Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՓԵՏՐՎԱՐ 2016

Ընդօրինակիր Եհովայի մտերիմ ընկերներին

Ընդօրինակիր Եհովայի մտերիմ ընկերներին

«Եհովայի հետ մտերմությունը նրանից վախեցողներինն է» (ՍԱՂ 25:14)։

ԵՐԳ 106, 118

1–3. ա) Ինչո՞ւ ենք համոզված, որ կարող ենք դառնալ Աստծու ընկերը։ բ) Ո՞ւմ մասին ենք քննելու այս հոդվածում։

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ասում է, որ Աբրահամը Աստծու ընկերն էր (Ես. 41:8; Հակ. 2:23)։ Իրականում, միայն այդ հավատարիմ մարդու մասին է կոնկրետ այդպես նշվում Սուրբ Գրքում։ Ուրեմն պե՞տք է արդյոք եզրակացնենք, որ Աբրահամը միակն է, որը դարձել է Եհովայի ընկերը։ Ո՛չ։ Աստծու Խոսքը ցույց է տալիս, որ Եհովայի հետ կարող է ընկերանալ մեզնից յուրաքանչյուրը։

2 Սուրբ Գրքում կան հավատարիմ և աստվածավախ տղամարդկանց ու կանանց օրինակներ, ովքեր հավատացել են Եհովային և դարձել են նրա մտերիմ ընկերները (կարդա Սաղմոս 25:14)։ Պողոս առաքյալը գրեց վկաների մեծ բազմության մասին, մարդկանց, որոնք իսկապես եղել են Աստծու ընկերները (Եբր. 12:1

3 Այժմ անդրադառնանք Եհովայի մտերիմ ընկերներից երեքին։ Մենք կիմանանք 1) մովաբացի Հռութի մասին, որը նվիրված անձնավորություն էր, 2)  Հուդայի արդար թագավոր Եզեկիայի և 3) Հիսուսի խոնարհ մոր՝ Մարիամի մասին։ Ինչպե՞ս են նրանք դարձել Աստծու ընկերը, և ի՞նչ կարող ենք սովորել նրանցից։

 ՆԱ ՆՎԻՐՎԱԾ ՍԵՐ ԴՐՍԵՎՈՐԵՑ

4, 5. Ի՞նչ լուրջ որոշման առջև էր կանգնել Հռութը, և ինչո՞ւ էր դժվար այդպիսի որոշում կայացնելը (տես 13-րդ էջի նկարը)։

4 Նոեմին իր այրիացած հարսների՝ Հռութի և Օրփայի հետ անցնում է Մովաբի հարթավայրով։ Նա վճռել է վերադառնալ հայրենիք՝ Իսրայել։ Ճանապարհի կեսից Օրփան որոշում է հետ դառնալ հայրական տուն։ Իսկ Հռո՞ւթը։ Նա պետք է կայացնի իր կյանքի ամենալուրջ որոշումը. կա՛մ վերադառնալ Մովաբ՝ իր ժողովրդի մոտ, կա՛մ սկեսրոջ հետ շարունակել ճանապարհը դեպի Բեթլեհեմ (Հռութ 1:1–8, 14

5 Հռութը կարող էր մտածել, որ իր ընտանիքը Մովաբում էր։ Մայրը և մյուս ազգականները կօգնեին իրեն և հոգ կտանեին իր մասին։ Ի վերջո, Մովաբը իր ծննդավայրն էր։ Այնտեղի մշակույթը իր մշակույթն էր, լեզուն իր լեզուն էր, ժողովուրդն էլ իր ժողովուրդն էր։ Իսկ Նոեմին չէր կարող երաշխավորել, որ Բեթլեհեմում նա իրեն օտար չի զգա։ Ուստի խորհուրդ տվեց նրան մնալ Մովաբում։ Նա վախենում էր, որ չի կարող օգնել հարսին ունենալու ամուսին և տուն։ Ի՞նչ կաներ Հռութը։ Կցանկանա՞ր վերադառնալ «իր ժողովրդի ու իր աստվածների մոտ», ինչպես Օրփան (Հռութ 1:9–15)։ Հռութը չհետևեց նրա օրինակին։

