետագայում անհնազանդ գտնվեց, և Եհովան մերժեց նրան (1 Սամ. 15։17–23)։ Քանի որ Աստված անմիջապես չհեռացրեց Սավուղին գահից, նրա վատ վարքը փորձության ենթարկեց իր հպատակների ու մտերիմների նվիրվածությունը. նրանց համար դժվար էր նվիրված մնալ Աստծուն, երբ թագավորը, որը նստում էր «Եհովայի գահին», սխալ ընթացք էր բռնել (1 Տար. 29։23

6. Ինչի՞ց է երևում, որ Հովնաթանը նվիրված մնաց Եհովային։

6 Երբ Սավուղը առաջին անգամ անհնազանդության ոգի ցուցաբերեց, նրա որդի Հովնաթանը նվիրված մնաց Եհովային (1 Սամ. 13։ 13, 14)։ Սամուել մարգարեն ասել էր. «Եհովան հանուն իր մեծ անվան չի լքի իր ժողովրդին» (1 Սամ. 12։22)։ Երբ փղշտացիները սպառնացին Իսրայելին, Հովնաթանը ցույց տվեց, որ հավատում է Սամուելի ասած խոսքերին։ Թշնամին ուներ 30000-անոց բանակ և մարտակառքեր, իսկ Սավուղը՝ ընդամենը 600 զինվոր, և միայն ինքն ու Հովնաթանը զենքեր ունեին։ Հովնաթանը իր զինակրի հետ մոտեցավ փղշտացիների պահապան զորքին։ «Եհովայի համար արգելք չկա՝ շատերի միջոցով փրկել, թե քչերի»,— ասաց նա։ Նրանք երկուսով 20 հոգու սպանեցին։ Հետո «երկիրը սկսեց ցնցվել, և Աստծուց սարսափ ընկավ բոլորի վրա»։ Շփոթահար՝ փղշտացիները սկսեցին իրար սպանել։ Այսպիսով Հովնաթանի՝ Եհովայի հանդեպ ունեցած հավատը հաղթանակ բերեց (1 Սամ. 13:5, 15, 22; 14:1, 2, 6, 14, 15, 20

7. Ինչպե՞ս էր վերաբերվում Հովնաթանը իր հորը։

7 Նույնիսկ երբ Սավուղի հարաբերությունները Եհովայի հետ խզվեցին, Հովնաթանը շարունակեց համագործակցել իր հոր հետ։ Օրինակ՝ նրանք միասին պատերազմեցին հանուն Աստծու ժողովրդի ազատագրման (1 Սամ. 31:1, 2

8, 9. Ինչպե՞ս ենք փաստում, որ նվիրված ենք Աստծուն, երբ հարգում ենք իշխանություն ունեցողներին։

 8 Հովնաթանի նման՝ մենք էլ կարող ենք նվիրված լինել Եհովային՝ հարաբերական հնազանդություն ցուցաբերելով վերին իշխանությունների հանդեպ։ Աստված է պատվիրում այդպես վարվել, նույնիսկ եթե թվում է՝ այդ անհատը արժանի չէ հարգանքի։ Օրինակ՝ պետական պաշտոնյան հնարավոր է՝ չարաշահում է իր իշխանությունը, բայց մենք հարգում ենք նրա դիրքը, քանի որ հարաբերական հնազանդություն ենք դրսևորում պետության՝ «վերին իշխանությունների» հանդեպ (կարդա Հռոմեացիներ 13:1, 2)։ Իրականում, բոլորս էլ կարող ենք նվիրված լինել Եհովային՝ հարգելով նրանց, ում իշխանություն է տրված (1 Կորնթ. 11:3; Եբր. 13:17

Եհովային նվիրված մնալու կերպերից մեկը մեր համոզմունքները չունեցող կողակցի հանդեպ հարգանք դրսևորելն է (տես պարբերություն 9)

