Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՓԵՏՐՎԱՐ 2016

 ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Եհովայի օգնությամբ հաջողության հասա ծառայության մեջ

Եհովայի օգնությամբ հաջողության հասա ծառայության մեջ

Ես սպային ասացի, որ արդեն եղել եմ բանտում, քանի որ չեմ ցանկացել կռվել։ Հետո հարցրի նրան. «Ի՞նչ է, նորի՞ց պիտի այդ ամենի միջով անցնեմ»։ Երկրորդ անգամն էր, որ ինձ զինակոչում էին Միացյալ Նահանգների բանակ։

ԾՆՎԵԼ եմ 1926-ին Քրուկսվիլում (Օհայո, ԱՄՆ)։ Ծնողներս կրոնասեր մարդիկ չէին, բայց մեզ՝ 8 երեխաներիս, խրախուսում էին, որ եկեղեցի գնանք։ Ես հաճախում էի մեթոդիստական եկեղեցի։ Երբ 14 տարեկան էի, եկեղեցու ծառայողը ինձ պարգևատրեց, քանի որ տարվա մեջ կիրակնօրյա ոչ մի ծառայություն բաց չէի թողել։

Մարգրեթ Ուոլքերը (ձախից երկրորդ քույրը) օգնեց ինձ իմանալու ճշմարտությունը

Այդ ժամանակ էր, որ մեր հարևանուհին՝ Մարգրեթ Ուոլքերը, որը Եհովայի վկա էր, սկսեց այցելել մորս և զրուցել աստվածաշնչյան թեմաներով։ Մի օր որոշեցի նրանց միանալ։ Մայրս մտածեց, թե կխանգարեմ իրենց, ուստի ասաց, որ տնից դուրս գամ։ Ես դուրս եկա, բայց ամեն անգամ ականջ էի դնում նրանց քննարկումներին։ Մի քանի այցելությունից հետո Մարգրեթը հարցրեց ինձ. «Գիտե՞ս Աստծու անունը»։ Ես պատասխանեցի. «Իսկ ո՞վ չգիտի։ Նրա անունը Աստված է»։ Նա ասաց. «Բեր քո Աստվածաշունչը և բաց արա Սաղմոս 83։18-ը»։ Այդպես էլ արեցի և տեսա, որ Աստծու անունը Եհովա է։ Հետո դուրս վազեցի ընկերներիս մոտ և ասացի նրանց. «Երբ տուն գնաք, բաց արեք ձեր Աստվածաշնչերը, կարդացեք Սաղմոս 83։18-ը և տեսեք, թե ինչ է Աստծու անունը»։ Կարելի է  ասել, որ անմիջապես սկսեցի վկայություն տալ։

Ես ուսումնասիրեցի Աստվածաշունչը և 1941-ին մկրտվեցի։ Շատ չանցած՝ սկսեցի անցկացնել ժողովի Գրքի ուսումնասիրությունը։ Մորս և քույր-եղբայրներիս հորդորեցի գալ այդ հանդիպումներին, և բոլորն էլ սկսեցին հաճախել։ Հայրս, սակայն, չէր հետաքրքրվում։

ՀԱԿԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ ՏԱՆԸ

Ժողովում ավելի շատ պատասխանատվություններ ստացա և սկսեցի Եհովայի Վկաների հրատարակած գրքերի իմ անձնական գրադարանը կազմել։ Մի օր հայրս, մատնացույց անելով իմ գրքերը, ասաց. «Սրանք տեսնո՞ւմ ես։ Դո՛ւրս հանիր տնից։ Դո՛ւ էլ կարող ես դրանց հետ գնալ»։ Ես հեռացա տնից և սկսեցի ապրել մոտակա Զեյնսվիլ քաղաքում, բայց գնում-գալիս էի տուն ու քաջալերում էի ընտանիքիս անդամներին։

Հայրս փորձում էր խանգարել մորս, որ չգնա ժողովների։ Նա երբեմն ընկնում էր մորս հետևից և քարշ տալով հետ էր բերում տուն։ Բայց մայրս ուրիշ դռնից էր դուրս փախչում և գնում ժողովի։ Ես ասում էի մորս. «Մի՛ վախեցիր։ Նա քո հետևից վազելուց կհոգնի»։ Որոշ ժամանակ անց հայրս հանգիստ թողեց նրան, և նա կարողացավ հաճախել ժողովներին առանց պատերազմների։

