Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՓԵՏՐՎԱՐ 2016

 ՄԵՐ ԱՐԽԻՎԻՑ

Միլիոնավոր մարդկանց ծանոթ ավտոմեքենան

Միլիոնավոր մարդկանց ծանոթ ավտոմեքենան

«Բրազիլիայում Տիրոջ ծառայության համար ձայնափողով միայն մեկ ավտոմեքենա ունենք։ Միլիոնավոր մարդկանց այն արդեն ծանոթ է որպես «Դիտարանի ձայնափողով ավտոմեքենա»։ (Նաթանիել Յուլ, 1938)

1930-ԱԿԱՆՆԵՐԻ սկզբին Թագավորության գործը Բրազիլիայում դանդաղ էր ընթանում։ 1935թ.-ին ռահվիրա ամուսիններ Նաթանիելը և Մադը նամակ գրեցին Ջոզեֆ Ռադերֆորդին, որն այն ժամանակ առաջնորդում էր քարոզչական գործը։ Նրանք հայտնում էին, որ պատրաստ են ուրախությամբ ծառայելու այնտեղ, որտեղ իրենց կուղարկեն։

Նաթանիելը, որը թոշակի անցած ինժեներ-շինարար էր, այդ ժամանակ 62 տարեկան էր։ Նա Սան Ֆրանցիսկոյում (ԱՄՆ, Կալիֆորնիա) Եհովայի վկաների ժողովներից մեկի ծառայողական ղեկավարն էր։ Այնտեղ կազմակերպում էր քարոզչական գործը և բարի լուրը տարածելու համար ձայնային սարքավորում էր օգտագործում։ Այս զույգը նշանակում ստացավ ծառայելու բազմալեզու մի տարածքում՝ Բրազիլիայում, որտեղ Նաթանիելը իր փորձի և պատրաստակամ ոգու շնորհիվ հրաշալի կերպով կատարեց իր գործը որպես մասնաճյուղի ծառայող։

1936-ին Նաթանիելը և Մադը Բրազիլիա ժամանեցին Անտոնիու Անդրադիի հետ, որը թարգմանիչ էր և ռահվիրա։ Նրանք իրենց հետ բերեցին թանկարժեք ուղեբեռ՝ 35 ֆոնոգրաֆ և ձայնափողով մեքենա։ Աշխարհի 5-րդ մեծ երկրում՝ Բրազիլիայում, այդ ժամանակ կար մոտ 60 Թագավորության քարոզիչ։ Այս առաջատար գործիքները օգնեցին նրանց ընդամենը մի քանի տարում միլիոնավոր մարդկանց հասցնել բարի լուրը։

Նաթանիելի և Մադի ժամանումից մեկ ամիս հետո մասնաճյուղը Բրազիլիայում կազմակերպեց առաջին ծառայողական համաժողովը, որն անցկացվեց Սան Պաուլու քաղաքում։ Ըստ երևույթին, առաջին անգամ էր, որ օգտագործվեց ձայնափողով մեքենան։ Մադը դրանով ազդարարեց հանրային ելույթի մասին, որն ունկնդրեց 110 հոգի։ Համաժողովի ծրագիրը բորբոքեց քարոզիչների եռանդը, և նրանք մղվեցին ավելի շատ  մասնակցելու քարոզչական գործին։ Նրանք սովորեցին, թե ինչպես քարոզել՝ օգտագործելով գրականությունը և վկայության քարտերը, ինչպես նաև ձայնագրությունները՝ անգլերեն, գերմաներեն, հունգարերեն, լեհերեն, իսպաներեն, հետագայում էլ պորտուգալերեն։

Այս ձայնափողով մեքենան բարի լուրը հասցրեց միլիոնավոր մարդկանց Բրազիլիայում

1937-ին երեք ծառայողական համաժողով անցկացվեց Սան Պաուլուում, Ռիո դե Ժանեյրոյում և Կուրիտիբայում։ Դրանք թարմացրին քարոզիչներին, որ շարունակեն խանդավառությամբ քարոզել։ Ձայնափողով մեքենան համաժողովի պատվիրակների հետ գնում էր տնից տուն։ Ժուզե Մագլովսկին, որն այն ժամանակ երիտասարդ էր, հետագայում գրեց. «Մենք ցուցատախտակի վրա աստվածաշնչյան գրականություն էինք դնում, և երբ ձայնափողով մեքենան հնչեցնում էր լուրը, մարդիկ դուրս էին գալիս իրենց տներից՝ տեսնելու, թե ինչ է պատահել, և մենք զրուցում էինք նրանց հետ»։