9 Օլգան, [1] որն ապրում է Հարավային Ամերիկայում, նվիրված մնաց Աստծուն՝ հարգանք ցուցաբերելով իր ամուսնու հանդեպ նույնիսկ դժվարին հանգամանքներում։ Ամուսնուն դուր չէր գալիս, որ Օլգան Եհովայի վկա է, ուստի տարիներ շարունակ էմոցիոնալ ճնշում էր բանեցնում նրա վրա, վիրավորում էր նրան, չէր խոսում հետը և սպառնում էր, որ կվերցնի երեխաներին ու կհեռանա։ Բայց Օլգան չարին չարով չէր հատուցում։ Նա ամեն բան անում էր, որ լավ կին լինի. հոգ էր տանում, որ ամուսնու ճաշը և հագուստը ժամանակին պատրաստ լինեն, ինչպես նաև կատարում էր մյուս ընտանեկան պարտականությունները (Հռոմ. 12:17)։ Երբ հնարավոր էր լինում, նա ուղեկցում էր ամուսնուն ընտանեկան հավաքույթների կամ գործընկերների հետ հանդիպումների ժամանակ։ Օրինակ՝ երբ ամուսինը պետք է մասնակցեր իր հոր թաղման արարողությանը, որը տեղի էր ունենալու մեկ ուրիշ քաղաքում, Օլգան պատրաստեց ամեն բան, որ երեխաների հետ միասին կարողանան ճանապարհ ընկնել։ Նա ամուսնուն սպասեց եկեղեցու դռան մոտ, մինչև որ արարողությունն ավարտվեց։ Օլգայի համբերության և հարգալից վարքի շնորհիվ ամուսնու վերաբերմունքը տարիներ անց փոխվեց։ Այժմ նա Օլգային Թագավորության սրահ է ուղեկցում, նույնիսկ քաջալերում է նրան գնալ հանդիպումներին, երբեմն էլ կնոջ հետ մասնակցում է դրանց (1 Պետ. 3:1

ԵՐԲ ՊԵՏՔ Է ՈՐՈՇԵԼ, ԹԵ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ՈՒՄ ՆՎԻՐՎԱԾ ԼԻՆԵԼ

10. Ի՞նչն օգնեց Հովնաթանին, որ ճիշտ որոշում կայացնի։

10 Քանի որ Սավուղը որոշել էր սպանել Դավթին, Հովնաթանը պետք է որոշում կայացներ, թե ում նվիրված լինել։ Ճիշտ է, նա  ուխտ էր կապել Դավթի հետ, բայց նաև ուզում էր հնազանդվել հորը։ Սակայն Հովնաթանը գիտեր, որ Աստված Դավթի հետ էր, ոչ թե Սավուղի։ Ուստի որոշեց նվիրված մնալ իր ընկերոջը։ Նա զգուշացրեց Դավթին, որ թաքնվի, և հետո նրա մասին լավը խոսեց Սավուղի առաջ (կարդա 1 Սամուել 19:1–6

11, 12. Ինչպե՞ս է Աստծու հանդեպ սերն օգնում նվիրված մնալ իրեն։

11 Աստծուն նվիրված լինելը օգնել է ավստրալիացի մի քրոջ՝ Ալիսին, որոշելու, թե ում նվիրված լինել։ Երբ սկսեց ուսումնասիրել Աստվածաշունչը, նա իր ընտանիքին պատմում էր այն լավ բաների մասին, որ իմանում էր։ Հետագայում նա ասաց իր ընտանիքի անդամներին, որ այլևս նրանց հետ չի նշելու Սուրբ Ծնունդը։ Ալիսը բացատրեց պատճառները, բայց ընտանիքի անհանգստությունները վերածվեցին կատաղի բարկության, որովհետև նրանք այն կարծիքին էին, թե նա դավաճանում է իր ընտանիքին։ Ալիսը պատմում է. «Մայրս ասաց, որ այլևս աղջիկ չունի։ Ես ցնցված էի և խորապես ազդված նրա խոսքերից, քանի որ իսկապես սիրում եմ իմ ընտանիքին։ Ինչևէ, որոշեցի, որ Եհովան ու իր Որդին պետք է իմ կյանքում առաջին տեղում լինեն։ Հաջորդ համաժողովին մկրտվեցի» (Մատթ. 10:37