1943-ին մեր ժողովը սկսեց անցկացնել Աստվածապետական ծառայության դպրոցը, և ես հանձնարարություններ ստացա։ Ինձ տրված խորհուրդների շնորհիվ բարելավեցի հռետորական հմտություններս։

ՉԵԶՈՔՈՒԹՅՈՒՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՏԱՐԻՆԵՐԻՆ

Պայթեց Երկրորդ համաշխարհային պատերազմը։ 1944-ին ինձ զինվորական ծառայության կանչեցին։ Ես ներկայացա Ֆորտ Հեյզ զորամաս (Կոլումբուս, Օհայո), բժշկական զննում անցա և լրացրի փաստաթղթերը։ Սպաներին ասացի, որ զինվոր չեմ դառնալու։ Նրանք թույլ տվեցին, որ գնամ։ Բայց մի քանի օր հետո մի սպա եկավ իմ տուն և ասաց. «Քորվին Ռո՛բիսոն, ես ձեզ ձերբակալելու կարգադրագիր ունեմ»։

Երկու շաբաթ հետո իմ դատն էր։ Դատավորն ասաց. «Եթե ինձ մնար, ես քեզ ցմահ կդատապարտեի։ Ինչ-որ բան ունե՞ս ասելու»։ Պատասխանեցի. «Պարո՛ն դատավոր, ես կրոնական ծառայող եմ և մեր տարածքի մարդկանց Թագավորության բարի լուրն եմ քարոզում»։ Դատավորը դիմեց ատենակալներին. «Դուք այստեղ չեք եկել, որպեսզի որոշեք՝ այս երիտասարդը կրոնական ծառայող է, թե ոչ։ Դուք այստեղ եք, որ որոշեք՝ նա անցնելու է զինվորական ծառայության, թե ոչ»։ Կես ժամ չանցած՝ նրանք վերադարձան։ Դատավճիռն էր՝ մեղավոր է։ Դատապարտվեցի 5 տարվա ազատազրկման։ Պատիժս կրելու էի Աշլենդի դաշնային կալանավայրում (Քենտուկի)։

ԵՀՈՎԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ԻՆՁ ԲԱՆՏՈՒՄ

Առաջին երկու շաբաթը մնացի Կոլումբուսի բանտում և առաջին օրն անցկացրի բանտախցում։ Եհովային աղոթեցի. «Ես չեմ կարող 5 տարի խցում փակված մնալ։ Ի՞նչ եմ անելու»։

Հաջորդ օրը հսկիչները ինձ դուրս հանեցին խցից։ Ես անցա բարձրահասակ, լայնաթիկունք մի բանտարկյալի կողքով։ Մենք կանգնեցինք ու սկսեցինք պատուհանից դուրս նայել։ Նա հարցրեց. «Ինչի՞ համար ես այստեղ, ա՛յ կարճլիկ»։ Նրան պատասխանեցի. «Ես Եհովայի վկա եմ»։ «Իսկապե՞ս,— ասաց  նա,— բա ինչո՞ւ ես այստեղ»։ «Եհովայի վկաները պատերազմ չեն գնում և մարդկանց չեն սպանում»,— ասացի ես։ «Քեզ բանտարկել են մարդ չսպանելու համար, իսկ մյուս տղաներին՝ մարդ սպանելու համար։ Տրամաբանություն կա՞»,— հարցրեց նա։ «Ո՛չ, չկա»,— պատասխանեցի ես։

Հետո նա ասաց. «15 տարի ուրիշ բանտում եմ եղել։ Այնտեղ մի քանի բան կարդացել եմ ձեր գրականությունից»։ Ես աղոթեցի. «Եհո՛վա, օգնիր, որ այս մարդն ինձ պաշտպանի»։ Այդ պահին բանտարկյալը, որի անունը Փոլ էր, ասաց. «Եթե տղաներից որևէ մեկը նեղացնի քեզ, ձայն հանի, ես նրանց հարցերը կլուծեմ»։ Ուստի բանտում եղած ժամանակ խնդիր չունեցա այդտեղի 50 կալանավորներից և ոչ մեկի հետ։

Ես այն Վկաների թվում էի, ովքեր չեզոքություն պահելու համար բանտարկված էին Աշլենդում

