Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՓԵՏՐՎԱՐ 2016

Սովորենք Եհովայի նվիրված ծառաներից

Սովորենք Եհովայի նվիրված ծառաներից

«Նվիրվածի հետ դու նվիրվածությամբ ես վարվում» (ՍԱՂ. 18:25

ԵՐԳ 63, 43

1, 2. Ինչպե՞ս Դավիթը ցույց տվեց, որ նվիրված է Աստծուն (տես 26-րդ էջի նկարը)։

ԳԻՇԵՐՎԱ խավարում Դավիթն ու Աբեսսան անշշուկ ու աննկատ մտան 3000-հոգանոց բանակի մեջ։ Զորքը անհոգ քնած էր։ Բանակի կենտրոնում նրանք գտան Սավուղին, որը նույնպես խոր քուն էր մտել։ Նա եկել է Հուդայի անապատ, որպեսզի գտնի և սպանի Դավթին։ Աբեսսան շշնջաց Դավթի ականջին. «Թույլ տուր նիզակի մեկ հարվածով գետին գամեմ նրան և էլ հարվածս չկրկնեմ»։ Սակայն Դավիթն ապշեցնող պատասխան տվեց. «Մի՛ կործանիր նրան։ Ո՞վ կարող է ձեռք բարձրացնել Եհովայի օծյալի վրա ու անմեղ մնալ.... Անհնար է, որ Եհովան թույլ տա ինձ ձեռք բարձրացնել Եհովայի օծյալի վրա» (1 Սամ. 26:8–12

2 Դավիթը չուզեց վնասել Սավուղին։ Ինչո՞ւ։ Որովհետև նա հասկանում էր, թե ինչ է նշանակում Աստծուն նվիրված լինել։ Իսկ Սավուղը Աստծու կողմից օծված թագավոր էր։ Եհովային նվիրված ծառաները նաև հարգում են նրա նշանակած մարդկանց։ Ինչ խոսք, նա ակնկալում է, որ իր բոլոր ծառաները նվիրված լինեն (կարդա Սաղմոս 18:25

3. Ինչպե՞ս Աբեսսան փաստեց, որ նվիրված է Դավթին։

3 Աբեսսան էլ Դավթի հանդեպ հարգանք դրսևորեց։ Մի օրինակ  բերենք։ Հետագայում, երբ Դավիթը Բերսաբեի հետ շնություն գործեց, փորձեց թաքցնել դա։ Նա պատվիրեց Աբեսսայի եղբայր Հովաբին այնպես կազմակերպել, որ նրա ամուսինը՝ Ուրիան, սպանվի պատերազմի դաշտում (2 Սամ. 11:2–4, 14, 15; 1 Տար. 2:16)։ Աբեսսան գուցե որոշ բաներ իմացավ այդ դեպքի մասին, բայց շարունակեց հարգել Դավթին որպես Աստծու կողմից նշանակված թագավորի։ Ավելին, նա երբեք չմտածեց, որ Իսրայելի զորավարների գլուխը լինելու հանգամանքը կարող է օգտագործել գահը զավթելու համար։ Փոխարենը՝ նա պաշտպանեց թագավորին դավաճաններից և թշնամիներից (2 Սամ. 10:10; 20:6; 21:15–17

4. ա) Նվիրվածության ի՞նչ օրինակ է թողել Դավիթը։ բ) Ուրիշ ի՞նչ օրինակներ ենք քննարկելու այս հոդվածում։

4 Այն, որ Դավիթը չուզեց վնասել Սավուղ թագավորին, խոսում է Եհովայի հանդեպ նրա նվիրվածության մասին։ Պատանեկան տարիքում նա դուրս էր եկել փղշտացի հսկա Գողիաթի դեմ, որը լկտիաբար «ծաղրում էր կենդանի Աստծու զորքին» (1 Սամ. 17:23, 26, 48–51)։ Իսկ երբ Դավիթը թագավոր դարձավ և լուրջ մեղքեր գործեց՝ շնություն և սպանություն, ընդունեց Նաթան մարգարեի հանդիմանությունը և զղջաց (2 Սամ. 12:1–5, 13)։ Նա ալևորության մեջ էլ շարունակեց նվիրված մնալ Աստծուն։ Օրինակ՝ Եհովայի տաճարի շինարարության համար առատ նվիրաբերություններ արեց (1 Տար. 29:1–5)։ Ճիշտ է, Դավիթն իր կյանքում լուրջ սխալներ արեց, բայց նվիրված մնաց Աստծուն (Սաղ. 51:4, 10; 86:2)։ Դավթի և նրա օրերում ապրած մարդկանց մասին քննարկելիս եկեք փորձենք գտնել հետևյալ հարցերի պատասխանները՝ առաջին հերթին ո՞ւմ պետք է նվիրված լինենք և ի՞նչ հատկություններ են անհրաժեշտ նվիրված լինելու համար։