Մկրտությունը տեղի էր ունենում գետում։ Դա բարի լուրը ձայնափողով մեքենայի օգնությամբ քարոզելու հրաշալի առիթ էր, քանի որ ափին լինում էին մարդիկ, ովքեր գալիս էին լողալու և արևահարվելու։ Բարձրախոսներից թնդում էր եղբայր Ռադերֆորդի ներկայացրած մկրտության ելույթը։ Հետաքրքրասեր մարդիկ շրջապատում էին մեքենան և ուշադիր լսում էին, մինչ ելույթը թարգմանվում էր պորտուգալերեն։ Այնուհետև հնչում էին Թագավորության երգերը լեհերեն, իսկ եղբայրներն ու քույրերը երգում էին տարբեր լեզուներով։ Այս մասին 1938 թվականի «Տարեգրքում» հետևյալը գրվեց. «Դա հիշեցնում էր Պենտեկոստեն, երբ հավաքված մարդկանցից ամեն մեկը լսում էր լուրը իր մայրենի լեզվով»։

Համաժողովներից հետո ամեն կիրակի թե՛ անձրևին և թե՛ արևին ձայնափողով մեքենան հնչեցնում էր աստվածաշնչյան ելույթները Սան Պաուլուի կենտրոնում և մոտակա քաղաքների այգիներում, բնակելի և գործարանային տարածքներում։ Մեքենան նաև ամսվա ծրագիրը հնչեցնում էր բորոտների գաղութի 3000 բնակիչների համար, որոնք ապրում էին Սան Պաուլուից 97 կիլոմետր հյուսիս-արևմուտք։ Ժամանակի ընթացքում մի ժողով կազմավորվեց այնտեղ։ Չնայած իրենց սարսափելի հիվանդությանը՝ Թագավորության այս քարոզիչները թույլտվություն ստացան այցելելու բորոտների մեկ ուրիշ գաղութ, որ հայտնեն Աստվածաշնչի մխիթարական լուրը։

1938 թվականի վերջում Թագավորության ձայնագրությունները ի վերջո մատչելի դարձան պորտուգալերենով։ Բոլոր հոգիների օրը ձայնափողով մեքենան գերեզմանից գերեզման էր շրջում և հնչեցնում «Որտե՞ղ են գտնվում մահացածները» և «Եհովա» ելույթների ձայնագրությունները, որոնք ունկնդրեց ավելի քան 40000 սգավոր։

Հոգևորականներին զայրացնում էր այն, որ աստվածաշնչյան ճշմարտությունը համարձակորեն հռչակվում է, և նրանք հաճախ դիմում էին տեղի իշխանություններին, որ լռեցնեն ձայնափողով մեքենային։ Քույր Յուլը հիշում է, թե ինչպես մի անգամ տեղի քահանան դրդեց ամբոխին խռնվել մեքենայի շուրջ։ Եկան նաև քաղաքագլուխը և ոստիկանության աշխատակիցներ, որոնք, սակայն, լսեցին ողջ ծրագիրը։ Քաղաքագլուխը հեռացավ՝ իր հետ տանելով աստվածաշնչյան գրականություն։ Այդ օրը ոչ մի խռովություն չեղավ։ 1940 թվականի «Տարեգիրքը», որը Բրազիլիայի մասին է, 1939 թվականը հռչակեց «լավագույն տարի, երբ բոլորը [չնայած հակառակությանը] ծառայեցին Մեծն Իշխանին և մարդկանց հայտնեցին նրա անունը»։

«Դիտարանի ձայնափողով ավտոմեքենան» իսկապես շրջադարձային նշանակություն ունեցավ Բրազիլիայի քարոզչական պատմության մեջ։ Այն մեծ դեր խաղաց Թագավորության լուրը մարդկանց հայտնելու գործում։ Թեև այդ հայտնի մեքենան 1941-ին վաճառվեց, հարյուր հազարավոր Եհովայի վկաներ շարունակում են Բրազիլիայով մեկ հռչակել բարի լուրը ազնվասիրտ մարդկանց։ (Բրազիլիայի մեր արխիվներից)