Երբ ինձ տեղափոխեցին Աշլենդ, այնտեղ հասուն եղբայրներ կային։ Նրանց հետ շփումը ինձ և ուրիշ եղբայրների օգնեց հոգևորապես ամուր մնալու։ Նրանք մեզ հանձնարարում էին ամեն շաբաթ Աստվածաշնչից մի հատված ընթերցել և հանդիպումների համար հարցեր ու պատասխաններ պատրաստել։ Այնտեղ տարածքների համար պատասխանատու եղբայր էլ կար։ Մեր բանտախուցը ընդարձակ սենյակ էր, և մահճակալները դասավորված էին պատերի երկայնքով։ Այդ եղբայրը ինձ հանձնարարեց. «Ռո՛բիսոն, դու պատասխանատու ես այս ու այս մահճակալների համար։ Դրանց վրա քնող բանտարկյալներին դո՛ւ պետք է քարոզես։ Ամեն ինչ արա, որ նախքան նրանց ազատվելը քարոզես»։ Այդպես մենք կազմակերպված քարոզում էինք։

ԲԱՆՏԻ ՊԱՏԵՐԻՑ ԴՈՒՐՍ

1945-ին պատերազմն ավարտվեց, բայց ես մի որոշ ժամանակ մնացի բանտում։ Անհանգստանում էի ընտանիքիս համար, քանի որ հայրս ասել էր ինձ. «Եթե կարողանամ քեզնից ազատվել, մնացածի հախից հեշտությամբ կգամ»։ Բանտից դուրս գալուց հետո ինձ հաճելի անակնկալ էր սպասում։ Չնայած հակառակությանը՝ ընտանիքիս անդամներից յոթը հաճախում էր ժողովների, իսկ քույրերիցս մեկը մկրտվել էր։

Ծառայության եմ գնացել Դեմետրիոս Պապաջորջի հետ, որը օծյալ եղբայր է և սկսել է ծառայել Եհովային 1913-ից

Երբ 1950-ին պատերազմ սկսվեց Կորեայում, երկրորդ անգամ բանակ գնալու ծանուցագիր ստացա և ներկայացա Ֆորտ Հեյզ։ Զննումն անցնելուց հետո սպան ասաց ինձ. «Ամենաշատ միավորները քոնն են այս խմբում»։ Ես պատասխանեցի. «Դա լավ է, բայց ես չեմ գնա բանակ»։ Հետո մեջբերեցի 2 Տիմոթեոս 2:3-ը և ասացի. «Ես արդեն Քրիստոսի զինվորն եմ»։ Երկար լռությունից հետո նա թույլ տվեց, որ գնամ։

 Դրանից շատ չանցած՝ Ցինցինատիում անցկացվող համաժողովին (Օհայո) մասնակցեցի Բեթելի հանդիպմանը։ Եղբայր Միլթոն Հենշելը ասաց, որ եթե եղբայրներից որևէ մեկն ուզում է շատ բան անել Թագավորության գործում, կարող է դիմել Բեթել։ Ես դիմում գրեցի, և ինձ 1954-ի օգոստոսին հրավիրեցին Բրուքլինի Բեթել։ Այդ ժամանակվանից ի վեր ծառայում եմ այնտեղ։

Բեթելում միշտ շատ գործ եմ ունեցել անելու։ Տարիներ շարունակ հետևել եմ տպագրատան և գրասենյակների կաթսայատան անխափան աշխատանքին, ծառայել եմ որպես մեխանիկ և կողպեքներ եմ վերանորոգել։ Նաև աշխատել եմ Նյու Յորք քաղաքի համաժողովների սրահներում։

Հետևում եմ Բրուքլինի Բեթելի գրասենյակների կաթսայատան աշխատանքին

Ինձ շատ դուր եկավ Բեթելում հաստատված հոգևոր գրաֆիկը՝ առավոտյան երկրպագությունը, «Դիտարանի» ընտանեկան ուսումնասիրությունը, նաև այն, որ պետք է ժողովի հետ մասնակցեինք ծառայությանը։ Իրականում դրանք այն բաներն են, որ Եհովայի վկաների ցանկացած ընտանիք կարող է և պետք է անի կանոնավորաբար։ Երբ ծնողներն ու երեխաները միասին քննարկում են օրվա խոսքը, կանոնավորաբար ընտանեկան երկրպագություն են անցկացնում, ակտիվորեն մասնակցում են ժողովի հանդիպումներին և լիովին ներգրավված են լինում բարի լուրը քարոզելու գործում, հոգևորապես առողջ են լինում։