Ո՞ՒՄ ՊԵՏՔ Է ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԼԻՆԵՆՔ

5. Ի՞նչ ենք սովորում Աբեսսայի սխալից։

5 Երբ Աբեսսան գաղտագողի մտավ Սավուղի ճամբար, նա նվիրվածության հարցում ճիշտ առաջնահերթություն չդրեց։ Դավթի հանդեպ նվիրվածությունից մղված՝ նա ուզում էր սպանել Սավուղ թագավորին, բայց Դավիթը կանգնեցրեց նրան՝ հասկանալով, որ սխալ է «ձեռք բարձրացնել Եհովայի օծյալի վրա» (1 Սամ. 26:8–11)։ Այս միջադեպից մի կարևոր բան ենք սովորում։ Թեև մենք կարող ենք կյանքում նվիրված լինել մի քանիսին, բայց աստվածաշնչյան սկզբունքները կօգնեն, որ ճիշտ առաջնահերթություններ դնենք այս հարցում։

6. Ո՞ր հարցում պետք է զգուշություն դրսևորենք։

6 Նվիրվածությունը բխում է սրտից, բայց մարդու սիրտը նենգավոր է (Երեմ. 17:9)։ Ճիշտ է, մենք կարող ենք նվիրված լինել Աստծուն, բայց բնական է, որ ուզում ենք նաև նվիրված լինել մեր մտերիմ ընկերոջը կամ հարազատին։ Բայց եթե այդ անհատը սխալ բաներ է անում կամ թողնում է ճշմարտությունը, լավ կլինի հիշել, որ միշտ առաջին հերթին պետք է նվիրված լինենք Եհովային (կարդա Մատթեոս 22:37

7. Ինչպե՞ս մի քույր նվիրված մնաց Աստծուն դժվար իրավիճակում։

7 Հատկապես այն ժամանակ է կարևոր ճիշտ առաջնահերթություն դնել նվիրվածության հարցում, երբ մեր հարազատը զրկվում է ընկերակցությունից։ Բերենք մի օրինակ։ Մի անգամ Աննա [1] անունով մի քրոջ զանգահարեց նրա մայրը, որն այլևս Եհովայի վկա չէր։ Մայրն ուզում էր այցելել իր աղջկան, քանի որ միայնակ էր զգում իրեն և շատ էր կարոտել նրան։ Աննային մտահոգեց մոր խնդրանքը։ Նա խոստացավ, որ նամակով կպատասխանի։ Բայց նախքան գրելը աչքի անցկացրեց աստվածաշնչյան որոշ սկզբունքներ (1 Կորնթ. 5:11; 2 Հովհ. 9–11)։ Հետո Աննան նամակ գրեց մորը և նրբանկատորեն հիշեցրեց, որ նա ինքն է իրեն զրկել ընտանիքի հետ շփումից այն պատճառով, որ մեղք է գործել և չի զղջացել։ Նա նշեց. «Միակ ճանապարհը, որի շնորհիվ կարող ես ազատվել այդ ցավից, Եհովայի մոտ վերադառնալն է» (Հակ. 4:8

8. Ո՞ր հատկությունները կօգնեն մեզ նվիրված լինելու Աստծուն։

 8 Դավթի ժամանակակիցները նվիրված մնացին Աստծուն մի քանի հատկությունների շնորհիվ, որոնք մեզ էլ կարող են օգնել նվիրված մնալու Եհովային։ Դրանք երեքն են՝ խոնարհություն, բարություն և քաջություն։ Եկեք մեկ առ մեկ անդրադառնանք այս հատկություններին։