12 Եթե զգույշ չլինենք, ազգին, դպրոցին կամ սպորտային թիմին նվիրված լինելը ի վերջո գուցե ավելի կարևոր դառնա մեզ համար, քան Եհովային նվիրված մնալը։ Օրինակ՝ Հենրին սիրում է շախմատ խաղալ։ Քանի որ նրա դպրոցը հայտնի էր որպես շախմատի մրցումների հաղթող, նա ուզում էր իր լավագույնն անել, որ պահեր դպրոցի պատիվը։ Բայց ահա թե ինչ է խոստովանում նա. «Նկատեցի, որ ավելի շատ նվիրվում եմ դպրոցին, քան Աստծուն։ Շախմատի շաբաթական մրցումները խանգարում էին իմ ժողովներին և ծառայությանը։ Ուստի որոշեցի դուրս գալ շախմատի թիմից» (Մատթ. 6:33

13. Ինչպե՞ս Աստծու հանդեպ նվիրվածությունը կարող է օգնել մեզ, որ լուծենք ընտանեկան խնդիրները։

13 Երբեմն խնդիրների ժամանակ հեշտ չէ որոշել, թե ինչպես վարվել, երբ նվիրված ես ընտանիքիդ թե՛ մեկ, թե՛ մյուս անդամին։ Օրինակ՝ Քենը պատմում է. «Ես ուզում էի կանոնավորաբար այցելել տարեց մորս և ժամանակ առ ժամանակ նրան մեզ մոտ բերել։ Բայց մայրս և կինս իրար հետ լեզու չէին գտնում։ Սկզբում ինձ համար շատ դժվար էր, քանի որ չէի կարողանում հաճեցնել մեկին՝ առանց մյուսին նեղացնելու։ Հետո հասկացա, որ այսպիսի իրավիճակներում նախ պետք է կնոջս նվիրված լինեմ։ Ուստի գտա լուծում, որի հետ նա համաձայն կլիներ»։ Աստծու հանդեպ նվիրվածությունը և նրա Խոսքի հանդեպ հարգանքը մղեցին Քենին երկուսի հետ էլ խոսելու. կնոջը բացատրելու, թե ինչու պետք է բարյացակամ լինի սկեսրոջ հանդեպ, իսկ մորը՝ թե ինչու պետք է հարգի հարսին (կարդա Ծննդոց 2:24; 1 Կորնթացիներ 13:4, 5

ԵՐԲ ՄԵԶ ՍԽԱԼ ԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԿԱՄ ՄԵԶ ՀԵՏ ԱՆԱՐԴԱՐԱՑԻՈՐԵՆ ԵՆ ՎԱՐՎՈՒՄ

14. Ինչպե՞ս էր Սավուղը անարդարացի վերաբերմունք դրսևորում Հովնաթանի հանդեպ։

14 Գուցե Եհովայի հանդեպ մեր նվիրվածությունը փորձության ենթարկվի, երբ պատասխանատու եղբայրներից մեկը մեզ հետ անարդարացիորեն վարվի։ Հովնաթանի հետ նման բան պատահեց։ Սավուղ թագավորը՝ Եհովայի օծյալը, գիտեր իր որդու և Դավթի ընկերության մասին, բայց չէր հասկանում, թե ինչն էր կապում նրանց։ Սավուղը նվաստացնում էր Հովնաթանին և նրա վրա թափում էր իր կատաղի բարկությունը։ Բայց Հովնաթանը նույն կերպ չէր վարվում։ Նա շարունակում էր նվիրված մնալ Աստծուն և Դավթին, որը դառնալու էր Իսրայելի թագավորը (1 Սամ. 20:30–41