6. ա) Ի՞նչ իմաստուն որոշում կայացրեց Հռութը։ բ) Ինչո՞ւ Բոոսը գովեց Հռութին։

6 Հռութը Եհովա Աստծու մասին թերևս լսել էր իր ամուսնուց կամ Նոեմիից։ Եհովան նման չէր Մովաբի աստվածներին։ Հռութը գիտակցում էր, որ Եհովան արժանի է, որ իրեն սիրեն ու երկրպագեն։ Սակայն այս ամենն իմանալը բավարար չէր։ Հռութը պետք է որոշում կայացներ։ Արդյոք կընտրե՞ր Եհովային որպես իր Աստծու։ Նա Նոեմիին ասաց. «Քո ժողովուրդը իմ ժողովուրդը կլինի, և քո Աստվածը իմ Աստվածը կլինի» (Հռութ 1:16)։ Սկեսրոջ հանդեպ Հռութի սերը սիրտ է ջերմացնում, բայց կարևորն այն է, որ նա սիրում էր Եհովային։ Հետագայում Բոոսը, որը Նոեմիի ամուսնու ազգականներից էր, գովեց Հռութին այն բանի համար, որ Եհովայի թևերի տակ է ապաստան գտել, ինչպես թռչնի թևերի տակ ապաստան է գտնում ձագուկը (կարդա Հռութ 2:12; Սաղ. 36:7; 91:1–4)։ Եհովան հոգատար հայր դարձավ Հռութի համար։ Վերջինիս հավատը վարձատրվեց, և նա երբեք չափսոսաց, որ այդպիսի որոշում է կայացրել։

7. Ի՞նչը կարող է օգնել նրանց, ովքեր վարանում են նվիրվել Եհովային։

7 Շատերն են գիտելիքներ ստանում Եհովայի մասին, բայց վարանում են ապաստան գտնել նրա մոտ, նվիրվել նրան և մկրտվել։ Եթե դու էլ ես վարանում նվիրվել Եհովային, հարցրու քեզ, թե ինչու։ Յուրաքանչյուր մարդ կամա թե ակամա ինչ-որ աստծու ծառայում է (Հեսու 24:15)։ Այդ դեպքում ինչո՞ւ չծառայես միակ ճշմարիտ Աստծուն։ Եհովային նվիրվելով ցույց կտաս, որ հավատում ես, որ նա քեզ համար ապաստան կդառնա։ Նա կօգնի քեզ, որ ապրես այդ որոշման համաձայն և հաղթահարես ցանկացած դժվարություն։ Հենց դա արեց Աստված Հռութի համար։

«ՆԱ ԵՀՈՎԱՅԻՆ ԿԱՌՉԱԾ ՄՆԱՑ»

8. Ինչերի՞ է ականատես եղել Եզեկիան։

8 Ի տարբերություն Հռութի՝ Եզեկիան ծնվել էր Եհովային նվիրված ազգի մեջ։ Բայց ոչ բոլոր իսրայելացիներն էին ապրում իրենց նվիրման համաձայն։ Եզեկիայի հայրը՝ Աքազ թագավորը, նրանցից մեկն էր։ Այդ չար մարդը Հուդայի թագավորությունը կռապաշտության մեջ էր գցել, նույնիսկ պղծել էր Երուսաղեմի տաճարը, իսկ որդիներից մի քանիսին ողջ-ողջ այրել էր որպես զոհ կեղծ աստվածների համար։ Եզեկիան շատ դաժանություններ էր տեսել մանկության  տարիներին (2 Թագ. 16:2–4, 10–17; 2 Տար. 28:1–3

9, 10. ա) Ինչո՞ւ Եզեկիան կարող էր զայրանալ Եհովայի վրա։ բ) Ինչո՞ւ մենք պետք է խուսափենք Աստծու վրա զայրանալուց։ գ) Ինչո՞ւ չպետք է մտածենք, որ մեր ծնողների սխալները անպայման կանդրադառնան մեր ով լինելու վրա։