ԱՍՏԾՈՒՆ ՆՎԻՐՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ԽՈՆԱՐՀ ԼԻՆԵՆՔ

9. Ինչո՞ւ էր Աբենները ցանկանում Դավթի մահը։

9 Երբ Դավիթը Սավուղ թագավորի մոտ բերեց Գողիաթի գլուխը, այնտեղ առնվազն երկու հոգի էլ կային։ Նրանցից մեկը Սավուղի որդի Հովնաթանն էր, որը ուխտ կապեց Դավթի հետ, և նրանք ընկերներ դարձան։ Մյուսը զորագլուխ Աբեններն էր (1 Սամ. 17:57–18:3)։ Նա հետագայում օգնեց Սավուղին, որը փորձում էր Դավթին սպանել։ «Բռնակալները իմ հոգին են փնտրում»,— գրեց Դավիթը (Սաղ. 54:3; 1 Սամ. 26:1–5)։ Իսկ ինչո՞ւ էր Հովնաթանի վերաբերմունքը տարբերվում Աբենների վերաբերմունքից։ Չէ՞ որ ինչպես Հովնաթանը, այնպես էլ նա գիտեր, որ Աստված Դավթին էր ընտրել որպես Իսրայելի թագավոր։ Սավուղի մահից հետո Աբենները կարող էր խոնարհություն դրսևորել և փաստել իր նվիրվածությունը Աստծու հանդեպ՝ աջակցելով Դավթին և ոչ թե Սավուղի որդուն՝ Հեբուսթեին։ Բայց հետագայում, երբ Աբենները հարաբերություն ունեցավ Սավուղ թագավորի հարճի հետ, նա ցույց տվեց, որ ինքն է ուզում գահ բարձրանալ (2 Սամ. 2:8–10; 3:6–11

10. Ինչո՞ւ Աբիսողոմը նվիրված չմնաց Աստծուն։

10 Խոնարհության պակասը խանգարեց նաև Դավթի որդի Աբիսողոմին, որ նվիրված մնա Աստծուն։ Ինչո՞ւ։ «Աբիսողոմը իր համար մի կառք պատրաստել տվեց և ձիեր ձեռք բերեց ու նաև հիսուն մարդ, որոնք պիտի վազեին նրա առջևից» (2 Սամ. 15:1)։ Նա նաև գողացավ ժողովրդի նվիրվածությունը։ Աբենների նման՝ Աբիսողոմը փորձում էր սպանել Դավթին, թեև գիտեր, որ Եհովան նրան էր ընտրել որպես Իսրայելի թագավոր (2 Սամ. 15:13, 14; 17:1–4

11. Ի՞նչ ենք սովորում Աբենների, Աբիսողոմի և Բարուքի օրինակներից։

11 Աբենների և Աբիսողոմի օրինակները հստակ ցույց են տալիս, որ փառատենչությունը կարող է հեշտությամբ խանգարել մարդուն նվիրված լինել Աստծուն։ Ինչ խոսք, Եհովայի հավատարիմ ծառաները այդպիսի եսասիրական նպատակներ չեն հետապնդի և սխալ ճանապարհի վրա չեն կանգնի։ Սակայն այս աշխարհում հարստության և խոստումնալից կարիերայի  ձգտելը կարող է հոգևոր առումով վնասակար ազդեցություն թողնել քրիստոնյայի վրա։ Նկատի առնենք Երեմիա մարգարեի գրագրի՝ Բարուքի օրինակը։ Մեզ հայտնի չէ, թե ինչու նա սկսեց ցանկանալ բաներ, որ չուներ, և այլևս ուրախությամբ չէր ծառայում Աստծուն։ Բայց ահա թե ինչ ասաց Եհովան Բարուքին. «Ես քանդում եմ այն, ինչ շինել եմ, և արմատախիլ եմ անում այն, ինչ տնկել եմ, այսինքն՝ այս ամբողջ երկիրը։ Բայց դու քեզ համար մեծամեծ բաներ ես փնտրում։ Մի՛ փնտրիր» (Երեմ. 45:4, 5)։ Բարուքը ուղղեց իր մտածելակերպը։ Որքա՜ն խելամիտ կլինի միշտ մտքում վառ պահել Աստծու խոսքերը, մինչ սպասում ենք այս չար աշխարհի վախճանին։