15. Եթե եղբայրը մեզ հետ անարդարացիորեն վարվի, ինչպե՞ս պետք է արձագանքենք։

15 Շատ անհավանական է, որ այսօր մեզ հետ անարդարացիորեն կվարվեն ժողովում։ Սակայն չպետք է մոռանանք, որ մեր մեջ առաջնորդություն վերցնողները անկատար տղամարդիկ են և կարող են ճիշտ չհասկանալ մեր արարքները (1 Սամ. 1:13–17)։ Եթե մեզ հետ երբևէ անարդարացիորեն վարվեն կամ սխալ հասկանան մեզ, թող որ նվիրված մնանք Եհովային։

 ԵՐԲ ԲԱԽՎՈՒՄ ԵՆ ՆՎԻՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆՁՆԱԿԱՆ ՇԱՀԵՐԸ

16. Ո՞ր իրավիճակներում պետք է նվիրված մնանք Աստծուն և չլինենք եսասեր։

16 Սավուղը ստիպում էր Հովնաթանին, որ վերջինս իր շահերը առաջ տանի (1 Սամ. 20:31)։ Բայց Աստծու հանդեպ նվիրվածությունը մղեց Հովնաթանին մնալու Դավթի ընկերը և ոչ թե հետապնդելու իր անձնական շահերը։ Մենք կարող ենք ընդօրինակել Հովնաթանի անեսասեր ոգին, եթե հիշենք, որ Եհովային հաճելի անհատը, «եթե նույնիսկ ի վնաս իրեն երդում է տալիս, չի դրժում այն» (Սաղ. 15:4)։ Հովնաթանը չդրժեց Դավթին տված երդումը, մենք էլ չպետք է դրժենք մեր տված երդումը։ Օրինակ՝ եթե գործարքային պայմանագրի պահանջները կատարելը ավելի դժվար է, քան ակնկալում էինք, Աստծու հանդեպ նվիրվածությունը և Սուրբ Գրքի հանդեպ հարգանքը պետք է մղեն մեզ մեր խոսքի տերը լինելու։ Իսկ ինչպե՞ս կվարվենք, եթե մեր ամուսնության մեջ ավելի շատ խնդիրների ենք բախվում, քան ակնկալում էինք։ Աստծու հանդեպ սերը կմղի մեզ նվիրված մնալու մեր կողակցին (կարդա Մաղաքիա 2:13–16

Գործարքային պայմանագրի պահանջները կատարելը կարող է փորձության ենթարկել Աստծու հանդեպ մեր նվիրվածությունը և Աստծու Խոսքի հանդեպ հարգանքը (տես պարբերություն 16)

17. Ի՞նչ օգուտներ քաղեցիր այս քննարկումից։

17 Երբ խորհրդածում ենք Հովնաթանի օրինակի շուրջ, արդյոք չե՞նք մղվում ընդօրինակելու նրա՝ Աստծու հանդեպ դրսևորած նվիրվածությունը։ Թող որ երբեք եսասեր չլինենք, այլ Հովնաթանի նման՝ պահենք մեր նվիրվածությունը Եհովայի հանդեպ՝ նվիրված լինելով նրա ժողովրդին, նույնիսկ նրանց, ովքեր գուցե հիասթափեցնեն մեզ։ Երբ դժվարին իրավիճակներում նվիրված ենք մնում Եհովա Աստծուն, ուրախացնում ենք նրա սիրտը, ինչն էլ բավարարվածության զգացումով է պարուրում մեզ (Առակ. 27:11)։ Եթե նվիրված մնանք Եհովային, կտեսնենք, թե ինչպես է նա ամեն բան անում իրեն սիրողների բարօրության համար։ Հաջորդ հոդվածից կիմանանք, թե ինչ կարևոր դասեր կարող ենք սովորել Դավթի ժամանակներում ապրած անհատներից, որոնցից ոմանք նվիրված են եղել, ոմանք էլ՝ ոչ։

^ [1] (պարբերություն 9) Որոշ անուններ փոխված են։