Բեթելում և ժողովում բազմաթիվ ընկերներ ունեմ։ Նրանցից ոմանք օծյալներ են եղել և արդեն ստացել են իրենց երկնային վարձատրությունը։ Բայց բոլոր Եհովայի ծառաներն էլ, այդ թվում բեթելցիները անկատար են։ Եթե ես որևէ եղբոր հետ տարաձայնություն եմ ունենում, միշտ փորձում եմ խաղաղություն հաստատել։ Մտածում եմ Մատթեոս 5։23, 24 համարների մասին, և թե ինչպես պետք է հարթենք տարաձայնությունները։ Հեշտ չէ ներողություն խնդրել, բայց խնդիրներից շատերը հենց այդ ձևով են լուծվում։

ԻՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԼԱՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Տարիքիս պատճառով այժմ դժվարանում եմ տնետուն գնալ, բայց թևաթափ չեմ լինում։ Ես մի քիչ սովորել եմ մանդարինյան չինարեն և փողոցում սիրով քարոզում եմ չինացիներին։  Առավոտները լինում է, որ 30–40 ամսագիր եմ բաժանում հետաքրքրվողներին։

Քարոզում եմ չինացիներին Բրուքլինում

Ես նույնիսկ վերայցելություն եմ արել Չինաստանում։ Մի օր երիտասարդ մի աղջիկ մրգի խանութի գովազդաթերթիկներ բաժանելիս ժպտաց ինձ։ Ես նույնպես ժպտացի և չինարեն լեզվով «Դիտարան» ու «Արթնացե՛ք» առաջարկեցի։ Նա վերցրեց դրանք և ասաց իր անունը՝ Քեյթի։ Դրանից հետո, երբ հանդիպում էինք, զրուցում էինք։ Ես անգլերեն ասում էի մրգերի և բանջարեղենների անունները, իսկ նա կրկնում էր։ Նաև բացատրում էի Աստվածաշնչի համարները։ Քեյթին վերցրեց «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը։ Բայց մի քանի շաբաթ հետո նրան այլևս չտեսա։

Ամիսներ անց մեկ ուրիշ աղջիկ, որը նույնպես գովազդաթերթիկներ էր բաժանում, վերցրեց իմ առաջարկած ամսագրերը։ Հաջորդ շաբաթ նա ինձ տվեց իր հեռախոսը և ասաց. «Չինաստանից զանգ ունեք»։ «Ես Չինաստանից ոչ մեկին չեմ ճանաչում»,— ասացի ես։ Բայց աղջիկը պնդեց, որ խոսեմ, ուստի վերցրի հեռախոսը և ասացի. «Բարև՛ ձեզ, Ռոբիսոնն է»։ Լսվեց մի աղջկա ձայն. «Ռո՛բբի, Քեյթին է։ Ես վերադարձել եմ Չինաստան»։ Ես հարցրի. «Չինաստա՞ն»։ Քեյթին պատասխանեց. «Այո՛։ Ռո՛բբի, գիտե՞ս՝ ով քեզ տվեց հեռախոսը։ Իմ քույրը։ Դու ինձ շատ բաներ ես սովորեցրել։ Խնդրում եմ, նրան էլ սովորեցրու»։ Ես ասացի. «Քե՛յթի, ինչ կարող եմ, կանեմ։ Շնորհակալ եմ, որ ինձ տեղյակ պահեցիր, թե որտեղ ես»։ Մի որոշ ժամանակ հետո նրա քրոջը էլ չտեսա։ Ուր էլ այս երկու աղջիկները լինեն, հուսով եմ, որ կշարունակեն սովորել Եհովայի մասին։

73 տարի շարունակ Եհովային սուրբ ծառայություն եմ մատուցում։ Ուրախ եմ, որ նա օգնել է ինձ չեզոքություն պահել և հավատարիմ մնալ բանտում։ Եղբայրներս և քույրերս պատմեցին ինձ, որ իրենց քաջալերել է այն, որ դիմացել եմ հորս հակառակությանը և թևաթափ չեմ եղել։ Մայրս և 6 քույր-եղբայրներս ի վերջո մկրտվեցին։ Անգամ հորս սիրտը փափկեց։ Իր մահից առաջ նա նույնիսկ ներկա եղավ մի քանի հանդիպումների։

Եթե Աստված կամենա, ընտանիքիս անդամները և ընկերներս, որոնք մահացել են, հարություն կառնեն նոր աշխարհում։ Պատկերացրեք, թե որքան հաճելի կլինի սիրելի մարդկանց հետ հավիտյան երկրպագել Եհովային։ *

^ պարբ. 32 Մինչ այս հոդվածը պատրաստվում էր տպագրության, Քորվին Ռոբիսոնը մահացավ՝ հավատարիմ մնալով Եհովային։