9 Եզեկիան կարող էր դառնությամբ և զայրույթով լցվել Աստծու դեմ։ Ովքեր ավելի քիչ դժվարությունների են բախվել, քան Եզեկիան, կարծում են, թե հիմնավոր պատճառ ունեն Եհովայի կամ նրա կազմակերպության վրա զայրանալու համար (Առակ. 19:3)։ Իսկ ոմանք էլ համոզված են, որ ընտանեկան անառողջ մթնոլորտում մեծանալն է պատճառը, որ վատ կյանք են վարում՝ թերևս կրկնելով իրենց ծնողների սխալները (Եզեկ. 18:2, 3)։ Արդյոք այս կարծիքները հիմնավո՞ր են։

10 Եզեկիայի կյանքի պատմությունը ապացուցում է, որ պատասխանը միանշանակ ոչ է։ Երբեք չի կարող լինել հիմնավոր պատճառ, որ զայրանանք Եհովայի վրա, քանի որ նա չէ այս դաժան աշխարհում տիրող չարության աղբյուրը (Հոբ 34:10)։ Ճիշտ է, ծնողները կարող են կա՛մ լավ, կա՛մ վատ ազդեցություն թողնել երեխաների վրա (Առակ. 22:6; Կող. 3:21)։ Բայց դա չի նշանակում, որ այն, թե ինչպիսի ընտանիքում է մեծացել անհատը, անպայման կանդրադառնա նրա հետագա կյանքի վրա։ Բացի այդ, Եհովան յուրաքանչյուրիս թանկ պարգև է տվել՝ ազատ կամք՝ որոշելու, թե ինչ ենք անելու և ով ենք դառնալու (2 Օրենք 30:19)։ Ինչպե՞ս օգտագործեց Եզեկիան այդ պարգևը։

Անկախ նրանից, թե ինչ ընտանիքում են մեծացել, շատ երիտասարդներ ընդունել են ճշմարտությունը (տես պարբերություն 9, 10)

11. Ինչո՞ւ Եզեկիան դարձավ Հուդայի լավագույն թագավորներից մեկը։

11 Թեև Եզեկիան Հուդայի ամենաչար թագավորի որդին էր, նա դարձավ լավագույն թագավորներից մեկը (կարդա 2 Թագավորներ 18:5, 6)։ Այո՛, Եզեկիայի հայրը վատ օրինակ էր նրա համար, բայց նա որոշեց հետևել Եհովայի մարգարեների օրինակին, ինչպիսիք էին Եսայիան, Միքիան և Օսեեն։ Կարող ենք պատկերացնել, թե ինչպես էր թագավորը ուշադրությամբ հետևել այն խորհուրդներին և հրահանգներին, որ այս հավատարիմ ծառաների միջոցով տվել էր Եհովան։ Ուստի նա սկսեց ուղղել իր հոր արած սարսափելի  սխալները. մաքրեց տաճարը, խնդրեց Աստծուն ներել ժողովրդի մեղքերը և վերացրեց կուռքերը ողջ երկրից (2 Տար. 29:1–11, 18–24; 31:1)։ Երբ լուրջ խնդիրների բախվեց, օրինակ՝ երբ Ասորեստանի թագավոր Սենեքերիմը սպառնաց, որ կհարձակվի Երուսաղեմի վրա, նա մեծ քաջություն և հավատ դրսևորեց։ Նա Աստծուն ապավինեց փրկության համար ու զորացրեց իր ժողովրդին խոսքով և անձնական օրինակով (2 Տար. 32:7, 8)։ Հետագայում, երբ Եզեկիան հպարտության ոգի դրսևորեց, Եհովան հանդիմանեց նրան, ու նա խոնարհեցրեց իրեն և զղջաց (2 Տար. 32:24–26)։ Հստակ է, որ Եզեկիան թույլ չտվեց, որ իր անցյալը խորտակի իր ներկան և կործանի ապագան։ Նա ցույց տվեց, որ Եհովայի ընկերն է և արժանի է ընդօրինակման։