12. Ինչո՞ւ եսասիրությունը կարող է խանգարել, որ նվիրված մնանք Աստծուն։

12 Դանիել անունով մի եղբայր, որը Մեքսիկայից է, կանգնած էր երկընտրանքի առաջ՝ Աստծո՞ւն նվիրված մնալ, թե՞ վարվել եսասիրական ցանկությունների համաձայն։ Նա ցանկանում էր ամուսնանալ մի աղջկա հետ, որը Եհովայի վկա չէր։ Եղբայրն ասում է. «Ես շարունակում էի գրել նրան, թեև ռահվիրայություն էի սկսել։ Բայց ի վերջո խոնարհեցրի ինքս ինձ և մի փորձառու երեցի պատմեցի, որ նվիրվածության հետ կապված առաջնահերթություններ դնելու հարցում խնդիր ունեմ։ Նա օգնեց ինձ տեսնել, որ Աստծուն նվիրված մնալու համար այդ աղջկան այլևս չպետք է գրեմ։ Շատ աղոթելուց և արցունք թափելուց հետո կարողացա խզել հարաբերություններս։ Բացի այդ, ծառայությունից սկսեցի ավելի շատ ուրախություն ստանալ»։ Հետագայում Դանիելը ամուսնացավ մի հրաշալի քրիստոնյա քրոջ հետ և այժմ ծառայում է որպես շրջանային վերակացու։

ԱՍՏԾՈՒ ՀԱՆԴԵՊ ՆՎԻՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՕԳՆՈՒՄ Է ԼԻՆԵԼ ԲԱՐԻ

Եթե իմանաս, որ հավատակիցդ լուրջ մեղք է գործել, նվիրվածություն կդրսևորե՞ս՝ օգնելով նրան դիմելու երեցներին (պարբերություն 14)

13. Ինչպե՞ս Նաթանը նվիրված մնաց Աստծուն և Դավթին, երբ վերջինս մեղք գործեց։

13 Եհովայի հանդեպ նվիրվածությունը երբեմն կարող է անդրադառնալ մարդկանց հանդեպ ունեցած նվիրվածության վրա։ Նաթան մարգարեն նվիրված մնաց թե՛ Աստծուն, թե՛ Դավթին։ Նա իմացավ, որ Դավիթը շնություն է գործել և կազմակերպել է, որ այդ կնոջ ամուսնուն սպանեն պատերազմում։ Երբ Եհովան ուղարկեց մարգարեին հանդիմանելու Դավթին, նա հնազանդվեց և քաջությամբ վարվեց, թեև նվիրված էր Դավթին։ Նաթանը իմաստությամբ և բարությամբ հանդիմանեց նրան։ Որպեսզի օգներ թագավորին տեսնելու իր մեղքերի լրջությունը, նա մի օրինակ բերեց այն մասին, թե ինչպես հարուստ մարդը անարդարացիորեն վերցրեց աղքատի գառնուկին։ Երբ Դավիթը  դատապարտեց հարուստ մարդու արարքը, Նաթանը ասաց նրան. «Այդ մարդը դո՛ւ ես»։ Դավիթը հասկացավ՝ որն է իր մեղքը (2 Սամ. 12:1–7, 13

14. Ինչպե՞ս կարող ես նվիրված լինել թե՛ Աստծուն, թե՛ քո մտերիմ անձնավորությանը։

14 Բարությունը կարող է օգնել քեզ նվիրվածության հարցում ճիշտ առաջնահերթություններ դնել։ Օրինակ՝ դու գուցե գիտես, որ հավատակիցդ լուրջ սխալ է գործել, ու թերևս նա քո մտերիմ ընկերն է կամ հարազատը։ Եթե թաքցնես մեղքը, նվիրված չես լինի Աստծուն։ Ինչ խոսք, առաջին հերթին պետք է Եհովային նվիրված լինես։ Ուստի Նաթանի նման՝ եղիր բարի, բայց հաստատակամ։ Հորդորիր ընկերոջդ կամ հարազատիդ դիմել երեցների օգնությանը։ Եթե նա ողջամիտ ժամանակահատվածում չանի դա, Աստծու հանդեպ նվիրվածությունը պետք է մղի քեզ, որ այդ մասին ինքդ հայտնես երեցներին։ Այդպես անելով՝ նվիրված կմնաս Եհովային և բարություն դրսևորած կլինես մտերիմիդ հանդեպ, քանի որ երեցները կուղղեն նրան մեղմության ոգով (կարդա Ղևտական 5:1; Գաղատացիներ 6:1

ԱՍՏԾՈՒՆ ՆՎԻՐՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ՔԱՋ ԼԻՆԵՆՔ

15, 16. Քուսին ինչո՞ւ քաջության կարիք ուներ Աստծուն նվիրված մնալու համար։

15 Դավիթ թագավորի ընկեր Քուսին քաջության կարիք ուներ Աստծուն նվիրված մնալու համար։ Սակայն նրա նվիրվածությունը փորձության ենթարկվեց, երբ Դավթի որդի Աբիսողոմը գողացավ շատերի սրտերը ու փորձեց գրավել Երուսաղեմը և գահը (2 Սամ. 15:13; 16:15)։ Դավիթը փախավ քաղաքից։ Իսկ ի՞նչ կաներ Քուսին։ Արդյոք Աբիսողոմի կո՞ղմը կանցներ, թե՞ կմիանար տարեց թագավորին, որը փախուստի էր դիմել իր կյանքը փրկելու համար։ Նա վճռեց նվիրված մնալ Աստծու նշանակած թագավորին և հանդիպեց Դավթի հետ Ձիթենյաց լեռան վրա (2 Սամ. 15:30, 32

16 Դավիթը խնդրեց Քուսիին վերադառնալ Երուսաղեմ, ձևացնել, թե Աբիսողոմի ընկերն է, և խափանել Աքիտոփելի խորհուրդը։ Վտանգելով իր կյանքը՝ Քուսին քաջություն դրսևորեց, նվիրված մնաց Եհովային և կատարեց Դավթի խնդրանքը։ Ինչպես աղոթել էր Դավիթը, այդպես էլ եղավ. Քուսին խափանեց Աքիտոփելի խորհուրդը (2 Սամ. 15:31; 17:14

17. Ինչո՞ւ նվիրված մնալու համար քաջության կարիք ունենք։

17 Մենք էլ քաջության կարիք ունենք Եհովային նվիրված մնալու համար։ Մեզանից շատերը քաջաբար հաղթահարել են ընտանիքի անդամներից, աշխատակիցներից կամ տեղի իշխանություններից եկող հալածանքը։ Ճապոնիայում ապրող Տարոն, օրինակ, մանկուց նվիրված ու հնազանդ է եղել ծնողներին։ Եվ նա դա չի արել զուտ պարտքի զգացումից մղված։ Նա իսկապես ցանկացել է ուրախացնել իր ծնողներին։ Բայց երբ Տարոն սկսեց շփվել Եհովայի վկաների հետ, նրանք ընդդիմացան։ Եվ նրա համար շատ դժվար էր տեղեկացնել ծնողներին, որ որոշել է մասնակցել քրիստոնեական հանդիպումներին։ Տարոն ասում է. «Ծնողներս այնքան էին բարկացել, որ տարիներ շարունակ թույլ չէին տալիս, որ իրենց այցելեմ։ Ես աղոթեցի, որ քաջ լինեմ և չփոխեմ որոշումս։ Այժմ նրանց վերաբերմունքը փոխվել է, և ես կանոնավորաբար այցելում եմ նրանց» (կարդա Առակներ 29:25

18. Ի՞նչ օգուտներ քաղեցիր այս ուսումնասիրությունից։

18 Դավթի, Հովնաթանի, Նաթանի և Քուսիի նման՝ թող որ մեծ ուրախություն ստանանք Եհովային նվիրված մնալուց։ Եվ միևնույն ժամանակ դասեր քաղենք Աբեններից և Աբիսողոմից, որոնք նվիրված չմնացին Աստծուն։ Անկասկած, ուզում ենք կառչած մնալ Եհովային, ինչպես որ արեց Դավիթը։ Թեև անկատար ենք և չենք կարող խուսափել սխալներից, սակայն կարող ենք նվիրված մնալ Եհովային։

^ [1] (պարբերություն 7) Որոշ անուններ փոխված են։