12. Եզեկիայի նման՝ ինչպե՞ս են շատերը դարձել Եհովայի ընկերը։

12 Քանի որ ապրում ենք դաժան, անսեր աշխարհում, զարմանալի չէ, որ շատ երեխաներ մեծանում են առանց ծնողական սիրո և պաշտպանության (2 Տիմոթ. 3:1–5)։ Բազում քրիստոնյաներ մեծացել են անհաջող ընտանիքներում, բայց մտերիմ հարաբերություններ են հաստատել Եհովայի հետ։ Եզեկիայի նման՝ նրանք ցույց են տվել, որ անցյալը չի կանխորոշում ապագան։ Աստված մեզ օժտել է ազատ կամքով, և մեզ համար մեծ առանձնաշնորհում է օգտագործել այդ պարգևը նրան կառչած մնալու և նրան փառք ու պատիվ տալու համար, ինչպես որ արեց Եզեկիան։

«ԱՀԱ՛ ԵՀՈՎԱՅԻ ԱՂԱԽԻՆԸ»

13, 14. Ինչո՞ւ կարող էր Մարիամին թվալ, թե այդ հանձնարարությունը իր ուժերից վեր է, բայց ինչպե՞ս արձագանքեց նա։

13 Եզեկիայի օրերից դարեր անց նազարեթցի մի խոնարհ հրեուհի նույնպես դարձավ Եհովայի ընկերը։ Նա մի յուրահատուկ հանձնարարություն ստացավ. պետք է հղիանար, լույս աշխարհ բերեր և մեծացներ Աստծու միածին Որդուն։ Պատկերացրու, թե Եհովան որքա՜ն էր վստահում Հեղիի դստեր Մարիամին, որ նրան ընտրեց Հիսուսի մայրը լինելու համար։ Իսկ ինչպե՞ս նա արձագանքեց, երբ լսեց այդ մասին։

«Ահա՛ Եհովայի աղախինը» (տես պարբերություն 13, 14)

14 Մարիամի մասին մտածելիս գուցե միանգամից կենտրոնանում ենք այն մեծ առանձնաշնորհման վրա, որ տրվեց նրան, և չենք մտածում այն անհանգստությունների մասին, որ կարող էր ունենալ նա։ Աստծու հրեշտակը՝ Գաբրիելը, նրան ասաց, որ հրաշքով է հղիանալու՝ առանց տղամարդու հետ հարաբերություն ունենալու։ Բայց նա չգնաց բացատրելու Մարիամի ընտանիքին և հարևաններին, թե ինչպես է նա հղիացել։ Ի՞նչ կմտածեին նրանք։ Մարիամը գուցե անհանգստանար, թե ինչ կասեր իր նշանածը՝ Հովսեփը։ Ինչպե՞ս էր համոզելու, որ չի դավաճանել նրան։ Մյուս կողմից՝ լուրջ  պատասխանատվություն էր մեծացնել, հոգ տանել և դաստիարակել Բարձրյալի միածին Որդուն։ Մենք չենք կարող իմանալ, թե ինչեր անցան Մարիամի մտքով, երբ Գաբրիելը խոսում էր նրա հետ։ Բայց գիտենք, թե ինչ պատասխանեց նա. «Ահա՛ Եհովայի աղախինը։ Թող քո խոսքի համաձայն լինի ինձ» (Ղուկ. 1:26–38

15. Մարիամի հավատն ինչո՞ւ է առանձնահատուկ։

15 Մի՞թե Մարիամը առանձնահատուկ հավատ չդրսևորեց։ Աղախինը իր Տիրոջ տրամադրության տակ էր։ Մարիամը պատրաստ էր անելու այն, ինչ իրեն կհանձնարարեր իր Տերը՝ Եհովան։ Որտեղի՞ց նրան այդքան մեծ հավատ։ Մարդը հավատով չի ծնվում։ Այն զարգանում է նրա ներդրած ջանքերի և Աստծու օրհնության արդյունքում (Գաղ. 5:22; Եփես. 2:8)։ Իսկ կա՞ որևէ ապացույց, որ Մարիամը ջանքեր ներդրել էր իր հավատը ամրացնելու համար։ Այո՛։ Տեսնենք՝ ինչպես էր նա լսում և խոսում։

16. Ինչի՞ց է երևում, որ Մարիամը ուշադիր լսող էր։

16 Ինչպես էր Մարիամը լսում։ Աստվածաշունչը խորհուրդ է տալիս «արագ լինել լսելու մեջ, դանդաղ՝ խոսելու մեջ» (Հակ. 1:19)։ Իսկ Մարիամը ուշադի՞ր լսող էր։ Ինչպես երևում է, այդպես էր։ Ղուկասի Ավետարանում կարդում ենք, որ Մարիամը ուշադիր լսում էր այն խոսքերը, որոնք հոգևոր խոր իմաստ ունեին, և հետո խորհրդածում էր իր լսածի շուրջ։ Հիսուսի ծնվելուց հետո խոնարհ հովիվները նրան հայտնեցին հրեշտակների խոսքերը։ Իսկ 12 տարի անց Հիսուսը ասաց մի բան, որը շատ զարմացրեց Մարիամին։ Երկու դեպքում էլ նա լսեց, հիշեց և խորապես մտածեց իր լսածի մասին (կարդա Ղուկաս 2:16–19, 49, 51

17. Ի՞նչ կարող ենք իմանալ Մարիամի մասին նրա խոսքերից։

17 Ինչպես էր Մարիամը խոսում։ Մարիամի ոչ բոլոր խոսքերն են արձանագրված Աստվածաշնչում։ Բայց մի երկար հատված նրա խոսքերից արձանագրված է Ղուկաս 1։46–55 համարներում։ Այս խոսքերից երևում է, որ նա քաջատեղյակ էր սուրբ գրքերին։ Նրա խոսքերը շատ նման են Սամուել մարգարեի մոր՝ Աննայի աղոթքի խոսքերին (1 Սամ. 2:1–10)։ Մարիամը մոտ 20 մեջբերում է անում գրքերից։ Հստակ է, որ նա սիրում էր խոսել հոգևոր բաների մասին։ Մարիամը առատորեն իր սրտի գանձարանից հանում էր թանկ ճշմարտություններ, որ սովորել էր իր մեծ Ընկերոջից՝ Եհովա Աստծուց։

18. Ի՞նչ կերպերով կարող ենք ընդօրինակել Մարիամի հավատը։

18 Մարիամի պես՝ գուցե մենք էլ Եհովայից հանձնարարություններ ստանանք, որոնք մեզ դժվար թվան։ Բայց նրա նման՝ եկեք խոնարհաբար հնազանդվենք Եհովային՝ համոզված լինելով, որ նա կգործի հանուն մեր բարօրության։ Մենք կարող ենք ընդօրինակել Մարիամի հավատը՝ ուշադիր լսելով այն, ինչ իմանում ենք Եհովայի և նրա նպատակների մասին, խորհրդածելով հոգևոր ճշմարտությունների շուրջ և ուրախությամբ մարդկանց պատմելով մեր սովորածի մասին (Սաղ. 77:11, 12; Ղուկ. 8:18; Հռոմ. 10:15

19. Եթե ընդօրինակենք աստվածաշնչյան կերպարների հավատը, ինչո՞ւմ կարող ենք համոզված լինել։

19 Անկասկած, Հռութը, Եզեկիան և Մարիամը Եհովայի ընկերներն էին, ինչպես որ Աբրահամը։ Նրանք և պատմության ընթացքում ուրիշ հավատարիմ մարդիկ, որոնք ունեցել են Աստծու ընկերը լինելու հրաշալի առանձնաշնորհումը, կազմում են վկաների մեծ բազմությունը։ Թող որ շարունակենք ընդօրինակել այս մարդկանց հավատը (Եբր. 6:11, 12)։ Եթե այդպես վարվենք, մեծ վարձատրություն կստանանք՝ կլինենք Եհովայի մտերիմ ընկերը հավիտյան։